Համարը 
N 1116-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2004.09.01/47(346) Հոդ.1024
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.08.2004
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.08.2004
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
16.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.09.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
19.03.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2004 թվականի N 1116-Ն

 

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) հղիության արհեստական ընդհատման կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

բ) հղիության վիրահատական արհեստական ընդհատման բժշկական հակացուցումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

գ) հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցումների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

դ) հղիության արհեստական ընդհատման սոցիալական ցուցումների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

ե) հղիության դեղորայքային արհեստական ընդհատման պայմանները և հակացուցումների ցանկը` համաձայն N 5 հավելվածի.

զ) հղիության վիրահատական արհեստական ընդհատման համար հետազոտությունների ցանկը` համաձայն N 6 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 


2004 թ. օգոստոսի 11
 Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  Ե Վ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ

 

l. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Թույլատրվում է հղիության արհեստական ընդհատման վիրահատության ենթարկել մինչև 12 շաբաթական (ներառյալ) հղիության ժամկետը` բոլոր այն կանանց, ովքեր ցանկանում են ընդհատել հղիությունը և չունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշմամբ (այսուհետ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում) սահմանված բժշկական հակացուցումներ (N 2 հավելված):

2. 12 շաբաթականից ավելի ժամկետով հղիության դեպքում թույլատրվում է կատարել հղիության արհեստական ընդհատում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բժշկական (N 3 հավելված) և սոցիալական (N 4 հավելված) ցուցումների առկայության դեպքում` մինչև հղիության 22 շաբաթական ժամկետը:

3. Հղիության արհեստական ընդհատումը` մինչև 22 շաբաթական ժամկետը, բացի NN 3 և 4 հավելվածներով սահմանված դեպքերից, ինչպես նաև վիճարկելի դեպքերում, թույլատրվում է կատարել համապատասխան գերատեսչական ակտի հիման վրա բուժհաստատության կողմից ստեղծվող բժշկական հանձնաժողովի որոշմամբ:

4. Թույլատրվում է հղիության արհեստական ընդհատման վիրահատություն, այդ թվում` հղիության վաղ ժամկետներում մինի աբորտներ կատարել և/  մանկաբարձական, և/ գինեկոլոգիական հիվանդանոցային բուժօգնության լիցենզիաների առկայության դեպքում:

5. Թույլատրվում է հղիության դեղորայքային ընդհատում կատարել և/ մանկաբարձական, և/ գինեկոլոգիական հիվանդանոցային բուժօգնության լիցենզիա ունեցող բուժհաստատությունների ցերեկային ստացիոնարներում: Հղիության դեղորայքային ընդհատման պայմանները և հակացուցումները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (N 5 հավելված):

 

ll. ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Հղիության արհեստական ընդհատում կատարելու համար կինը կարող է ընդունվել ծննդօգնության հիվանդանոցային բուժհաստատություն` կանանց կոնսուլտացիայի ուղեգրով` հետազոտված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հետազոտությունների ցանկի համաձայն (N 6 հավելված):

7. Կինը կարող է ընդունվել նաև առանց ուղեգրի. այդ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հետազոտությունները (N 6 հավելված) պետք է կատարվեն մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնար բուժհաստատությունում (այսուհետ` ստացիոնար բուժհաստատություն):

8. Եթե կինը չի ցանկանում հղիության արհեստական ընդհատումը կատարել բնակության վայրի բուժհաստատությունում, ապա կարող է դիմել ցանկացած ստացիոնար բուժհաստատություն` իր ընտրությամբ:

9. Ստացիոնար բուժհաստատությունում յուրաքանչյուր կնոջ համար լրացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևը` հղիության արհեստական ընդհատման բժշկական քարտ: Կատարված վիրահատությունը գրանցվում է վիրահատությունների մատյանում: Եթե կա հղիության արհեստական ընդհատման ուղեգիր, ապա այն կցվում է հղիության արհեստական ընդհատման բժշկական քարտին:

10. Հղիության արհեստական ընդհատումը կատարվում է վակուում էքսկոխլեացիայի կամ գործիքային կյուրետաժի մեթոդներով՝ տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ:

11. Թույլատրվում է վակուում-ասպիրացիայի մեթոդով (մինի աբորտ) հղիության արհեստական ընդհատում կատարել դաշտանային պարբերաշրջանի 20 օրվանից ոչ ավելի ուշացման և հաստատված հղիության դեպքում:

12. Հղիության արհեստական ընդհատումից հետո կնոջ ստացիոնար բուժհաստատությունում մնալու ժամկետը որոշում է բուժող բժիշկը` ելնելով կնոջ առողջական վիճակից, սակայն առնվազն 4 ժամ բավարար վիճակի դեպքում: Կնոջը կարող է տրվել անաշխատունակության թերթիկ` մինչև 3 օր:

13. Հղիության արհեստական ընդհատման հետ կապված բարդությունների դեպքում անաշխատունակության թերթիկը տրվում է ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակաշրջանի համար՝ ընդհանուր հիմունքներով:

14. Արյան ռեզուս-բացասական պատկանելությամբ կանանց առաջին հղիության արհեստական ընդհատումից հետո պետք է կատարվի իմունիզացիա` մարդկային հակառեզուս D իմունագլոբուլինով:

15. Ստացիոնար բուժհաստատությունից դուրս գալուց հետո, անհրաժեշտության դեպքում, կինն անաշխատունակության թերթիկը կարող է ներկայացնել կանանց կոնսուլտացիա` հետագա աշխատունակության վերականգնման ժամկետը որոշելու համար:

16. Հղիության արհեստական ընդհատման ենթարկված կնոջը պետք է տրամադրել տեղեկատվություն բարդությունների, հետագա ռեժիմի, ինչպես նաև ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների մասին` թույլ տալով նրան կատարել բեղմնականխման տեղեկացված ընտրություն` հնարավորության դեպքում տրամադրելով հակաբեղմնավորիչ միջոց:

 

lll. ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐՈՎ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

17. Հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցումը որոշվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բժշկական ցուցումների ցանկի (N 3 հավելված)` ամբուլատոր-պոլիկլինիկական կամ ստացիոնար բուժհաստատություններում` հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են մանկաբարձ-գինեկոլոգը, այն մասնագետը, որի ոլորտին է պատկանում հղի կնոջ հիվանդությունը և տվյալ բուժհաստատության մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ղեկավարը:

18. Ստացիոնար բուժհաստատության պայմաններում հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցման առկայության դեպքում հղիության ընդհատման բժշկական քարտում կատարվում է համապատասխան գրանցում` վավերացված տվյալ ոլորտի մասնագիտությամբ բժշկի, բուժող բժշկի և բուժհաստատության ղեկավարի ստորագրություններով:

19. Բժշկական և սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատման հարցի վերջնական լուծումը պետք է համաձայնեցվի հղի կնոջ հետ:

20. Եթե կնոջ մոտ առկա է կյանքի համար վտանգ ներկայացնող հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցում, որը չի նախատեսվել տվյալ ցանկով, ապա հղիության ընդհատման հարցը լուծվում է հանձնաժողովի կողմից` համապատասխան մասնագետների ներգրավմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀՂԻՈՒԹՅԱՆ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ

 

1. Հղիության վիրահատական արհեստական ընդհատման բժշկական հակացուցումներն են`

ա) կանանց սեռական օրգանների սուր և ենթասուր բորբոքային հիվանդությունները,

բ) ցանկացած տեղակայման սուր և ենթասուր բորբոքային վիճակները,

գ) սուր վարակիչ հիվանդությունները:

2. Այլ հակացուցումների առկայության դեպքում հարցը լուծվում է անհատականորեն` ելնելով կոնկրետ իրավիճակից:

3. Նշված հիվանդությունների և վիճակների բուժումից հետո հղիության արհեստական ընդհատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ

 

Ցուցումներ հղի կնոջ կողմից

 

1. Ինֆեկցիոն և պարազիտային հիվանդություններ (սուր վիճակից դուրս գալուց հետո)`

ա) տուբերկուլյոզի բոլոր ակտիվ ձևերը,

բ) վիրուսային հեպատիտի ծանր ձևերը,

գ) սիֆիլիսի բոլոր ձևերը,

դ) կարմրախտ և շփումներ կարմրախտով հիվանդի հետ,

ե) մարդու իմունային անբավարարության վիրուսակրություն կամ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի առկայություն:

2. Չարորակ նորագոյացություններ`

ա) ցանկացած տեղակայմամբ չարորակ նորագոյացությունների առկայություն ներկայում կամ անցյալում`

բ) լիմֆատիկ և արյունաստեղծ համակարգի չարորակ հիվանդություններ:

3. Էնդոկրին համակարգի հիվանդություններ`

ա) թիրեոտոքսիկոզի միջին և ծանր ձևերը,

բ) բնածին, ձեռքբերովի հիպոթիրեոզի դեկոմպենսացված ձևը,

գ) շաքարային դիաբետի ծանր ձևը,

դ) շաքարային դիաբետ` ամուսինների մոտ,

ե) մակերիկամների ախտահարում` ծանր ընթացքով:

4. Արյունաստեղծ օրգանների և արյան հիվանդություններ` հաճախակի սրացումներով, ծանր ընթացքով`

ա) ապլաստիկ անեմիա,

բ) վազոպաթիաներ (Վերլ-Հոֆի, Շեյլեն-Հենոխի հիվանդություններ):

5. Հոգեկան խանգարումներ`

ա) պսիխոզներ,

բ) քրոնիկ ալկոհոլիզմ,

գ) տոքսիկոմանիա` դեղորայքային կախվածությամբ,

դ) մտավոր հետամնացություն:

6. Նյարդային համակարգի և զգայարանների հիվանդություններ`

ա) կենտրոնական նյարդային համակարգի սուր բորբոքային հիվանդություններ (մենինգիտ, էնցեֆալիտ, միելիտ, մենինգոէնցեֆալիտ և այլն),

բ) նյարդային համակարգի ժառանգական ու դեգեներատիվ հիվանդություններ և այլ բնույթի օրգանական ախտահարումներ,

գ) էպիլեպսիա,

դ) բորբոքային և տոքսիկ նևրոպաթիա,

ե) մկանային դիստրոֆիաներ և միոպաթիաների այլ ձևեր,

զ) տեսողական համակարգի հիվանդություններ, որոնք ուղեկցվում են կուրությամբ կամ տեսողության սրության այնպիսի իջեցմամբ և կամ տեսադաշտի այնպիսի նեղացմամբ, որոնք չեն ենթարկվում շտկման,

է) վեստիբուլյար ապարատի հիվանդություններ, որոնք ուղեկցվում են գլխապտույտի սինդրոմով,

ը) խլություն, խուլ-համրություն` բնածին, ժառանգական ծագմամբ:

7. Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ`

ա) արյան շրջանառության անբավարարությամբ ուղեկցվող սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ,

բ) սիստեմային հիվանդություններ, կոլլագենոզներ` ակտիվ փուլում, ծանր ընթացքով,

գ) հիպերտոնիկ հիվանդություն` II և III աստիճանի,

դ) սրտի ռիթմի խանգարումներ` նախասրտերի ու փորոքների ֆիբրիլյացիա և շողացում,

ե) աորտայի անևրիզմա,

զ) անոթների էմբոլիա և թրոմբոզ,

է) սրտի բնածին և ձեռքբերովի արատներ` արյան շրջանառության անբավարարությամբ,

ը) միտրալ կոմիսուրոտոմիայից հետո ռեստենոզ` թոքային հիպերտենզիայի առկայությամբ:

8. Շնչառական օրգանների հիվանդություններ`

ա) շնչուղիների, բրոնխների, կոկորդի ստենոզ` ծանր ընթացքով,

բ) բրոնխիալ ասթմայի ծանր ձևեր,

գ) բրոնխէկտատիկ հիվանդության ծանր ձևեր,

դ) թոքերի և պլևրայի հիվանդություններ` թոք-սրտային անբավարարությամբ:

9. Մարսողական օրգանների հիվանդություններ`

ա) կերակրափողի նեղացում` բուժավորման չենթարկվող,

բ) արհեստական կերակրափող,

գ) ստամոքսի և 12-մատնյա աղու խոց` ստենոզի և արյունահոսության առկայությամբ,

դ) որովայնի պատի մեծ չափերի ճողվածք,

ե) ոչ ինֆեկցիոն էնտերիտներ և կոլիտներ` ուղեկցվող աղիքային արյունահոսությամբ,

զ) վիրահատված ստամոքսի սինդրոմ,

է) լյարդի ցիռոզ,

ը) լեղաքարային հիվանդություն` ուղեկցվող դեղնությամբ,

թ) ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ` ծանր ընթացքով,

ժ) միզասեռական համակարգի հիվանդություններ,

ժա) սուր գլոմերուլոնեֆրիտ,

ժբ) երիկամային անբավարարությամբ ուղեկցվող միզասեռական համակարգի հիվանդություններ,

ժգ) երիկամների և միզուղիների ինֆեկցիաներ` ուղեկցվող կայուն հիպերտոնիայով և ֆունկցիայի խանգարմամբ,

ժդ) եզակի երիկամ,

ժե) հիդրոնեֆրոզ։

10. Հղիության գեստոզների ծանր ձևեր` պոլիօրգանային ծանր խանգարումներով` ոչ արդյունավետ ստացիոնար բուժման դեպքում:

11. Վուլգար պեմֆիգուս:

12. Ոսկրամկանային համակարգի, շարակցական հյուսվածքի հիվանդություններ`

ա) անկիլոզային սպոնդիլիտ,

բ) օստեոխոնդրոպաթիաներ:

13. Բնածին անոմալիաներ, ժառանգական հիվանդություններ`

ա) ծնողներից մեկի մոտ դոմինանտ ժառանգվող հիվանդություն,

բ) ծնողների մոտ բազմագեն հիվանդությունների հետերոզիգոտակրություն:

14. Վիճակներ`

ա) կենսական կարևոր օրգանի հեռացումից հետո (թոք կամ դրա բիլթը, փայծաղ, երիկամ և այլն),

բ) կենսական կարևոր օրգանների փոխպատվաստումից հետո:

15. Ֆիզիոլոգիական վիճակներ`

ա) կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական չհասության վիճակը (16 տարեկան և փոքր),

բ) կնոջ վերարտադրողական համակարգի ֆունկցիայի մարման վիճակը (45 տարեկան և ավելի):

 

Ցուցումներ` կապված պտղի և երեխաների ախտաբանական վիճակի հետ

 

1. Մահացած պտուղ:

2. Կյանքի հետ անհամատեղելի զարգացման արատի ախտորոշում` պտղի մոտ:

3. Միանման զարգացման արատներով երեխաների կրկնակի ծնունդ:

4. Ընտանիքում սեռի հետ կապված ժառանգական հիվանդություններով երեխաների ծնունդ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ

 

Հղիության ընթացքում ամուսնու մահը

Կնոջ կամ ամուսնու ազատազրկման վայրում գտնվելը

Հղիության ժամանակ մայրական իրավունքից զրկվելը

Ամուսնալուծությունը հղիության ժամանակ

Հղիությունը բռնաբարությունից հետո

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ

 

1. Հղիության դեղորայքային արհեստական ընդհատման պայմաններն են՝

ա) գերձայնային հետազոտությամբ հաստատված արգանդային հղիություն,

բ) արգանդի մեծության համապատասխանությունը հղիության ժամկետին,

գ) ամենորեայի տևողությունը, որը չի գերազանցում 42 օրը` հաշված վերջին դաշտանի առաջին օրվանից` հաստատված հղիության դեպքում:

2. Հղիության դեղորայքային արհեստական ընդհատման բացարձակ հակացուցումներն են`

ա) արտարգանդային հղիություն կամ դրա կասկածի առկայություն,

բ) հղիություն՝ հորմոնալ բեղմնականխման ֆոնի վրա,

գ) արգանդի մեծ չափերի միոմա,

դ) երկարատև կորտիկոստերոիդային թերապիա,

ե) արյան մակարդման համակարգի հիվանդություն, անեմիա,

զ) շաքարային դիաբետի դեկոմպենսացված ձևեր,

է) երիկամային և լյարդային անբավարարություն,

ը) սուր բորբոքային հիվանդությունների առկայություն:

3. Հղիության դեղորայքային արհեստական ընդհատման հարաբերական հակացուցումներն են`

ա) սպի արգանդի վրա` վիրահատությունից հետո,

բ) արգանդի ոչ մեծ չափերի միոմա,

գ) հղիություն` ներարգանդային պարույրի առկայության դեպքում,

դ) հղիություն` հորմոնային բեղմնականխման ֆոնի վրա:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀՂԻՈՒԹՅԱՆ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. Հղի կնոջ հետազոտման ծավալները` հղիության վաղ ժամկետներում

(մինչև հղիության 12 շաբաթականը)

 

1. Անամնեզի հավաքում, ընդհանուր վիճակի գնահատում, հղիության վիրահատական արհեստական ընդհատման նկատմամբ հակացուցումների հայտնաբերում

2. Հղիության ժամկետի որոշում, երկձեռքանի գինեկոլոգիական հետազոտություն, անհրաժեշտության դեպքում` էխոսկոպիա

3. Արյան հետազոտություն սիֆիլիսի նկատմամբ, մարդու իմունային անբավարարության նկատմամբ հետազոտություն` խորհրդատվությունից և կամավոր համաձայնությունից հետո

4. Հեշտոցի, արգանդի վզիկի խողովակի և միզուկի բակտերիոսկոպիական հետազոտություն

5. Առաջին հղիության դեպքում` նաև արյան խմբի և ռեզուս-պատկանելության որոշում

6. Կլինիկալաբորատոր հետազոտման այլ անհրաժեշտ ծավալների որոշում` ելնելով կնոջ ընդհանուր վիճակից և առկա ցուցումներից

7. Կնոջ ամբուլատոր-բժշկական քարտում հետազոտման արդյունքների գրանցում, որոնց հիման վրա տրվում է
ուղեգիր

8. Մարդու իմունային անբավարարության վիրուսի նկատմամբ հետազոտությունը պարտադիր է այն դեպքում, երբ աբորտային և (կամ) պլացենտային արյունը վերցվելու է որպես հումք` կենսաբանական կամ իմունաբանական պատրաստուկների ստացման նպատակով հետագա օգտագործման համար:

 

II. Հղի կնոջ հետազոտման ծավալները՝ հղիության ուշ ժամկետներում

(12 շաբաթական և ավելի)

 

Հղիության ուշ` 12 և ավելի շաբաթական ժամկետներում հղիության վիրահատական արհեստական ընդհատման դեպքում հետազոտում` որովայնային վիրահատությունների պահանջներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան