Համարը 
ՍԴՈ-1438
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2019.01.25/6(1459) Հոդ.50
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվը 
15.01.2019
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
15.01.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի՝ «ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 8-ՐԴ ԿԵՏԻ 3-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ «Բ» ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

15 հունվարի 2019 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի՝ «ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 8-ՐԴ ԿԵՏԻ 3-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ «Բ» ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ Կառավարության,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի՝ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2014 թվականի մարտի 6-ին, ՀՀ վարչապետի կողմից ստորագրվել է 2014 թվականի մարտի 27-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի ապրիլի 3-ից:

Որոշման «Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու և վճարելու կարգ» վերտառությամբ N 1 հավելվածի (այսուհետ՝ Կարգի) 8-րդ կետը, որը վերջին անգամ փոփոխվել և լրացվել է 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1178-Ն որոշմամբ, սահմանում է.

«8. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝ հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված (անկախ բնակության (հաշվառման) վայրից)`

1) նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները).

2) նոր ծնված երեխայի մորից սերված երեխաները և զավակները՝ բացառությամբ այն դեպքի, երբ անչափահաս տարիքում նրանց խնամքը դատարանի որոշմամբ հանձնվել է այլ անձի, կամ մայրը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից.

3) նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները, եթե՝

ա. նրանց մայրը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ,

բ. դատարանի որոշմամբ նրանց խնամքն անչափահաս տարիքում հանձնվել է նոր ծնված երեխայի հորը, կամ՝

գ. այդ երեխաների մայրը զրկվել է ծնողական իրավունքներից, կամ՝

դ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ նրանց մայրը չարամտորեն (միտումնավոր) խուսափել է ծնողական իրավունքները և պարտականությունները կատարելուց (չի կատարել ծնողական իրավունքները և պարտականությունները) և անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը (երեխաների դաստիարակությունը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը) իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը»:

Գործի քննության առիթը ՀՀ վարչական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է ՀՀ վարչական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ՎԴ/11309/05/17 գործով «Վարչական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանող կողմի բացատրությունը, ինչպես նաև վերլուծելով վիճարկվող իրավական ակտը և վերջինիս հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը կարծում է, որ Որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված՝ ՎԴ/11309/05/17 գործով կիրառման ենթակա դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին, քանի որ խտրական մոտեցում է նախատեսում մի կողմից այն հայր ծնողների նկատմամբ, որոնց նախորդ ամուսնությունից ծնված երեխաներն անչափահաս տարիքում բնակվել են իրենց հետ, իրենք են իրականացրել այդ երեխաների խնամքը՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա (քանի որ առկա չի եղել ծնողների միջև փոխադարձ համաձայնություն), և մյուս կողմից՝ այն հայր ծնողների նկատմամբ, որոնց նախորդ ամուսնությունից ծնված երեխաներն անչափահաս տարիքում բնակվել են իրենց հետ, իրենք են իրականացրել այդ երեխաների խնամքը՝ երեխաների մոր հետ փոխադարձ համաձայնությամբ (ուստի բացակայել է դատական կարգով հարցը լուծելու, հետևաբար՝ նաև դատական ակտի անհրաժեշտությունը):

Ըստ դիմողի՝ վիճարկվող նորմով խտրական վերաբերմունք է դրսևորված նաև հայր և մայր ծնողների միջև՝ վերջիններիս սեռով պայմանավորված, քանի որ, Կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նոր ծնված երեխայի մորից սերված երեխաները և զավակները` բացառությամբ այն դեպքերի, երբ անչափահաս տարիքում նրանց խնամքը դատարանի որոշմամբ հանձնվել է այլ անձի, կամ մայրը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից:

Դիմողը գտնում է, որ Կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթից բխում է, որ մայրը, որը փոխադարձ համաձայնությամբ չի իրականացրել նախորդ ամուսնության ընթացքում ծնված երեխաների խնամքը, նոր ամուսնության ընթացքում երեխա ունենալու դեպքում կարող է հավակնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի ավելի մեծ չափի գումար ստանալուն, քանի որ նոր ամուսնության ընթացքում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի են առնվում իրենից սերված և նախորդ ամուսնությունից ծնված երեխաները, նույնիսկ այն դեպքերում, երբ այդ երեխաների խնամքին ինքը չի մասնակցել, իսկ հայր ծնողը, որն իրականացրել է նաև այդ կնոջից ծնված երեխաների խնամքը, նոր ամուսնության ընթացքում երեխա ունենալու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի ավելի մեծ չափի գումար ստանալուն չի կարող հավակնել, քանի որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս չեն կարող հաշվի առնվել նախորդ կնոջից ծնված երեխաները, քանի որ, թեև ինքն է փաստացի իրականացրել այդ երեխաների խնամքը, սակայն բացակայում է դրա վերաբերյալ դատական ակտը:

Դիմողը նշում է, որ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված կարգավորումների պայմաններում չեն բացառվում դեպքեր, երբ ամուսնալուծությունից հետո երեխաների դաստիարակությունը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը ծնողների փոխադարձ համաձայնությամբ իրականացնի հայրը, որի հետ էլ բնակվեն երեխաները, իսկ համաձայնության առկայության պայմաններում դատական ակտի անհրաժեշտությունն առհասարակ բացակայում է:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը նշում է, որ կան դեպքեր, երբ ծնողների ամուսնալուծությունից հետո երեխաների հաշվառումը չի փոխվում: Նման դեպքերում ստեղծվում է իրավիճակ, երբ նոր ծնված երեխայի հորից սերված՝ փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող նրա երեխաները շարունակում են հոր հետ միևնույն բնակության վայրում հաշվառված մնալ, սակայն այդ երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է մայրը: Այսինքն, հոր երկրորդ ամուսնությունից հետո ստեղծված ընտանիքը չէ, որ իրականացնում է նոր ծնված երեխայի և այդ երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաների խնամքն ու դաստիարակությունը:

Հաշվի առնելով նման իրավիճակի առկայության հնարավորությունը և նպատակ ունենալով երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն բխեցնելու նրա լավագույն շահերից՝ պատասխանողը գտնում է, որ անհրաժեշտ է սահմանել լրացուցիչ կարգավորումներ՝ հստակ որոշելու համար այն ընտանիքը, որն իրականացնում է թե' նոր ծնված երեխայի և թե' նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաների խնամքն ու դաստիարակությունը:

Ըստ պատասխանողի՝ ոլորտը կարգավորող իրավանորմերը միտված են բացառելու հնարավոր չարաշահման դրսևորման այնպիսի դեպքեր, երբ, օրինակ, նոր ամուսնությունից ծնված երեխայի միանվագ նպաստի ավելի մեծ չափով գումար ստանալու նպատակով նախորդ ամուսնությունից ծնված երեխաների թիվը կարող է օգտագործել այն ծնողը, որն առհասարակ չի մասնակցել այդ երեխաների խնամքին ու դաստիարակությանը (միաժամանակ, արդարացի է այն ծնողի կողմից նախորդ ամուսնությունից ծնված երեխաների թիվն օգտագործելը, որն իրականացրել է այդ երեխաների խնամքն ու դաստիարակությունը):

Պատասխանողը պնդում է, որ «երեխայի խնամքը հորը հանձնված լինելը կարող է հավաստվել միայն դատական ակտով» ուղղակի պահանջի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ, նախ՝ գործնականում ավելի հաճախ հանդիպում են մոր կողմից երեխային խնամելու դեպքերը ծնողների ամուսնալուծության դեպքում, և ապա՝ միայն դատական ակտով կարող է անառարկելիորեն որոշվել այն հարցը, թե ով է իրականում եղել երեխայի խնամքով զբաղվող ծնողը:

Պատասխանողի կարծիքով վիճարկվող նորմում դատական ակտի առկայությամբ պայմանավորված խտրականությունն արդարացված է՝ որպես իրավաչափ նպատակ իր հիմքում ունենալով երեխայի ծնողներից մեկի հետ բնակվելու փաստի բացահայտման անհրաժեշտությունը:

Պատասխանողը միաժամանակ տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսված է որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ:

 

3. Գործի շրջանակներում պարզաբանման ենթակա հարցադրումները

Վիճարկվող դրույթի սահմանադրականությունը գնահատելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել.

ա) արդյո՞ք սոցիալական ապահովության իրավունքի իրացման հարցում նշված դրույթով նախատեսված տարբերակված մոտեցումն ունի օբյեկտիվ հիմք, հետապնդում է իրավաչափ նպատակ և չի խախտում Սահմանադրությամբ նախատեսված խտրականության արգելքի ու կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքները (Սահմանադրության 29 և 30-րդ հոդվածներ),

բ) արդյո՞ք նման իրավակարգավորման պայմաններում երաշխավորված են ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս կնոջ և տղամարդու հավասար իրավունքները (Սահմանադրության 35-րդ հոդվածի 2-րդ մաս),

գ) արդյո՞ք վիճարկվող իրավակարգավորումը չի սահմանափակում ծնողների իրավունքների և պարտականությունների իրացման հնարավորությունները (Սահմանադրության 36-րդ հոդված 1-ին մաս), և արդյո՞ք այդ իրավակարգավորման պայմաններում երեխայի շահերն առաջնահերթ ուշադրության են արժանանում (Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մաս):

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ «յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք»: Յուրաքանչյուրի սոցիալական ապահովության իրավունքի ծավալը որոշվում է օրենքով: Օրենքով են ամրագրվում նաև այդ իրավունքի իրացման կարգը և պայմանները: Այսինքն՝ օրենսդիրը պարտավոր է ընդունել սոցիալական ապահովության իրավունքը երաշխավորող օրենսդրական կարգավորումներ, և միաժամանակ, օգտվում է լայն հայեցողությունից, թե ինչպիսի կարգավորումներ պետք է ամրագրի: Սահմանադրության 83-րդ հոդվածում ամրագրված իրավունքի երաշխավորմանն է ուղղված «Պետական նպաստների մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք)։

Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պետական նպաստների տրամադրման նպատակն է` 1) անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելը կամ դրա վատթարացումը կանխելը. 2) ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի մասնակի հատուցումը. 3) ժողովրդագրական իրավիճակի բարելավումը. 4) սոցիալական ապահովության իրավունքի իրականացումը»:

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը պետական նպաստների տեսակներից մեկն է:

Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակում՝ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների և զավակների թիվը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու կարգը, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար մյուս երեխաներին և զավակներին հաշվի առնելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։ Օրենքի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը 2014 թվականի մարտի 6-ին ընդունել է «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» քննության առարկա որոշումը։

Օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար: Հետևաբար՝ ցանկացած նոր ծնված երեխա, անկախ որևէ հանգամանքից իրավունք ունի ստանալու միանվագ նպաստ, իսկ պետությունն իր հերթին պարտավոր է այն տրամադրել երեխայի ծնողներին կամ ծնողին՝ հորը կամ մորը, կամ օրինական ներկայացուցիչներին, կախված կոնկրետ իրավիճակից:

4.2. Որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության համապատասխան՝ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝ հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները, եթե դատարանի որոշմամբ նրանց խնամքը հանձնվել է նոր ծնված երեխայի հորը: Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ դրույթը լրացվել է Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1178-Ն որոշմամբ և նախկինում չի գործել:

Օրենքի՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքն ամրագրող 24-րդ հոդվածի համաձայն` երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու իրավունք ունեն ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան բնակվում են (հաշվառված են) Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Օրենքը չի նշում, թե կոնկրետ ո՛ր ծնողը, ուստի ինչպես մայրը, այնպես էլ հայրն օժտված են վերը նշված նպաստի համար դիմելու և այն ստանալու իրավունքով: Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելիս նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների և զավակների բնակության (հաշվառման) վայրը որոշվում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա: Իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը ճշտում է նոր ծնված երեխայի ծնողի կողմից ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու կամ նշանակումը մերժելու մասին:

Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված իրավական նորմերի աստիճանակարգության պահպանման տեսանկյունից օրենքներն ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը:

Այնուհանդերձ, Որոշմամբ սահմանված իրավակարգավորումը պահանջում է նախորդ երեխաների խնամքն ու դաստիարակությունը նոր ծնված երեխայի հորը հանձնված լինելու վերաբերյալ դատական ակտի առկայություն: Կառավարությունը, փոխելով Որոշման համապատասխան դրույթը, լրացնելով ու սահմանելով դատարանի որոշում ներկայացնելու պահանջը, նպատակ է հետապնդել խուսափել հնարավոր չարաշահումներից և բացառել այն դեպքերը, երբ ավելի մեծ չափի նպաստ կարող է ստանալ ծնողը, որը փաստացի չի իրականացրել նախորդ ամուսնությունից ծնված երեխաների խնամքը:

Որոշման համակարգային վերլուծությունը վկայում է այն մասին, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները հաշվի են առնվում միայն այն դեպքում, եթե վերջիններիս խնամքը նոր ծնված երեխայի հորը հանձնվել է դատարանի որոշմամբ։

Փաստացի սույն սահմանադրաիրավական վեճը վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելիս տարբերակված մոտեցում դրսևորելուն՝ կախված այն հանգամանքից, թե նոր ծնված երեխայի հորից սերված մյուս երեխաների և զավակների խնամքը նոր ծնված երեխայի հորը հանձնվել է դատարանի որոշմամբ, ծնողների փոխադարձ համաձայնությամբ, թե՞ խնամատարության պայմանագրի հիման վրա:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ երեխայի ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերի վերաբերյալ տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան, ինչպես նաև՝ նույն հոդվածի 3-րդ մասի համապատասխան, ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը դատարանը որոշում է այդ մասին ծնողների միջև համաձայնության բացակայության պարագայում։ Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական կարգով ամուսնալուծվելիս, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ամուսինները կարող են ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները:

Այսպիսով, գործող օրենսդրական կարգավորումներից բխում է, որ երեխայի խնամքը նրա ծնողներից մեկին կարող է հանձնվել կա՛մ ծնողների համաձայնությամբ, կա՛մ դատարանի որոշմամբ: Հետևաբար, դատարանի որոշումը երեխայի խնամքը հորը հանձնված լինելու վերաբերյալ, ըստ էության, լրացուցիչ փաստաթուղթ է, որը պետք է ներկայացվի ըստ անհրաժեշտության, այն դեպքում, երբ բացակայում է ծնողների համաձայնությունը։

Մինչդեռ, քննության առարկա ենթաօրենսդրական ակտից հետևում է, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նոր ծնված երեխայի հորից սերված այն երեխաները և զավակները, որոնց խնամքը հանձնվել է հորը՝ միայն դատարանի որոշմամբ, և հաշվի չի առնվում օրենքով նախատեսված՝ խնամքի հանձնման այնպիսի եղանակը, ինչպիսին է ծնողների փոխադարձ համաձայնությունը:

Արդյունքում ստացվում է, որ օրենսդիրն ամրագրել է երեխաների խնամքը ծնողներից մեկին կամ մյուսին կամ այլ անձի հանձնելու մեկից ավելի եղանակ, սակայն Կառավարությունը նպաստ ստանալու իրավունքի ծագումը կապում է այդ եղանակներից բացառապես մեկի՝ խնամքը հորը հանձնելու մասին դատարանի որոշման հետ: Նման կարգավորմամբ մի կողմից սահմանափակվում են ծնողի՝ օրենքով նախատեսված հնարավորությունները, մյուս կողմից տարբերակված մոտեցում է ցուցաբերում մոր և հոր նկատմամբ:

4.3. Խտրականության արգելքի ու կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքները երաշխավորվում են Սահմանադրությամբ (29 և 30-րդ հոդվածներ), ՀՀ ընտանեկան օրենսգրքով (1-ին հոդված), ինչպես նաև մի շարք միջազգային կարևորագույն փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (7-րդ հոդված), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (26-րդ հոդված), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով (14-րդ հոդված) և այդ կոնվենցիային կից 12-րդ Արձանագրությամբ: Սահմանադրության 35-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է նաև, որ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ:

Այդ իրավադրույթներից բխում է, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակ ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն հավասարության և խտրականության արգելքի վերոհիշյալ սկզբունքները:

Սահմանադրական դատարանը խտրականության արգելքի սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելքի սկզբունքը չի նշանակում, որ միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է դիտարկվել որպես խտրականություն: Խտրականության արգելքի սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից (ՍԴՈ-881, 04.05.2010թ.):

Քննության առարկա դրույթի համատեքստում տարբերակված մոտեցումը ցուցաբերվել է նույն կատեգորիայի անձանց՝ ծնողների նկատմամբ:

Որոշմամբ ամրագրված տարբերակված մոտեցումը զուրկ է օբյեկտիվ հիմքից, քանի որ օրենսդիրն, ըստ էության, նախատեսել է երեխայի խնամքի հարցը որոշելու մի քանի ընթացակարգ, և անձի կողմից այս կամ այն ընթացակարգի ընտրությունը չի կարող վերջինիս համար բացասական իրավական հետևանքներ առաջացնել՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու իրավունքի իրացման տեսանկյունից:

Հիշյալ տարբերակված մոտեցումը չի կարող հետապնդել իրավաչափ նպատակ այն համատեքստում, որը միտված է բացառելու հնարավոր չարաշահումները: Այդպիսի չարաշահումները բացառելու համար օրենսդրի կամ գործադրի կողմից կարող են նախատեսվել այլ կառուցակարգեր, և այդ նպատակի իրացումը չի կարող կատարվել նույն կատեգորիայի անձանց նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելու եղանակով։

4.4. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային պրակտիկայից հետևում է, որ սոցիալական ապահովության ոլորտում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը դատարանն անդրադարձել է խտրականությունը բացառելու առումով՝ կենսաթոշակների և նպաստների վճարման, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ուղղակիորեն չնախատեսված այլ իրավունքների պաշտպանության համատեքստում:

ՄԻԵԴ-ը գտել է, որ սեփականության նկատմամբ հարգանքի իրավունքի մասին նորմը «չի սահմանափակում Կոնվենցիայի կողմերին սոցիալական ապահովության կամ կենսաթոշակային համակարգի ձևի ազատության ընտրության հարցում, ինչպես նաև նպաստների տեսակը և չափը սահմանելու հարցում: Այնուամենայնիվ, այն դեպքերում, երբ պետությունը նախատեսում է նպաստների կամ կենսաթոշակների վճարում, դա պարտավորություն է ստեղծում պետության համար և հանգեցնում է քաղաքացիների գույքային իրավունքների առաջացմանը, որոնք արդեն գտնվում են Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության ազդեցության ներքո» («Stec and Others v. The United Kingdom», 12/04/2006, app. no. 65731/01, 65900/01, § 53):

Չնայած նրան, որ հիշյալ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը սոցիալական ապահովության որևէ վճար ստանալու իրավունք չի նախատեսում, եթե պայմանավորվող պետությունն ունի գործող օրենսդրություն, որի համաձայն՝ նման վճարումն իրենից ենթադրում է բարեկեցությանն ուղղված նպաստ ստանալու իրավունք, անկախ այն փաստից՝ պայմանական է այն, թե՝ ոչ, այդ օրենսդրությունը պետք է որակվի գույքային իրավունք առաջացնող և այդ հոդվածի պահանջները բավարարող անձանց համար պետք է դիտարկվի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի շրջանակներում («Aոdrejeva v. Latvia», 18/02/2009, app. no 55707/00, § 77, «Moskal v. Poland», 01/03/2010, app. no. 10373/05, § 38):

Ծնողական կարգավիճակի հիմքով նպաստի վճարման մերժման մեկ այլ գործով ՄԻԵԴ-ը դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «մայրական նպաստի վճարման մերժումը դիմումատուներին հանդիսանում է տարբերակված մոտեցում» և «որ այդ իրավունքից օգտվող անձանց լայն շրջանակը հաստատում էր, որ նպաստը տրամադրվում է նորածին երեխաներին և նրանց խնամող ողջ ընտանիքին օժանդակելու համար, այլ ոչ միայն մոր` ծննդաբերության հետևանքով առաջացած բարդությունների նվազեցման նպատակով: Հետևաբար, դիմումատուի կարգավիճակը կարելի էր համեմատել այն ընտանիքների և նրանց անդամների կարգավիճակի հետ, որոնք իրավունք ունեն օգտվել մայրական նպաստից: Այնուամենայնիվ, ո'չ ազգային իշխանությունները և ո'չ էլ կառավարությունը չէին ներկայացրել որևէ ողջամիտ և օբյեկտիվ հիմնավորում կենսաբանական հայրերին նպաստի վճարման ընդհանուր կանոնից բացառելու վերաբերյալ, որը տրամադրվում էր այն անձանց, ովքեր խնամում են նորածին երեխաներին, այն դեպքում, երբ մայրերը, որդեգրող ծնողները և խնամակալները օգտվում էին այդ նպաստից» («Weller v. Hungary», 31/03/2009, app. no. 44399/05):

4.5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ծնողներն իրենց երեխաների օրինական ներկայացուցիչներ են և ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ։

Սահմանադրությունն ամրագրում է, որ.

ա. երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին հոգ տանելը ծնողների միաժամանակ և՛ իրավունքն է, և՛ պարտականությունը (36-րդ հոդվածի 1-ին մաս),

բ. երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան (37-րդ հոդվածի 2-րդ մաս): 

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան, որին մասնակից է նաև Հայաստանի Հանրապետությունը, 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրում է.

«1. Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերի առավել ապահովմանը:

2. Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ՝ նկատի ունենալով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները»։

Սահմանադրությունը չի ամրագրում երեխաներին հատկացվող նպաստին անմիջապես վերաբերող դրույթ, սակայն այդ իրավունքը պետք է դիտարկել երեխաների իրավունքներին նվիրված Սահմանադրության 37-րդ հոդվածի համատեքստում:

«Երեխայի իրավունքների մասին» օրենքի 8-րդ հոդվածն ամրագրում է երեխայի անհրաժեշտ կենսապայմանների իրավունքը՝ «յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները: Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):

Նույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է: Հիշատակված օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է երեխայի նպաստ ստանալու իրավունքը, որի նշանակման և վճարման կարգը սահմանում է Կառավարությունը:

Երեխային հասանելիք գումարը՝ միանվագ նպաստի տեսքով տրամադրվում է վերջինիս ծնողներին կամ ծնողներից մեկին կամ օրինական ներկայացուցչին և նպատակաուղղված է երեխաների խնամքի, դաստիարակության և կրթության հետ կապված հարցերը լուծելու համար:

Սահմանադրական դատարանն իր որոշումներում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների տրամաբանությանը և վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ ընտանեկան իրավահարաբերություններում «երեխայի շահ» հասկացությունը բարձրացվել է համընդհանուր ճանաչում ստացած իրավական սկզբունքի աստիճանի և հանդիսանում է ընտանեկան օրենսդրության հիմքում ընկած ինքնուրույն սկզբունք (ՍԴՈ-919, 05.10.2010թ.):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ երեխայի լավագույն շահերի առավել ապահովման նպատակով, մինչև վիճարկվող դրույթը սույն որոշման պահանջներին համապատասխանեցնելը, իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի այնպիսի մոտեցմամբ, որ որևէ էական տարբերություն չպետք է լինի այն հարցում, թե նոր ծնված երեխայի հորից սերված երեխաների խնամքը հոր կողմից իրականացվել է դատարանի որոշմամբ, թե երեխայի մոր հետ փոխադարձ համաձայնությամբ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչել Սահմանադրության 29-րդ հոդվածին, 35 և 37-րդ հոդվածների 2-րդ մասերին հակասող և անվավեր։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

  

15 հունվարի 2019 թվականի

ՍԴՈ-1438