Համարը 
N 238-Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.03.2019
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.03.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.03.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 310-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2019 թվականի N 238-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 310-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 310-Ա որոշման N 2 հավելվածը լրացնել նոր` 33-րդ կետով՝ համաձայն հավելվածի:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. մարտի 20

Երևան

     

      

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 14-ի N 238-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

      

33.

Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը

Ժողովրդական հավատալիք, տոն, քրիստոնեական ուխտագնացություն

Երևան քաղաք, ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր, Հայ առաքելական եկեղեցու Թավրիզի և Թեհրանի թեմեր, Իրանի հայաբնակ
շրջաններ

Հայ առաքելական եկեղեցու հետևորդների համայնքը Հայաստանում և այլ երկրներում, իրանահայ համայնք, Իրանի Իսլամական Հանրապետության հայ բնակչություն

Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը համարվում է քրիստոնեության հաստատման առաջին վկայություններից պատմական Հայաստանում: Այն գտնվում է պատմական Արտազ գավառում, ժամանակակից Իրանի Մակուի շրջանում: Կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր համարվող առաքյալներից Թադեոսի հիշատակին, որն ըստ ավանդության, քրիստոնեություն տարածելու համար հալածվեց և սպանվեց 44 թ.: Ս. Թադեոսի վանքը հիմնադրումից ի վեր (4-7-րդ դդ.) իր շուրջն ունեցել է կենսունակ համայնք, դարեր շարունակ եղել է Հայ առաքելական եկեղեցու Ատրպատականի թեմի կենտրոնը, քանի որ տարածքն ուներ խիտ հայ բնակչություն և եկեղեցիներ ու վանքեր ( 180-223, որոնցից այսօր կանգուն են 42-ը): Որպես համաքրիստոնեական կանգուն հնագույն սրբատեղի և իբրև համամարդկային մշակութային արժեք՝ 1955 թվականից վանքը ներառված է Իրանի պատմական հուշարձանների ցանկում, իսկ 2008 թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Վանքը մշտապես հայկական ինքնության կղզյակ է հանդիսացել տարածքի հոծ հայ բնակչության համար, վանքի հրաշափառ զորությանն ապավինել են հազարավոր ուխտավորներ, հանդիսացել է գրչության կենտրոն: Մոնղոլ թաթարական ավերածությունների, կողոպուտի և երկրաշարժերի ավերիչ հետևանքների պատճառով վանքը ենթարկվել է պարբերական վերանորոգումների ու կառուցումների: Վերանորոգումները և վանքի պահպանության աշխատանքները հաճախ իրականացվել են համայնքի հանգանակությունների միջոցով, ինչը վանքի ժողովրդականության վկայությունն է: 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո կնքված Թուրքմենչայի պայմանագրով տարածքի հայերի՝ ռուսական տիրապետության տակ գտնվող տարածքներ տեղափոխվելու արդյունքում դատարկվում են Մակուի շուրջ 80 գյուղեր, մեծ մասը վանքապատկան, իսկ դարեր շարունակ թեմական կենտրոն հանդիսացող Թադեոսի վանքի փոխարեն թեմական կենտրոն է դառնում Թավրիզը: Սկսվում է երբեմնի ակտիվ վանական կյանք ունեցող համալիրի աստիճանական մարումը: 19-րդ դարավերջից մինչև առաջին աշխարհամարտն այս վանքը՝ Մենավորի վանք ծածկանունով դառնում է հայկական զինատար խմբերի դեպի Վասպուրական տանող ուղղության տարանցիկ հանգույց՝ ընդունելով Անդրանիկին, Արամ Մանուկյանին և այլոց: Ապաստարան ու փրկօղակ է դարձել 1915 թ. եղեռնի ժամանակ թուրք-պարսկական սահմանի հայկական գյուղերի մազապուրծ բնակչության համար: 1918 թ. հունիսին օսմանյան զորախումբը շրջապատում է վանքը, ապա կոտորում վանքի պարիսպների հետևում թաքնված հայերին: Վանքը վերջնականապես դատարկվում է, երբ տարածքի սակավաթիվ հայ ընտանիքները 1946 թ. ներգաղթում են խորհրդային Հայաստան և վանքի երբեմնի ծխականները կտրվում են իրենց վանքից: 1961 թ. Թավրիզի թեմն անջատվում է Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսությունից և միացվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը:

Ըստ ավանդության՝ վանքում ամփոփված է Թադեոս առաքյալի մարմինը, ինչը համաշխարհային քրիստոնեական դավանանքի տեսանկյունից և հայերի համար վանքը դարձնում է առանձնահատուկ կետ կրոնական և ճանաչողական այցելությունների համար: 1954 թ. հուլիսի 30-ին առաջին անգամ երկարատև ընդմիջումից հետո կազմակերպվում է ուխտագնացություն մի խումբ հավատացյալների կողմից, դժվարամատչելի ճանապարհներով: Նպատակն էր՝ Ս. Թադեոսի վանքի մասին գիտելիքի շրջանառությունն ուշադրության կենտրոնում պահելը, տարածքի հայաթափման արդյունքում վանքի երբեմնի փառքը վերականգնելը, քանի որ հատկապես իրանահայ համայնքն առանձնակի ակնածանքով ու ջերմեռանդությամբ էր կապված վանքի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությամբ բարեկարգվում է ճանապարհը, որի արդյունքում էլ 1968 թ. ուխտագնացների թիվը կազմում էր 12.000:
Միջոցառումը դարձավ տարեկան, երբ ամեն տարի 5-6 հազար հայեր սկսեցին մասնակցել Ս. Թադեոսի վանքի ուխտագնացությանը, որը տևում է 3-4 օր: Ուխտավորները հանգրվանում են վանքի շուրջ կազմակերպված «վրանաքաղաքում»՝ շարունակելով ավանդական ժողովրդական ուխտագնացությունների ավանդույթները: Ընտանիքներով, ազգականների խմբերով, ընկերներով սրբավայր այցելությամբ, ժողովրդական երաժշտությամբ, թմբուկների զարկերով, պարերով, խնջույքով, մատաղի արարողություններով, մկրտություններով վերահաստատվում են համայնքային և ընտանեկան կապերը, տեղի է ունենում պատմական հիշողության վերաթարմացում, ճանաչում, փոխանցում և մշակութային երկխոսություն: Ժամերգությունից հետո կատարվող Ջրօրհնեքի ավարտին մյուռոնով օրհնված ջուրն ուխտավոր այցելուներին բաժանվելով՝ փոխանցվում է տոնի խորհուրդը: Հայաստանի անկախությունից հետո թեպետ փոքր խմբերով, վերսկսվում է Հայաստանից այցելուների մասնակցությունն ուխտագնացությանը որպես քրիստոնեության հայկական հնագույն կենտրոն: Ուխտագնացությունների առաջին նախաձեռնողներից էր Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հավատացյալների խումբը՝ քահանա Տեր Տիրայր Սարդարյանի գլխավորությամբ:

Ս. Թադեոս վանքը և նրա շուրջ ծավալված ուխտագնացությունը Իրանում հայկական դարավոր մշակութային ներկայության և շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի ու հաջողումների առանձնահատուկ երկխոսության դրսևորում է: Ուխտագնացությունը, թեպետ վերսկսվելով երկարատև ընդմիջումից հետո, պահպանում է հայերի ավանդական մշակույթում տարածված ժողովրդական ուխտագնացությունների հիմնական գծերը՝ կամավորությունը, ընտանեկան կամ ազգակցական խմբերով այցելությունները, ժողովրդական զվարճանքները: Ս. Թադեոսի վանքի շրջակայքում այսօր չկա հայ բնակչություն և վանքն ըստ էության «մենությունից ու մոռացությունից» փրկելու կարևոր միջոցառում է տարեկան ուխտագնացությունը: Այն նաև յուրատեսակ ինքնաբուխ մշակութային երկխոսություն է Իրանի տարբեր շրջաններից՝ Թեհրանից, Թավրիզից և այլ տարածքներից միացած հայերի, աշխարհի տարբեր կողմերից ժամանած հայերի և Հայաստանից այցելած ուխտավորների, այցելուների, այլ քրիստոնյա ուխտավորների, տեղանքում բնակվող պարսիկների, ասորիների, քրդերի փոխադարձ ճանաչողության ու միմյանց հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության դրսևորման օրինակ: Միաժամանակ, ուխտագնացությունը համալրում,

հարստացնում և հիմնավորում է Ս. Թադեոսի, Ս. Ստեփանոս նախավկայի և Իրանի հայկական եկեղեցիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ծրագրում ներառելը՝ տարեցտարի ցուցադրելով այս մշակութային ժառանգությունը կրողների կայուն ու հավատարիմ համայնք ունենալու փաստը: Ուխտագնացությունը պահանջում է Հայ առաքելական եկեղեցու, ԻԻՀ և ուխտավորների համայնքի կազմակերպչական մեծ ջանքերի համադրում: Այս ամենը նպաստում են հայկական քրիստոնեական վաղագույն վկայությունների պահպանությանը, Իրանում հայերի պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը, Հայաստան-Իրան մշակութային, տնտեսական կապերի աշխուժացմանը, փոխճանաչողության նոր հնարավորությունների բացահայտմանը: Ուխտագնացությունը հնարավորություն է ստեղծում մասնակիցների համար պահպանելու կապը պատմական ժառանգության ու այս ժառանգությունը ներկայացնող միջավայրի, տարածքի հետ, հոգեկան բավարարման ու լիցքաթափման առիթ է հանդիսանում մասնակիցների համար, ամրապնդում է կրող համայնքի սոցիալական կապերը և խմբային ինքնության, պատմության շարունակականության փոխանցումն ու զարգացումը:
Այս առումով առանձնահատուկ է Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հավատացյալների համայնքը, որը 2007 թ. ամեն տարի ուխտագնացություններ է իրականացնում Ս. Թադեոսի վանք:

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան