Համարը 
ՀՕ-102-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2019.07.17/46(1499) Հոդ.608
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
01.07.2019
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.07.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հուլիսի 1-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 41

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 296.

 Պարզեցված վարույթի իրականացման կարգը

 

1. Դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:

 

Հոդված 297.

 Պարզեցված վարույթի կարգով քննվող գործերը

 

1. Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

2. Մեկ հայցադիմումում միացված մի քանի փոխկապակցված պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է քննության պարզեցված վարույթի կարգով, իսկ մյուսը` ընդհանուր հայցային վարույթի կարգով, դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով, եթե փոխկապակցված պահանջներն ածանցվում են պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա պահանջից:

3. Առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝

1) առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ.

2) մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց.

3) հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:

4. Գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝

1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.

2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.

3) դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը.

4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.

5) ներկայացվել է խմբային հայց.

6) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:

5. Առաջին ատյանի դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

 

Հոդված 298.

 Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը

 

1. Առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:

2. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:

3. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:

4. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:

 

Հոդված 299.

Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները

 

1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:

3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

 

Հոդված 300.

Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու կարգը և ժամկետները

 

1. Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.

2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն.

3) հայցվորը հրաժարվել է պահանջից.

4) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:

2. Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:

3. Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։

 

Հոդված 301.

 Պարզեցված վարույթը դադարեցնելը

 

1. Եթե սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:

 

Հոդված 302.

Պարզեցված վարույթի կարգով քննվող գործով եզրափակիչ դատական ակտը

 

1. Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռի պատճառաբանական մասը պարունակում է նշում հայցվորի փաստարկները դատարանի պատճառաբանություն համարելու վերաբերյալ, ինչպես նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ դատարանի պատճառաբանությունը:

2. Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռի պատճառաբանական մասը պարունակում է դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, հղում այն օրենքներին և այլ իրավական ակտերին, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս, ինչպես նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ դատարանի պատճառաբանությունը, եթե՝

1) գործի քննության ընթացքում հայցի դեմ ներկայացվել է առարկություն.

2) հայցը բավարարվել է մասնակի.

3) հայցը մերժվել է:

3. Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։

4. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործով կայացված հայցն առանց քննության թողնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերով պարզեցված վարույթի կիրառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հուլիսի 11

Երևան

ՀՕ-102-Ն