Համարը 
ՀՕ-206-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2019.11.20/82(1535) Հոդ.1044
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.10.2019
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.11.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.11.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հոկտեմբերի 23-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 287-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 287. Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման գանգատարկման (բողոքարկման) կարգը

 

1. Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կայացրած վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կարող է գանգատարկվել (բողոքարկվել) սույն օրենսգրքով սահմանված վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Վարչական ակտը չի կարող գանգատարկվել (բողոքարկվել) վարչական կարգով, եթե նույն վարչական ակտը վիճարկվել է դատական կարգով, իսկ եթե վարչական ակտի դեմ ներկայացված գանգատը (բողոքը) ընդունվել է վարույթ դատական կարգով վարչական ակտի վիճարկումից առաջ, ապա այդ դեպքում վարչական մարմնի հարուցած վարույթը ենթակա է կարճման:

2. Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:

3. Որոշումը վարչական կարգով գանգատարկվում է (բողոքարկվում է) վարչական ակտն ընդունած վարչական մարմին, վարչական մարմնի վերադաս վարչական մարմին կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավասու վարչական մարմին:

Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնվել է էլեկտրոնային փոստով, ապա այդ որոշումը կարող է բողոքարկվել նաև նույն էլեկտրոնային փոստով՝ բողոքն ստանալու մասին էլեկտրոնային ծանուցմամբ:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 291-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ բողոքները քննվում են դրանց ստացման օրվանից տասնհինգօրյա ժամկետում:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. նոյեմբերի 13

Երևան

ՀՕ-206-Ն