ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունվարի 24-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«շրջիկ առևտրի կետեր` ապրանքների պահման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովված միայն ավտոմոբիլներ և (կամ) դրանց կցորդներ.»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-5.4-րդ հոդվածներով.
«Հոդված 5.2. |
Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպումը կամ ծառայության մատուցումը |
1. Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի տրամադրած թույլտվության հիման վրա:
Թույլտվության տրամադրումը մերժվում է սույն հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգավորումներին չհամապատասխանելու դեպքում: Թույլտվությունը տրամադրվում է, կամ թույլտվության տրամադրումը մերժվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից թույլտվության համար ներկայացված դիմումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Թույլտվության տրամադրման և մերժման կարգը սահմանում է Երևան համայնքի ավագանին:
2. Շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման թույլատրելի ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանվում են Երևան համայնքի ավագանու որոշմամբ:
Շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են (հատկացվում են) բացառապես Երևանի քաղաքապետարանի՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով մինչև երեք օր ժամկետով: Միաժամանակ դրանց հատկացման տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը մինչև ժամը 23:00-ն:
3. Շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում և համապատասխան նշանով կահավորվում են Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով:
Նշված վայրերում կարող են կայանել միայն համապատասխան թույլտվություն ունեցող շրջիկ առևտրի կետերը, որոնք շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված (հատկացված) վայրը պարտավոր են ազատել սահմանված ժամը լրանալուց հետո:
4. Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան անվտանգությունը և որակը պահպանելու համար:
5. Երևան համայնքի վարչական տարածքում ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցից և (կամ) դրանց կցորդներից ցանկացած ապրանքի վաճառք իրականացնելը կամ որևէ ծառայություն մատուցելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, արգելվում է:
Հոդված 5.3. |
Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելը |
1. Տեսուչն իրավունք ունի սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշմամբ սահմանված վայրերում կայանած շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ` հատուկ տարածք), եթե՝
1) շրջիկ առևտրի կետը չունի սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվություն, կամ շրջիկ առևտրի թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված (հատկացված) վայրը.
2) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը անհապաղ չի ազատում տարածքը կամ բացակայում է նշված տարածքից:
Շրջիկ առևտրի համար նախատեսված առանձին վայրերում ավագանու որոշմամբ շրջիկ առևտրի կետին կարող է թույլատրվել կայանել նաև սահմանված ժամը լրանալուց հետո:
2. Շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:
3. Տեսուչը կազմում է շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն, որի կրկնօրինակը հանձնում կամ ուղարկում է շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը` վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում, և Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչպես նաև համապատասխան հայտարարություն է տեղադրվում www.yerevan.am կայքում:
4. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածքում պահպանելու ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով՝ սկսած հատուկ տարածք այն տեղափոխելու պահից:
5. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը սահմանում է Երևան համայնքի ավագանին:
6. Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու և այնտեղ պահպանելու համար գանձվում են վճարներ, որոնց չափը սահմանում է Երևան համայնքի ավագանին:
7. Հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին հանձնվում է այդ մասին արձանագրություն կազմելուց հետո հատուկ տարածք տեղափոխման և պահպանման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո:
8. Շրջիկ առևտրի կետերի կամ տրանսպորտային միջոցների՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված չլինելու դեպքում դրանց փաստացի սեփականատերը կրում է իր սեփականության իրավունքը համապատասխան ապացույցներով հիմնավորելու պարտավորություն:
Հոդված 5.4. |
Երևան համայնքի վարչական տարածքում շրջածախ առևտուր իրականացնելը |
1. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ ընդհանուր օգտագործման տարածքներ) շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ՝ վարչական շրջանի ղեկավարը:
2. Շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը սահմանում է Երևան համայնքի ավագանին:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» պարբերությունը «մասով» բառից հետո լրացնել «, 5.2-րդ հոդվածի 1-4-րդ մասերով և 5.3-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Երևան համայնքի ավագանին սույն օրենքի 2-րդ հոդվածի 1.1-ին կետով նախատեսված թույլտվության տրամադրման կամ մերժման կարգ սահմանում, իսկ 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 12
Երևան
ՀՕ-83-Ն |