Համարը 
ՀՕ-208-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2020.04.22/43(1598) Հոդ.478
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.03.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.04.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.05.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.4-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 31.4

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 222.12.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու որոշման վերաբերյալ գործերը և դրանց քննության ընթացակարգը

 

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի 31.2-րդ գլխով նախատեսված կանոնները՝ սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ:

2. Սույն հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել այն անձը, որի վերաբերյալ կայացվել է իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշում:

3. Հայցը կարող է վարչական դատարան ներկայացվել Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումը ստանալու պահից հնգօրյա ժամկետում:

4. Սույն հոդվածով նախատեսված գործերով դիմումը, ի թիվ սույն օրենսգրքի 222.5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված պահանջների, պետք է բովանդակի հիմնավորումներ առ այն, որ Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումն իրավաչափ չէ: Դիմումին կցվում է Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումը:

5. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում և լուծում է միանձնյա։

6. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.

1) Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ թողնելու մասին.

2) Հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. ապրիլի 19

Երևան

ՀՕ-208-Ն