ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2020 թվականի N 355-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ այնտեղ ամրագրելով նաև գործընթացի հրապարակային և թափանցիկ իրականացման մեխանիզմներ, այդ թվում՝ օժանդակությունից օգտվող տնտեսավարողների ցանկի հրապարակումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 26
Երևան |
|
|
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
մարտի 26-ի N 355-Լ որոշման |
Ա Ռ Ա Ջ Ի Ն Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ Ո Ւ Մ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ
1․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ առանձին տնտեսավարողներին (այսուհետ՝ տնտեսավարողներ)՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու համար:
2. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար։
2․ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վճարահաշվարկային կազմակերպություններ, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները), որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն է իրականացրել առնվազն դիմումի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում.
2) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
3) ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն`
ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ
բ. դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:
(3-րդ կետը փոփ. 03.04.20 N 464-Լ, լրաց. 09.04.20 N 503-Լ, խմբ. 14.04.20 N 554-Լ, փոփ. 29.04.20 N 640-Լ)
3․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
4. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Օժանդակության նախատեսվող ձևերով նպատակ է հետապնդվում լուծել․
1) hամաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները.
2) վերաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ արժութային ռիսկի ամբողջական չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները.
3) սուբսիդավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը:
5. Յուրաքանչյուր տնտեսավարողի համար կիրառելի է օժանդակության ձևերից միայն մեկը։
4․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ
6. Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացման նպատակով․
1) տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ (ընդ որում, վճարում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ աշխատակիցների վարկեր),
2) պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (ընդ որում, վճարում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)՝ առավելագույնը երեք ամսվա համար, բացառությամբ՝ կանխավճարների և գերավճարների (այսուհետ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր),
3) հումքի գնում կամ ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ՝ հումքի վարկեր),
4) նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր/լիզինգ),
5) հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում (ընդ որում, ծախսերի իրականացում է համարվում 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 000 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար, բացառությամբ՝ կանխավճարների և գերավճարների (այսուհետ՝ կոմունալ վճարների վարկեր),
6) ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերությունների կողմից սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի վարկեր):
(6-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 09.04.20 N 503-Լ, լրաց. 22.04.20 N 586-Լ)
5․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
7. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
1) արժույթը՝ ՀՀ դրամ, համաֆինանսավորման գործիքի դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվելիք մասը կարող է լինել նաև արտարժույթով,
2) ժամկետը՝ մինչև 24 ամիս,
3) մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը՝ 500 մլն. ՀՀ դրամին համարժեք, և մեկ տնտեսավարողի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չեն կարող գերազանցել՝ 250 մլն. ՀՀ դրամը,
4) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով,
5) առավելագույն փաստացի տոկոսադրույքը համաֆինանսավորման դեպքում՝ ֆինանսական կազմակերպության կողմից դրամով տրամադրվելիք իր մասի համար 12 %, արտարժույթով տրամադրվելիք իր մասի համար՝ 9 %, իսկ առավելագույն փաստացի տոկոսադրույքը վերաֆինանսավորման դեպքում՝ 6 %:
(7-րդ կետը խմբ. 09.04.20 N 503-Լ)
8. Վարկերը կտրամադրվեն ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից:
9. Օժանդակության գործիքների կիրառման կարգը կհաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ, որով կսահմանվեն ֆինանսական կազմակերպություններին, օժանդակություն ստացողներին ներկայացվող պահանջների մանրամասները, ինչպես նաև միջոցների նպատակային օգտագործման ու միջոցառման շրջանակներում պետության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու ընթացակարգերը և դրանց նկատմամբ հսկողության պատասխանատուները:
6․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
10. Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի՝
1) վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ, կամ
2) վարկի վերաֆինանսավորում՝ մայր գումարի որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի նույն ժամկետով, 0% տոկոսադրույքով՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման, կամ
3) վարկի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի ողջ ժամկետի համար՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման:
11. Օժանդակության գործիքների կիրառման սահմանաչափերը՝ կախված վարկի նպատակից ներկայացված են աղյուսակում։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար |
Է. Աղաջանյան |
Աղյուսակ
ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ՝ ԿԱԽՎԱԾ ՎԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԻՑ
Վարկի նպատակը |
Համաֆինանսավորման չափ |
Վերաֆինանսավորման չափը |
Սուբսիդավորման չափը |
աշխատակիցների |
50% |
100% |
ամբողջությամբ* |
հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների |
50% |
100% |
ամբողջությամբ* |
հումքի |
40% |
50% |
6%** |
սարքավորումների |
25% |
50% |
5%** |
կոմունալ վճարների |
45% |
90% |
10%* |
սննդի |
30% |
50% |
8%** |
*պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն փաստացի %-ը կկազմի 12%, իսկ վարկի իր մասի արժույթը կլինի ՀՀ դրամ:
**պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն փաստացի %-ը կկազմի 12% ՀՀ դրամով:
(աղյուսակը փոփ. 22.04.20 N 586-Լ)
(հավելվածը փոփ. 03.04.20 N 464-Լ, լրաց., փոփ., խմբ. 09.04.20 N 503-Լ, խմբ. 14.04.20 N 554-Լ, լրաց., փոփ. 22.04.20 N 586-Լ, փոփ. 29.04.20 N 640-Լ)