Համարը 
ՀՕ-270-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2020.05.20/54(1609) Հոդ.649
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
06.05.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.05.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.05.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

Ընդունված է 2020 թվականի մայիսի 6-ին

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 145-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     

«Հոդված 145. Բժշկական գաղտնիք փոխանցելը

     

1. Բժշկական գաղտնիք պարունակող տվյալները, օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, օրենքով չնախատեսված դեպքերում փոխանցելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից չորս տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

2. Բժշկական գաղտնիք պարունակող տվյալները, օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, օրենքով չնախատեսված դեպքերում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելը կամ տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները կատարելը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

    

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 280.2-րդ հոդվածով.

           

«Հոդված 280.2. Ապօրինաբար բժշկական արտադրատեսակ կամ բժշկական կեղծ արտադրատեսակ արտադրելը (պատրաստելը) կամ իրացնելը կամ կիրառելը

       

1. Առանց պետական գրանցման, հաշվառման կամ հատուկ թույլտվության (լիցենզիայի) բժշկական արտադրատեսակ արտադրելը (պատրաստելը)՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Բժշկական կեղծ արտադրատեսակ արտադրելը (պատրաստելը) կամ իրացնելը կամ կիրառելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը՝

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

4. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝

 պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:»:

    

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

      

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

  

2020 թ. մայիսի 20

Երևան

ՀՕ-270-Ն