Համարը 
ՀՕ-357-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 13.07.20-26.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.20
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
08.07.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.07.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հուլիսի 8-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 151-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.

«3.1. Դատարանը կամ դատախազը կարող է փոփոխել կամ վերացնել որպես խափանման միջոց ընտրված կալանքը, եթե առկա է կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն: Ծանր հիվանդությամբ տառապող անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի հարցը լուծելիս դատարանը կամ դատախազը հաշվի է առնում վերագրվող հանցագործության ծանրությունը, մեղադրյալի անձնավորությունը և այլ հանգամանքներ:

 3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքում, երբ առկա է կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն, դատարանը կամ դատախազը, կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք ունի փոփոխելու կամ վերացնելու որպես խափանման միջոց ընտրված կալանքը: Դատարանը կամ դատախազը միջնորդագիրը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը: Միջնորդագրի քննումն ավարտելուց հետո դատարանը կամ դատախազը որոշում է կայացնում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:

3.3. Դատախազի՝ միջնորդագիրը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով, իսկ դատարանի՝ միջնորդագիրը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան: Դատարանը բողոքը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը: Բողոքի քննումն ավարտելուց հետո դատարանը որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դատարանը միջնորդագիրը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը: Միջնորդագրի քննումն ավարտելուց հետո դատարանը որոշում է կայացնում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հուլիսի 16

Երևան

ՀՕ-357-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2020 թվական: