Համարը 
N 412-Լ
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Լոկալ որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Հրապարակվել է կայքում 31.03.2020
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.03.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.03.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2020 թվականի N 412-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի ապրիլի 9-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ դրամական աջակցության տրամադրման կարգ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. մարտի 30

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 30-ի N 412-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների (այսուհետ՝ Տուժած ոլորտ) վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ Շահառու):

(1-ին կետը լրաց. 30.04.20 N 646-Լ)

2. Սույն որոշման իմաստով տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝

1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.

2) հանրային սննդի ծառայություններ.

3) զբոսաշրջային ծառայություններ.

4) վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ.

5) մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն.

6) ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ).

7) նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).

8) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).

9) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.

10) հագուստի արտադրություն.

11) կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.

12) կահույքի արտադրություն.

13) թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.

14) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.

15) օդային տրանսպորտի գործունեություն.

16) կինոթատրոնների գործունեություն.

17) լուսանկարչության բնագավառում գործունեություն.

18) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.

19) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.

20) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.

21) լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունների մատուցում.

22) պոլիգրաֆիական գործունեություն (տպագրության ծառայություն).

23) առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ.

24) մանածագործական արտադրատեսակների արտադրություն.

25) փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն՝ բացի կահույքից.

26) թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն.

27) ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն.

28) համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն.

29) էլեկտրական սարքավորանքի արտադրություն.

30) ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն.

31) համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում.

32) ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:

(2-րդ կետը լրաց. 16.04.20 N 558-Լ, փոփ., լրաց. 30.04.20 N 646-Լ, լրաց. 07.05.20 N 703-Լ, 04.06.20 N 897-Լ)

3. Սույն միջոցառման իմաստով Տուժած ոլորտ չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք՝ հիմք ընդունելով մինչև 2020 թվականի մարտի 31-ն ընկած վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար մայիսի 5-ի դրությամբ հարկ վճարողների կողմից ներկայացված վերջին հարկային հաշվարկներում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը: Տուժած ոլորտ չեն համարվում նաև ոչ մասնագիտացված խանութներում այլ մանրածախ առևտրի գործունեություն իրականացնողները, եթե նրանց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակում հսկիչ դրամարկղային մեքենաներով արտացոլված՝ սննդամթերքի, ծխախոտի, դեղորայքի և ալկոհոլային խմիչքի շրջանառությունը գերազանցում է նույն ժամանակահատվածի համար հսկիչ դրամարկղային մեքենաներով արտացոլված շրջանառության 20 տոկոսը:

(3-րդ կետը լրաց. 14.04.20 N 555-Լ, խմբ. 07.05.20 N 703-Լ)

4. Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ) գործունեություն ծավալող գործատու տնտեսավարող սուբյեկտների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) (այսուհետ՝ Գործատու) աշխատակիցների աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ:

5. Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ) գործունեություն ծավալող՝ Շահառու հանդիսացող անհատ ձեռնարկատերերի աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ:

6. Վարձու աշխատողները Շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են Տուժած ոլորտների վարձու աշխատողներ (2020 թվականի մարտի 13-ին կամ դրանից առաջ աշխատանքի են ընդունվել Տուժած ոլորտի գործատուի մոտ և մինչև 2020 թվականի մարտի 30-ը ներառյալ անընդմեջ աշխատել են նույն գործատուի մոտ): Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները Շահառու են այն պարագայում, եթե 2020 թվականի մարտ ամսվա որևէ պահի դրությամբ հանդիսացել են Տուժած ոլորտների քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ:

(6-րդ կետը լրաց. 21.04.20 N 584-Լ, 30.04.20 N 646-Լ)

7. Աջակցությունը տրամադրվում է միանվագ հետևյալ չափերով՝

1) եթե վարձու աշխատողի (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի) 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը, ապա վարձու աշխատողի (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի) համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափը և ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը.

2) եթե վարձու աշխատողի (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի) 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից, ապա վարձու աշխատողի (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի) համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափով.

3) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

(7-րդ կետը լրաց. 30.04.20 N 646-Լ)

8. Աջակցությունը տրամադրվում է Շահառուի կողմից www.online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը (ներառյալ):

(8-րդ կետը լրաց. 03.09.20 N 1464-Լ)

9. Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած անձանց տվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պաշտոնական կայքէջում:

(9-րդ կետը լրաց. 03.09.20 N 1464-Լ)

10. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի) դեպքում աջակցությունը տրվում է մեկ անգամ՝ աջակցության չափը որոշելու համար հիմք ընդունելով Տուժած ոլորտներում գործող բոլոր գործատուներից 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը՝ հիմք ընդունելով սույն կարգի 7-րդ կետում նշված դրույթները:

(10-րդ կետը լրաց. 30.04.20 N 646-Լ)

11. Միաժամանակ վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող) և անհատ ձեռնարկատեր հանդիսացող Շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվում է առանձին որպես վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող) և առանձին որպես անհատ ձեռնարկատեր հաշվարկված աջակցության չափերից առավելագույնի հաշվարկով՝ հիմք ընդունելով սույն կարգի 7-րդ կետում նշված դրույթները:

(11-րդ կետը լրաց. 30.04.20 N 646-Լ)

12. (կետն ուժը կորցրել է 14.04.20 N 555-Լ)

(հավելվածը լրաց. 09.04.20 N 500-Լ, լրաց., փոփ. 14.04.20 N 555-Լ, լրաց. 16.04.20 N 558-Լ, 21.04.20 N 584-Լ, լրաց., փոփ. 30.04.20 N 646-Լ, լրաց., խմբ. 07.05.20 N 703-Լ, լրաց. 04.06.20 N 897-Լ, 03.09.20 N 1464-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան