Համարը 
N 418-Լ
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Հրապարակվել է կայքում 31.03.2020
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.03.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.03.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշմամբ հաստատված կարգի կիրառությունը, բացառությամբ 11-րդ, 11.1-ին, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերի, դադարեցվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 14-րդ կետն ուժը կորցնում է 2021 թվականի փետրվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՀՐԱՏԱՊ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2020 թվականի N 418-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՀՐԱՏԱՊ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը հաստատելու մասին» 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մինչև 2020 թվականի ապրիլի 3-ը ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված շահառուների ցանկի ձևավորումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշմամբ հաստատված կարգի կիրառությունը, բացառությամբ 11-րդ, 11.1-ին, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերի, դադարեցվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 14-րդ կետն ուժը կորցնում է 2021 թվականի փետրվարի 1-ից:

(4-րդ կետը լրաց. 03.09.20 N 1464-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. մարտի 31

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 418-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

(սույն կարգի կիրառությունը, բացառությամբ 11-րդ, 11.1-ին, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերի, դադարեցվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից)

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հրատապ դրամական աջակցություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Հրատապ դրամական աջակցությունը նշանակվում է 2006 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխա խնամող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողին (ծնողներին), եթե 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում՝

1) երեխայի երկու ծնողներն ազատվել են աշխատանքից (լուծվել է երեխայի երկու ծնողների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը), կամ.

2) երեխայի ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից (լուծվել է երեխայի ծնողներից մեկի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը), իսկ մյուս ծնողը 2020 թվականի մարտի 25-ի դրությամբ չի աշխատում, կամ զրկված է ծնողական իրավունքներից, կամ մահացած է, կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ կորած, կամ.

3) միայնակ մայրն ազատվել է աշխատանքից:

(2-րդ կետը լրաց. 18.05.20 N 759-Լ)

3. Հրատապ դրամական աջակցությունը չի նշանակվում, եթե՝

1) աշխատանքից ազատված ծնողի (սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում՝ ծնողներից մեկի) համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը (միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է ծնողի համար հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով).

2) ծնողը (սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում՝ ծնողներից մեկը) 2020 թվականի մարտի 25-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա.

3) աշխատանքից ազատված ծնողը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո), և գործունեությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշման և սույն կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը և մատուցվող ծառայությունը չի համարվում աշխատանք), իսկ այդ պայմանագրի հիման վրա ստացած եկամուտը՝ աշխատավարձում և դրան հավասարեցված այլ վճարումներում չի հաշվառվում։

(3-րդ կետը խմբ., լրաց. 14.04.20 N 555-Լ, լրաց. 18.05.20 N 759-Լ)

4. Հրատապ դրամական աջակցության չափը հաշվարկվում է 100 000 դրամի չափով 2006 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ ծնողի խնամքին գտնվող յուրաքանչյուր երեխայի համար՝ 100 000 դրամը բազմապատկելով այդ երեխաների թվով:

5. Հրատապ դրամական աջակցությունը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն)՝ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների հիման վրա։

6. Պետական եկամուտների կոմիտեն, հիմք ընդունելով «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալները և սույն կարգի 2-րդ ու 3-րդ կետերի դրույթները, ձևավորում է շահառուների ցանկ։ Սույն կարգի իմաստով աշխատանքից ազատվելու կամ աշխատանք չունենալու փաստը հաստատվում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանում 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ առկա տվյալների միջոցով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:

(6-րդ կետը լրաց. 18.05.20 N 759-Լ)

6.1. Պետական եկամուտների կոմիտեն շահառուների ցանկը ձևավորում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողների դիմումների կամ ՔԿԱԳ-ից ստացված տվյալների հիման վրա:

(6.1-ին կետը լրաց. 03.09.20 N 1464-Լ)

7. Շահառուների ցանկում ներառվում են՝

1) երեխայի հոր և մոր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը,

2) սույն կարգի 2-րդ կետում նշված երեխայի (երեխաների) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը,

3) եթե երեխայի ծնողներից մեկը զրկված է ծնողական իրավունքներից, կամ մահացած է, կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ կորած, ապա նշում այդ մասին,

4) երեխայի ծնողներից մեկի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)։

Աշխատանքից ազատված ծնողը շահառուների ցանկում ներառվում է նաև այն դեպքում, երբ նրա համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ չի հաշվարկվել։

(7-րդ կետը լրաց. 14.04.20 N 555-Լ)

8. Շահառուների ցանկը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգով էլեկտրոնային եղանակով տրամադրվում է Ծառայությանը։ Սույն կարգի 6.1-ին կետում նշված կարգով ձևավորված շահառուների ցանկը Ծառայությանը տրամադրվում է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը:

(8-րդ կետը լրաց. 03.09.20 N 1464-Լ)

9. Ծառայությունը Պետական եկամուտների կոմիտեից շահառուների ցանկը ստանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է վճարման ցուցակներ՝ ըստ բանկերի։

10. Վճարման ցուցակում ներառվում են՝

1) բանկի անվանումը,

2) երեխայի հոր և մոր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, եթե նպաստը նշանակվել է սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա,

3) երեխայի ծնողի (միայնակ մոր) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, եթե նպաստը նշանակվել է սույն կարգի 2-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետի հիման վրա,

4) վճարման ենթակա գումարը։

10.1. Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված շահառուների ցանկում ընդգրկված ծնողը (ում սույն կարգի շրջանակներում որևէ երեխայի համար արդեն վճարվել է դրամական աջակցություն) շահառուների ցանկում չներառված իր երեխայի համար (եթե Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած շահառուների ցուցակում չեն ներառվել բոլոր երեխաները) մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը (ներառյալ) Ծառայությանը ներկայացնում է գրավոր դիմում՝ դիմումին կցելով շահառուների ցուցակում չներառված երեխայի ծննդյան վկայականի, նրա ծնողների անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենը: Սույն կետով սահմանված կարգով երեխայի համար դրամական աջակցություն հաշվարկելու և վճարելու նպատակով լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտության դեպքում Ծառայությունը դիմում է ՔԿԱԳ մարմնին: ՔԿԱԳ մարմինը Ծառայության կողմից պահանջվող տեղեկատվությունը տրամադրում է հնգօրյա ժամկետում: Սույն կետում նշված երեխայի համար հրատապ դրամական աջակցությունը հաշվարկվում է (վճարվում է), եթե երեխան նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Ընդ որում, այս դեպքում հրատապ դրամական աջակցությունը հաշվարկվում է (վճարվում է), եթե ծննդյան վկայականում այդ երեխայի հոր և մոր վերաբերյալ տվյալները համապատասխանում են շահառուների ցանկում ներառված երեխայի հոր և մոր վերաբերյալ տվյալներին։

(10.1-ին կետը լրաց. 03.09.20 N 1464-Լ)

11. Հրատապ դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1.1-ին ենթակետով երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար սահմանված կարգով՝ այդ հավելվածի 18-րդ կետում նշված համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր) կնքած բանկերի միջոցով։ Ընդ որում, եթե Հրատապ դրամական աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում անձը բանկին չի ներկայացնում Հրատապ դրամական աջակցության գումարը ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

(11-րդ կետը փոփ. 14.04.20 N 555-Լ)

11.1. Եթե Պետական եկամուտների կոմիտեի կողմից Ծառայությանը տրամադրված՝ սույն կարգի 5-րդ կետում նշված տվյալներում (շահառուների ցանկ ներառված ընտանիքի տվյալներում) կատարվում է փոփոխություն և տրամադրված նոր տվյալներով ընտանիքին չի կարող նշանակվել և վճարվել հրատապ դրամական աջակցություն, ապա Ծառայությունը նոր տվյալներն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է բանկին և պահանջում գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Եթե պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարը դեռևս չի կանխիկացվել, բանկը ոչ ուշ, քան պահանջն ստանալու հաջորդ աշխատանքային օրը գումարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը: Եթե գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարն արդեն կանխիկացվել է, ապա դրա մասին ևս բանկը տեղեկացնում է Ծառայությանը: Կանխիկացված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի վերադարձվում:

(11.1-ին կետը լրաց. 03.09.20 N 1464-Լ)

12. (կետն ուժը կորցրել է 14.04.20 N 555-Լ)

13. Վճարման ցուցակում բանկի ընտրությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ բոլոր շահառուներին հավասարապես բաշխելով Համաձայնագիր կնքած բանկերի միջև, բացառությամբ այն դեպքի, երբ շահառուն սույն կարգի 11-րդ կետով նախատեսված կարգով ներկայացրել է գումարը Համաձայնագիր կնքած այլ բանկի միջոցով վճարելու դիմում։

14. (կետն ուժը կորցրել է սույն որոշման 4-րդ կետի համաձայն)

15. Հրատապ դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

16. Հրատապ դրամական աջակցության գումարը ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում, ինչպես նաև եկամտային հարկով հարկման բազայում չի ներառվում։

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 14.04.20 N 555-Լ, լրաց. 18.05.20 N 759-Լ, 03.09.20 N 1464-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան