Համարը 
N 161-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 02.08.21-02.21.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.02.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.02.2021
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
12.02.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.03.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

           

11 փետրվարի 2021 թվականի N 161-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա պետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մարտի 1-ից:

            

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

     

12.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

    

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 11-ի N 161-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 4-ի N 319-Ն որոշման

                 

Կ Ա Ր Գ

         

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ)

             

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները:

2. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում`

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կամ մարզպետը կամ Երևանի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) ըստ ենթակայության՝ թափուր տեղ առաջանալու օրը հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում տվյալ հաստատության խորհրդի անդամ չհանդիսացող՝ տնօրենի տեղակալներից մեկին կամ բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, կամ բարձրագույն կրթություն և մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի՝ վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, ով տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ: Տվյալ հաստատության նախկին տնօրենը, ում լիազորությունների դադարեցման արդյունքում է առաջացել տնօրենի պաշտոնի թափուր տեղ, չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող.

2) հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում: Խորհուրդը, տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից հաշված, առավելագույնը եռամսյա ժամկետում (չներառելով դպրոցական արձակուրդների, արտակարգ և ռազմական դրության ժամանակահատվածը) կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:

3. Խորհրդի նախագահը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը և մրցույթն անցկացնելու մասին հայտարարությունը՝ համաձայն ձևի, առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին:

4. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է www.azdarar.am կայքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմամբ սահմանված կարգով և կրթության կառավարման պետական լիազորված մարմնի (այսուհետ` նաև նախարարություն) պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում՝ նաև համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ներկայացվելուց հետո՝ առավելագույնը 2 աշխատանքային օրում:

5. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտերի ընդունումն ավարտվում է մրցույթ անցկացնելու օրվանից 10 աշխատանքային օր առաջ:

6. Մասնակցության հայտերի բացակայության դեպքում փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարացվում է մեկ անգամ՝ տասնհինգ աշխատանքային օրով:

7. Երկարաձգված ժամանակահատվածում դիմող չլինելու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ:

8. Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի հայտն ընդունում է մրցույթ հայտարարած հաստատությունում՝ խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի երկու անդամների կողմից:

9. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

10. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ).

3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ).

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը) (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին.

5) ինքնակենսագրություն:

11. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, բնօրինակները վերադարձվում են հավակնորդին: Հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին: Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում բնօրինակները ներկայացվում են մրցույթի օրը:

12. Հաստատության տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) պարտավոր է հավակնորդի (հավակնորդների) կողմից տվյալ հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար դիմելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել հավակնորդների հանդիպումը տվյալ հաստատության սովորողների հետ և տրամադրել գրավոր տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին, ինչպես նաև հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա հաստատության գործունեության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն):

13. Խորհրդի՝ մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի (հավակնորդների) ներկայացրած զարգացման ծրագիրը (ծրագրերը) տվյալ դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են հավակնորդի, մանկավարժական խորհրդի (անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությամբ) և ծնողական ընդհանուր ժողովի անդամների մասնակցությամբ` առանձին հանդիպումների ընթացքում: Բոլոր հավակնորդների ծրագրերը համապատասխան խորհրդում ներկայացվում են նույն օրը: Հավակնորդի հետ հանդիպմանը հատկացվող ժամանակը որոշվում է հաստատության կողմից։ Հանդիպման մասին տեղեկատվությունը հրապարակվում է ուսումնական հաստատության պաշտոնական կայքում՝ հանդիպումից առնվազն 2 օր առաջ:

14. Հավակնորդը քննարկմանը չներկայանալու դեպքում չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին:

15. Քննարկման արդյունքում մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է փակ քվեարկություն: Քվեարկության ընթացքը և արդյունքները նույն օրն արձանագրվում են և քվեաթերթիկների հետ միասին պահպանվում ուսումնական հաստատությունում (պատասխանատու՝ խորհրդի նախագահ)՝ մինչև սահմանված կարգով արխիվացվելը: Մանկավարժական և ծնողական խորհուրդների համապատասխան արձանագրությունները 1 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են հաստատության պաշտոնական կայքում:

16. Հաստատության տնօրենի ընտրության քվեարկությանը խորհրդի մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից ներկայացված անդամներից մասնակցում են միայն մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների ներկայացրած անդամները: Նրանցից յուրաքանչյուրն ունի մեկ ձայնի իրավունք:

17. Մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդներում քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած հավակնորդը (հավակնորդները) համարվում է հաստատության տնօրենի՝ համապատասխան խորհրդի թեկնածուն:

18. Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ, հավասար ձայների դեպքում, հավակնորդը որոշվում է վիճակահանությամբ: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդներից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն անցկացվում է մնացած բոլոր հավակնորդների միջև: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդները երկուսն են, և նրանցից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում, և ընտրված է համարվում մյուս հավակնորդը:

19. Եթե տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթին դիմել է մեկ հավակնորդ, ապա քվեարկության ընթացքում մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների անդամները քվեարկում են «կողմ» կամ «դեմ»: Որոշումն ընդունվում է առավելագույն ձայների հիման վրա, իսկ ձայների հավասարության դեպքում հավակնորդը համարվում է չընտրված, և մանկավարժական կամ ծնողական խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ չի ունենում իր թեկնածուն:

20. Մրցույթի անցկացման ժամանակ սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերում նշված քվեարկության արդյունքները պարտադիր են տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի ժամանակ մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար: Մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական կամ ծնողական խորհուրդների կողմից առանձին խորհրդում կամ միացյալ խորհրդում առաջադրված անդամի կողմից սույն կետի պահանջը չպահպանելու դեպքում, քվեարկության արդյունքներն ամփոփելիս, տվյալ անդամի ձայնը հաշվարկվում է համապատասխան խորհրդի քվեարկության արդյունքին համապատասխան: 19-րդ կետում նախատեսված դեպքում ծնողական և մանկավարժական խորհուրդների կողմից մրցույթ հայտարարած հաստատության առաջադրած անդամներն ազատ են իրենց քվեարկության ժամանակ:

21. Մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական կամ ծնողական խորհրդի անդամ կամ տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) հանդիսացող հավակնորդը չի մասնակցում համապատասխան խորհրդում մյուս հավակնորդների զարգացման ծրագրերի քննարկմանը և քվեարկությանը:

22. Մրցույթն անցկացնում է խորհուրդը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի (այսուհետ` ներկայացուցիչ) մասնակցությամբ:

23. Մրցույթին, այդ թվում՝ հետաձգված, ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու համար խորհուրդը գրավոր դիմում է նախարարություն` նշելով մրցույթի անցկացման օրը, ժամը և հասցեն` միաժամանակ դրա մասին տեղեկացնելով նաև խորհրդի բոլոր անդամներին, հավակնորդներին, լիազոր մարմնին: Դիմումը ներկայացվում է նախարարություն` մրցույթից, այդ թվում` հետաձգված, առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

24. Ներկայացուցիչը մրցույթին մասնակցում է դիտորդի կարգավիճակով և պարտավոր է`

1) պահպանել չեզոքություն.

2) չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին.

3) ուսումնասիրել սույն կարգի 15-րդ կետով սահմանված արձանագրությունները.

4) մրցույթի արդյունքներն ամփոփելու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել մրցույթի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Բացասական է համարվում այն եզրակացությունը, որտեղ արձանագրվել է սույն կարգով սահմանված պահանջների խախտում կամ անհամապատասխանություն:

25. Առանձին խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:

26. Միացյալ խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է տնօրենի ընտրության ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Միացյալ խորհրդի դեպքում նիստին չեն մասնակցում այլ հաստատության (կամ հաստատությունների) ծնողական և մանկավարժական խորհուրդների և համայնքի (կամ համայնքների) ներկայացուցիչները:

27. Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան 5 աշխատանքային օրով, եթե՝

1) խորհրդի նիստն իրավազոր չէ.

2) ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին:

28. Հետաձգված խորհրդի նիստը սույն կարգի 27-րդ կետով սահմանված հիմքերով չկայանալու դեպքում խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:

29. Մրցույթին հավակնորդներից ոչ մեկի չներկայանալու դեպքում խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:

30. Մրցույթի ժամանակ տնօրենի թեկնածուի հետ խորհուրդն անցկացնում է հարցազրույց՝ տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի շրջանակում:

31. Մրցույթի ընթացքը ձայնագրվում և արձանագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ, ձայնագրությունը պահպանվում է ուսումնական հաստատությունում՝ սույն կարգի 15-րդ կետի պահանջներին համապատասխան:

32. Տնօրեն ընտրվում է բաց քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Բացակա խորհրդի անդամի ձայնը չի փոխանցվում:

33. Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ հավակնորդ և մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում և սույն կարգի համաձայն՝ հայտարարվում է նոր մրցույթ: Եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է, ապա տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն, որի արդյունքում տնօրեն չընտրվելու դեպքում սույն կարգի համաձայն՝ հայտարարվում է նոր մրցույթ:

34. Խորհրդի նախագահը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո՝ մինչև նիստի ավարտը, հավակնորդների ներկայությամբ հրապարակում է քվեարկության արդյունքները:

35. Մրցույթի արդյունքներն անվավեր են ճանաչվում`

1) ներկայացուցչի բացասական եզրակացության կամ լիազորված մարմնի (այս մասով՝ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարանը) կամ հավակնորդի կամ խորհրդի անդամի կողմից մրցույթի անցկացման կարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ուղղված գրավոր բողոքի ուսումնասիրության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազորված մարմնի կողմից կամ՝

2) դատական կարգով:

36. Սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գրավոր բողոքը նախարարություն կարող է ներկայացվել մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված բողոքը ենթակա չէ քննարկման և բողոքի ստացման օրվանից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է՝ նշելով բողոքը վերադարձնելու պատճառը:

37. Հանձնաժողովը ձևավորվում է բողոքը նախարարություն մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

38. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2 անդամ, որոնցից 1-ը հանրակրթության վարչության ներկայացուցիչն է և հանձնաժողովի նախագահը, լիազորված մարմնի 2 մասնագետ և տեղական ինքնակառավարման մարմնի 1 լիազոր ներկայացուցիչ` 5 անդամ: Հանձնաժողովի կազմը հաստատելու համար նախարարությունը դիմում է համապատասխան մարմիններին` 3 աշխատանքային օրվա ընթացքում թեկնածու առաջադրելու համար:

39. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա են անդամներից 4-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ:

40.Հանձնաժողովի նիստերն անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով:

41. Հանձնաժողովի գրավոր եզրակացությունն ստորագրվում է կողմ քվեարկած բոլոր անդամների կողմից: Հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը ներկայացվում է եզրակացության հետ միասին: Հանձնաժողովը կարող է մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին եզրակացություն ներկայացնել, եթե տնօրենի ընտրության գործընթացն իրականացվելիս չեն պահպանվել սույն կարգով սահմանված պահանջները: Հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացությունը ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` հանձնաժողովի ձևավորումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

42. Բողոք ներկայացնողը բողոքարկման արդյունքի մասին տեղեկացվում է դրա առկայությունից հետո՝ 5 օրվա ընթացքում:

43. Խորհրդի նախագահը տնօրենի ընտրության մասին մրցույթի օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին` ներկայացնելով նիստի արձանագրությունը, ընտրված տնօրենի անձնական գործը, փաստաթղթերը և ներկայացուցչի եզրակացությունը:

44. Լիազորված մարմինն ընտրված տնօրենի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մրցույթի արդյունքները անվավեր ճանաչելու հիմքերի բացակայության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան հավակնորդի 65 տարին լրանալը:

45. Մրցույթին, ինչպես նաև սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան ձևավորված հանձնաժողովի աշխատանքներին, դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցների և առնվազն վերջին 3 տարում երեխայի իրավունքներով զբաղվող կամ կրթության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (այսուհետ՝ հասարակական կազմակերպություններ):

46. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվելու օրվանից մինչև փաստաթղթերի ընդունման վերջին օրը հասարակական կազմակերպությունները կամ զանգվածային լրատվության միջոցներն իրենց ներկայացուցիչներին որպես դիտորդ գրանցելու համար կարող են պաշտոնապես դիմել հաստատության խորհրդի նախագահին՝ նշելով հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի կամ լուսաբանող լրագրողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև կցելով հասարակական կազմակերպության կամ լրատվամիջոցի պետական գրանցման վկայականի պատճենը կամ գրանցման համարը, կազմակերպության վերջին 3 տարվա գործունեության հակիրճ նկարագրությունը, իսկ լուսաբանող լրագրողի համար՝ լրագրողական գործունեությունը հավաստող փաստաթուղթ:

47. Գրանցված դիտորդները պարտավոր են մինչև մրցույթի մեկնարկը (մրցույթն սկսվելուց առնվազն 20 րոպե առաջ) ներկայանալ մրցույթի անցկացման վայր՝ խորհրդի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

48. Յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոց կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ և 1 օպերատոր (ցանկության դեպքում):

49. Խորհրդի նախագահը սույն կարգի 46-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում որոշում է ընդունում դիտորդ գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին՝ դրա մասին տեղեկացնելով (գրավոր կամ էլեկտրոնային փոստով) կազմակերպությանը: Մերժման հիմք կարող է հանդիսանալ հասարակական կազմակերպության գործունեության անհամապատասխանությունը սույն կարգի 45-րդ կետում նշված պահանջին: Արտակարգ դրության պայմաններում խորհուրդը կարող է սահմանափակել դիտորդների թիվը՝ թույլատրելով գրանցվել և ներկա գտնվել մրցույթին առավելագույնը երեք դիտորդի՝ նախապատվություն տալով առաջին երեք դիմողին:

50. Մրցույթին ներկա դիտորդների թվից կախված՝ խորհուրդը կարող է որոշում ընդունել մրցույթը տվյալ հաստատության այլ տարածքում անցկացնելու վերաբերյալ:

51. Դիտորդը խորհրդի աշխատանքներին հետևելիս պարտավոր է`

1) պահպանել չեզոքություն.

2) չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին.

3) մրցույթի անցկացման վայրում զբաղեցնել դիտորդի համար նախատեսված տեղը՝ մասնակիցներից որոշակի հեռավորության վրա՝ պահպանելով լռություն:

52. Դիտորդի կողմից սույն կարգի 51-րդ կետով սահմանված պահանջների չկատարման պարագայում խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունելու դիտորդին մրցույթի անցկացման վայրից դուրս հրավիրելու մասին, ինչպես նաև տեղեկացնելու համապատասխան կազմակերպությանը, որի ներկայացուցիչն է հանդիսանում դիտորդը:

Ձև

   

Մրցույթի հայտարարություն

______________________________________________

(ուսումնական հաստատության անվանումը)

      

տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

       

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ __________________________________________________________

__________________________________________________________________________-ի

(ուսումնական հաստատության անվանումը)

     

կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ______________________________________________-ում

(ուսումնական հաստատության անվանումը)

 

202___ թվականի_____ -ից մինչև_____ -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը_________ -ից մինչև ժամը________ -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 202__ թվականի _______-ին՝ ժամը ________-ին,

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

(ուսումնական հաստատության անվանումը և գտնվելու վայրը)

              

Տեղեկությունների համար դիմել _________________________________________________

_________________________________________________________________________________

(խորհրդի կողմից լիազորված անդամի հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)»:

            

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Թորոսյան

         

12.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

         

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական: