Համարը 
ՀՕ-51-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
19.01.2021
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.02.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.02.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 11-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

Օ Ր Ե Ն Ք Ը

  

Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին

  

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «գույքի, եկամուտների և շահերի» բառերը փոխարինել «գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի» բառերով:

    

Հոդված 2. Օրենքի 6-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  

«ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՇԱՀԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ»:

         

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման պարտականությունը».

2) 1-ին մասը «նրանց տեղակալների,» բառերից հետո լրացնել «համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների,» բառերով, «նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք,» բառերից հետո՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների,» բառերով, «հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն» բառերից հետո՝ «և գլխավոր» բառերով, իսկ «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք» բառերից հետո՝ «, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք» բառերով.

3) 2-րդ մասը «նրանց տեղակալների,» բառերից հետո լրացնել «համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների,» բառերով, «նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք» բառերից հետո՝ «, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, Երևան համայնքի ավագանու անդամները» բառերով, իսկ «գույքի, եկամուտների և շահերի» բառերը փոխարինել «գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի» բառերով.

4) 3-րդ մասը «հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն» բառերից հետո լրացնել «և գլխավոր» բառերով, «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք» բառերից հետո՝ «, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք» բառերով, իսկ նույն մասի «գույքի և եկամուտների» բառերը փոխարինել «գույքի, եկամուտների և ծախսերի» բառերով․

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելիս ծախսերի հայտարարագիր չեն ներկայացնում:».

6) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «5. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագրում ներկայացնում են իրենց գույքի և եկամուտների, իսկ դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում՝ գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ տվյալներ:».

7) 5.1-ին մասը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում անձինք մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր:» նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայտարարատու պաշտոնատար անձը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքում պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր:».

8) 5.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.2. Իրավիճակային հայտարարագրի վրա տարածվում են հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնի ստանձնման հայտարարագրի բովանդակության և ներկայացման կարգի համար սույն օրենքով նախատեսված ընդհանուր կանոնները, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքերի։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագրում ներառվում են հայտարարագրման ենթակա գործարքին նախորդող տարվա կամ իրավիճակային հայտարարագիր պահանջելու որոշման ընդունմանը նախորդող՝ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ։ Իրավիճակային հայտարարագիրը ենթակա չէ հրապարակման: Իրավիճակային հայտարարագրի ձևը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:».

9) 7-րդ և 8-րդ մասերի «գույքի և եկամուտների» բառերը փոխարինել «գույքի, եկամուտների և ծախսերի» բառերով։

         

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի վերնագրից հանել «և հայտարարագրում փոփոխություն կատարելը» բառերը:

          

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը առաջին նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը կարող են հայտարարագրում ուղղում անելու միջոցով վերացնել հայտարարագիրը հանձնելուց հետո՝ քառօրյա ժամկետում:»:

           

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայտարարագիրը ներառում է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող`

1) անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, ստորգետնյա և վերգետնյա շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույք.

2) տրանսպորտի միջոցը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային, երկաթուղային փոխադրամիջոցը: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ը, կամ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.

3) բաժնային արժեթղթերը, այլ ներդրումը հավաստող փաստաթղթերը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը), ինչպես նաև պարտքային արժեթղթերը (պարտատոմսը, չեկը, մուրհակը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթ, բացառությամբ բանկային վկայագրի).

4) հանձնված, վերադարձված փոխառությունը.

5) բանկային ավանդը.

6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված` չորս միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ (դրան համարժեք արտարժույթ) կամ ավելի բարձր արժեք ունեցող ցանկացած գույք (այսուհետ՝ թանկարժեք գույք).

7) դրամական միջոցները (այդ թվում՝ բանկային հաշիվներում առկա):».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Հայտարարագրում ներառվում է նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը, ինչպես նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձի, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն:

1.2. Փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց նրա կողմից հաշվետու ժամանակահատվածում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող (անկախ նշված իրավունքների պետական գրանցումից) անշարժ գույքը, տրանսպորտի միջոցը (բացառությամբ աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների արդյունքում անձի տիրապետմանը հանձնված անշարժ գույքի, տրանսպորտի միջոցի), թանկարժեք գույքը:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Գույքը հայտարարագրելիս նշվում են՝

1) անշարժ գույքի դեպքում՝ անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն, գույքի հաշվառման համարը, մակերեսը, սեփականության տեսակը (անձնական կամ ընդհանուր), ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ հայտարարատու սեփականատիրոջ բաժինը, համասեփականատիրոջ բաժինը, նրա անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը և նրանց միջև առկա կապի բնույթը, գույքը ձեռք բերելու տարին և եղանակը.

2) տրանսպորտի միջոցի դեպքում՝ տրանսպորտի տեսակը, մակնիշը, սերիան, թողարկման տարին, նույնականացման համարը, ձեռք բերելու տարին և եղանակը.

3) արժեթղթի և (կամ) այլ ներդրման դեպքում՝ արժեթղթի և (կամ) այլ ներդրման տեսակը, գինը (արժեքը), արժույթը, ձեռք բերելու տարին, ընկերության անվանումը, բաժնեմասնակցության տոկոսը, ումից է այն ձեռք բերվել՝ նշելով նրա անվանումը կամ անունը, ազգանունը և հայրանունը, հասցեն, նրանց միջև առկա կապի բնույթը.

4) հանձնված, վերադարձված փոխառության դեպքում՝ փոխառության գումարը (չափը), արժույթը, փոխառության հանձնելու տոկոսադրույքը, պարտապանի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, նրանց միջև առկա կապի բնույթը.

5) բանկային ավանդի դեպքում՝ հաստատության անվանումը, գտնվելու վայրը (եթե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է), բանկային ավանդի չափը.

6) թանկարժեք գույքի դեպքում՝ գույքի անվանումը, նկարագրությունը, գույքը ձեռք բերելու տարին և եղանակը, գործարքի գինը (արժեքը), արժույթը.

7) դրամական միջոցի դեպքում՝ դրամական միջոցի չափը, ծագման աղբյուրը, տեսակը, արժույթը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առկա բանկային հաշիվների դեպքում՝ նաև հաստատության անվանումը և գտնվելու վայրը։».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նշված գույքի դեպքում ներառվում են նաև գույքի սեփականատիրոջ անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը և նրանց միջև առկա կապի բնույթը:».

 5) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տարեկան հայտարարագրում ներառվում են նաև տվյալ տարվա (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ընթացքում հանձնված կամ վերադարձված փոխառության գումարը (չափը) և արժույթը, պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, եթե նույն անձին հանձնված կամ վերադարձված փոխառության հանրագումարը գերազանցում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Բանկային ավանդի դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ավանդի չափը, արժույթը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առկա ավանդի դեպքում՝ նաև հաստատության անվանումը և գտնվելու վայրը:».

7) 7-րդ մասը «արժույթը» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առկա բանկային հաշիվների դեպքում՝ նաև հաստատության անվանումը և գտնվելու վայրը» բառերով:

           

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.1-ին հոդվածով.

 

 «Հոդված 40.1. Ծախսերի հայտարարագրի բովանդակությունը

          

1. Հայտարարագիրը ներառում է սույն հոդվածով սահմանված ծախսերը։

2. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով կատարված հետևյալ ծախսերը.

1) հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսը.

2) շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը.

3) ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը.

4) գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը.

5) վարկի մարմանն ուղղված վճարումները.

6) անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը.

7) ցանկացած այլ ծախս, այդ թվում՝ որպես նվիրատվություն տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով սահմանված հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերը ենթակա են հայտարարագրման, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

4. Ծախսերը հայտարարագրելիս նշվում են՝

1) ծախսի տեսակը.

2) կատարված ծախսի բովանդակությունը.

3) ծախսի չափը (գումարը).

4) ծախսի արժույթը:

5. Պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրը կատարած ծախսերը:»:

        

Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ստացված փոխառությունները.».

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) ստացված վարկերը (այդ թվում՝ հիպոտեկային).».

3) 4-րդ մասի 4-րդ կետը «տրված փոխառությունների» բառերից հետո լրացնել «կամ բանկային ավանդների» բառերով.

4) 6-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն, եկամուտ վճարողի և նրանց միջև առկա կապի բնույթի մասին տեղեկատվություն.».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ մասերով.

«6.1. Ստացված փոխառությունը հայտարարագրելիս նշվում են նաև տարեկան հայտարարագրի դեպքում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում՝ համապատասխանաբար պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ փոխառության մնացորդի չափը, ինչպես նաև ստացված փոխառության տոկոսադրույքը, նպատակային նշանակությունը:

6.2. Վարկը հայտարարագրելիս նշվում են նաև վարկի նպատակային նշանակությունը, տարեկան հայտարարագրի դեպքում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում՝ համապատասխանաբար պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի չափը, իսկ հիպոտեկի դեպքում՝ նաև հիպոտեկի առարկան և դրա գտնվելու վայրը:».

6) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հայտարարագրման ենթակա չէ հաշվետու ժամանակահատվածում ստացված այն եկամուտը կամ նույն տեսակի եկամտի հանրագումարը, որի արժեքը չի գերազանցում 200 000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, բացառությամբ աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված այլ վճարումների:».

7) 9-րդ մասից հանել «սույն օրենքի իմաստով» բառերը:

        

Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայտարարագրի՝ «Մասնակցությունը առևտրային կազմակերպություններում» բաժնում նշվում են կազմակերպության անվանումը, որի հիմնադիր են կամ որի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեն կամ որի իրական շահառու են հայտարարատու պաշտոնատար անձը և (կամ) նրա ընտանիքի անդամները, կազմակերպությունում ունեցած ուղղակի կամ անուղղակի մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) չափը, մասնակցությունը ձեռք բերելու կամ իրական շահառու դառնալու օրը, ամիսը, տարին, կամ որի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց իրավասու են նշանակելու կամ ազատելու հայտարարատու պաշտոնատար անձը և (կամ) նրա ընտանիքի անդամները, հարկ վճարողի հաշվառման համարը, հասցեն: Սույն մասի իմաստով իրական շահառու է համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի հիման վրա իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձը։»:

         

Հոդված 10. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում «հանձնումից հետո անմիջապես» բառերը փոխարինել «հանձնման օրվան հաջորդող հինգերորդ օրը» բառերով:

     

Հոդված 11.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք տարեկան հայտարարագրում ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն առաջին անգամ ներկայացնում են 2021 թվականի տարեկան հայտարարագրում՝ 2022 թվականի հունվարի 1-ից: 2021 թվականի հունիսի 1-ից հետո պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձինք պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրում ներկայացնում են նաև ծախսերի վերաբերյալ տեղեկություններ:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքապետարանների աշխատակազմի քարտուղարները, ավագանու անդամները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, Երևան համայնքի ավագանու անդամները մինչև 2021 թվականի մայիսի 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագիր:

4. 2020 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոնեական պարտականություններն ստանձնած կամ դադարեցրած հարկային, մաքսային ծառայությունների գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող անձինք մինչև 2021 թվականի մայիսի 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման հայտարարագիր:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով չսահմանված՝ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող անձինք մինչև 2021 թվականի մայիսի 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում 2019 թվականի տարեկան հայտարարագիր:

6. 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ դատավորի պաշտոնավարող օգնականները մինչև 2021 թվականի մայիսի 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագիր: 2020 թվականի մարտի 1-ից հետո պաշտոնեական պարտականությունները դադարեցրած և 30 օրվա ընթացքում հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում չնշանակված դատավորի օգնականները մինչև 2021 թվականի մայիսի 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում պաշտոնեական պարտականությունների դադարեցման հայտարարագիր:

7. 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնեական պարտականություններն ստանձնած կամ դադարեցրած սույն հոդվածի 3-6-րդ մասերով չնախատեսված և հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք մինչև 2021 թվականի մայիսի 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման հայտարարագիր:

        

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. փետրվարի 16
Երևան
ՀՕ-51-Ն

        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական: