Համարը 
ՀՕ-182-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.05.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.04.2021
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.05.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.05.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի ապրիլի 28-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 40.1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը «միջոցով» բառից առաջ լրացնել «կամ համացանցի» բառերով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 40.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 40.3․ Թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը չներկայացնելը, հայտարարագիրն օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացնելը կամ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը

 

1. Թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը, եթե դա բացելը օրենքով սահմանված պարտականություն է, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը, հայտարարագիրն օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացնելը կամ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով։»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 40.8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 40.8. Քարոզչություն իրականացնելու իրավունք չունեցող անձի կողմից նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը կամ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսը օգտագործելը

 

1. Քարոզչության համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելու իրավունք չունեցող անձի կողմից նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։

2. Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների և մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների համար, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով։»։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մայիսի 5
Երևան
ՀՕ-182-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2021 թվական: