Համարը 
ՀՕ-208-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
07.05.2021
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.05.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-12-րդ կետերով.

 «10) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

11) «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

12) «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության իրականացումը։»։

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30-34-րդ կետերով.

«30) ստուգում է թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պահանջների պահպանումը, դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատությունն ու ամբողջականությունը.

31) ստուգում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված՝ քարոզչության հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պահանջների պահպանումը, դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատությունն ու ամբողջականությունը.

32) ստուգում է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված՝ քարոզչության հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պահանջների պահպանումը, դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատությունն ու ամբողջականությունը.

33) քննում և լուծում է թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին առնչվող խախտումների վերաբերյալ գործեր․

34) իրականացնում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված այլ լիազորություններ։»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.3-րդ հոդվածով.

 

 «Հոդված 40.3. Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողությունը

 

1. Հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով ստուգում է թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին։

2. Նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն Հանձնաժողովում կարող է նշանակել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում ստացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի։ Ազգային ժողովի խմբակցությունների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում նշանակված աուդիտորները վարձատրվում են երկու ամսվա համար՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի եռապատիկի չափով։ Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը։

3. Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մինչև մեկ ամիս ժամկետով պայմանագրային հիմունքներով կարող է ընդգրկվել մինչև 5 մասնագետ։

4. Հանձնաժողովը թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման նպատակով իրականացնում է նախընտրական հիմնադրամի մուտքերի և ծախսերի համադրում, դրանց օրինականության, հայտարարագրում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում։ Այդ նպատակով Հանձնաժողովն իրավասու է՝

1) ստանալու համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ՝ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ այն բանկերից, որտեղ նախընտրական հիմնադրամներ ձևավորելու համար բացվել են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ․

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների՝ իրենց նախընտրական հիմնադրամներ կատարած նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման համար անհրաժեշտ առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ․

3) ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու և ստանալու համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քաղաքացիաիրավական գործարքների հիման վրա ձեռք բերված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների և իրականացված վճարումների վերաբերյալ, այդ թվում՝ անհատույց ձեռք բերված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ։

5. Հայտարարագրերի ստուգման նպատակով Հանձնաժողովն իրավասու է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու նպատակով Կենտրոնական բանկին ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող թեկնածուի կամ կուսակցության հաշիվների առկայության, հաշվի համախառն մուտքի և համախառն ելքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, ինչպես նաև բանկային պահատուփերի առկայության վերաբերյալ տվյալներ` հարցման մեջ նշելով թեկնածուի կամ կուսակցության տվյալները, վերաբերելի ժամանակահատվածը կամ ամսաթիվը: Սույն մասում նշված տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի և Հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:

6. Հանձնաժողովը թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ստանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ, ստուգում և ստուգման արդյունքներով կազմում է եզրակացություն։ Հանձնաժողովը եզրակացությունն անհապաղ հրապարակում է իր համացանցային կայքում։

7. Եթե նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ստուգման արդյունքով արձանագրվել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների խախտումներ, ապա Հանձնաժողովը հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։

8. Առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը գործի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն:

9. Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Հանձնաժողովը գալիս է այն հետևության, որ կատարված արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում Հանձնաժողովն ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Քրեական գործի հարուցումը մերժելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումն ստանալու պահից Հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը:

10. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը:

11. Սույն հոդվածով նախատեսված հայտարարագրերի էլեկտրոնային ձևը սահմանում է Հանձնաժողովը։ Հայտարարագրի ձևը ներառում է նաև ուղեցույց հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի և ժամկետների մասին։»։

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.4-րդ հոդվածով.

 

 «Հոդված 40.4. Հանրաքվեի և տեղական հանրաքվեի քարոզչության նպատակով կատարված նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողությունը

 

  1. Հանձնաժողովն ստուգում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված՝ հանրաքվեի և տեղական հանրաքվեի քարոզչության հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ ներկայացված հայտարարագրերի համապատասխանությունը համապատասխանաբար «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով սահմանված պահանջներին։ Հանձնաժողովը քարոզչության հիմնադրամներ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման նպատակով իրականացնում է նախընտրական հիմնադրամի մուտքերի և ծախսերի համադրում, դրանց օրինականության, հայտարարագրում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում։ Այդ նպատակով Հանձնաժողովն իրավասու է քարոզչության կողմերից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարագրերի ստուգման համար անհրաժեշտ առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ։

2. Հայտարարագրերի ստուգման նպատակով Հանձնաժողովն իրավասու է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու նպատակով Կենտրոնական բանկին ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող քարոզչության կողմերի հաշիվների առկայության, հաշվի համախառն մուտքի և համախառն ելքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

3.ուղղ. Հանձնաժողովը քարոզչության կողմերի ներկայացրած հայտարարագրերն ստանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հանրաքվեի կամ տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ ստուգում և ստուգման արդյունքներով կազմում է եզրակացություն։ Հանձնաժողովը եզրակացությունն անհապաղ հրապարակում է իր համացանցային կայքում։

4. Առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը գործի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն: Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը:

5. Սույն հոդվածով նշված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի և Հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:

6. Սույն հոդվածով նախատեսված հայտարարագրերի էլեկտրոնային ձևը սահմանում է Հանձնաժողովը։ Հայտարարագրի ձևը ներառում է նաև ուղեցույց հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի և ժամկետների մասին։»։

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է նախընտրական հիմնադրամներ կատարած նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևանմուշը և հայտարարագիրը կազմելու ու ներկայացնելու կարգի և ժամկետների վերաբերյալ ուղեցույցը։

3. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված՝ քարոզչության կողմերի կողմից ներկայացվող հայտարարագրերի ձևանմուշը և հայտարարագրերը կազմելու ու ներկայացնելու կարգի և ժամկետների վերաբերյալ ուղեցույցը։

4. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսվող՝ 40.3-րդ և 40.4-րդ հոդվածներից բխող համապատասխան փոփոխություններ են կատարվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը և ձևաչափը հաստատելու մասին»՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 91-Ն և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 04-Ն համատեղ որոշման մեջ։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մայիսի 27
Երևան
ՀՕ-208-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: