ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
14 սեպտեմբերի 2021 թ. Երևան |
N 442-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջարկը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի հոկտեմբերի 24-ի «Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին» N 312-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Երևան քաղաքում տնային կենդանիների պահման կանոնները հաստատելու մասին».
2) Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի նոյեմբերի 1-ից:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ,
Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
2021 թ. սեպտեմբերի 15
Երևան |
Հ. Սարգսյան
|
|
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2021 թվականի սեպտեմբերի 14-ի
N 442-Ն որոշման |
|
«Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2011 թվականի հոկտեմբերի 24-ի
N 312-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով (այսուհետ՝ Կանոններ) կարգավորվում են Երևան քաղաքում տնային կենդանիներին (այսուհետ՝ Կենդանի) պահելու, հաշվառելու և անասնաբուժական սպասարկում իրականացնելու հետ կապված հարաբերությունները: Սույն Կանոնների դրույթները տարածվում են Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող տնային կենդանիներ պահող ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա։
2. Կանոնները չեն տարածվում գիտական, գիտահետազոտական, բժշկական, ինչպես նաև ծառայողական նպատակներով տնային կենդանիներին տիրապետող կամ օգտագործող կամ խնամող (պահող) համապատասխան թույլտվություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա։
3. Սույն Կանոնների իմաստով օգտագործվում են «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածով սահմանված և հետևյալ հիմնական հասկացությունները՝
1) տնային կենդանիներ՝ սույն Կանոնների իմաստով հասկացությունը կիրառելի է միայն շների և կատուների համար.
2) տնային կենդանի պահող (այսուհետ՝ Պահող)` իրեն պատկանող տարածքում կենդանուն կերակրող, կամ խնամող, կամ վարժեցնող, կամ բուծող, կամ բժշկող, կամ հսկող ֆիզիկական կամ իրավաբանական անձ:
3) տնային կենդանիների նույնականացում՝ տնային կենդանիների վրա ամրացված նույնականացման յուրահատուկ, չկրկնվող համարներին համապատասխան Կենդանիների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգում Կենդանիների մասին տվյալների հաշվառում, ինչը հնարավորություն է ընձեռում անհատականացնել կենդանիներին: Տնային կենդանիների վրա նույնականացման յուրահատուկ, չկրկնվող համարներն ամրացվում են անասնաբույժի կամ անասնաբուժական ծառայության միջոցով՝ կենդանու մարմնի որոշակի մասում ծածկագրավորված տեղեկություն պարունակող հատուկ էլեկտրոնային միկրոչիպի` կրիչի ներարկման կամ դաջվածքի միջոցով: Դաջվածքի կիրառման դեպքում նույնականացման համարը տրամադրվում է համայնքային կազմակերպության կողմից.
4) տնային կենդանիների հաշվառում՝ անասնաբույժի կամ անասնաբուժական ծառայության միջոցով տնային կենդանիների նույնականացման և անասնաբուժական զննության իրականացում, որոնց արդյունքում տրվում է անասնաբուժական անձնագիր.
5) անասնաբուժական անձնագիր՝ կենդանու նույնականացման և նրա անասնաբուժական զննության, պահանջվող պատվաստումների իրականացման մասին անհրաժեշտ տեղեկություններ պարունակող, սույն Կանոնների Ձև 1-ով սահմանված ձևաչափի փաստաթուղթ, որը տրվում է անասնաբույժի կողմից:
6) տնային կենդանիներ պահելու թույլտվություն՝ համապատասխան վարչական շրջանի ղեկավարի կողմից սույն Կանոններով սահմանված պահանջներին համապատասխան տրված թույլտվություն, որի մասին նշում է կատարվում անասնաբուժական անձնագրում.
7) անասնաբույժ՝ Երևան քաղաքում անասնաբուժական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
8) համայնքային կազմակերպություն՝ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որն իրականացնում է Երևան քաղաքում թափառող կենդանիների անասնաբուժական սպասարկման, կենդանիների հաշվառման էլեկտրոնային համակարգի ստեղծման և վարման, համայնքում անկած կենդանիների հավաքման, սահմանված վայրում թաղման կամ դիակիզման աշխատանքներ:
II. Տնային կենդանի պահողների իրավունքները ԵՎ պարտականությունները
4. Պահողն իրավունք ունի՝
1) անասնաբույժից անվճար ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ կենդանուն հաշվառելու և պահելու հետ կապված հարցերի վերաբերյալ,
2) ըստ բնակության վայրի՝ Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից անվճար տեղեկություններ ստանալ այն վայրերի մասին, որտեղ իրավունք ունի կազմակերպել կենդանու զբոսանքը:
5. Տնային կենդանի ձեռք բերելիս Պահողը ստանձնում է հետևյալ պարտականությունները՝
1) պահպանել «Անասնաբուժության մասին» օրենքի 34 և 35 հոդվածներով և սույն Կանոններով սահմանված պահանջները,
2) 6 շաբաթականից մեծ հասակ ունեցող կենդանի ձեռք բերելիս Պահողից պահանջել կենդանու անասնաբուժական անձնագիրը,
3) 6 շաբաթականից մեծ հասակի դեպքում ձեռք բերելուց հետո 7-օրյա ժամկետում իրականացնել կենդանու՝ սույն Կանոններին համապատասխան հաշվառումը,
4) պահպանել կենդանուն պահելու սանիտարահիգիենիկ կանոնները, այդ թվում՝ տարեկան առնվազն մեկ անգամ կամ անասնաբույժի ցուցումով սահմանված հաճախականությամբ ապահովել կենդանու անասնաբուժական զննությունը, տարեկան պատվաստումը կատաղության դեմ և ընդհանուր պատվաստումը,
5) իր կենդանու կողմից մեկ այլ կենդանու վնաս պատճառվելու դեպքում անհապաղ ձեռնարկել միջոցներ՝ վնասի պատճառումը դադարեցնելու, ինչպես նաև պատճառված վնասի հետևանքները վերացնելու, այդ թվում՝ տուժած կենդանուն համապատասխան բուժօգնության ցուցաբերումն ապահովելու ուղղությամբ,
6) անասնաբույժին անհապաղ հայտնել կենդանու կողմից մարդու կամ այլ կենդանու առողջությանը վնաս հասցնելու մասին` կենդանուն տեղափոխելով մոտակա անասնաբույժի մոտ՝ զննման և կարանտինային հսկողություն իրականացնելու համար,
7) անասնաբույժին անհապաղ հայտնել կենդանու կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների, այդ թվում՝ կատաղության հիվանդության կասկածի մասին և մեկուսացնել կենդանուն՝ մինչ անասնաբուժական զննությունը,
8) բացառել կենդանու կողմից ընդհանուր օգտագործման հողերի, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, բակերի, մայթերի, փողոցների, սիզամարգերի, մանկական խաղահրապարակների, ինչպես նաև ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների աղտոտումը,
9) կենդանուն պահելուց հրաժարվելու դեպքում այն փոխանցել այլ անձի կամ կենդանիների կացարան կամ մասնագիտացված կազմակերպություններին։ Արգելվում է կենդանուն թողնել առանց հսկողության կամ բաց թողնել ազատության մեջ,
10) ապահովել յուրաքանչյուր անձի անվտանգությունը և անդորրը կենդանու ազդեցությունից, այդ թվում` մարդաշատ վայրերում զբոսանքի ժամանակ դնչկալի կամ վնասազերծման այլ միջոցների օգտագործումը:
III. Սույն ԿԱՆՈՆՆԵՐԻ պահանջների նկատմամբ հսկողությունԸ
6. Սույն կանոնների պահանջների նկատմամբ հսկողությունը և դրանց կատարման ապահովումն իրականացնում են Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների ղեկավարները:
7. Վարչական շրջանի ղեկավարը՝
1) տրամադրում է տվյալ վարչական շրջանում տնային կենդանիների պահման թույլտվություններ՝ համապատասխան հաշվառման տեղեկությունները գրանցելով Կենդանիների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգում,
2) սույն Կանոններով սահմանված պահանջների խախտման համար անձանց ենթարկում է պատասխանատվության՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով։
IV. Կենդանիներին պահելու ԵՎ զբոսանքի կանոնները
8. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են կենդանիներ պահելիս հաշվի առնել այդ կենդանիների կենսաբանական և անհատական առանձնահատկությունները, պահպանել «Անասնաբուժության մասին» և այլ օրենքներով, ինչպես նաև սույն Կանոններով սահմանված պահանջները։
9. Բազմաբնակարան շենքերում կենդանիներ մշտապես կամ ժամանակավորապես պահելիս պետք է ապահովվեն մարդկանց և կենդանիների կյանքի բարենպաստ պայմաններ։
10. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում կենդանիներ պահելն արգելվում է։
11. Կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդ նպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայության դեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում, բացառությամբ կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական կազմակերպություններին (հիմնարկներին) հարող տարածքների, մանկական հրապարակների և շուկաների տարածքների։
12. Շան զբոսանքի ժամանակ Պահողը պետք է ապահովի մոտակայքում գտնվող անձանց անվտանգությունը։
13. Շան զբոսանքի ժամանակ Պահողը պարտավոր է՝
1) շանը նրա պահման տարածքից դուրս բերել կամ ներս տանել կապով, որի երկարությունը թույլ է տալիս հսկել շան վարքը: Մարդկանց և ուրիշ կենդանիներին սպառնացող շները (մարտական, ծառայողական, պարեկային և այլ ցեղատեսակի շներ, որոնք կարող են լինել ագրեսիվ և վտանգավոր մարդու կամ այլ կենդանու կյանքի կամ առողջության համար, այսուհետ` պոտենցիալ վտանգավոր շուն) պետք է ունենան դնչկալներ: Պոտենցիալ վտանգավոր շների ցանկը սահմանվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ,
2) պոտենցիալ վտանգավոր շանը պահել դնչկալով՝ մայթերով շարժման ժամանակ, հետիոտնի ճանապարհին, ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտային միջոցներով և տաքսի ավտոմեքենաներով տեղափոխելիս, մարդաշատ վայրերում և երթևեկության հատման մասերում։
Բնակելի թաղամասերում պոտենցիալ վտանգավոր շների զբոսանքը թույլատրվում է իրականացնել միայն դնչկալի և կապի առկայության դեպքում:
Հասարակական վայրերում Պահողը պետք է պոտենցիալ վտանգավոր շանը պահի կարճ կապի վրա և դնչկալով,
3) առանց դնչկալի և կապի շանը զբոսանքի տանելու առանձնացված վայրերը սահմանվում են Երևանի քաղաքապետի որոշմամբ։
14. Ճանապարհը կամ երթևեկելի մասն անցնելիս, ինչպես նաև մայրուղիների մոտ՝ ճանապարհային պատահարների կանխման նպատակով, Պահողը պարտավոր է կենդանուն պահել կարճ կապի վրա։
15. Պահողները պարտավոր են թույլ չտալ մայթերի կամ այլ հանրային օգտագործման տարածքների աղտոտումը կենդանու զբոսանքի ընթացքում, ինչպես նաև պարտավոր են մաքրել իրենց կենդանիների կենսագործունեության արդյունքները։
16. Շներ պահողներն իրավունք ունեն դրանց ազատ արձակել միայն իրենց սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում կամ մեկուսացված շինություններում։
17. Պոտենցիալ վտանգավոր 2 ամսականից մեծ շներ Պահողները պարտավոր են անձամբ անցնել նման շների հետ վարվելու հատուկ դասընթաց, շանը տալ ընդհանուր վարժեցման և ունենալ այս գործողությունների կատարումը հաստատող համապատասխան վկայագրեր՝ տրամադրված կինոլոգիական կազմակերությունների կողմից:
18. Պահողներն իրավունք ունեն կենդանիներին տեղափոխել քաղաքային տրանսպորտով։ Կենդանիները պետք է քաղաքային տրանսպորտով փոխադրվեն կարճ կապով և դնչկալով, բացառությամբ փոքր դեկորատիվ ցեղատեսակների և փոքր, առանց ցեղատեսակի շների և կատուների, որոնք տեղափոխվում են պայուսակներում կամ տեղափոխման համար հարմարեցված սարքերում։
19. Արգելվում է՝
1) կենդանիների երկարատև կամ մշտապես պահումը տրանսպորտային միջոցներում,
2) շանը զբոսանքի տանելը մանկական խաղահրապարակներում, մանկական այգիներում, զբոսայգիներում, առողջապահական, կրթական, մշակույթի, սպորտի հիմնարկների և շուկաների տարածքներում,
3) ալկոհոլային խմիչք օգտագործած անձանց և 18 տարին չլրացած անչափահասներին՝ 15 կիլոգրամից ավելի քաշ ունեցող շներին զբոսանքի տանելը,
4) կենդանիների հետ խանութներ, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների օբյեկտներ, բժշկական, կրթական և մշակութային հաստատություններ այցելելը, բացառությամբ կենդանիների ցուցադրության կամ համանման այլ միջոցառումների այցելության դեպքերի:
V. Տնային կենդանի պահելու թույլտվության տրամադրման ԵՎ հաշվառման Կանոնները
20. Երևան քաղաքում տնային կենդանի պահող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապահովել իր կենդանու հաշվառումը և ձեռք բերել տնային կենդանի պահելու թույլտվություն:
21. Երևան քաղաքում վեց շաբաթական հասակից մեծ տնային կենդանիները հաշվառման ենթակա են ձեռք բերելուց հետո` 7 օրվա ընթացքում։
22. Կենդանու հաշվառումը կատարվում է 18 տարին լրացած ֆիզիկական անձի, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ դրա գործադիր մարմնի ղեկավարի կամ լիազորված անձի դիմումի հիման վրա:
23. Տնային կենդանի պահողները կենդանու հաշվառման և կենդանի պահելու թույլտվություն ստանալու նպատակով պարտավոր են դիմել անասնաբույժի և ձեռք բերել կենդանու անասնաբուժական անձնագիր:
24. Կենդանու անասնաբուժական անձնագրի տրամադրումը մերժվում է, եթե պահողը.
1) չի ներկայացրել հաշվառվող կենդանուն,
2) հրաժարվում է կենդանու նկատմամբ անասնաբուժական պարտադիր միջոցառումների իրականացումից,
3) չեն ներկայացվել պոտենցիալ վտանգավոր կենդանի Պահողի կողմից հատուկ դասընթաց անցնելու և վարժեցվածության մասին վկայագրեր:
25. Տնային կենդանիների հաշվառմանը ներկայացվող պահանջներն են`
1) անասնաբուժական անձնագրի տրամադրումը՝ համաձայն Ձև 1-ում սահմանված ձևաչափի, որը տրվում է անասնաբույժի կողմից,
2) կենդանու նույնականացման ապահովումը՝ միկրոչիպի տեղադրման կամ կենդանու մարմնի որոշակի հատվածում նույնականացման համարի դաջվածքի կատարման միջոցով: Կենդանիների վրա տեղադրվող միկրոչիպը պետք է համապատասխանի ԻՍՕ 11784 և ԻՍՕ 11785 միջազգային ստանդարտներին, ունենա մինչև 13 մմ երկարություն և 2 մմ տրամագիծ, տեղակայված լինի կենսաապակուց պատրաստված պատիճի մեջ, որը կենդանու օրգանիզմի համար անվնաս է և ներարկվում է ներմաշկային եղանակով՝ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված հատուկ ներարկիչի միջոցով: Միկրոչիպի ընթերցումը կատարվում է տեսածրիչի միջոցով (պահելով այն 15սմ - 1մ հեռավորության վրա), որը էկրանի վրա ցուցադրում է կենդանու անհատական համարը.
3) կենդանու հաշվառման մասին բոլոր տվյալների մուտքագրումը Կենդանիների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգում, որը ստեղծում, կենտրոնացված կարգով վարում և սպասարկում է համայնքային կազմակերպությունը: Համայնքային կազմակերպությունն ապահովում է վարչական շրջանների ղեկավարների կողմից կենդանիների հաշվառման տվյալների մուտքագրման հնարավորությունը, հաշվառման համակարգումը և հաշվառման տվյալների վերլուծությունը:
26. Հաշվառման և կենդանի պահելու թույլտվություն ստանալու նպատակով Պահողը պարտավոր է դիմել կենդանուն պահելու վայրին համապատասխան Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարին, ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
1) Երևան քաղաքի ավագանու որոշմամբ տվյալ օրացուցային տարվա համար սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը, եթե տվյալ տարվա համար զրոյական արտոնություն սահմանված չէ,
2) համայնքային կամ իր նախընտրած անասնաբուժական սպասարկում իրականացնող կազմակերպությունում կենդանու հաշվառումն ապահովելուց հետո ստացված կենդանու անձնագիրը՝ համաձայն Ձև 1-ի,
3) լրացված հայտը՝ համաձայն Ձև 2-ի:
27. Պահողը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև կենդանու անկումը, սահմանված ժամկետում վճարել Երևան քաղաքի ավագանու որոշմամբ տվյալ օրացուցային տարվա համար սահմանված տեղական տուրքի վճարը և վարչական շրջան ներկայացնել կենդանու անձնագիրը, որից հետո տրամադրված թույլտվության ժամկետը համարվում է երկարացված, իսկ հաշվառման տվյալները՝ թարմացված:
28. Կենդանիների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգում նշվում են հետևյալ տեղեկությունները՝
1) անասնաբուժական անձնագրի հերթական համարը և հաշվառման տարեթիվը,
2) Պահողի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, էլ. փոստը, հեռախոսահամարը,
3) կենդանու գունավոր նկարը, ցեղատեսակը, անունը, սեռը, գույնը, ծննդյան թիվը (եթե հայտնի է), մորթու տեսակը, գունավորումներ և տարբերանշաններ,
4) կենդանու նույնականացման համարը և տեղադրման եղանակը, այդ թվում՝ չիպավորման կամ դաջվածքի կատարման ամսաթիվը, տեղադրությունը,
5) Պահողի մոտ գտնվող կենդանիների թվաքանակը,
6) յուրաքանչյուր պատվաստման մասին տեղեկությունները՝ պատվաստման տեսակը, ամսաթիվը, օգտագործված պատվաստանյութը, հաջորդ պատվաստման ամսաթիվը, պատվաստող անասնաբույժի անունը, ազգանունը,
7) հիվանդությունների պատմությունը՝ յուրաքանչյուր հիվանդության համար նշելով ամսաթիվը, անասնաբուժական նշումները, բուժող անասնաբույժի անունը, ազգանունը,
8) ալերգիկ ռեակցիաները՝ ամսաթիվ, ալերգիկ ռեակցիա, անասնաբույժի անունը, ազգանունը,
9) մշակում էկտոպարազիտների (լվերի, տզերի, մոծակների) դեմ՝ ամսաթիվ, դեղորայք, անասնաբույժի անունը, ազգանունը,
10) ճիճվաթափություն՝ ամսաթիվ, դեղորայք, չափաբաժին, անասնաբույժի անունը, ազգանունը,
11) կենդանի պահելու թույլտվության համարը և ամսաթիվը, պահելու վայրի հասցեն։
29. Կենդանու հաշվառման ժամանակ պահողը պետք է ծանուցվի սույն Կանոնների պահանջների մասին։
30. Տնային կենդանի պահելու թույլտվության տրամադրումը կարող է մերժվել, եթե՝
1) Պահողի կողմից ներկայացված տվյալներն արժանահավատ չեն.
2) կենդանու հաշվառումը պատշաճ կարգով չի իրականացվել.
3) տվյալ վայրում կենդանի պահելը կարող է հանգեցնել հասարակական կարգի կամ այլոց իրավունքների խախտման.
4) առկա են սույն Կանոններով սահմանված պահանջների խախտումներ:
31. Եթե կենդանի պահելու թույլտվության տրամադրումը մերժվում է, ապա Պահողը պարտավոր է մեկամսյա ժամկետում վերացնել մերժման հիմքերը և կրկին դիմել թույլտվություն ստանալու համար, կամ կենդանուն հանձնել համայնքային կենդանիների կացարան, կամ օտարել կենդանուն այլ անձի:
32. Կենդանու անկման դեպքում Պահողը պարտավոր է անհապաղ այդ մասին տեղեկացնել համայնքային կազմակերպությանը և կենդանուն սպասարկող անասնաբույժին հայտնել կենդանու անձնագրի և նույնականացման համարը, ինչի հիման վրա կենդանու մասին տեղեկությունները հանվում են Կենդանիների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգից։
33. Կենդանուն այլ անձի հանձնելու դեպքում նոր Պահողին են հանձնվում կենդանու անասնաբուժական անձնագիրը՝ կենդանու հետագա վերահաշվառում իրականացնելու և թույլտվություն ձեռք բերելու համար։
34. Եթե Պահողը կենդանու անձնագրում և Կենդանիների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգում հայտնաբերում է գրանցումների անճշտություն կամ անձնագիրը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, ապա անձնագրի փոխարինման և անճշտությունների շտկման համար դիմում է անասնաբույժին` ներկայացնելով փոխարինման ենթակա անձնագիրը:
35. Անձնագրի կորստի դեպքում՝ Պահողը 7 օրվա ընթացքում դիմում է անասնաբույժին և ստանում նոր անձնագիր: Նոր անձնագրում պետք է լինի «Կրկնօրինակ» նշումը:
36. Անասնաբույժը վնասված կամ կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիրը տալիս է 3-օրյա ժամկետում: Նոր տրված անձնագրում պետք է գրանցվեն նախկին անձնագրում ամրագրված՝ կենդանու նույնականացման համարը, ինչպես նաև տվյալներ իրականացված անասնաբուժական միջոցառումների մասին:
VI. Անասնաբուժական սպասարկման կազմակերպումը
37. Երևան քաղաքում տնային կենդանիների հաշվառումը և անասնաբուժական սպասարկումն իրականացվում են անասնաբույժի միջոցով:
38. Տնային կենդանիների անասնաբուժական պարտադիր միջոցառումները իրականացվում են ԳՕՍՏ Ռ 58090 ստանդարտով սահմանված պահանջներին համապատասխան:
39. Վարչական շրջանների ղեկավարները և համայնքային կազմակերպությունը յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը Երևանի քաղաքապետին են ներկայացնում Երևան քաղաքում տնային կենդանիներ պահելու թույլտվությունների տրամադրման և դրանց հաշվառման վերաբերյալ տարեկան հաշվետվություն:
40. Արգելվում է կենդանիների թաղումը կամ դիակիզումը չնախատեսված վայրերում:
Ձև 1
ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ
Անասնաբուժական անձնագրի հերթական համար
Հաշվառման տարեթիվ
|
Անասնաբուժական հաստատություն
Բժիշկ անասնաբույժ
|
Պահող
Անուն Ազգանուն կամ անվանում
Բնակության կամ գտնվելու վայրի հասցե՝
Հեռ.
Էլ. փոստ
Պահողի մոտ գտնվող կենդանիների թվաքանակը
|
Նկարագրություն՝
Կենդանու տեսակը (շուն կամ կատու)
Անուն
Սեռը
Ծննդյան ամսաթիվ
Ցեղատեսակ
Գույնը
Նույնականացման №
Նույնականացման համարի փակցման եղանակը (միկրոչիպ, դաջվածք, այլ)՝_______________________
Համարակալման ամսաթիվ
Տեղադրություն
Լուսանկարներ՝ դիմային և կողային
|
Պատվաստում
Ես, ներքոստորագրյալս, հանդիսանալով բժիշկ անասնաբույժ, սույնով հաստատում եմ, որ այս անձնագրի 3-րդ էջում նկարագրված կենդանին պատվաստվել է կատաղության դեմ, և որ պատվաստման պահին կենդանին եղել է կլինիկորեն առողջ: |
Պատվաստում կատաղության դեմ
Ամսաթիվ |
Օգտագործված պատվաստանյութ |
Հաջորդ պատվ. |
Բժիշկ անասնաբույժի ստ. |
1 |
2 |
3 |
4 |
|
|
|
|
Այլ պատվաստումներ
Ամսաթիվ |
Օգտագործված պատվաստանյութ |
Հաջորդ պատվ. |
Բժիշկ անասնաբույժի ստ. |
1 |
2 |
3 |
4 |
|
|
|
|
Հիվանդության պատմություն
Ամսաթիվ |
Անասնաբուժական նշումներ |
Բժիշկ անասնաբույժի ստ. |
1 |
2 |
3 |
|
|
|
Ալերգիկ ռեակցիաներ
Ամսաթիվ |
Ալերգիկ ռեակցիաներ |
Բժիշկ անասնաբույժի ստ. |
1 |
2 |
3 |
|
|
|
Մշակում էկտոպարազիտների (լվերի, տզերի, մոծակների) դեմ
Ամսաթիվ |
Դեղորայք |
Բժիշկ անասնաբույժի ստ. |
1 |
2 |
3 |
|
|
|
Ճիճվաթափություն
Ամսաթիվ |
Դեղորայք |
Չափաբաժին |
Բժիշկ անասնաբույժի ստ. |
1 |
2 |
3 |
4 |
|
|
|
|
Ես, ներքոստորագրյալս, հանդիսանալով տնային կենդանու պահող, սույնով հաստատում եմ, որ կենդանու հաշվառման ժամանակ ծանուցվել եմ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 թ. N 312-Ն որոշման պահանջներին:
Պահող՝ ___________________________ Անուն, Ազգանուն |
ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻ ՊԱՀԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
______________________ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Տրամադրման ամսաթիվ՝
Կենդանու պահման վայրի հասցե՝ |
|
| |
Ձև 2
ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻ ՊԱՀԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
ՀԱՅՏ
____________________ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ/ՏԻԿԻՆ ___________________________________
Քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը կամ իրավաբանական անձի անվանումը և
տնօրենի/լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը _________________________
Բնակության կամ գտնվելու վայրի հասցե՝___________________________
Հեռ.՝ _________________________________
Էլ. փոստ _________________________________
Խնդրում եմ ինձ (իրավաբանական անձի դեպքում նշել անվանումը) տրամադրել ___________________ հասցեում տնային կենդանի պահելու թույլտվություն:
(Բերել վայրի նկարագրությունը՝ բնակարան, անհատական բնակելի տուն: Նկարագրել կենդանուն պահելու վայրը՝ բացօթյա, բնակարանում, ազատ արձակված կամ կապի վրա և այլն)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Կից ներկայացնում եմ՝
ա) Երևան քաղաքի ավագանու որոշմամբ տվյալ օրացուցային տարվա համար սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը (եթե տվյալ տարվա համար զրոյական արտոնություն սահմանված չէ),
բ) կենդանու անձնագիրը՝ հաշվառման մասին պահանջվող տեղեկատվությամբ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նշված վայրում ունեմ/չունեմ (նշել) այլ կենդանիներ (նշել կենդանիների տեսակները և քանակը)՝
________________________________________________________________________
_________________________________________________________________________
__________________________________________________________________________:
Նշված հասցեում բնակվում է _________ մարդ:
Առդիր՝ ... էջ:
Դիմողի ստորագրություն _________________
Ամսաթիվ՝ ____________________»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2021 թվական: