Համարը 
ՀՕ-57-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2005.01.31/8(380) Հոդ.154
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.12.2004
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.01.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենսգրքի 183-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 135-րդ հոդվածի առաջին մասով, 136-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և մեղադրյալի կամ կասկածյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման։ Հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը։

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, 178-րդ հոդվածի առաջին մասով, 179-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարած և տուժողի մերձավոր ազգական համարվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում միայն տուժողի բողոքի հիման վրա։

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված կարգից շեղումներ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։»։

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4081-րդ հոդվածով.

«Հոդված 4081. Գործերի նորոգման հիմքերը նոր հանգամանքների հետևանքով


1. Նոր հանգամանքների հետևանքով քրեական գործերը նորոգվում են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքը հակասահմանադրական է ճանաչել.

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից այդ դատարանի հիմնադրման կամ նրա իրավասությունները սահմանող այլ միջազգային պայմանագրին համապատասխան` այդ դատարանը դատավճիռ կամ որոշում է կայացրել, որով հիմնավորվում է, որ տվյալ քրեական գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության դատարանը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված այլ նոր հանգամանքների դեպքերում։

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված նոր հանգամանքները հաստատված են համարվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ՝ դրանց ուժի մեջ մտնելու պահից։»։

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4101-րդ հոդվածով՝

«Հոդված 4101. Վարույթ հարուցելը նոր հանգամանքի հետևանքով


1. Նոր հանգամանքով գործով վարույթը հարուցում է այն դատարանը, որը վերջնական դատական որոշում է կայացրել տվյալ քրեական գործով։

Նոր հանգամանքի հետևանքով վարույթի հարուցումը համապատասխան դատարանը կատարում է այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած այն անձի գրավոր դիմումի հիման վրա, որի իրավունքները այդ գործով շոշափվել են դիմումը դատարանում ստանալու օրվանից հաշված մեկամսյա ժամկետում։

2. Նոր հանգամանքի հիման վրա վարույթ հարուցած դատարանը գործի քննության արդյունքում որոշում է կայացնում սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»։

Հոդված 4. Օրենսգրքի 54-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 54. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Հոդված 474. Միջպետական հարաբերություններում քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու կարգը

1. Հայաստանի Հանրապետության դատարանների, դատախազների, քննիչների, հետաքննության մարմինների հանձնարարությամբ կամ խնդրանքով (այսուհետ՝ հարցումով) օտարերկրյա պետության տարածքում հարցաքննության, զննության, առգրավման, խուզարկության, փորձաքննության և սույն օրենսգրքով նախատեսված այլ դատավարական գործողությունների կատարումը, ինչպես նաև օտարերկրյա պետության իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց (այսուհետ՝ իրավասու մարմիններ) հարցումով Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենսգրքով նախատեսված դատավարական գործողությունների կատարումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ այդ պայմանագրերով և սույն օրենսգրքով սահմանված կարգով։

2. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումով Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենսգրքով նախատեսված դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կիրառում են սույն օրենսգրքի նորմերը՝ համապատասխան միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։

Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կարող են կիրառել համապատասխան օտարերկրյա պետության քրեական դատավարության օրենսդրության նորմերը, եթե վերջիններիս կիրառումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրով։

Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հարցումները կատարվում են սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում, եթե համապատասխան միջազգային պայմանագրով այլ ժամկետ սահմանված չէ։

Հոդված 475. Իրավական օգնության հարցերով հաղորդակցություն իրականացնող մարմինները

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցով հաղորդակցությունն իրականացվում է՝

1) մինչդատական վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցումները կատարելու առնչությամբ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով.

2) դատարանի վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ, այդ թվում՝ դատավճիռներ կատարելու վերաբերյալ հարցումները կատարելու առնչությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված լինելու դեպքում հաղորդակցությունը կարող է իրականացվել նաև դիվանագիտական ուղիներով՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, որոնք, համապատասխան հարցումներն ստանալով, անհապաղ ներկայացնում են սույն մասով նախատեսված իրավասու մարմին՝ կատարման ներկայացնելու համար։

2. Եթե դատավարական գործողություններ կատարելու հարցումը տալիս են Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, ապա նրանք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, կազմած հարցումները ներկայացնում են սույն հոդվածի առաջին մասով սահմանված իրավասու համապատասխան մարմին՝ դրա կատարման նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմին փոխանցելու համար։

Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի հարցումը կատարելուց և դա հոդվածի առաջին մասով նախատեսված իրավասու մարմին ներկայացնելուց հետո վերջիններս կատարումն անհապաղ տրամադրում են հարցումը կազմած Հայաստանի Հանրապետության դատարանին, դատախազին, քննիչին, հետաքննության մարմնին։

3. Եթե դատավարական գործողություններ կատարելու հարցումը տրվել է օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից, և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` այն ներկայացվել է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավասու մարմին, ապա վերջինս հարցումը կատարման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության այն դատարան, դատախազին, քննիչին, հետաքննության մարմին, որոնք, սույն օրենսգրքին համապատասխան, իրավասու են կատարելու տվյալ հարցումը։

Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հանձնարարությունը կատարելուց հետո այն ներկայացնում են սույն հոդվածի առաջին մասով իրավասու համապատասխան մարմին, որը կատարումն անհապաղ փոխանցում է օտարերկրյա պետության իրավասու մարմին։

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցում տալը, հարցման առաքումը և դրա կատարման արդյունքների փոխանցումը կարող են իրականացվել օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնի և Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի միջև անմիջական հաղորդակցության միջոցով։

Ընդ որում, եթե անմիջական հաղորդակցության միջոցով օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացված հարցման կատարումը չի մտնում հարցումն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի իրավասության մեջ, ապա անհապաղ հարցումը վերահասցեագրվում է Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան, դատախազին, քննիչին, հետաքննության մարմին՝ այդ մասին ծանուցելով հարցումը տված օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնին։  

Վերահասցեագրման կարգով հարցումը ստացած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հարցումը կատարում և օտարերկրյա պետության իրավասու մարմին են փոխանցում սույն մասով նախատեսված կարգով, միաժամանակ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնին ծանուցելով հարցման և դրա կատարման մասին։

Սույն մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը սույն հոդվածի առաջին մասում նշված համապատասխան իրավասու մարմնին ծանուցում են անմիջական հաղորդակցության միջոցով փոխադարձորեն իրականացված յուրաքանչյուր հարցման, դրա ստացման և կատարման մասին՝ համառոտակի նշելով հարցումը տված մարմնի անվանումը (պաշտոնատար անձի անունը և պաշտոնը), հարցման բովանդակությունը, կատարող մարմինը կամ պաշտոնատար անձը, կատարման բովանդակությունը, հարցման տրման և կատարման ժամկետները։

5. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացված հարցման կատարումը անհնար է կամ չի բխում տվյալ միջազգային պայմանագրից, ապա օտարերկրյա պետության համապատասխան մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով ծանուցում է հարցման կատարման անհնարինության և դրա պատճառների մասին։

Հոդված 476.  Մեկից ավելի միջազգային պայմանագրերով նախատեսված հարցումները կատարելը

1. Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից դատավարական գործողությունների վերաբերյալ հարցումների կատարման պարտականությունը բխում է տվյալ պետության հետ կնքված` Հայաստանի Հանրապետության մեկից ավելի միջազգային պայմանագրերից, ապա կիրառվում են հետևյալ կանոնները.

1) եթե հարցման մեջ նշված է, թե որոշակի որ միջազգային պայմանագրի հիման վրա է այն կազմվել և ներկայացվել, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը ղեկավարվում են այդ միջազգային պայմանագրով.

2) եթե հարցման մեջ նշված են տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող մեկից ավելի միջազգային պայմանագրեր, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը ղեկավարվում են հարցման մեջ նշված այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման կատարման հետ կապված հարցերին, միաժամանակ կիրառելով մյուս պայմանագրի (պայմանագրերի) դրույթները, որոնք նախատեսված չեն առավել ամբողջական լուծում տվող միջազգային պայմանագրով, բայց հարցումն առավել լրիվ և արագ կատարելու հնարավորություն են տալիս.

3) եթե հարցման մեջ նշում չկա տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող որևէ միջազգային պայմանագրի վերաբերյալ, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը ղեկավարվում են այն միջազգային պայմանագրով, որը առավել ամբողջական լուծում է տալիս հարցման լիարժեք կատարման հետ կապված հարցերին, որի ընթացքում չի բացառվում նաև տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող մյուս պայմանագրերի այն դրույթների կիրառումը, որոնք լրացնում են այն պայմանագրին, որով ղեկավարվում են դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը։

2. Եթե Հայաստանի Հանրապետության և հարցում ներկայացրած օտարերկրյա պետության մասնակցությամբ գործում է բազմակողմ միջազգային պայմանագիր, որը հանձնման հարցերով այդ պայմանագրին գերակայություն է տալիս կողմերի միջև գործող և հանձնման հարցեր կարգավորող այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ, ապա Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը ղեկավարվում են այդ բազմակողմ միջազգային պայմանագրով։

Հոդված 477. Միջազգային պայմանագրերից բխող հարցումների կատարումը մերժելը

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետության իրավասու մարմինների ներկայացրած դատավարական գործողությունների վերաբերյալ հարցումների կատարումը կարող է մերժվել այդ պայմանագրերով նախատեսված հիմքերով։

Ընդ որում, եթե հարցումը ներկայացրել է այն օտարերկրյա պետության իրավասու մարմինը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է մեկից ավելի համապատասխան միջազգային պայմանագրերով, ապա հարցման կատարումը կարող է մերժվել միայն այն դեպքում, եթե մերժման հիմք հանդիսացող հանգամանքը (պայմանը) նախատեսված է բոլոր միջազգային պայմանագրերով՝ անկախ նրանից, թե հարցումը կազմվել և ներկայացվել է մերժման հիմք հանդիսացած հանգամանքը (պայմանը) նախատեսող թե այլ միջազգային պայմանագրին համապատասխան, կամ եթե հարցման կատարումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը, և նշված հիմքերով հարցման կատարման մերժման հնարավորությունը նախատեսված է տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրերից թեկուզ մեկով։

Հոդված 478. Հանցագործություն կատարած անձանց հանձնելը օտարերկրյա պետությանը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարած օտարերկրյա պետության քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա պետության տարածքում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացիություն չունեցող անձինք, նրանց նկատմամբ համապատասխան օտարերկրյա պետությունում քրեական վարույթ սկսելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենսգրքին համապատասխան սկսված վարույթը տվյալ օտարերկրյա պետությունում շարունակելու նպատակով կարող են տվյալ օտարերկրյա պետությանը հանձնվել այդ պետության և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում։

Տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմիններ են փոխանցվում նաև հանձնվող անձի կատարած հանցանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի վարույթում առկա բոլոր փաստաթղթերը և այլ նյութեր՝ համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված կարգով։

Փաստաթղթերի և այլ նյութերի փոխանցման կարգը միջազգային պայմանագրով նախատեսված կամ սահմանված չլինելու դեպքում դրանց փոխանցումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության կենտրոնական մարմինների կամ անմիջական հաղորդակցություն իրականացնող դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի և օտարերկրյա պետության իրավասու մարմնի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան։

Փոխանցված փաստաթղթերի մեկական օրինակները (պատճենները) պետք է պահվեն փաստաթղթերը պատրաստած կամ տրամադրած` Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի մոտ։

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց` այդ մասով նախատեսված նպատակներով օտարերկրյա պետությանը հանձնելը կարող է իրականացվել այդ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցավոր արարքը կատարելու կամ այդ առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահից մինչև տվյալ անձի նկատմամբ դատավճիռ կայացնելու պահն ընկած ժամանակահատվածում կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետում։

Հոդված 479. Հանձնման մասին որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմինը

1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է հանցագործություն կատարած անձի հանձնումը այդ պայմանագրի մասնակից համարվող օտարերկրյա պետությանը, և եթե այդ պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձի հանձնման թույլտվության վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունի՝

1) Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որի իրավասության տարածքում հանձնման ենթակա անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, և գործի վարույթը գտնվում է մինչդատական փուլում՝ համապատասխան տարածքի դատախազի միջնորդությամբ.

2) Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որի վարույթում է գտնվում հանձնման ենթակա անձի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ.

3) Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որի իրավասության տարածքում հաշվառված է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով պայմանական դատապարտված անձը, կամ որի իրավասության տարածքում գտնվող քրեակատարողական հիմնարկում դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատիժ կրող անձը, որը ենթակա է հանձնման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ։

2. Եթե, ըստ միջազգային պայմանագրի, օտարերկրյա պետությանը պետք է հանձնվի կամ կարող է հանձնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ապա հանձնման մասին որոշում կայացնելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որի վարչական տարածքում այդ անձը հաշվառված է:

Սույն մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնման վերաբերյալ համապատասխան դատարան միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, եթե այդ անձի նկատմամբ գործը գտնվում է մինչդատական վարույթում, կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, եթե այդ անձի նկատմամբ գործը գտնվում է դատաքննության փուլում կամ այդ անձը օրինական ուժի մեջ մտած դատավճռով պայմանական դատապարտված է կամ պատիժ է կրում, կամ եթե նրա հանձնման հարցումը ստացվել է միջազգային դատարանից։

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դեպքերում հանձնման հարցի լուծման համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, հանձնման վերաբերյալ փաստաթղթերը սահմանված կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնից կամ միջազգային կազմակերպությունից բավարար ծավալով ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, ներկայացնում են Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան։

4. Հանձնման ենթակա անձին պետք է հնարավորություն տրվի գրավոր կամ բանավոր արտահայտվելու քննվող հարցի առնչությամբ։ Այդ նպատակով այդ անձը կարող է ներկա գտնվել դատարանում հանձնման վերաբերյալ հարցի քննությանը։

Հանձնման վերաբերյալ սույն մասով իրավասու դատարանի որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը բողոքը քննում և դրա վերաբերյալ որոշում է կայացնում դատարանի որոշումն ստանալու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում։

5. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով հանձնումը պայմանավորված է տվյալ պայմանագրի մասնակից համարվող պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը որևէ երաշխիք տալով, ապա այդ պետության երաշխիքի` Հայաստանի Հանրապետության համար բավարար կամ ընդունելի լինելու հանգամանքը պարզում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացմամբ՝ մինչդատական վարույթի գործերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ դատական վարույթում գտնվող և դատավճիռն ի կատար ածելու գործերով։

Երաշխիքի բավարար կամ ընդունելի լինելու հանգամանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումը պետք է ստացվի նախքան անձի փաստական հանձնումն իրականացնելը։

6. Եթե մերժվում է անձի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնելը օտարերկրյա պետությանը կամ միջազգային դատարան, սակայն սույն օրենսգրքով նախատեսված բավարար հիմքեր կան նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու այն արարքի առնչությամբ, որի համար նրա հանձնման մասին խնդրանք է ուղարկվել օտարերկրյա պետությունից կամ միջազգային դատարանից, ապա մերժման մասին որոշում կայացրած մարմինը պարտավոր է քրեական հետապնդում սկսել այդ անձի նկատմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում և դրանով սահմանված կարգով համապատասխան քրեական հետապնդման վերաբերյալ գործը փոխառնել օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի վարույթից և իր վարույթ ընդունել այդ անձի նկատմամբ օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարուցած գործը՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելով համապատասխան քրեական հետապնդում։

Հոդված 480. Հանցագործություն կատարած անձին օտարերկրյա պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը հանձնելը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով օտարերկրյա պետությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած և օտարերկրյա պետության տարածքում գտնվող անձինք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարած հանցանքների համար նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով։

Նույն նպատակով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով, օտարերկրյա պետությունները Հայաստանի Հանրապետությանը կարող են հանձնել նաև տվյալ օտարերկրյա պետության տարածքում հանցագործություն կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում իրականացնելիս կիրառվում են սույն օրենսգրքի կանոնները՝ համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված բացառություններով։

3. Եթե օտարերկրյա պետությունը մերժում է հայցվող անձի հանձնումը Հայաստանի Հանրապետությանը, ապա դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով իրենց վարույթում գտնվող գործը փոխանցում են համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմին՝ այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով։

4. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով հանձնումը պայմանավորված է տվյալ պայմանագրի մասնակից համարվող պետությանը Հայաստանի Հանրապետության կողմից որևէ երաշխիք տալով, ապա այդ երաշխիքը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացմամբ՝ մինչդատական վարույթի գործերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ դատական վարույթում գտնվող և դատավճիռն ի կատար ածելու գործերով։

Հոդված 481. Որպես վկա, տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, նրանց ներկայացուցիչներ, փորձագետ, մասնագետ` Հայաստանի Հանրապետություն կանչելը և դատավարական գործողություններ կատարելը

Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող քրեական գործով որպես վկա, տուժող, քաղաքացիական պատասխանող, քաղաքացիական հայցվոր, նրանց ներկայացուցիչներ, փորձագետ կամ մասնագետ հանդես եկող անձինք, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով կարող են կանչվել Հայաստանի Հանրապետություն՝ համապատասխան քրեական գործով վարույթ իրականացնող դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի կողմից նրանց մասնակցությամբ անհրաժեշտ քննչական կամ դատական գործողություններ կատարելու համար։

Այդ անձանց մասնակցությամբ քննչական կամ դատական գործողություններ կատարելու ընթացքում կիրառվում են սույն օրենսգրքի կանոնները՝ համապատասխան միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։»:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 541-րդ գլխով՝ նրանում ընդգրկելով օրենսգրքի 482-499-րդ հոդվածները նոր խմբագրությամբ, ինչպես նաև գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4991-րդ, 4992-րդ, 4993-րդ, 4994-րդ և 4995-րդ հոդվածներով.

«ԳԼՈՒԽ 541. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Հոդված 482. Միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում իրավական օգնություն ցույց տալու պայմանները

1. Օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև քրեական գործերով դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում տվյալ պետության իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց (այսուհետ՝ իրավասու մարմիններ) և Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի միջև փոխադարձության հիման վրա իրավական օգնություն կարող է ցույց տրվել բացառիկ դեպքերում՝ տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև իրավական ոլորտում փոխադարձության հիման վրա փոխօգնություն ցույց տալու շուրջ դիվանագիտական ուղիներով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որը պետք է նախապես համաձայնեցված լինի՝

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ՝ դատական վարույթում գտնվող քրեական գործերով դատավարական գործողություններ կատարելու և դատավճիռն ի կատար ածելու առնչությամբ.

2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ՝ մինչդատական վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ կատարելու առնչությամբ։

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմինների և Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի միջև տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության միջև հաղորդակցությունը և փոխադարձ իրավական օգնություն ցույց տալը շարունակվում են մինչև համապատասխան հարցով (հարցերով) միջազգային պայմանագրի (պայմանագրերի) կնքումը կամ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու մասին ուժի մեջ մտած բազմակողմ միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության երկուստեք մասնակից դառնալը, եթե մինչ այդ դիվանագիտական ուղիներով Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան պետությունը միակողմանիորեն կամ երկկողմ համաձայնությամբ չեն վերացրել փոխադարձության հիմունքներով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով փոխադարձության հիման վրա իրավական օգնությունը ցույց տալիս տվյալ օտարերկրյա պետության այլ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հաղորդակցվում են համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կամ գլխավոր դատախազության միջոցով՝ սույն օրենսգրքի 475-րդ հոդվածի կանոններին համապատասխան։

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով համապատասխան օտարերկրյա պետության իրավասու կենտրոնական մարմնին է տրամադրում սույն գլխի՝ այդ պետության համար ընդունելի լեզվով թարգմանված տեքստը՝ փոխադարձության կարգով իրավական օգնություն ցույց տալու ժամանակ օգտվելու համար՝ այդ պետությունից ստանալով նրա համապատասխան օրենքը։

Հոդված 483. Փոխադարձության կարգով իրավական օգնության մասին խնդրանքի բովանդակությունը

1. Փոխադարձության կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնին հասցեագրվող առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին հանձնարարությունը, հարցումը կամ խնդրանքը (այսուհետ՝ խնդրանք) պետք է կազմվեն գրավոր, ստորագրված լինեն ուղարկող պաշտոնատար անձի կողմից և հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազության, հետաքննության մարմնի պաշտոնական կնիքով։

2. Դատավարական գործողություններ կատարելու մասին իրավական օգնության վերաբերյալ խնդրանքը պետք է պարունակի՝

1) խնդրանքն ուղարկող Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի անվանումը (անունը).

2) օտարերկրյա պետության այն մարմնի անվանումը, որին ուղարկվում է խնդրանքը.

3) գործի անվանումը և խնդրանքի բնույթը.

4) տվյալներ այն անձանց մասին, որոնց կապակցությամբ ուղարկվում է խնդրանքը. անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը (հասցեն), քաղաքացիությունը, զբաղմունքի տեսակը, բնակության կամ գտնվելու վայրը, իրավաբանական անձանց համար՝ անվանումը և գտնվելու վայրը (հասցեն).

5) բացահայտման ենթակա հանգամանքների շարադրանքը, ինչպես նաև այն փաստաթղթերի, իրեղեն և այլ ապացույցների ցանկը, որոնք ակնկալվում է ստանալ խնդրանքը կատարողից.

6) տեղեկություններ՝ կատարված հանցանքի փաստական հանգամանքների, դրա որակման մասին, անհրաժեշտության դեպքում՝ տվյալ հանցագործությամբ պատճառված վնասի բնույթի և չափի մասին, ինչպես նաև խնդրանքն ուղարկողի մոտ առկա այլ տեղեկություններ, որոնք կարող են նպաստել խնդրանքի արդյունավետ կատարմանը։

Հոդված 484. Դատավարական գործողությունների վերաբերյալ խնդրանքի կատարումը

1. Փոխադարձության հիման վրա քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի ներկայացրած խնդրանքը Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կատարում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով (1-53-րդ գլուխներ):

2. Եթե խնդրանքը չի կարող կատարվել, ապա ստացված փաստաթղթերը վերադարձվում են խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմին՝ նշելով դրա կատարմանը խոչընդոտող պատճառները։

Խնդրանքը չի կատարվում և ենթակա է վերադարձման, եթե դրա կատարումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանադրական կարգը, ինքնիշխանությունը կամ անվտանգությունը կամ հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։

Հոդված 485. Քրեական հետապնդում սկսելու կամ շարունակելու համար գործի նյութերն օտարերկրյա պետություն ուղարկելը

Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետության քաղաքացու կամ օտարերկրյա պետության տարածքում բնակության վայր ունեցող, քաղաքացիություն չունեցող անձի կողմից հանցագործություն կատարվելու և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու դեպքում հարուցված կամ քննվող կամ հարուցման ենթակա գործի բոլոր նյութերը քրեական գործը վարող մարմինը սույն օրենսգրքի 475-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված համապատասխան իրավասու մարմնի միջոցով ուղարկում է տվյալ օտարերկրյա պետության համապատասխան մարմին՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան` նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կամ շարունակելու խնդրանքով։

Սույն հոդվածով նախատեսված գործի բոլոր փաստաթղթերի պատճենները պահվում են գործը վարող` Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի մոտ՝ այն իրեղեն ապացույցների ցանկի հետ, որոնք նույնպես ուղարկվել են համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմին։

Հոդված 486. Օտարերկրյա պետությունից ստացված քրեական հետապնդումը  շարունակելու վերաբերյալ խնդրանքը կատարելը

1. Օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքը փոխանցվում է՝

1) Հայաստանի Հանրապետության իրավասու հետաքննության կամ քննչական մարմին՝ խնդրանքին կից ներկայացված նյութերի հիման վրա քրեական հետապնդում հարուցելու և գործը քննելու համար.

2) Հայաստանի Հանրապետության իրավասու դատախազին կամ դատարան՝ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ արդեն իսկ հարուցված քրեական գործի նախաքննությունը կամ դատաքննությունը Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակելու համար։

2. Քրեական վարույթը Հայաստանի Հանրապետության տարածքում սկսելու կամ շարունակելու դեպքում օտարերկրյա պետության տարածքում գործի վերաբերյալ քննությամբ այդ պետության օրենքներով սահմանված և սույն օրենսգրքի պահանջներին չհակասող կարգով ձեռք բերված ապացույցներն ունեն տվյալ գործով Հայաստանի Հանրապետությունում ստացված ապացույցներին հավասար իրավաբանական ուժ։

Քննությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու ընթացքում օտարերկրյա պետության իրավասու մարմնի ներկայացրած լրացուցիչ ապացույցները միացվում են գործում առկա մյուս ապացույցներին։

3. Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում հարուցելու կամ հարուցված հետապնդումը շարունակելու` օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքին սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով ընթացք տալու մասին ծանուցվում է խնդրանքն ուղարկած տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմինը։

Հոդված 487. Հանձնումը

1. Հանցագործություն կատարած անձի հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից խնդրանք ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը միջոցներ են ձեռնարկում սույն օրենսգրքի 479-րդ հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով սահմանված կարգով խնդրանքում նշված անձի հանձնման թույլտվություն ստանալու և քրեական պատասխանատվության ենթարկելու կամ նրա նկատմամբ դատավճիռն ի կատար ածելու նպատակով այդ անձին օտարերկրյա պետությանը հանձնելու ուղղությամբ։

2. Քրեական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության օրենքներով համարվում են պատժելի, և որոնց կատարման համար նախատեսվում է պատիժ ազատազրկման ձևով՝ մեկ տարուց ոչ պակաս ժամկետով։

3. Դատավճիռն ի կատար ածելու առնչությամբ հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության օրենքով համարվում են պատժելի, և որոնց կատարման համար անձը դատապարտվել է ազատազրկման վեց ամսից ոչ պակաս ժամկետով։

Հոդված 488. Հանձնումը մերժելը

1. Անձի հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքի կատարումը մերժվում է, եթե՝

1) հանձնման վերաբերյալ խնդրանքը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի (սույն օրենսգրքի 475-րդ հոդվածի առաջին մաս) կողմից ստանալու պահին, խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության օրենքին համապատասխան, քրեական հետապնդում չի կարող հարուցվել, կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքով.

2) անձի նկատմամբ նույն արարքի համար արդեն իսկ կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.

3) խնդրանքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնմանը.

4) հանձնման դեպքում, տվյալ օտարերկրյա պետության օրենքներին համապատասխան, կարող է նշանակվել մահապատիժ, և այդ պետությունը բավարար երաշխիքներ չի տալիս առ այն, որ հանձնելու դեպքում այդպիսի պատիժ չի նշանակվի և չի կիրառվի։

2. Անձի հանձնման մասին խնդրանքի կատարումը կարող է մերժվել, եթե անձը, որի հանձնելը հայցվում է՝

1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ձեռք է բերել քաղաքական ապաստանի իրավունք.

2) հետապնդվում է քաղաքական, ռասայական կամ կրոնական շարժառիթներով.

3) հետապնդվում է խաղաղ ժամանակ զինվորական հանցագործություն կատարելու համար.

4) հանցագործությունը կատարել է Հայաստանի Հանրապետության տարածքում։

Հանձնելը կարող է մերժվել նաև, եթե տվյալ օտարերկրյա պետությունը քրեական գործերով իրավական օգնության ոլորտում չի ապահովում փոխադարձությունը։

Հոդված 489. Հանձնելու մասին խնդրանքի բովանդակությունը

1. Փոխադարձության կարգով իրավական օգնության շրջանակներում անձի հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի ներկայացրած խնդրանքը պետք է պարունակի՝

1) խնդրանքի հասցեատիրոջ՝ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազության, քննչական կամ հետաքննության մարմնի անվանումը.

2) արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը և խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության օրենքի բնագիր տեքստը, որի հիման վրա այդ արարքը համարվում է հանցագործություն.

3) անձի անունը, հայրանունը և ազգանունը, որի հանձնումը հայցվում է, նրա քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը (հասցեն) և հնարավորության դեպքում` նրա մասին այլ տվյալներ.

4) նշում հանցագործությամբ պատճառված վնասի չափի և խնդրանքն ուղարկելու պահի դրությամբ դրա հատուցման մասին։

2. Հանձնելու մասին խնդրանքին պետք է կցված լինի անձի կալանավորման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման հաստատված պատճենը։

3. Հայաստանի Հանրապետության տարածքում դատավճիռն ի կատար ածելու կամ պատժի չկրած մասը կրելու համար հանձնելու մասին խնդրանքին պետք է կցված լինեն օտարերկրյա պետության իրավասու դատարանի կայացրած դատավճռի հաստատված պատճենը՝ այն օրինական ուժի մեջ մտնելու մասին նշումով, և օտարերկրյա պետության քրեական օրենքի այն հոդվածը, որով տվյալ անձը դատապարտվել է։ Եթե դատապարտյալն արդեն իսկ կրել է պատժի մի մասը, ապա հաղորդվում են նաև դրա մասին տվյալները։

Հոդված 490. Լրացուցիչ տեղեկությունները

1. Եթե հանձնելու մասին պահանջը չի պարունակում բոլոր անհրաժեշտ տվյալները, ապա խնդրանքն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կարող են պահանջել լրացուցիչ տվյալներ և անհրաժեշտության դեպքում այդ տվյալներն ստանալու համար սահմանել մինչև մեկ ամիս ժամկետ։

2. Եթե խնդրանքը ներկայացրած օտարերկրյա պետության իրավասու մարմինը սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում չի ներկայացնում լրացուցիչ տվյալներ, ապա խնդրանքն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պետք է ազատեն հանձնման ենթակա անձին, եթե նա խնդրանքին կից ուղարկված օտարերկրյա պետության իրավասու մարմնի կալանավորման մասին որոշման համաձայն և սույն օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի որոշման հիման վրա կալանավորված է եղել։

Հոդված 491. Հանձնելու համար կալանավորելը

1. Անձին հանձնելու վերաբերյալ խնդրանքին կից նրան կալանքի վերցնելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման (դրա պատճենի) առկայության դեպքում խնդրանքն ստացած Հայաստանի Հանրապետության դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը սույն օրենսգրքով սահմանված կարգով միջոցներ են ձեռնարկում հանձնման ենթակա անձին կալանավորելու համար, եթե հնարավոր չեն համարում խնդրանքի կատարումն առանց դրա։

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում անձի կալանավորման մասին Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի որոշումը պետք է կայացվի հանձնման ենթակա անձի ներկայությամբ։

Եթե կալանավորման մասին Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի որոշումը կայացվել է առանց հանձնման ենթակա անձի ներկայության՝ նրա բացակայության կամ ներկա գտնվելուն խոչընդոտող այլ պատճառով, ապա նախքան այդ անձի հանձնելն իրականացնելը նա պետք է հնարավորություն ունենա բողոքարկելու դատարանի որոշումը վերադաս դատարան։

Սույն հոդվածի կանոնները չեն կիրառվում հանձնման ենթակա այն անձի նկատմամբ, որը նախքան հանձնման մասին խնդրանքն ստանալը սույն օրենսգրքով սահմանված կարգով պատիժ է կրում Հայաստանի Հանրապետության համապատասխան քրեակատարողական հիմնարկում։

Հոդված 492. Նախքան հանձնելու մասին խնդրանքն ստանալը կալանավորելը կամ ձերբակալելը

1. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի միջնորդությամբ անձը կարող է Հայաստանի Հանրապետությունում կալանավորվել նաև մինչև հանձնելու մասին խնդրանքն ստանալը։ Միջնորդության մեջ պետք է պարունակվեն հղումներ կալանքի վերցնելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռին՝ նշելով, որ տվյալ անձին հանձնելու մասին խնդրանքը կներկայացվի լրացուցիչ։ Մինչև հանձնելու մասին խնդրանք ներկայացնելը անձին կալանավորելու մասին միջնորդությունը կարող է հանձնվել փոստով, այդ թվում՝ էլեկտրոնային կամ հեռագրով կամ տեխնիկական այլ միջոցներով, ինչպես նաև Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլ) կամ անձի հետախուզում իրականացնող այլ միջազգային կազմակերպության միջոցով, որի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը։

2. Անձը կարող է սույն օրենսգրքով սահմանված կարգով ձերբակալվել առանց օտարերկրյա պետության իրավասու մարմնի միջնորդության կամ հանձնելու մասին խնդրանքի, եթե սույն օրենսգրքով նախատեսված հիմքեր կան կասկածելու, որ նա հանցագործություն է կատարել այն օտարերկրյա պետության տարածքում, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է փոխադարձության կարգով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու պայմանավորվածությամբ։ Այդ պետության իրավասու մարմնի կողմից հանձնելու մասին խնդրանք ներկայացվելու դեպքում ձերբակալված անձը ենթակա է հանձնման։

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դեպքերում անձին կալանավորելիս կիրառվում են սույն օրենսգրքի 491-րդ հոդվածի երկրորդ մասի կանոնները, իսկ երկրորդ մասով նախատեսված դեպքում անձին ձերբակալելիս կիրառվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնները։

4. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դեպքերում կալանավորված կամ ձերբակալված անձի նկատմամբ համապատասխան խափանման միջոցի կիրառման մասին անմիջապես տեղյակ է պահվում օտարերկրյա պետության իրավասու մարմինը։

5. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով կալանավորված անձը պետք է ազատ արձակվի, եթե նրան հանձնելու խնդրանքը չի ստացվել կալանքի վերցնելու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում։

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված կարգով ձերբակալված անձը պետք է ազատ արձակվի, եթե սույն օրենսգրքով ձերբակալման համար սահմանված ժամկետը լրանալու պահի դրությամբ համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնից նրա հանձնման մասին խնդրանքը կամ մինչև խնդրանքն ուղարկելը կալանավորման միջնորդությունը չներկայացվի։

Հանձնման մասին խնդրանքը կամ մինչև խնդրանքն ուղարկելը կալանավորման միջնորդությունը ստացվելու դեպքում կալանավորման առնչությամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 491-րդ հոդվածի կամ սույն հոդվածի առաջին մասի կանոնները։

Հոդված 493. Հանձնումը հետաձգելը, ժամանակավոր հանձնելը

1. Եթե անձի նկատմամբ, որի հանձնումը խնդրվում է, Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում է հարուցված, կամ այդ անձը Հայաստանի Հանրապետությունում դատապարտվել է այլ հանցագործության համար, ապա նրա հանձնումը կարող է հետաձգվել մինչև սույն օրենսգրքով սահմանված կարգով քրեական հետապնդումն ավարտելը, դատավճիռն ի կատար ածելը կամ պատժից ազատելը։

2. Եթե սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձի հանձնման հետաձգումը կարող է հանգեցնել հանձնման մասին խնդրանքով դիմած օտարերկրյա պետության օրենքով սահմանված քրեական հետապնդման վաղեմության ժամկետն անցնելուն կամ վնաս պատճառել այդ պետությունում վարվող քննությանը, ապա այդ անձը կարող է հանձնվել ժամանակավոր։

Ժամանակավոր հանձնված անձը պետք է օտարերկրյա պետության կողմից վերադարձվի այնտեղ վարվող քրեական գործի վարույթով այն դատավարական գործողությունները կատարելուց հետո, որի համար նա հանձնվել է, բայց ոչ ուշ, քան հանձնելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում։ Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի հիմնավորված խնդրանքի և դրա հետ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի համաձայնվելու դեպքերում այդ ժամկետը կարող է երկարաձգվել, բայց մեկ ամսից ոչ ավելի ժամանակով։

3. Ժամանակավոր հանձնված անձի` օտարերկրյա պետությունում գտնվելու ժամանակամիջոցը հաշվակցվում է Հայաստանի Հանրապետությունում նրա նախնական կալանքի կամ պատժի կրման ժամկետին։

Հոդված 494. Հանձնելու մասին մի քանի խնդրանքների բավարարման կարգը

1. Եթե միևնույն անձին հանձնելու մասին խնդրանքներ են ստացվել մի քանի պետություններից, ապա խնդրանքներն ստացած Հայաստանի Հանրապետության դատախազը կամ դատարանը ինքն է որոշում, թե դրանցից որը պետք է բավարարվի առաջին հերթին։

Ընդ որում, խնդրանքներից որևէ մեկն առաջին հերթին բավարարելու հարցը քննարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր հանգամանքները, հատկապես հանցագործության ծանրությունը և կատարման վայրը, համապատասխան խնդրանքների կազմման տարին, ամիսը և ամսաթիվը, հանձնման ենթակա անձի քաղաքացիությունը և նրան փոխադարձության կարգով այլ պետության հետագա հանձնման հնարավորությունը։

2. Եթե միևնույն անձի հանձնման մասին խնդրանքներից բացի, հարցում կամ հարցումներ են ստացվել այն օտարերկրյա պետություններից կամ միջազգային կազմակերպություններից, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է հանձնման հարցեր կարգավորող բազմակողմ կամ երկկողմ միջազգային պայմանագրերով, ապա հանձնման հարցը լուծելիս նախապատվությունը պետք է տրվի այդ պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովմանը։

Հոդված 495. Հանձնումն իրականացնելը

1. Անձի հանձնման մասին վերջնական որոշում ընդունելուց հետո համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմինը, որի հանձնման մասին խնդրանքը բավարարվել է, տեղյակ է պահվում անձի փաստացի հանձնման ժամանակի և տեղի մասին։

2. Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմինը, որին սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ծանուցումն ուղարկվել է, հանձնման ենթակա անձին չի ընդունում ծանուցմամբ սահմանված ժամկետից հետո՝ 15 օրվա ընթացքում, ապա այդ անձը, եթե նա մինչ այդ կալանավորված է եղել, ազատվում է կալանքից։

Հոդված 496. Կրկնակի հանձնելը

Եթե հանձնված անձը խուսափում է տվյալ օտարերկրյա պետությունում իր նկատմամբ վարվող քրեական հետապնդումից կամ պատիժը կրելուց և վերադառնում է Հայաստանի Հանրապետության տարածք, ապա նույն օտարերկրյա պետության նոր խնդրանքով նա հանձնվում է առանց սույն օրենսգրքի 489-490-րդ հոդվածներով նախատեսված տեղեկություններն ու տվյալները ներկայացնելու, եթե սույն օրենսգրքի 488-րդ հոդվածով նախատեսված հիմքեր չեն առաջացել հանձնումը մերժելու համար։

Հոդված 497. Տարանցիկ փոխադրման թույլտվությունը

1. Փոխադարձության կարգով Հայաստանի Հանրապետության հետ իրավական օգնություն ցույց տվող օտարերկրյա պետության իրավասու մարմնի գրավոր միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը լուծում է Հայաստանի Հանրապետության տարածքով այն անձի փոխադրման վերաբերյալ թույլտվության հարցը, որի հանձնմանը համաձայնություն է տվել որևէ երրորդ պետություն։

Տարանցիկ փոխադրման թույլտվության վերաբերյալ միջնորդությունը քննվում է նույն կարգով, ինչ հանձնման մասին խնդրանքը։

2. Տարանցիկ փոխադրման թույլտվության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը միաժամանակ որոշում է փոխադրման եղանակը, որն առավել նպատակահարմար է գտնում (օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտով)։

Տարանցիկ փոխադրման ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում կանգառ կատարելու դեպքում հանձնված անձը պետք է դուրս չգա համապատասխան տրանսպորտային միջոցից, իսկ դուրս գալու անհրաժեշտության դեպքում դա կարող է կատարվել բացառապես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նշանակած օպերատիվ խմբի վերահսկողությամբ և ժամկետով։

3. Հայաստանի Հանրապետությունը տարանցիկ փոխադրման համար թույլտվությունը կարող է մերժել, եթե՝

1) Հայաստանի Հանրապետության օրենքով հանցագործություն չի համարվում այն արարքը, որի համար խնդրվում է անձի հանձնումը.

2) հանձնման ենթակա անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

Տարանցումը չի թույլատրվում այն երկիր, որտեղ հանձնման ենթակա անձի կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ խոշտանգումների, դաժան կամ անմարդկային վերաբերմունքի, ազգային կամ ռասայական պատկանելության, կրոնի, քաղաքացիական կամ քաղաքական հայացքների պատճառով։

Հոդված 498. Քրեական հետապնդման պարտադիր լինելը

1. Հայաստանի Հանրապետության դատախազը, դատարանը սույն գլխով սահմանված կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնի ներկայացրած խնդրանքով, սույն օրենսգրքին համապատասխան, քրեական հետապնդում է իրականացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող այն անձանց նկատմամբ, որոնց հանձնումը մերժվել է, և որոնք կասկածվում են խնդրանքը ներկայացրած օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարելու մեջ։

2. Եթե հանցագործությունը, որով հարուցված է քրեական գործ, առաջ է բերում հանցագործությունից վնաս կրած անձանց քաղաքացիաիրավական պահանջներ, ապա վնասը հատուցելու մասին նրանց միջնորդության առկայության դեպքում համապատասխան պահանջները քննվում են տվյալ գործով վարույթում՝ սույն օրենսգրքին համապատասխան։

Հոդված 499. Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները

1. Եթե սույն գլխի նորմերով սահմանված կարգով անձը Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի իրավասությանն է հանձնվել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կամ շարունակելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար, ապա առանց հանձնումը թույլատրած համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության` այդ անձը չի կարող քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվել մինչև նրան հանձնելը կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել։

2. Առանց հանձնումը թույլատրած օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության` հանձնված անձը չի կարող հանձնվել նաև երրորդ պետության։

3. Հանձնումը թույլատրած օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնությունը չի պահանջվում, եթե հանձնված անձը, լինելով օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, իր նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխան դատավարական գործողությունների կատարումն ավարտելուց, իսկ նրան դատապարտելու դեպքում՝ պատիժը կրելուց կամ օրենքով նախատեսված այլ հիմքերով պատժից վաղաժամկետ ազատվելուց հետո` 30 օրվա ընթացքում, չի լքում Հայաստանի Հանրապետության տարածքը, կամ եթե լքելուց հետո նա ինքնակամ վերադառնում է այնտեղ։ Նշված ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը իրենից անկախ հանգամանքներով չէր կարող լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։

Հոդված 4991. Քրեական գործով վարույթ իրականացնելու խնդրանքը

1. Փոխադարձության կարգով Հայաստանի Հանրապետության հետ կապված օտարերկրյա պետության իրավասու մարմնի` Հայաստանի Հանրապետությունում քրեական գործով վարույթ իրականացնելու մասին խնդրանքը պետք է բովանդակի՝

1) խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության իրավասու մարմնի անվանումը.

2) արարքի նկարագրությունը, որի առնչությամբ ուղարկվում է քրեական հետապնդում իրականացնելու մասին խնդրանքը.

3) արարքը կատարելու ժամանակի և տեղի մասին հնարավորինս ստույգ նշումներ.

4) խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության այն օրենքի բնագիր տեքստի պատճենը, որը տվյալ արարքը դիտում է որպես հանցագործություն, ինչպես նաև այն օրենսդրական նորմերի տեքստերի պատճենները, որոնք էական նշանակություն ունեն գործով վարույթի համար.

5) կասկածվող անձի անունը, հայրանունը և ազգանունը, քաղաքացիությունը, ինչպես նաև նրա մասին հայտնի այլ տվյալներ.

6) տվյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափի և խնդրանքն ուղարկելու պահին դրա հատուցման վիճակի մասին։

2. Խնդրանքին պետք է կցվեն խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության իրավասու մարմնի մոտ առկա ապացույցներն ու այլ նյութեր։

Գործում առկա բոլոր փաստաթղթերը պետք է ստորագրված լինեն համապատասխան պաշտոնատար անձի կողմից՝ նրա պաշտոնի նշումով, և հաստատված լինեն խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմնի զինանշանի պատկերով կնիքով։

Հոդված 4992. Քրեական գործով վարույթի արդյունքների մասին տեղեկացնելը

Քրեական հետապնդում իրականացնելու մասին խնդրանք ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը հետաքննության մարմինը խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմնին տեղեկացնում են տվյալ քրեական գործով ընդունված վերջնական որոշման մասին՝ ուղարկելով դրա հաստատված պատճենը։

Հոդված 4993. Առարկաներ հանձնելը

1. Փոխադարձության կարգով իրավական օգնություն ցույց տալու խնդրանքն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը խնդրանքն ուղարկած օտարերկրյա իրավասու մարմնի միջնորդությամբ, առանց վնասելու իր կողմից վարվող քրեական գործի քննությանը, նրան են հանձնում այն առարկաները, որոնք՝

1) օգտագործվել են հանցանքը կատարելիս, այդ թվում՝ հանցագործության գործիքները, առարկաները, որոնք ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, կամ հանցագործն ստացել է որպես փոխհատուցում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների փոխարեն.

2) կարող են ունենալ ապացուցողական նշանակություն օտարերկրյա պետությունում վարվող քրեական գործով։ Այդ առարկաները հանձնվում են նաև այն դեպքում, երբ հանցագործին հանձնելն անհնար է նրա մահվան, փախուստի կամ այլ պատճառներով։

2. Սույն հոդվածում նշված գործիքները, առարկաները օտարերկրյա պետության իրավասու մարմնին կարող են հանձնվել պայմանով, որ օտարերկրյա պետությունում վարվող քրեական գործով վարույթն ավարտելուց հետո անհապաղ վերադարձվեն դրանք հանձնած Հայաստանի Հանրապետության դատարան, դատախազին, քննիչին, հետաքննության մարմին։

3. Օտարերկրյա պետության իրավասու մարմին հանձնված գործիքների, առարկաների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները մնում են ուժի մեջ։

Հոդված 4994. Փոխադարձության հիման վրա իրավական օգնության հարցերով օտարերկրյա իրավասու մարմիններ դիմելու և դրա առնչությամբ ստացված նյութերի օգտագործման կարգը

1. Փոխադարձության հիման վրա իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ խնդրանքը կազմելիս և օտարերկրյա պետության իրավասու մարմին ուղարկելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պահպանում են խնդրանքի ձևի և դրա ներկայացման վերաբերյալ տվյալ օտարերկրյա պետության օրենքով նախատեսված պահանջները, իսկ օտարերկրյա պետության օրենքի բացակայության դեպքում խնդրանքը կազմվում և օտարերկրյա պետության իրավասու մարմին է ուղարկվում սույն օրենսգրքի 483-րդ և 489-րդ հոդվածներով սահմանված ձևին և կարգին համապատասխան։

2. Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի խնդրանքը տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից կատարվելու ընթացքում լրացուցիչ փաստաթղթերի, նյութերի, այդ թվում՝ ապացույցների, առարկաների, տրամադրումը Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի կողմից իրականացվում է օտարերկրյա պետության համապատասխան մարմնի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և սույն գլխի դրույթներին համապատասխան։

3. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից խնդրանքի կատարման կապակցությամբ ստացված փաստաթղթերը, առարկաները, նյութերը, այդ թվում՝ ապացույցները, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը օգտագործում են սույն օրենսգրքին համապատասխան։

Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմինը խնդրել է իր տրամադրած փաստաթղթերը, նյութերը կամ առարկաները վերադարձնել, ապա դա իրականացվում է նրա հետ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:

4. Եթե փոխադարձության հիման վրա իրավական օգնության արդյունքում տեղի է ունեցել հանցագործություն կատարած անձի հանձնում Հայաստանի Հանրապետությանը, ապա այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում կամ տվյալ օտարերկրյա պետությունում հարուցված հետապնդումը շարունակում են սույն օրենսգրքով իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը՝ այդ անձի նկատմամբ իրականացնելով սույն օրենսգրքից բխող համապատասխան դատավարական գործողություններ։

Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից անձի հանձնումը պայմանավորված է նրա վերադարձումով այդ պետության տարածք, ապա դա իրականացվում է փոխադարձ պայմանավորվածությանը համապատասխան։

Ընդ որում, եթե հանձնումը պայմանավորված է անձին կալանքի տակ պահելու հանգամանքով, ապա նա Հայաստանի Հանրապետությունում սույն օրենսգրքով սահմանված կարգով կալանքի տակ կարող է պահվել այն ժամկետով, որի ընթացքում այդ անձը ենթակա է վերադարձման տվյալ օտարերկրյա պետության տարածք։ Այդ ժամկետը չի կարող գերազանցել նախնական կալանքի տակ պահելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները։

5. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքով նրա կողմից վարվող քրեական գործով անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելիս, անձանց հանձնելիս, հանցագործության գործիքներ կամ իրեր փոխանցելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը օտարերկրյա պետության իրավասու մարմնի ուշադրությունը պետք է հրավիրեն համապատասխան գործողություններն իրենց կողմից կատարվելու վերաբերյալ սույն գլխի համապատասխան կանոնների վրա։

Հոդված 4995. Անձանց ներկայանալը Հայաստանի Հանրապետություն

1. Փոխադարձության կարգով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու շուրջ պայմանավորվածություններին համապատասխան` խնդրանքի հիման վրա Հայաստանի Հանրապետություն կարող են կանչվել Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի վարույթում գտնվող քրեական գործով որպես վկա, տուժող, քաղաքացիական պատասխանող, քաղաքացիական հայցվոր, նրանց ներկայացուցիչներ, փորձագետներ, մասնագետներ հանդես եկող այն անձինք (այսուհետ՝ այլ անձինք), ովքեր, լինելով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, հայտնի է, որ գտնվում են այն օտարերկրյա պետության տարածքում, որի իրավասու մարմիններ համապատասխան խնդրանք է ուղարկվում։

2. Եթե այլ անձինք իրենց համաձայնությամբ և կամքով ներկայանում են Հայաստանի Հանրապետություն, ապա համապատասխան քրեական գործով հետապնդում իրականացնող դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը նրանց մասնակցությամբ համապատասխան դատավարական գործողությունները կատարում են սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ հետևյալ վերապահումներով. եթե ներկայացած այլ անձը օտարերկրյա պետության քաղաքացի է կամ նրա տարածքում, այդ պետության օրենքներին համապատասխան, բնակության վայր ունեցող քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրա նկատմամբ արգելվում է կիրառել բերման ենթարկելու, դրամական տույժի, ինչպես նաև ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ կամ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության ենթարկելու դատավարական գործողություններ։

3. Այլ անձինք Հայաստանի Հանրապետություն կարող են կանչվել և ներկայանալ իրենց ազատ կամքի արտահայտմամբ նաև իրենց գտնվելու պետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխադարձության շուրջ պայմանավորվածությունների բացակայության դեպքում։

Հայաստանի Հանրապետություն ներկայացած` սույն մասով նախատեսված այլ անձանց նկատմամբ նույնպես տարածվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնները։»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 542, 543 և 544 գլուխներով.

«Գլուխ 542. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

Հոդված 4996. Միջազգային մարմինների հետ հաղորդակցվելու հիմքը

1. Սույն օրենսգրքի իմաստով միջազգային մարմիններ են համարվում միջպետական, միջկառավարական կամ միջգերատեսչական միջազգային պայմանագրերով ստեղծված դատարանները կամ այլ այնպիսի մարմիններ, որոնց իրավասությունների մեջ են մտնում քրեական գործերով որոշակի դատավարական գործողությունների կատարումը և հանցավորության դեմ պայքարի գործում պետությունների ջանքերին օժանդակելը, նպաստելը, աջակցելը, ինչպես նաև քրեական պատիժներ նշանակելը և դրանք ի կատար ածման ներկայացնելը։

2. Միջազգային մարմինների հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրականացնում են այդ մարմինների հիմնադրման (ստեղծման) մասին, դրանց լիազորությունները սահմանող միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից է Հայաստանի Հանրապետությունը։

Եթե Հայաստանի Հանրապետությունը մասնակից չէ միջազգային մարմնի հիմնադրման և դրանից բխող միջազգային պայմանագրերին, որոնք կարգավորում են քրեական գործերով հարաբերությունների հարցերը, ապա այդ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հաղորդակցվում են տվյալ միջազգային մարմնի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված քրեական գործերով համագործակցության կամ օգնության մասին միջազգային պայմանագրին համապատասխան։

3. Եթե Հայաստանի Հանրապետությունը մասնակից է տվյալ միջազգային մարմնի ստեղծման կամ նրա լիազորությունները սահմանող մի քանի միջազգային պայմանագրերից ոչ բոլորին, ապա մյուս պայմանագրի (պայմանագրերի) դրույթները, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակից չէ, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կարող են կիրառել համապատասխան դատավարական գործողությունները կատարելիս, եթե դրանք չեն հակասում սույն օրենսգրքի և քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների պահանջներին։

Հոդված 4997. Միջազգային մարմինների հետ հաղորդակցության և քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու կարգը

1. Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը միջազգային մարմինների իրավասությունից բխող հարցերով իրավական օգնություն կամ առաջարկություն ցույց տալու հարցումներով նրանց դիմում և իրավական օգնությունը կամ աջակցությունը ստանում են սույն օրենսգրքի 4996-րդ հոդվածով նախատեսված պայմանագրերով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան։

Ընդ որում, տվյալ միջազգային մարմին համապատասխան հարցում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության դատարանները դա իրականացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով, իսկ դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով, եթե համապատասխան միջազգային պայմանագրով քրեական գործերով իրավական օգնության այլ կարգ սահմանված չէ։

2. Միջազգային մարմնի կողմից քրեական գործերով իրավական օգնություն կամ աջակցություն ցույց տալուն Հայաստանի Հանրապետության դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի (նրա ներկայացուցչի) մասնակցության հնարավորության դեպքում վերջիններս պարտավոր են տվյալ մարմնում գտնվելու ընթացքում կատարել սույն օրենսգրքից և այլ օրենքներից բխող իրենց վրա դրվող պարտականությունները՝ համապատասխան միջազգային պայմանագրերից բխող բացառություններով։

3. Միջազգային մարմնի հարցումները Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կատարում են սույն օրենսգրքով նախատեսված կանոններին համապատասխան՝ միջազգային պայմանագրից բխող բացառություններով։

Եթե միջազգային մարմնի հարցումների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կատարվելիք դատավարական գործողություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետություն է ներկայանում միջազգային մարմնի իրավասու պաշտոնատար անձը, ապա նրա հետ Հայաստանի Հանրապետությունում հաղորդակցվելու կարգը և պայմանները որոշվում են այդ մարմնի լիազորություններին առնչվող միջազգային պայմանագրով, իսկ այդ պայմանագրով կարգ և պայմաններ սահմանված չլինելու դեպքում կիրառվում են հետևյալ կանոնները.

1) Հայաստանի Հանրապետության դատարանների հետ կապված դատավարական գործողությունների առնչությամբ միջազգային մարմնի պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնում այն գործը և դրան առնչվող հարցերի շրջանակը, որոնք ենթակա են պարզաբանման կամ լուծման Հայաստանի Հանրապետության դատարաններում։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը որոշում է միջազգային մարմնի պաշտոնատար անձի ներկայացրած հարցերի պարզաբանմանը կամ լուծմանը ներգրավվող Հայաստանի Հանրապետության դատարանը կամ դատարանները՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան.

2) մինչդատական վարույթում գտնվող քրեական գործի հետ կապված դատավարական գործողությունների առնչությամբ միջազգային մարմնի պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին է ներկայացնում այն գործը և դրան առնչվող հարցերի շրջանակը, որոնք ենթակա են պարզաբանման և լուծման Հայաստանի Հանրապետության հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը որոշում է միջազգային մարմնի պաշտոնատար անձի ներկայացրած հարցերի պարզաբանման կամ լուծման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության նախաքննության կամ հետաքննության մարմինը (մարմինները)՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան։

Համապատասխան դատավարական գործողությունների ավարտից հետո` ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ գլխավոր դատախազին գրավոր ծանուցում են կատարված դատավարական գործողությունների մասին։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը իրենց իրավասությունների շրջանակներում համակարգում են համապատասխան դատավարական գործողությունների կատարմանը ներգրավված Հայաստանի Հանրապետության մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները` անհրաժեշտության դեպքում ներգրավելով իրավասու այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց։

ԳԼՈՒԽ 543. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հոդված 4998.  Օտարերկրյա պետությունների դատավճիռների ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռները ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետությունում։

2. Օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը, ճանաչման ենթակա դատավճիռների (որոշումների) տեսակները սահմանվում են տվյալ պետության հետ կնքված կամ նրա մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով։

3. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչում են՝

1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.

2) Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության իրավասու վերաքննիչ դատարանը.

3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը՝ սույն օրենսգրքով սահմանված ընդդատությանը համապատասխան, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության առաջին ատյանի դատարանը։

4. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ սույն հոդվածի երրորդ մասով իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանը որոշում է կայացնում։

Հայաստանի Հանրապետությունում ճանաչված օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կատարվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը, իսկ վնասի հատուցմանը և գույքային այլ բռնագանձումներին վերաբերող մասով՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությանը համապատասխան՝ միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։

Հոդված 4999.

Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման պայմանները և մերժման հիմքերը

1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելիս սույն օրենսգրքի 4998-րդ հոդվածի երրորդ մասով իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանները պարզում են, թե որքանով են պահպանված համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված այն պայմանները, որոնք ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու հիմք են։

Այդ պայմանների պահպանված լինելը, ինչպես նաև տվյալ միջազգային պայմանագրով դատավճռի ճանաչումը և կատարումը մերժելու հիմքերի բացակայությունը հիմք են օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու որոշում կայացնելու և ի կատար ածման ներկայացնելու համար։

2. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված հիմքերով՝ նկատի ունենալով նաև կիրառվող միջազգային պայմանագրի վերաբերյալ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արած հայտարարությունները կամ վերապահումները, ինչպես նաև, եթե՝

1) արարքը, որի համար անձը դատապարտվել է, Հայաստանի Հանրապետության օրենքով քրեորեն պատժելի չէ.

2) դատավճռով որպես պատիժ նախատեսված է մահապատիժ։

Հոդված 49910.  Միջազգային դատարանի դատավճիռը ճանաչելը և մերժելը

1. Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա է ճանաչման, եթե դա նախատեսված է այդ դատարանի հիմնադրման մասին կամ նրա իրավասությունը սահմանող այլ միջազգային պայմանագրով (պայմանագրերով)։

Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը՝ միջազգային դատարանի իրավասությունը սահմանող միջազգային պայմանագրով սահմանված կարգով։

2. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է այդ դատարանի իրավասությունը սահմանող միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով, և ճանաչումը կարող է մերժվել այդ պայմանագրով նախատեսված հիմքերով, ինչպես նաև սույն օրենսգրքի 4999-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում։

3. Միջազգային դատարան է համարվում Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող այն միջպետական մարմինը, որն իր հիմնադրման կամ նրա լիազորությունները սահմանող այլ միջազգային պայմանագրով (պայմանագրերով) իրավասու է քրեական գործեր քննելու և դրանց վերաբերյալ դատավճիռ կայացնելու։

4. Միջազգային դատարանի դատավճիռների կատարումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը, իսկ վնասի հատուցմանը և գույքային այլ բռնագանձումներին վերաբերող մասով՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։

Հոդված 49911. Օտարերկրյա պետության դատարանի և միջազգային դատարանի դատավճռի ճանաչման իրավական հետևանքները

Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռի ճանաչումը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջացնում է նույն իրավաբանական հետևանքները, ինչ կառաջացներ Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը։

Հոդված 49912. Միջազգային դատարանի դատավճռի կատարումը առանց ճանաչման 

1. Եթե միջազգային դատարանի հիմնադիր կամ նրա իրավասությունը սահմանող այլ միջազգային պայմանագրով (պայմանագրով) նախատեսված է այդ դատարանի դատավճռի կատարում առանց ճանաչման, ապա այդ դատավճիռը տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում ստանալուն պես ուղարկվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկ՝ ի կատար ածման։

2. Եթե տվյալ միջազգային դատարանի կանոնակարգով նախատեսված չէ նրա դատավճռի անմիջական կատարման կամ ճանաչման ձևով կատարման պարտականություն, ապա այդ դատավճռի հիման վրա, սույն օրենսգրքի 4081-րդ և 4101-րդ հոդվածներին համապատասխան, հարուցվում է գործի վերանայման վարույթ։

Հոդված 49913.

Միջազգային դատարանի դատավճռի կատարման իրավական հիմքերը և կարգը

1. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է կատարվել տվյալ դատարանի վերաբերյալ միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության մասնակից լինելու դեպքում։

2. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է ի կատար ածվել նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում նման միջազգային պարտավորություն ստանձնած չլինելով հանդերձ` տվյալ դատարանի իրավասության շրջանակներում միջազգային դատարանի հետ գրավոր համաձայնություն է ձեռք բերել այդ դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ի կատար ածելու վերաբերյալ։

3. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ի կատար ածման է ներկայացվում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան և առանց դատավճիռը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու, եթե նշված պարտավորություններով այլ բան նախատեսված չէ։

4. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ի կատար ածման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն` որոշում է քրեակատարողական այն հիմնարկը, որտեղ պետք է դատապարտված անձը կրի դատավճռով նշանակված պատիժը։

5. Միջազգային դատարանի դատավճռով Հայաստանի Հանրապետությունում պատիժ կրող անձի նկատմամբ գործում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենքի ռեժիմը՝ միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։

Հոդված 49914. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռի կատարման իրավական հետևանքները

1. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռի ի կատար ածման նկատմամբ գործում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենքի ռեժիմը։

Պատիժ կրող անձի նկատմամբ այն առաջացնում է նույն իրավաբանական հետևանքները, ինչ կառաջանար, եթե տվյալ անձը դատապարտված լիներ Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա իրավասու դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

2. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռով նշանակված պատիժը լրիվ կամ չկրած մասով Հայաստանի Հանրապետության տարածքում կրող անձը օգտվում է պատժից վաղաժամկետ ազատվելու այն իրավունքներից, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերից, այդ թվում՝ ներման և համաներման իրավունքներից։

3. Պատժի լրիվ կամ դրա մի մասի կրումից կամ պատժից՝ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերով վաղաժամկետ ազատվելուց հետո անձը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է գտնվել իր կարգավիճակին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա պետության քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ և այլն)։

Միաժամանակ, եթե պատիժը կրած կամ պատժից վաղաժամկետ ազատված անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ և, ըստ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի, կարող է փոխանցվել որևէ օտարերկրյա պետության, որը պարտավոր է ընդունել նրան, կամ որևէ այլ պետության, որը համաձայնվել է ընդունել նրան, ապա այդ անձը իր համաձայնությամբ փոխանցվում է տվյալ պետությանը։

4. Եթե օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ի կատար ածելու ընթացքում վերանայում է դրա իրավասությունն ունեցող օտարերկրյա պետության դատարանը կամ միջազգային դատարանը, ապա ի կատար ածումը դադարեցվում կամ շարունակվում է վերանայման արդյունքում կայացրած դատավճռին համապատասխան և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով։

5. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը կարող է վերանայել բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում։

ԳԼՈՒԽ 544. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ

Հոդված 49915. Միջազգային դատարան դիմելու իրավունքը

1. Յուրաքանչյուր անձ, որ գտնում է, որ քրեական գործով սույն օրենսգրքով սահմանված կարգով ընդունված վերջնական դատական որոշմամբ իր նկատմամբ խախտվել են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված իրավունքները, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարան դիմելու իրավունք ունի՝ այդ դատարանի հիմնադրման մասին կամ նրա լիազորությունները սահմանող միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ միջազգային դատարանի կանոնակարգեր) սահմանված կարգով։

2. Սույն գլխի նպատակների համար վերջնական դատական որոշում է համարվում սույն օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի կայացրած և 424-րդ հոդվածով սահմանված կարգով ուժի մեջ մտած որոշումը։

3. Միջազգային դատարան դիմելու իրավունքը ծագում է վերջնական դատական որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ համապատասխան միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված պահից։ Անձն այդ իրավունքը կորցնում է միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված դեպքերում և կարգով։

4. Միջազգային դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանվում է տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով։

Հոդված 49916. Միջազգային դատարան դիմելու կարգը


1. Միջազգային դատարան դիմելու կարգը սահմանվում է համապատասխան միջազգային դատարանի կանոնակարգերով։

2. Անձը, որը մտադրություն ունի օգտվելու միջազգային դատարան դիմելու իրավունքից, ինչպես նաև նրա օրինական ներկայացուցիչը կամ ներկայացուցիչը իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանից, ինչպես նաև տվյալ գործով դատական ակտեր ընդունած Հայաստանի Հանրապետության մյուս դատարաններից ձեռք բերելու տվյալ գործին առնչվող փաստաթղթեր, դրանց պատճենները, լուսապատճենները, կատարել քաղվածքներ դրանցից։

3. Միջազգային դատարան դիմելու հետ կապված ծախսերը կրում է դիմողը, եթե այդ դատարանի կանոնակարգերով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 49917. Միջազգային դատարանին աջակցելու պարտականությունը


1. Միջազգային դատարանի վարույթում գտնվող գործի հետ կապված հանգամանքներ պարզելու կամ լրացուցիչ ապացույցներ, փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու վերաբերյալ այդ դատարանի ուղարկած հարցումներին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը պատասխանում և անհրաժեշտ նյութերն ու փաստաթղթերը տրամադրում է համապատասխան հարցումն ստանալու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում, եթե միջազգային դատարանի կանոնակարգերով այլ ժամկետ սահմանված չէ։

2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը աջակցություն է ցույց տալիս տվյալ գործով միջազգային դատարանին հետաքրքրող բոլոր հանգամանքների պարզաբանման համար՝ ելնելով Հայաստանի Հանրապետության դատարանների` տվյալ գործի քննության ընթացքում թույլ տված դատական սխալները բացահայտելու և արդարադատության շահը մինչև վերջ պաշտպանելու անհրաժեշտությունից։»։

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 18
Երևան
ՀՕ-57-Ն