Համարը 
N 07-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 22.02.2022
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվը 
17.02.2022
Ստորագրող մարմինը 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվը 
17.02.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.02.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1640-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

17 փետրվարի 2022 թ.

N 07-Ն

  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1640-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի՝ «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանի՝

1) 3-րդ և 4-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թ. փետրվարի 17

N 07-Ն հրամանի

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 2010 թ. նոյեմբերի 24-ի

 N 1640-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՈՎՈՐՈՂԻՆ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դպրոցական տարիքի երեխայի (այսուհետ` սովորող)` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն (այսուհետ` հաստատություն) ընդունման, հաստատությունից տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող սովորողների կրթության կազմակերպման գործընթացի հետ կապված` սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և հաստատության միջև ծագող իրավահարաբերությունները:

 

2. ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ (ԸՆԴՈՒՆՈՒՄԸ)

 

2. Սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան:

3. Սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ դպրոցահասակ երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի և հաստատության ու ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ «Հանրակրթության մասին» օրենքով և հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

4. Սովորողին հաստատություն ընդունելու հրամանին հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաստատություն ընդունված սովորողի տվյալները հաստատության տնօրենը կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու աշխատակիցը մուտքագրում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԿՏԱԿ) կողմից վարվող «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»։

5. Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդունումը հաստատություն կարող է կատարվել սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը): Եթե ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում լիցենզիայով տրված սահմանային տեղերը լրացած են, և տվյալ բնակավայրում բացակայում է այլ հաստատությունում ազգային (մայրենի) լեզվով ուսուցման հնարավորությունը, ապա սովորողի ընդունելությունը տվյալ հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

6. Բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաների ուսուցման լեզուն գրական հայերենն է:

7. Օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրենք են ընտրում իրենց երեխայի ուսուցման լեզուն:

8. Բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատությունը տվյալ կրթական աստիճանում կրթություն իրականացնող միակ պետական հաստատությունն է կամ տվյալ համայնքում գործող պետական հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով տրված բոլոր տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

9. Հաստատության տնօրենը, համադրելով կրթական տարբեր աստիճաններում դասարանների համալրվածությունը, հաշվի առնելով նոր ընդունելության կանխատեսվող ծավալը, մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը կարող է դիմել կրթության կառավարման պետական լիազոր մարմնին հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանի լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկով` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկը ներկայացնելիս պետք է հաշվի առնել տարվա ընթացքում սովորողների տեղափոխման և ընդունելության համար առնվազն 10 տոկոս տեղերի պահպանումը հանրակրթական հիմնական ծրագրերի աստիճանի մյուս դասարանների համար:

10. Սովորողի ընդունելությունը հաստատության առաջին դասարան մեկնարկում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պարապմունքների ավարտից երկու շաբաթ հետո՝ առաջին աշխատանքային օրը։

11. Բոլոր այն բնակավայրերում, որտեղ գործում է մեկից ավելի առաջին աստիճանի հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող պետական հաստատություն, սովորողի ընդգրկումը պետական հաստատության առաջին դասարան կատարվում է հայտագրման միջոցով, որն իրականացվում է Նախարարության ԿՏԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգ»-ի (այսուհետ՝ համակարգ) միջոցով:

12. Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս՝ առաջնահերթությունը տրվում է տվյալ հաստատությունում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին, ինչպես նաև՝ տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին։

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված առաջնահերթություն ունեցող սովորողների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը) իրենց երեխաներին համակարգի միջոցով հայտագրում են առաջին դասարան հայտագրման մեկնարկի օրվանից սկսած՝ 14 օրվա ընթացքում:

14. Սույն կարգի 12-րդ կետում նշված առաջնահերթություն չունեցող սովորողների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը) իրենց երեխաներին համակարգի միջոցով հայտագրում են հայտագրման մեկնարկի օրվան հաջորդող 15-րդ օրվանից սկսած:

15. Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը հաստատություն ապահովում է մյուս երեխայի (երեխաների) ընդունելությունը նույն հաստատությունում` անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

16. Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված անձինք իրենց երեխաների հայտագրումն իրականացնում են հայտագրման մեկնարկի օրվան հաջորդող 22-րդ օրվանից սկսած՝ համակարգում ստեղծված առանձին էջի միջոցով։

17. Սույն կարգի 12-րդ կետում նշված առաջնահերթություն ունեցող սովորողների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը) սույն կարգի 12-րդ կետում նշված ժամանակահատվածում իրենց երեխաներին տվյալ հաստատության առաջին դասարան չհայտագրելու և առաջնահերթությունից չօգտվելու դեպքում՝ իրենց երեխաներին հայտագրում են ընդհանուր հիմունքներով՝ սույն կարգի 14-րդ կետում ամրագրված ժամկետում:

18. Յուրաքանչյուր ուսումնական տարվա մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ երեխային հաստատություն ընդունելու մասին գրավոր դիմումը ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից հաստատություն չներկայացվելու դեպքում երեխայի հաստատություն ընդունվելու հայտը չեղարկվում է։

 

3. ՍՈՎՈՐՈՂԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

19. Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատությունից հաստատություն տեղափոխումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում՝ սույն կարգի պահանջներին համապատասխան՝ ԿՏԱԿ կողմից վարվող «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով: Ուսումնական տարվա ընթացքում սովորողի բացակայությունների ամփոփման համար սահմանված ժամկետից հետո նույն բնակավայրում հաստատությունից հաստատություն սովորողի տեղափոխությունն արգելվում է: Սովորողի տեղափոխումն իրականացվում է սովորողի հաջորդ դասարան կամ հաջորդ կրթական աստիճան փոխադրվելու մասին մանկավարժական խորհրդի որոշումից հետո։

20. Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հաստատություն՝ սովորողի տեղափոխությունը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում` 1-ին կուրսից` 10-րդ դասարան, 2-րդ կուրսից` 11-րդ դասարան, 3-րդ և 4-րդ կուրսերից` 12-րդ դասարան` բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով` պահպանելով սույն կարգի 25-րդ և 30-րդ կետերի պահանջները:

21. Սույն կարգի 25-րդ կետում սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության համապատասխանության դեպքում այլ երկրում ուսումնառությունն ընդհատած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի դասարանը որոշվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Սույն կարգի 25-րդ կետում սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության անհամապատասխանության դեպքում` սովորողի ուսումնառությունը կազմակերպվում է մեկ դասարան բարձր (բացառությամբ 9-րդ դասարանի) կամ ցածր (կրթության տևողությունը 12 տարուց ավելի լինելու դեպքում):

22. Առանց կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի դասարանը որոշվում է սույն կարգի 29-րդ և 30-րդ կետերի պահանջներին համապատասխան:

23. 1-4-րդ դասարանները այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատությունում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում՝ համաձայն անհատական ուսուցման պլանի:

24. Ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատություններում (դասարաններում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում` դրանց առկայության դեպքում:

 

4. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

25. Սովորողին հաստատություն ընդունելու համար ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը։

3) լուսանկար՝ 3x4 չափսի, «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում», սովորողի էլեկտրոնային անձնական գործում վերբեռնելու նպատակով,

4) եզրակացություն` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից (ըստ անհրաժեշտության),

5) նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների, ուսումնասիրած առարկաների, ուսումնական տարվա ընթացքում տեղափոխվելիս՝ նաև ընթացիկ և կիսամյակային գնահատականների, բացակայությունների քանակի մասին,

6) եզրակացություն՝ տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից՝ հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար (ըստ անհրաժեշտության),

7) սույն կարգի 29-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` փաստաթուղթ զինվորական կոմիսարիատից:

 

5. ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ

 

26. Սովորողի ազատումը հաստատությունից կատարվում է՝

1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա,

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

27. Սույն կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետով ավագ դպրոցից ազատված սովորողի հիմնական կրթության վկայականը հանձնվում է սովորողի ծնողին (նրա օրինական ներկայացուցչին), սույն կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ավագ դպրոցից ազատված սովորողի հիմնական կրթության վկայականը պահպանվում է տվյալ հաստատությունում` մինչև սովորողի կամ նրա ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմում ներկայացնելը:

28. Ոչ պետական կամ մասնագիտացված հաստատությունից սովորողի ազատումը կարող է կատարվել նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և տվյալ հաստատության միջև կնքված պայմանագրի դրույթները սովորողի կամ ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից չպահպանվելու դեպքում:

 

6. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՍՈՎՈՐՈՂԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ

 

29. «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է`

1) մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 8 տարին լրանալու դեպքում` 1-ին դասարան՝ ընդհանուր հիմունքներով,

2) մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 9-ից մինչև 15 տարին լրանալու դեպքում կամ մինչև մեկ տարի ուսումն ընդհատած սովորողը` իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր` գիտելիքների գրավոր ստուգման արդյունքում,

3) կրթական 3-րդ աստիճանում հաստատություն չհաճախած սովորողը (մինչև 17 տարին լրանալը), հիմնական կրթության վկայական ներկայացնելու դեպքում ընդունվում է իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, 10-րդ դասարան ընդունվելու դեպքում` 10-րդ դասարան,

4) 19 տարին չլրացած սովորողը կրթական 3-րդ աստիճանի 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարաններում ուսումն ընդհատած լինելու դեպքում ուսումնառությունը շարունակում է ընդհատած ժամանակահատվածից,

5) Կրթության վերաբերյալ փաստաթղթերի համաձայն հաջորդ դասարան փոխադրված և ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողը մինչև ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը հաստատություն դիմելու դեպքում` ուսումը շարունակում է համապատասխան դասարանում` պայմանով, որ առաջին կիսամյակի և տարեկան գնահատականները որոշվելու են ուսումնական տարվա ավարտին կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով 120-200 ժամ բացակայած սովորողի համար նախատեսված լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով, որոնց արդյունքների վերաբերյալ Նախարարությունը կարող է իրականացնել մոնիթորինգ:

30. Սույն կարգի 29-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերի, 20-րդ և 22-րդ կետերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագետների խումբ: Մասնագիտական եզրակացությունը տրվում է սովորողի` ուսումնական պլանով նախատեսված տվյալ դասարանի բոլոր առարկաների գիտելիքների գրավոր (դրա անհնարինության դեպքում` համապատասխան` տվյալ առարկային) ստուգման արդյունքում: Հիմք ընդունելով սովորողի փաստացի առարկայական գիտելիքների վերաբերյալ մասնագիտական խմբի գրավոր եզրակացությունը` տնօրենը սովորողին ընդունում է համապատասխան դասարան, հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից մեթոդմիավորումների կողմից ներկայացված անհատական առարկայական պլանները, լրացուցիչ դասընթացների ժամանակացույցը, ըստ որի՝ սովորողի համար կազմակերպվում է ուսուցում՝ բաց թողած ծրագրային նյութը յուրացնելու համար:

31. Մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 16 տարին լրացած (լրացող), հաստատություն չհաճախած անձը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված էքստեռն (դրսեկություն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան հիմնական կրթության վկայական ստանալուց հետո կարող է ուսումը շարունակել 10–րդ դասարանում կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում:

32. Մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 19 տարին լրացած (լրացող), հաստատություն չհաճախած կամ կրթական որևէ մակարդակում ուսումն ընդհատած սովորողը հանրակրթական հիմնական ծրագրերը կարող է յուրացնել ինքնակրթությամբ կամ հեռավար ուսուցման ձևով և Նախարարության սահմանած կարգով ստանալ հիմնական կրթության վկայական և (կամ) միջնակարգ կրթության ատեստատ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2022 թվական: