ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 մայիսի 2022 թ. քաղ. Երևան |
N 227-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 126-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի` 2020 թվականի մարտի 20-ի «Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ձևավորման և հասարակական վերահսկողության իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի՝ 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 126-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հավելված
Արդարադատության նախարարի
2022 թվականի մայիսի 11-ի
N 227-Ն հրամանի |
|
«Հավելված
արդարադատության նախարարի
2020 թվականի մարտի 20-ի
N 126-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում (այսուհետ` նաև քրեակատարողական հիմնարկներ) հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ` Խումբ) կազմում ընդգրկվելու և անդամությունը դադարեցնելու ընթացակարգը, քրեակատարողական հիմնարկներում վերահսկողության իրականացման կարգը և Խմբի իրավասությունները:
2. Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնում է Խումբը: Խումբը քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց (այսուհետ` ազատազրկվածներ) իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ զբաղվող հանրային վերահսկող մարմին է:
3. Խմբի գործունեության նպատակը մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հանրային վերահսկողությունն է։
4. Խմբի գործունեության խնդիրներն են`
1) ազատազրկվածների իրավունքների խախտումների բացահայտումը, վեր հանված հիմնախնդիրները հասարակությանը և Նախարարությանը ներկայացնելը.
2) քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը.
3) քրեակատարողական հիմնարկներում իրավիճակի վերլուծությունները, եզրակացությունները և առաջարկությունները Նախարարությանը և հասարակությանը ներկայացնելը.
4) քրեակատարողական օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության դեպքում` համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
5. Խմբի գործունեության հիմնական գործիքակազմը ներառում է՝
1) քրեակատարողական հիմնարկներ հայտարարված և չհայտարարված այցելություններ և հանդիպումներ ազատազրկվածների և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ.
2) առանձնազրույցներ ազատազրկվածների և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ.
3) թեմատիկ ուսումնասիրություններ, հետազոտություններ և վերլուծություններ.
4) ստացված տեղեկության ամփոփում և հանրայնացում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով.
5) օրենքով չարգելված այլ միջոցներ:
6. Խումբը սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված գործունեությամբ պայմանավորված՝ ազատազրկվածների իրավունքների պաշտպանության նկատմամբ հանրային վերահսկողության շրջանակներում տեղեկություններ ստանալու նպատակով համագործակցում է՝
1) քրեակատարողական հիմնարկների հետ.
2) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հետ.
3) քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածներին բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպության ստորաբաժանումների հետ։
II. ԽՄԲԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
7. Խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու գործընթացը կազմակերպվում է Խմբի կողմից:
8. Խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու համար անցկացվող մրցույթը սկսելուց առնվազն 10 օր առաջ հրապարակվում է դրա մասին հայտարարություն:
9. Հայտարարությունը հրապարակվում է օրենքով չարգելվող բոլոր միջոցներով, բայց առնվազն Խմբի www.pmg.am և Նախարարության www.moj.am պաշտոնական կայքէջերում:
10. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`
1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը.
2) հայտերի ընդունման օրը և ժամը.
3) դիմորդին ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:
III. ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻՆ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
11. Խմբի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, 23 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ։ Նախապատվությունը տրվում է իրավաբանի, սոցիալական աշխատողի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:
12. Խմբի անդամ չի կարող լինել այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
3) հանրային ծառայող է:
13. Փորձնակ կարող է լինել Խմբի անդամին ներկայացվող պահանջները բավարարող յուրաքանչյուր ոք։ Խմբի կազմում ընդգրկվելու հայտերը (Ձև 4) ներկայացվում են Խմբին սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հայտարարությունը հրապարակվելուց հետո` հայտարարությամբ նախատեսված ժամկետում:
14. Դիմորդը հայտում լրացնում է իր անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն:
15. Դիմորդը հայտին կից ներկայացնում է անձը, մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթուղթ, կազմակերպության կողմից տրված երաշխավորագիրը և կանոնադրությունը, ինքնակենսագրությունը, սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանելիությունը հավաստող փաստաթղթեր։ Դիմորդը ցանկության դեպքում կարող է ներկայացնել իր անձը բնութագրող այլ փաստաթղթեր։ Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր) կարող են իրավասու մարմնին հանձնվել առձեռն` ուղարկվելով փոստով կամ ներկայացվելով հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին` էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված:
16. Փաստաթղթերն ընդունելու նպատակով Խմբի կողմից վարվում է համապատասխան գրանցամատյան, որտեղ նշվում են դիմորդի վերաբերյալ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի քանակը:
17. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք ներկայացվել են փոստ մինչև սույն կարգի 10-րդ կետով նախատեսված վերջնաժամկետը:
18. Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ դիմորդը ծանուցվում է փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
IV. ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՈՐՁՆԱԿՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
19. Խմբին անդամակցումն իրականացվում է փուլերով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը նախապես ներկայացված հայտարարությանը:
20. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում դիմորդը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
21. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում դիմորդի ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:
22. Մրցույթի արդյունքում Խմբի կողմից ընտրված անդամի կամ փորձնակի թեկնածության համապատասխանելիությունը հավաստող անհրաժեշտ փաստաթղթերը Արդարադատության նախարարի (այսուհետ՝ Նախարար) պահանջով ներկայացվում են Նախարարություն բացառիկ դեպքերում, երբ առկա են դրանց արժանահավատությունն առերևույթ կասկածի տակ դնող տվյալներ: Սույն կարգի 11-րդ կետով նշված պահանջներին չհամապատասխանելու կամ 12-րդ կետով նշված հանգամանքների առկայության դեպքում Նախարարը Խմբի որոշումը վերանայելու պահանջով միջնորդությամբ վերադարձնում է Խմբին՝ նշելով սույն կարգի 11-րդ կետով նշված պահանջներին անհամապատասխանությունը կամ 12-րդ կետով նշված հանգամանքների առկայությունը: Սույն դեպքում մինչև միջնորդության մեջ նշված հանգամանքների վերացումն անձը չի կարող ընտրվել որպես Խմբի անդամ կամ փորձնակ:
23. Խմբի կազմում նոր անդամ կամ փորձնակ ընդգրկելու վերաբերյալ հրապարակված հայտարարության վերջին օրը Խումբը գումարում է նիստ ստացված հայտերն ուսումնասիրելու համար աշխատանքային հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծելու վերաբերյալ։ Նիստը և Հանձնաժողովի աշխատանքները կարող են իրականացվել առկա և/կամ առցանց։ Հանձնաժողովի կազմը հաստատվում է արձանագրային որոշմամբ։
24. Հանձնաժողովն ուսումնասիրում է դիտորդների կողմից ներկայացված հայտերը սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված հայտարարության ժամկետի վերջին օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Հանձնաժողովի կողմից ուսումնասիրված արդյունքները ներկայացվում են քվեարկության և քննարկման Խմբի կողմից հրավիրված հատուկ նիստի ընթացքում, որը հրավիրվում է հայտերի ուսումնասիրության ավարտի օրվանից ոչ ուշ, քան երեք օր հետո։
25. Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամները Խմբին ներկայացնում են դիմորդի ամբողջական տվյալները և իրենց կարծիքը նրան նոր անդամ կամ փորձնակ ընդգրկելու վերաբերյալ։ Խմբում նոր անդամ ընդգրկելու կարծիքը ներկայացվում է՝ հաշվի առնելով դիմորդի՝ ոլորտում ունեցած փորձը։
26. Խմբի կազմում նոր անդամի կամ փորձնակի ընդգրկումն իրականացվում է քվեարկության միջոցով՝ Խմբի հատուկ նիստի ընթացքում Խմբի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Հատուկ նիստը կարող է իրականացվել առկա և առցանց եղանակներով։
27. Խմբի նոր անդամ կամ փորձնակ ընդգրկելու վերաբերյալ կազմվում է արձանագրային որոշում և երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում Նախարարություն՝ նրա անունով երկշաբաթյա ժամկետում վկայականի պատրաստման նպատակով։
28. Խմբի կազմը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ապահովվում է մրցույթի արդյունքների մասին հայտարարության տեղադրումը Խմբի www.pmg.am և Նախարարության www.moj.am պաշտոնական կայքէջերում:
29. Մրցույթի արդյունքում որպես Խմբի անդամ կամ փորձնակ ընդգրկված անձանց տրվում է համապատասխան փաստաթուղթ՝ վկայական (Ձև 1 Խմբի անդամի դեպքում և Ձև 2 փորձնակի դեպքում), որը տրամադրվում է Խմբի դիմումը Նախարարություն ներկայացնելուց հետո երկշաբաթյա ժամկետում: Խմբի անդամը կամ փորձնակը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ընթացքում պետք է վկայականը կրի իր հագուստի վրա: Խմբի անդամի դեպքում վկայականը տրամադրվում է երեք տարի ժամկետով, իսկ փորձնակին՝ 6 ամսից մինչև մեկ տարի ժամկետով:
30. Վկայական ստանալու համար Խումբը Նախարարություն է ներկայացնում դիմորդի 3:4 չափի լուսանկար:
31. Խմբի անդամը Խմբի կազմում ընդգրկվում է երեք տարի ժամկետով։
32. Փորձնակն ընդգրկվում է վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով։ Փորձնակը քրեակատարողական հիմնարկներ կարող է այցելել միայն Խմբի անդամների հետ:
33. Փորձնակի ժամկետը լրանալուց հետո, Խումբը, առանց մրցույթի հայտարարման, Խմբի ձայների պարզ մեծամասնությամբ փորձնակին կարող է ընդգրկել Խմբում որպես անդամ։
34. Խումբը դռնբաց նիստի ընթացքում մեկ տարի ժամկետով ընտրում է նախագահ: Նույն անձը երկու տարուց ավելի անընդմեջ չի կարող ընտրվել Խմբի նախագահ: Նպատակահարմարությունից ելնելով՝ Խմբի որոշմամբ նախագահի լիազորությունների ժամկետը կարող է երկարացվել ոչ ավել քան չորս ամսով։
35.Նախագահի լիազորությունների դադարեցման դեպքում սույն կարգի 33-րդ կետով նախատեսված կարգով կատարվում է նոր նախագահի ընտրություն:
36. Խմբի նախագահը ղեկավարում է Խմբի գործունեությունը:
37. Խումբը բաղկացած է ոչ պակաս, քան վեց, և ոչ ավել, քան քսանմեկ անդամներից: Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն Խմբում կարող է ունենալ մեկ անդամ:
V. ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
38. Կոնկրետ ոլորտներում հետազոտություն, վերլուծություններ կամ մշտադիտարկում իրականացնելու անհրաժեշտության դեպքում Խումբը կարող է ներգրավել համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետներ:
39. Փորձագետների ներգրավումը կարող է իրականացվել թե հրապարակված և թե չհրապարակված ձևաչափով։ Հրապարակային մրցույթի վերաբերյալ հայտարարության տեղադրումը և հայտերի ներկայացումն իրականացվում է՝ կախված փորձագետի ներգրավման հրատապությունից և փորձագետի կողմից ներկայացվող արդյունքների վերջնաժամկետներից։
40. Փորձագետ չի կարող լինել այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
3) ունի որևէ շահերի բախում կամ հանրային ծառայող է և անմիջական վերադասություն/ենթակայություն ունի ազատազրկվածների կամ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների նկատմամբ։
41. Դիմորդը հայտին կից ներկայացնում է անձը, մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթուղթ, ինքնակենսագրությունը։ Դիմորդը ցանկության դեպքում կարող է ներկայացնել իր անձը բնութագրող այլ փաստաթղթեր։
42. Փորձագետների ներգրավումն անցկացվում է փուլերով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի ամբողջությունը և համապատասխանությունը: Դիմորդի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշում է Խումբը, որը փաստաթղթերի ամբողջությունն ու համապատասխանությունը ստուգելուց հետո կազմում է համապատասխան արձանագրություն:
43. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում դիմորդը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
44. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում դիմորդի ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:
45. Փորձագետը Խմբում ընդգրկվում է Խմբի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։
46. Անհրաժեշտության դեպքում, Խումբը դիմում է Նախարարություն որպես փորձագետ ներգրավված անձանց Նախարարության կողմից որպես փորձագետ ներգրավված լինելը հաստատող փաստաթուղթ տրամադրելու նպատակով:
47. Վկայականը տրամադրվում է Խմբին ներկայացված դիմումի մեջ նշված ժամկետով, որը նա պետք է կրի իր հագուստի վրա քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ընթացքում (Ձև 3):
48. Վկայական ստանալու համար Խումբը Նախարարություն է ներկայացնում Խմբի փորձագետի 3:4 չափի լուսանկար:
49. Փորձագետը քրեակատարողական հիմնարկներ կարող է այցելել միայն Խմբի անդամների հետ:
VI. ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
50. Խմբի անդամները, փորձագետները և փորձնակները գործում են հասարակական հիմունքներով:
51. Խումբն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է քրեակատարողական ոլորտում առկա միջազգային փաստաթղթերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով և Խմբի գործունեության էթիկայի կանոններով:
52. Խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ, առանձնազրույցներ ունենալ ազատազրկվածների և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների հետ, տեղում ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում` ազատազրկվածների համաձայնությամբ նրա անձնական գործին և իր վերաբերյալ այլ փաստաթղթերին (բացառությամբ օրենքով պաշտպանվող տվյալների), ինչպես նաև պատժի կրման պայմաններին։ Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել ձայնագրում, լուսանկարում, տեսագրում՝ պահպանելով օրենքով, սույն կարգով կամ Խմբի գործունեության էթիկայի կանոններով նախատեսված պահանջները:
53. Եթե խմբի անդամը փաստաբան է, ապա նա չի մասնակցում քրեակատարողական հիմնարկներում պահվող այն անձանց այցելություններին, որոնք նրա վստահորդներն են:
54. Խմբի կողմից վարվում է գրանցամատյան, որտեղ մուտքագրվում են Խմբին հասցեագրված բոլոր դիմում-բողոքները՝ նշելով ստացված փաստաթղթի ամսաթիվը և ուղարկող անձի տվյալները:
55. Խմբի անդամների մուտքը քրեակատարողական հիմնարկներ թույլատրվում է Խմբի անդամների վկայականների հիման վրա, որը հասանելի է նախարարության www.moj.am պաշտոնական կայքէջում:
56. Խումբն իր աշխատանքների լուսաբանման համար կարող է ունենալ պաշտոնական կայքէջ:
57. Խմբի անդամը, Խմբի առնվազն երկու երրորդի կողմից հավանության արժանանալուց հետո, կարող է իրականացնել ֆինանսական միջոցների ներգրավում՝ դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու միջոցով՝ Խմբի աշխատանքներին օժանդակելու նպատակով: Հաշվետու տարվան հաջորդող տարվա մինչև ապրիլի 15-ը Խումբը հանրությանը ներկայացնում է ֆինանսական աղբյուրների վերաբերյալ հաշվետվություն, որը հրապարակվում է Խմբի www.pmg.am պաշտոնական կայքէջում:
VII. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
58. Խմբի կողմից վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության ուսումնասիրության, քրեակատարողական հիմնարկներ և ազատազրկվածների իրավունքների պաշտպանության հետ կապված և սույն կարգում ներկայացված այլ վայրեր այցելություններ և ուսումնասիրություններ կատարելու, կատարված ուսումնասիրությունների ու այցելությունների արդյունքներն ամփոփելու և հանրայնացնելու միջոցով։
59. Արդյունքներն ամփոփվում են զեկույցների, հաշվետվությունների, տեղեկանքների և հայտարարությունների ձևով։ Ամփոփված արդյունքները հանրայնացվում են զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող բոլոր այլ միջոցներով։
60. Ներկայացվում են երեք տեսակ հաշվետվություններ՝ հրատապ, ընթացիկ և տարեկան, որոնց կապակցությամբ Նախարարությունը տալիս է իր մեկնաբանությունները:
61. Հրատապ հաշվետվություններում ներկայացվում են Խմբի կողմից վերահսկողություն իրականացնելիս բացահայտված ազատազրկվածների իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հրատապ հաշվետվության կապակցությամբ Նախարարության կողմից մեկնաբանությունները տրվում են մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հրատապ հաշվետվությունների Խմբի որոշմամբ հաստատված լինելը պարտադիր չէ: Հրատապ հաշվետվությունները ուղարկվում են Նախարարին Խմբի նախագահի կից գրությամբ և այցելությունը կատարած Խմբի անդամների համաձայնությամբ: Խմբի մյուս անդամները ուղարկված հրատապ հաշվետվության մասին պարտադիր տեղեկացվում են:
62. Ընթացիկ հաշվետվություններում ներկայացվում են ազատազրկվածների իրավունքների խախտման, քրեակատարողական հիմնարկների կողմից Խմբի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հստակ դեպքերը: Ընթացիկ հաշվետվությունները ուղարկվում են այցելությունը կատարած Խմբի անդամների համաձայնությամբ: Խմբի մյուս անդամներն ուղարկված ընթացիկ հաշվետվության մասին պարտադիր տեղեկացվում են: Ընթացիկ հաշվետվությունների կապակցությամբ Նախարարության մեկնաբանությունները տրվում են ոչ ուշ, քան երեքշաբաթյա ժամանակահատվածում:
63. Տարեկան հաշվետվություններում ներկայացվում են յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, քրեակատարողական հիմնարկներում տիրող ընդհանուր իրավիճակը, հիմնական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները, Խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքները և այլն: Տարեկան հաշվետվությունները կազմվում են հաշվետու տարվան հաջորդող տարվա մինչև մարտի 15-ը, որոնց կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են 30 օրվա ընթացքում: Տարեկան հաշվետվությունը հաստատվում է Խմբի կողմից։
64. Քրեակատարողական հիմնարկներ կատարված այցելությունների հիման վրա կազմված հաշվետվությունները կամ դրանց հատվածները չեն կարող հրապարակվել առանց Նախարարության մեկնաբանությունների, բացառությամբ Նախարարության կողմից սահմանված ժամկետում համապատասխան մեկնաբանությունները չներկայացնելու դեպքերի: Հաշվետվություններն ու դրանց մեկնաբանությունները տեղադրվում են նաև Խմբի և Նախարարության պաշտոնական կայքէջում:
65. Խմբի անդամը քրեակատարողական հիմնարկներ կարող է այցելել ցանկացած օր (այդ թվում՝ ոչ աշխատանքային օր): Այցելությունները կատարվում են Խմբի առնվազն երկու անդամի մասնակցությամբ:
66. Խմբի անդամը ազատազրկվածների հետ, վերջիններիս ցանկության դեպքում, որպես կանոն, կարող է հանդիպել մեկուսի, իսկ Խմբի անդամի ցանկությամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ արգելք սահմանված չէ:
VIII. ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ
67. Խմբի նախագահը՝
1) կազմակերպում և ղեկավարում է Խմբի աշխատանքը.
2) իրականացնում է Խմբի անդամների միջև աշխատանքի բաշխում.
3) հրավիրում և վարում է Խմբի նիստերը.
4) հետևում է քրեակատարողական հիմնարկներ տարեկան այցելությունների կատարմանը և դրանց հիման վրա հաշվետվությունների ներկայացմանը.
5) Խմբի անդամի նիստերին երեք անգամ անհարգելի բացակայության դեպքում տվյալ անդամի լիազորությունների դադարեցման հարցը դրվում է քվեարկության.
6) Խմբի անդամի տարեկան այցելություններին երեք անգամից ավելի անհարգելի հիմունքով չմասնակցելու և այցելությունների հաշվետվությունները չներկայացնելու դեպքում տվյալ անդամի լիազորությունների դադարեցման հարցը դրվում է քվեարկության.
7) Խմբի անդամի կողմից էթիկայի կանոնները խախտելու և իր լիազորությունները վերազանցելու դեպքում տվյալ անդամի լիազորությունների դադարեցման հարցը դրվում է քվեարկության:
68. Խմբի անդամն իրավասու է՝
1) մասնակցել Խմբի նիստերին.
2) ներկայացնել առաջարկություն Խմբի նիստի օրակարգում ներառվելիք հարցերի, ինչպես նաև քննարկվող այլ հարցերի վերաբերյալ.
3) ծանոթանալ Խմբի գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերին, այդ թվում` նաև՝
ա. Խմբի նիստերի արձանագրություններին.
բ. այցելությունների արդյունքում կազմված հաշվետվություններին.
գ. Խմբի կողմից ընդունված որոշումներին.
դ. Խմբի կողմից կազմված դիմումներին և հարցումներին, ինչպես նաև դրանց պատասխաններին.
ե. Խմբի կողմից նախապատրաստվող ծրագրերին.
զ. ֆինանսական աղբյուրների մասին հաշվետվություններին և այլ փաստաթղթերին.
4) տեղյակ լինել Խմբի յուրաքանչյուր անդամի` այլ մարմինների հետ հանդիպումների, ինչպես նաև դրանց արդյունքների մասին, եթե դա կապված է Խմբի գործունեության հետ.
5) հանդես գալ Խմբի գործունեությանն առնչվող, ինչպես նաև Խմբի գործունեությունը բարելավող առաջարկություններով:
69. Խմբի անդամը պարտավոր է՝
1) տեղյակ պահել Խմբի քարտուղարությանը կամ նախագահին կատարվելիք այցելության ժամանակի, վայրի, ինչպես նաև՝ այցելությունն իրականացնող Խմբի անդամների կազմի մասին.
2) կատարել Խմբի կողմից ընդունված որոշումները.
3) իր գործունեությամբ նպաստել Խմբի հեղինակության բարձրացմանը.
4) Խմբի անունից հանդես գալուց առաջ կատարվելիք գործողությունները նախապես համաձայնեցնել Խմբի հետ.
5) չօգտագործել Խմբի անդամությունն անձնական շահերի համար.
6) հարգալից վերաբերմունք ցուցաբերել Խմբի անդամների, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների, ինչպես նաև` ազատազրկվածների նկատմամբ.
7) կատարված այցելության մասին սույն կարգով նախատեսված կարգով կազմել հաշվետվություն.
8) տեղեկություններ հրապարակելուց առաջ ստուգել դրանցում զետեղված տվյալների հիմնավորվածությունը և չխեղաթյուրել իրական փաստերը:
IX. ԽՄԲԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
70. Խումբն առնվազն ամիսը մեկ անգամ հրավիրում և անց է կացնում նիստեր, որոնց ընթացքում կայացվում են որոշումներ: Խմբի նիստերը, որպես կանոն, անց են կացվում դռնբաց, որոնց կարող են ներկա գտնվել Նախարարության, նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Խմբի նախագահի պատճառաբանված որոշմամբ Խմբի նիստերը կարող են անցկացվել դռնփակ` բացառությամբ այն նիստերի, որոնց ընթացքում ներկայացվում են տարեկան հաշվետվությունները: Խմբի հերթական նիստի անցկացման մասին առնվազն 3, իսկ արտահերթ նիստի դեպքում առնվազն 1 օր առաջ տեղեկացնում են Նախարարին և Խմբի անդամներին` նախապես ծանոթացնելով նիստի օրակարգին:
71. Խմբի արտահերթ նիստ կարող է հրավիրել՝
1) Խմբի յուրաքանչյուր անդամ.
2) Նախարարը կամ Նախարարության իրավասու ներկայացուցիչը:
72. Խմբի նիստը համարվում է կայացած, եթե ներկա է անդամների կեսից ավելին: Որոշման ընդունման համար անհրաժեշտ է Խմբի անդամների ձայների կեսից ավելին (բացառությամբ Խմբի գործունեության էթիկայի կանոնների հաստատման և Խմբի անդամի լիազորությունների դադարեցման համար ներկայացված միջնորդության դեպքում):
73. Տարեկան հաշվետվությունների հաստատման որոշումը ստորագրում են Խմբի բոլոր անդամները, իսկ ընթացիկ հաշվետվությունների հաստատման որոշումը ստորագրում է Խմբի նախագահը: Եթե Խմբի որևէ անդամ համաձայն չէ որոշմամբ հաստատված հաշվետվության որևէ կետի հետ, ապա այդ մասին կատարվում է համապատասխան նշում կամ հաշվետվությանը կից ներկայացվում է հատուկ կարծիք:
74. Խմբի ցանկացած անդամ կարող է արտահայտել իր անձնական դիրքորոշումը՝ հրապարակելով կամ արձանագրելով այն: Խմբի գործունեության էթիկայի կանոնները հաստատվում է Խմբի կողմից Խմբի անդամների երկու երրորդի հավանությամբ նախապես ներկայացնելով կարծիքի նախարարություն:
X. ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՄ ՓՈՐՁՆԱԿԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ
75. Խմբի անդամի կամ փորձնակի լիազորությունները կասեցվում են Նախարարի հրամանով, եթե.
1) ընդունվել է Խմբի անդամի կամ փորձնակի ձերբակալման կամ կալանավորման մասին որոշում.
2) առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից լիազորությունների կասեցման մասին ներկայացված համապատասխան միջնորդությունը:
76. Խմբի անդամի կամ փորձնակի լիազորությունները վերականգնվում են Նախարարի հրամանով, եթե վերացել են սույն կետի 1-ին ենթակետով նշված հանգամանքները, կամ առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Խմբի անդամի կամ փորձնակի լիազորությունների վերականգնման համար:
77. Խմբի անդամի կամ փորձնակի լիազորությունները դադարեցվում են, եթե.
1) լրացել է Խմբի անդամի կամ փորձնակի լիազորությունների ժամկետը.
2) առկա է Խմբի անդամի կամ փորձնակի դիմումն իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ.
3) առկա է Խմբի անդամի կամ փորձնակի թեկնածությունն առաջադրած կազմակերպության դիմումը՝ Խմբի անդամի լիազորությունների դադարեցման վերաբերյալ.
4) առկա են սույն կարգի 12-րդ կետով նախատեսված հիմքերը.
5) խախտել են սույն կարգով կամ Խմբի գործունեության էթիկայի կանոններով կամ քրեակատարողական ծառայության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված դրույթները.
6) առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից լիազորությունների դադարեցման մասին ներկայացված համապատասխան միջնորդությունը.
7) անհարգելի պատճառով թվով երեք անգամ Խմբի անդամը կամ փորձնակը բացակայել է Խմբի նիստերից.
8) Խմբի անդամը կամ փորձնակը անհարգելի պատճառով երեք անգամից ավելի չի մասնակցել օրացուցային տարվա ընթացքում Խմբի տարեկան այցելություններին և չի ներկայացրել տվյալ այցելությունների հաշվետվությունները:
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ
|
ՎԿԱՅԱԿԱՆ N__
_________________________
(անուն, ազգանուն)
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԱՆԴԱՄ
Ուժի մեջ է մինչև __ ___ 20__թ.
Նախարար` | |
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՓՈՐՁՆԱԿ
|
ՎԿԱՅԱԿԱՆ N__
________________________
(անուն, ազգանուն)
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ՓՈՐՁՆԱԿ
Ուժի մեջ է մինչև __ ___20__թ.
Նախարար` | |
Ձև 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՓՈՐՁԱԳԵՏ
|
ՎԿԱՅԱԿԱՆ N__
__________________________
(անուն, ազգանուն)
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ՓՈՐՁԱԳԵՏ
Ուժի մեջ է մինչև __ ___20__թ.
Նախարար` | |
Ձև 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՈՐՊԵՍ ԱՆԴԱՄ ԿԱՄ ՓՈՐՁՆԱԿ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՅՏ
|
Անուն |
|
Ազգանուն |
|
Անձնագրի համար |
|
Հեռախոսահամար |
|
Էլեկտրոնային փոստի հասցե |
|
Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ՝ |
1. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և պատճեն) |
2. Բարձրագույն ուսումնական հաստատության կամ մասնագիտական հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ավարտական վկայական՝ դիպլոմ (բնօրինակ և պատճեն) |
3. Ինքնակենսագրական |
4.Երաշխավորագիր |
5. այլ փաստաթղթեր (բնօրինակ և պատճեն) | |
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2022 թվական: