Համարը 
ՀՕ-284-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2022
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
07.07.2022
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.07.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».

2) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայանում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:»:

 

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում «դրական եզրակացություններն ուղարկվում են» բառերը փոխարինել «դրական եզրակացություններն առաջարկությամբ ուղարկվում են» բառերով, 5-րդ մասը «կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը» բառերից հետո լրացնել «և Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովից ստացված ամփոփ եզրակացությունները» բառերով, իսկ 6-րդ մասը «համաձայնությունը» բառից հետո՝ «, Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «դիմել մերժման» բառերը փոխարինել «դիմել դիմումը մերժելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն օրենքի 1-ին հոդվածում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հուլիսի 18

Երևան
ՀՕ-284-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2022 թվական: