Համարը 
ՀՕ-83-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.696
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.05.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.06.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառության իրավական հիմքերը և պետական կարգավորման սկզբունքները, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառության ոլորտում պետական կառավարման և այլ մարմինների լիազորությունները:

 

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

(վերնագիրը խմբ. 15.06.22 ՀՕ-254-Ն)

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) թանկարժեք մետաղներ` ոսկի, արծաթ, պլատին և պլատինե խմբի մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում և օսմիում), որոնք կարող են գտնվել ցանկացած վիճակում, տեսքով (այդ թվում՝ բնակտորային և զտարկված տեսքով), ինչպես նաև հումքի, ձուլվածքների, կիսաֆաբրիկատների, արդյունաբերական արտադրանքի, քիմիական միացությունների, արտադրանքի (իրերի), այդ թվում՝ ոսկերչական և այլ իրերի, մետաղադրամների, ջարդոնների և թափոնների տեսքով.

2) թանկարժեք քարեր` բնական ադամանդ, զմրուխտ, սուտակ, շափյուղա և ալեքսանդրիտ, ինչպես նաև բնական մարգարիտ՝ անմշակ (բնական) և մշակված տեսքով, բացառիկ սաթե գոյացություն: Թանկարժեք քարերի բնութագրերով (հատկություններով) արհեստական ծագման նյութերը չեն կարող դասակարգվել որպես թանկարժեք քարեր.

3) թանկարժեք մետաղներից պատրաստված իր` թանկարժեք մետաղներից և դրանց համաձուլվածքներից պատրաստված իրեր, որոնք ունեն ոսկերչական և այլ իրերի հարգորոշման, հետազոտման և հարգադրոշմման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պահանջներով սահմանված նվազագույն հարգից ոչ պակաս հարգ, այդ թվում՝ թանկարժեք քարերից, բնական կամ արհեստական ծագման կամ առանց դրանց այլ նյութերից, բացառությամբ էմիսիա անցած (այդ թվում՝ շրջանառությունից հանված) մետաղադրամների, ինչպես նաև պետական պարգևների, ներդիրներով տարբեր տեսակի դեկորատիվ մշակման օգտագործմամբ պատրաստված իրերի կամ իրերի՝ պատրաստված թանկարժեք մետաղներից և (կամ) թանկարժեք քարերից՝ տարբեր տեսակի դեկորատիվ մշակման օգտագործմամբ բնական կամ արհեստական ծագման նյութերից ներդիրներով.

4) թանկարժեք մետաղներից պատրաստված իրի արտադրություն` թանկարժեք մետաղներից պատրաստվող իրի արտադրական գործընթաց.

5) թանկարժեք մետաղների զտարկում` արդյունահանված թանկարժեք մետաղների մաքրման գործընթացը խառնուրդներից և հարակից քիմիական տարրերից՝ թանկարժեք մետաղների պարունակությունը հասցնելով այն հատկանիշներին, որոնք համապատասխանում են միջպետական ստանդարտների պահանջներին և (կամ) Հայաստանի Հանրապետության պետական (ազգային) ստանդարտներին և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական պայմաններին և (կամ) որակի միջազգային չափանիշներին՝ ընդունված Լոնդոնի Թանկարժեք մետաղների ասոցիացիայի (LBMA) և Լոնդոնի պլատինի և պալադիումի շուկայի (LPPM) մասնակիցների կողմից.

6) թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք` վաճառողի կողմից հրապարակային պայմանագրի կանոններին համապատասխան` անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառք.

7) բանկային ոսկի` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոսկի.

8) ստանդարտացված ձուլակտոր` ցանկացած չափի և սույն օրենքով նախատեսված հարգերին համապատասխանող թանկարժեք մետաղից պատրաստված ձուլակտոր, որն արտադրվել է զտարկող կազմակերպությունում.

9) հարգ` քիմիապես մաքուր թանկարժեք մետաղի զանգվածային խմբաքանակների քանակական պարունակությունը թանկարժեք մետաղի համաձուլվածքի մեկ հազար կշռային միավորի մեջ.

10) հարգորոշում` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մեջ թանկարժեք մետաղների ձուլվածքի հարգի որոշում կամ հաստատում.

11) հարգադրոշմ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նմուշի նշան, որը դրվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա, և որը հավաստում է այդ իրերի մեջ պարունակվող թանկարժեք մետաղի հարգը.

12) հարգադրոշմում` ոսկերչական և այլ իրերի վրա հարգի դրոշմում.

13) տարբերանիշ` դրոշմ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշողին և (կամ) հարգադրոշմողին.

14) անվանանիշ` արտադրողի նշան, որի դրոշմվածքը դրվում է պատրաստված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա.

15) տրոյական ունցիա` թանկարժեք մետաղների զանգվածի չափման միավոր, որը հավասար է 31.1034807 գրամի.

16) զտարկող կազմակերպություն` օրենքին համապատասխան` թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրություն իրականացնող կազմակերպություն.

17) թանկարժեք մետաղների դիլեր՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ, այդ թվում՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող անձ.

18) թանկարժեք մետաղների ջարդոն՝ արտադրանք (իրեր) թանկարժեք մետաղներից և դրանց ձուլվածքներից, դրա մասեր, որոնք դարձել են անպիտան կամ կորցրել են իրենց սպառողական հատկանիշները և (կամ) գործառնական նշանակությունը, չվերականգնվող խոտան, որն առաջացել է այդպիսի արտադրանքի (իրերի) արտադրության ընթացքում, ինչպես նաև թանկարժեք մետաղներ պարունակող հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների մնացորդներ, որոնք առաջացել են արտադրության և կամ օգտագործման ընթացքում, և որոնք հիմնականում օգտագործվել են թանկարժեք մետաղներ արդյունահանելու համար:

(2-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-93-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-232-Ն, լրաց. 23.06.15 ՀՕ-98-Ն, խմբ. 15.06.22 ՀՕ-254-Ն)

 

Հոդված 3.

Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառությունը և դրանց շրջանառության ժամանակ առաջացող հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը

 

Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառությունը և դրանց շրջանառության ժամանակ առաջացող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում (այսուհետ` միջազգային պայմանագրեր) սահմանված են այլ նորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(3-րդ հոդվածը փոփ. 13.11.15 ՀՕ-129-Ն)

 

Հոդված 4.

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության հսկողությունը

(վերնագիրը փոփ. 26.05.08 ՀՕ-93-Ն)

 

1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, գործունեության պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության օրենքներով (այսուհետ` օրենքներով)` իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից բանկային ոսկով և ստանդարտացված ձուլակտորներով իրականացվող գործառույթների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված հսկողությունն իրականացվում է`

ա) օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցում ներկայացրած սուբյեկտների կողմից` օրենքներով սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ.

բ) թանկարժեք մետաղներ զտարկելու, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրություն իրականացնող զտարկող կազմակերպությունների կողմից` օրենքներով սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ.

գ) օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող սուբյեկտների, ներառյալ՝ թանկարժեք մետաղների դիլերների կողմից` սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:

2.1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, գործունեության պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ, ինչպես նաև թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի նկատմամբ իրականացվող հսկողության (տեսչական վերահսկողության) շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված տեսչական մարմինը կարող է իրականացնել նմուշառում և լաբորատոր փորձաքննություն, որի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացմամբ:

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեությունների ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.05.08 ՀՕ-93-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-232-Ն, 13.11.15 ՀՕ-129-Ն, լրաց. 15.06.22 ՀՕ-254-Ն)


Գ Լ ՈՒ Խ  2


ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 5.

Թանկարժեք մետաղների զտարկումը, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեությամբ կարող են զբաղվել զտարկող կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն)` սահմանած պահանջների պահպանմամբ: Դրանցով սահմանվում են գործունեության իրականացման տեխնիկական անվտանգության և բնապահպանման պահանջները:

2. Զտարկող կազմակերպությունների կողմից արտադրվող բանկային ոսկին պետք է համապատասխանի սույն օրենքի 2-րդ հոդվածի «ը» կետին կամ միջազգային ստանդարտներին:

3. Զտարկող կազմակերպությունների կողմից արտադրված թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

ա) ձուլակտորների մակերեսին պետք է դրոշմված լինի արտադրող կազմակերպության անվանումը (անվանանիշը), ձուլակտորների քաշը՝ արտահայտված գրամներով, կիլոգրամներով կամ տրոյական ունցիաներով, մետաղի լատինատառ խորհրդանշանը և հարգը.

բ) մեկ կիլոգրամ և ավելի քաշի ձուլակտորների մակերեսի վրա պետք է դրոշմված լինի նրա սերիական համարը.

գ) ձուլակտորները չպետք է ունենան ծակոտիներ, խոռոչներ:

4. Զտարկող կազմակերպությունների այն աշխատակիցները, որոնք զբաղվում են զտարկման գործընթացով (աֆինաժ) պետք է ունենան համապատասխան որակավորում:

5. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել իրենց գործունեության մասին տեղեկություններ (հաշվետվություններ)` կառավարության սահմանած ժամկետներում, կարգով և չափանիշներով:

(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.10 ՀՕ-232-Ն)

 

Հոդված 6.

Հարգորոշումը և հարգադրոշմումը, ինչպես նաև այդ գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջները

 

1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի՝ Հայաստանի Հանրապետությունում հարգորոշումը և հարգադրոշմումը և դրանց հետ կապված գործողությունները կատարելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարկները, որոնք օրենքով սահմանված կարգով ներկայացրել են ծանուցում, և ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով չի մերժվել։

2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի՝ Հայաստանի Հանրապետությունում հարգորոշումը և հարգադրոշմումը և դրանց հետ կապված գործողություններ կատարելն արգելվում են այն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարկներին, որոնք միաժամանակ իրականացնում են հարգորոշման և հարգադրոշմման ենթակա ապրանքների արտադրություն կամ ներմուծում։

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման հետ կապված գործողություններ են նաև`

1) հակազդուկների պատրաստումը.

2) ստուգիչ տարրալուծումները.

3) քիմիական տարրալուծումները:

4. Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը պետք է հարգորոշվեն, հարգադրոշմվեն, ունենան տարբերանիշ և անվանանիշ, համապատասխանեն այն հարգերին, որոնք սահմանված են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պահանջներով։

5. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգերը, հարգորոշման և հարգադրոշմման պահանջները հաստատում է կառավարությունը։

6. Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնց հարգադրոշմը ցածր է համապատասխան թանկարժեք մետաղի համար սահմանված նվազագույն հարգադրոշմից, ինչպես նաև այն իրերը, որոնք պատրաստված են ոչ թանկարժեք մետաղների կիրառմամբ, ենթակա չեն հարգադրոշմման և իրացման որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր։ Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն կառավարության հաստատած պահանջներով՝ թանկարժեք մետաղների համար սահմանված նվազագույն հարգից ցածր հարգ, ենթակա չեն հարգադրոշմման և չեն կարող իրացվել որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր:

7. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման հանդեպ պահանջներով կարող են նախատեսված լինել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի պատրաստման ժամանակ ոչ թանկարժեք մետաղների կիրառման դեպքեր:

8. Արգելվում է հարգադրոշմել ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված և թանկարժեք մետաղներով պատված իրերը:

9. Թանկարժեք մետաղների համաձուլվածքներից պատրաստված իրերը, որոնք պատված են այլ թանկարժեք մետաղներով, պետք է հարգադրոշմվեն իրի հիմնական մետաղի հարգով:

10. Արգելվում է անընթեռնելի հարգադրոշմ, տարբերանիշ և անվանանիշ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը:

11. Պարտադիր հարգադրոշմման ենթակա չեն`

1) պետական մրցանակները, մետաղադրամները, թանկարժեք մետաղներից պատրաստված կենցաղային արտադրանքի մնացորդները, որոնք ներկայացված են տարբեր ձևերով․

2) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված գրիչների թանկարժեք մետաղներից փետուրները.

3) մակագրի համար նախատեսված թանկարժեք մետաղներից թիթեղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված գրքերի, ալբոմների, թղթապանակների և նմանատիպ իրերի կազմերը.

4) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք ունեն պատմական կամ հնագիտական նշանակություն, հայրենական և օտարերկրյա արտադրության թանկարժեք մետաղներից զտարկված ձուլակտորները (այդ թվում՝ բանկային ոսկին և ստանդարտացված ձուլակտորը), թանկարժեք մետաղների բնակտորները, թերթավոր ոսկին, թերթավոր արծաթը, մանր նախշերը և մանր զարդերը, որոնք պատրաստված են իրերի վրա պլատինից, ոսկուց, պալադիումից և (կամ) արծաթից դրվագազարդման միջոցով, սարքերը, լաբորատոր տարաները և թանկարժեք մետաղից պատրաստված, գիտական, արտադրական ու բժշկական նպատակների համար նախատեսված այլ իրեր.

5) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք ունեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանական դրոշմի դրոշմվածք և հարգորոշիչ դրոշմ.

6) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնց հանդեպ գործում են միջազգային պայմանագրեր, որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետության հարգադրոշմի փոխադարձ ճանաչում, և ունեն այդ պետության անվանական դրոշմի դրոշմվածք և հարգորոշիչ դրոշմ:

12. Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը, ինչպես նաև դրանց պատրաստման, հաշվառման և տնօրինման կարգը հաստատում է կառավարությունը:

13. Հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են՝

1) պահպանել կառավարության սահմանած համապատասխան տեխնիկական պահանջները և գործունեության պայմանները.

2) ունենալ կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնում գրանցված տարբերանիշ:

14. Հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող անձինք, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցները պետք է ունենան համապատասխան որակավորում:

(6-րդ հոդվածը լրաց. 23.06.15 ՀՕ-98-Ն, խմբ. 15.06.22 ՀՕ-254-Ն)

 

 

Հոդված 7.

Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորումները
(պարբերությունը հանվել է 13.11.15 ՀՕ-129-Ն)

 

1. Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորումներն իրականացնում են լիազոր մարմնի կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց անդամակցությամբ ստեղծված և առնվազն երկու տարի գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ մասնագիտացված կառույց) կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովները, ընդ որում, դրանց կազմում ընդգրկվում է առնվազն յոթ անդամ, որոնցից առնվազն հիսուն տոկոսը լիազոր մարմնի ներկայացուցիչներ են:

(պարբերությունը հանվել է 13.11.15 ՀՕ-129-Ն)

2. Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորումները սույն օրենքով սահմանված պահանջներին բավարարող թանկարժեք մետաղներ զտարկողի և (կամ) հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորում ստանալու համար որակավորման հանձնաժողովներին դիմած ֆիզիկական անձի մասնագիտական գիտելիքներն ստուգելու և ստուգման արդյունքների հիման վրա թանկարժեք մետաղներ զտարկողի կամ հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորման վկայականներ (այսուհետ` վկայական) տալու ընթացակարգ է:

Թանկարժեք մետաղներ զտարկողի և հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորումներն իրականացվում են համապատասխան որակավորման հանձնաժողովների կողմից կազմակերպվող և անցկացվող որակավորման քննությունների միջոցով՝ օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների շրջանակներում:

Վկայականները տալիս է համապատասխան որակավորման հանձնաժողովը:

3. Թանկարժեք մետաղներ զտարկողի և հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորման հանձնաժողովի կազմավորման կարգը և կանոնադրությունը հաստատում է լիազոր մարմինը, իսկ թանկարժեք մետաղներ զտարկողների և հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգերը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատում է կառավարությունը՝ լիազոր մարմնի ներկայացմամբ:

Որակավորումների կարգով սահմանվում են որակավորումների ստուգման ժամկետները, ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները, ստուգման համար նախապատրաստված հարցերի կամ խնդիրների քանակը, գնահատման կարգը, ստուգման անցկացման ձևը և նախատեսված ժամանակը, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, ստուգման արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև որակավորումը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ: Որակավորման քննությունների համար հարցերը նախապատրաստում է լիազոր մարմինը՝ նախապես քննարկելով մասնագիտացված կառույցի հետ (նման կառույցի առկայության պարագայում):

4. Որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով մասնագիտացված կառույցը գանձում է վճար, որի չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկը: Թանկարժեք մետաղներ զտարկողի և հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորումները լիազորված մարմնի կողմից անցկացվելու դեպքում գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով:

Որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այլ անձինք:

5. Որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն դիմողին, որը դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:

6. Որակավորման վկայականները տրվում են 3 տարի ժամկետով:

7. Որակավորում ստացած միևնույն անձին արգելվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն մեկից ավելի կազմակերպությունների կազմում կամ անունից գործունեություն իրականացնելը:

8. (մասն ուժը կորցրել է 21.12.15 ՀՕ-7-Ն)

(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.10 ՀՕ-232-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-129-Ն, 21.12.15 ՀՕ-7-Ն)

 

Հոդված 8.

Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը

(վերնագիրը փոփ. 26.05.08 ՀՕ-93-Ն)

 

1.  Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքն անհրաժեշտության դեպքում կարող է կանոնակարգվել կառավարության հաստատած կանոններով:

2. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը իրականացվում է միայն դրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի և տարբերանիշի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված իրերի, իսկ երեսակված թանկարժեք քարերի վաճառքը (իրացումը) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ֆիզիկական անձանց իրականացվում է յուրաքանչյուր թանկարժեք քարի կամ միասնական փաթեթում ներառված 2 և ավելի երեսակված թանկարժեք քարերի խմբաքանակի սերտիֆիկատի (վկայականի) առկայության դեպքում: Սերտիֆիկատի (վկայականի) տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

3. Եթե սույն օրենքով պարտադիր հարգորոշման և հարգադրոշմման ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը և տարբերանիշը չի համապատասխանում սույն օրենքով նախատեսված պահանջներին, ապա այդ իրերի հարգորոշման, հարգադրոշմման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը` իր հաշվին:

4. Մանրածախ առուվաճառքի ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը պարտադիր պետք է կրեն թանկարժեք մետաղի հարգը, կշիռը, իսկ եթե այդ իրերի վրա առկա են թանկարժեք քարեր, ապա այդ քարերի կշռի և որակի բնութագրերի մասին` տեղեկություններ պարունակող պիտակ:

5. Թանկարժեք մետաղների ջարդոնների և թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքների մանրածախ առուվաճառքի կարգը` կապված հարգորոշման և (կամ) հարգադրոշմման հետ, սահմանում է կառավարությունը:

6. Սույն օրենքով սահմանված մանրածախ առուվաճառքի հետ կապված պայմանների կատարման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը:

(8-րդ հոդվածը փոփ. 26.05.08 ՀՕ-93-Ն, խմբ. 23.06.15 ՀՕ-98-Ն, 15.06.22 ՀՕ-254-Ն)

 

Հոդված 9.

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, ջարդոնների և նախապատրաստվածքների ներմուծումն ու արտահանումը

 

1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծելիս, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նշված դեպքերի, ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով հարգորոշման և հարգադրոշմման` հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց կողմից: Նշված ռեժիմով ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պարտականությունը կրում է ներմուծողը: Ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց ընտրությունը կատարում է ներմուծողը:

2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը կարող են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվել առանց սույն օրենքով հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց կողմից դրված հարգադրոշմի, եթե`

ա) (կետն ուժը կորցրել է 15.06.22 ՀՕ-254-Ն)

բ) այդ իրերը ներառված են սույն օրենքի 6-րդ հոդվածի յոթերորդ մասում.

գ) այդ իրերը ներմուծվում են ֆիզիկական անձանց կողմից և չեն գերազանցում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա կառավարության սահմանած ակնհայտ առևտրային քանակության նվազագույն չափը:

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի` «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ մաքսային ընթացակարգերով բաց թողնված ներմուծման ժամանակ հարգի առկայությունը պարտադիր չէ:

4. Թանկարժեք մետաղների ջարդոնները և թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքները ներմուծելիս հիմք է ընդունվում այդ իրերի քանակը, տեսակը, հարգը և կշիռը հավաստող տեղեկանքը, որը տրամադրում է հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած անձինք:

5. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտահանման ժամանակ, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման, այդ իրերի վրա հարգադրոշմի և տարբերանիշի առկայությունը պարտադիր չէ:

6. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասի 6-րդ կետով նախատեսված իրերը, որոնք ներմուծվել են Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, վաճառքի նպատակով Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածք տեղափոխելիս ենթակա են դրոշմավորման Հայաստանի Հանրապետության հարգադրոշմով:

(9-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.06.15 ՀՕ-98-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-129-Ն, փոփ., լրաց. 15.06.22 ՀՕ-254-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3


ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑԵԼԸ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԸ
(վերնագիրը փոփ. 08.12.10 ՀՕ-232-Ն, խմբ. 13.11.15 ՀՕ-129-Ն,
15.06.22 ՀՕ-254-Ն)

 

Հոդված 10.

Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումը
(հոդվածն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-232-Ն)

 

Հոդված 11.

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցումը
(վերնագիրը խմբ. 13.11.15 ՀՕ-129-Ն)

 

1. Ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեությամբ, պարտավոր է այդ մասին ծանուցել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի նկատմամբ ստուգումներն ու հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ փաստաթղթային հսկողության և տեղում ստուգումների միջոցով: Դրանց արդյունքներով կիրառվում են օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձին հաշվառելուց հետո` 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինն այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին՝ վերջիններիս տրամադրելով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությամբ զբաղվող անձանց տարբերանիշերի արտատիպերը:

(11-րդ հոդվածը խմբ. 13.11.15 ՀՕ-129-Ն)

 

Հոդված 11.1. Թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող անձանց ռեեստրը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հաշվառման նպատակով վարվում է ռեեստր։

2. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն, պետք է հաշվառվեն ռեեստրում։

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ռեեստրի վարումն իրականացնում է կառավարության լիազոր մարմինը՝ իր հաստատած ռեեստրի վարման և հաշվառման կարգին համապատասխան։

(11.1-ին հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-254-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4


ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ


Հոդված 12.

Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները

 

Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.

ա) (կետն ուժը կորցրել է 15.06.22 ՀՕ-254-Ն)

բ) ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցում.

գ) ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցում.

դ) մասնագիտական որակավորումից զրկում:

(12-րդ հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-232-Ն, խմբ. 13.11.15 ՀՕ-129-Ն, փոփ. 15.06.22 ՀՕ-254-Ն)

 

Հոդված 13.

Տուգանքը

(հոդվածն ուժը կորցրել է 15.06.22 ՀՕ-254-Ն)

 

Հոդված 14.

Ծանուցված գործունեության կասեցումը

(վերնագիրը խմբ. 13.11.15 ՀՕ-129-Ն)

 

1. Լիազոր մարմինն իրավասու է կասեցնելու ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև եթե խախտվել է սույն օրենքի`

1) 6-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված պահանջներից որևէ մեկը.

2) 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված պահանջը:

(14-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-232-Ն, խմբ. 13.11.15 ՀՕ-129-Ն)

 

Հոդված 15.

(հոդվածն ուժը կորցրել է 13.11.15 ՀՕ-129-Ն)

 

Հոդված 15.1.

Մասնագիտական որակավորումից զրկելը

 

1. Լիազոր մարմինը կարող է անձին զրկել զտարկողի որակավորումից, եթե նա՝

ա) խախտել է սույն օրենքը, դրա հիման վրա ընդունված զտարկողի գործունեությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերը և կարգերը.

բ) կատարել է այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով այլ անձինք կրել են կամ կարող էին կրել ֆինանսական կամ այլ վնասներ.

գ) չի համապատասխանում լիազոր մարմնի սահմանած մասնագիտական որակավորման չափանիշներին.

դ) իր գործունեության ընթացքում չի պահպանել զտարկման գործունեությանը վերաբերող` Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտները կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված չափանիշները.

ե) օրենքներով սահմանված այլ դեպքերում:

2. Լիազոր մարմինը կարող է անձին զրկել հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորումից, եթե նա՝

ա) խախտել է սույն օրենքը, դրա հիման վրա ընդունված հարգորոշողի և հարգադրոշմողի գործունեությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերը և կարգերը.

բ) կատարել է այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով այլ անձինք կրել են կամ կարող էին կրել ֆինանսական կամ այլ վնասներ.

գ) չի համապատասխանում լիազոր մարմնի կողմից սահմանված մասնագիտական որակավորման չափանիշներին.

դ) օրենքներով սահմանված այլ դեպքերում:

(15.1-ին հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-232-Ն)

 


Գ Լ ՈՒ Խ  5


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԳԵՐԸ


Հոդված 16.

Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված հարգերը

(հոդվածն ուժը կորցրել է 15.06.22 ՀՕ-254-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ


Հոդված 17.

Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը

 

1. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանին (այսուհետ՝ գանձարան) վերապահված խնդիրների լուծումն ու գործառույթների իրականացումն ապահովում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:

2. Գանձարանի հիմնական խնդիրներն են`

ա) պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի հաշվառումը և կառավարումը.

բ) գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի հաշվառման և պահպանման ապահովումը.

գ) պետության կարիքների համար օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան` թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի գնումն ու վաճառքը:

3. Գանձարանը սույն օրենքով լիազորված է իրականացնել հետևյալ հիմնական գործառույթները`

ա) հաշվառում և կառավարում է պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների.

բ) կատարում է կառավարության որոշումները թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստները ձևավորելու և համալրելու մասին, կնքում պայմանագրեր թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր արդյունահանող, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրող կազմակերպությունների հետ պետական պահուստները համալրելու նպատակով թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի մատակարարումների մասին, ապահովում է դրանց դիմաց վճարումները, ստացված արժեքների մուտքագրումը, պահպանությունը և իր հաշվեկշռում հաշվառումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` բռնագրավված, տիրազուրկ ճանաչված, ժառանգության իրավունքով և այլ հիմքերով պետությանն անցած արժեքների մուտքագրումը պետական պահուստներ:

4. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների և դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը հաստատում է կառավարությունը:

5. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների վիճակի ստուգումներն իրականացնում է լիազոր մարմինը:

(17-րդ հոդվածը խմբ. 07.07.22 ՀՕ-292-Ն)

 

Հոդված 18.

Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող և գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարումը

 

1. Պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած` թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները հաշվառվում են այդ կազմակերպության հաշվեկշռում և ընդգրկվում են յուրաքանչյուր գույքագրման արդյունքում և կարող են հանձնվել բացառապես գանձարան:

2. Պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե այլ անձանց օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 3.000-ապատիկ արժողությամբ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները գանձարանից տրվում են պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցվելուց հետո, իսկ 3.000-ապատիկը գերազանցելու դեպքում` կառավարության սահմանած կարգով:

3. Պետական մարմիններում, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարումը պետք է համաձայնեցվի պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի հետ: Նշված իրերի հաշվառման և օտարման կարգը սահմանում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:

4. Պետական մասնակցությամբ կազմակերպությունների լուծարման դեպքում դրանց մնացորդային գույքից պետական բաժնեմասին հասանելիք գույքի կազմում առկա թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը հանձնվում են գանձարան:

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման ենթակա իրավաբանական անձանց գույքի կազմում առկա թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը, այդ իրավաբանական անձանց մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների ընթացքում կառավարության որոշմամբ կարող են առանձնացվել ընկերության հաշվեկշռից և փոխանցվել գանձարան:

 

Հոդված 19.

Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը

 

1. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը (այսուհետ` պետական պահուստ)` պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի հանրագումարն է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային և այլ կարիքներն ապահովելու համար: Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, պետական պահուստի արժեքները ենթակա են պարտադիր հաշվառման գանձարանի կողմից:

2. Պետական պահուստը կարող է համալրվել`

ա) պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ներքին և արտաքին շուկաներից ձեռք բերված թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով.

բ) օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, ժառանգության իրավունքով կամ նվիրատվությամբ պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով.

գ) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորներով ու գանձերով.

դ) պետական պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերներով.

ե) այլ հիմքերով պետության սեփականությանը անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով:

3. Գանձարանը պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի միջոցով կառավարությանն է ներկայացնում հաշվետվություն՝ տվյալ ֆինանսական տարում պետական պահուստի համալրման ու ծախսման մասին:

 

Հոդված 20.

Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստը

 

1. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստը (այսուհետ` ազգային պահուստ) պետական պահուստի բաղկացուցիչ մասն է, որը պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային, թանգարանային, գիտական և գեղարվեստական նշանակություն ունեցող հազվագյուտ ոսկերչական և այլ կենցաղային իրերի ու կրոնական պաշտամունքի առարկաների հավաքածու է:

2. Ազգային պահուստի արժեքներն անձեռնմխելի և անբաժանելի են, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը և ենթակա չեն օտարման (այդ թվում՝ ներդրման պետական մասնակցությամբ առևտրային ընկերությունների կանոնադրական կապիտալում) կամ վարձակալության: Ազգային պահուստի արժեքները կարող են ամրակցվել պետական հիմնարկներին և ոչ առևտրային կազմակերպություններին` ըստ նշանակության օգտագործման իրավունքով: Ազգային պահուստի արժեքները կարող են օգտագործվել ցուցադրման կամ գիտական հետազոտությունների նպատակով` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա տարածքից դուրս՝ կառավարության թույլտվությամբ:

3. Ազգային պահուստում արժեքների հաշվեգրումն իրականացվում է կառավարության որոշումներով՝ փորձագիտական եզրակացությունների հիման վրա, որի անցկացման կարգը սահմանում է կառավարությունը` պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ: Գանձարանն իրականացնում է ազգային պահուստում հաշվեգրման ենթակա արժեքների հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը և կառավարության հանձնարարությամբ` դրանց ցուցադրումը: Ազգային պահուստում հաշվառման են ենթակա նաև պետական և համայնքային թանգարաններում և մշակութային կազմակերպություններում, արխիվներում գտնվող թանկարժեք մետաղները, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը:

(20-րդ հոդվածը խմբ. 07.07.22 ՀՕ-292-Ն)

 

Հոդված 21.

Հայաստանի Հանրապետության ոսկու պահուստը

 

Հայաստանի Հանրապետության ոսկու պահուստը (այսուհետ` ոսկու պահուստ) Հայաստանի Հանրապետության ոսկեարժութային պահուստի մասն է և կազմված է ստանդարտացված ձուլակտորներից և բանկային ոսկուց` հանդիսանալով պետական սեփականություն: Ոսկու պահուստը նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման համար և գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում, որի տիրապետումը, օգտագործումը և տնօրինումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Ոսկու պահուստը նախատեսված է պետական ֆինանսական քաղաքականություն վարելու և արտակարգ իրավիճակներում պետական անհապաղ կարիքները բավարարելու համար: Ոսկու պահուստը ձևավորվում է իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ոսկու, առանձին դեպքերում՝ նաև այլ թանկարժեք մետաղների բանկային և ստանդարտացված ձուլակտորների գնման միջոցով: Ոսկու պահուստը պահպանվում է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ այլ երկրների կենտրոնական ու առևտրային բանկերում բացված մետաղական հաշիվներում:

 

Հոդված 22.

Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր գնելու պետության նախապատվության իրավունքը

 

1. Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորները կարող են իրացվել՝ պահպանելով ստորև նշված մարմինների գնման նախապատվության իրավունքը`

ա) Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնին՝ պետական պահուստի համալրման նպատակով.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ ոսկու պահուստի համալրման նպատակով:

Գնման նախապատվության իրավունքից վերոնշյալ պետական մարմինների հրաժարվելու դեպքում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների սեփականատերերն այդ արժեքները կարող են վաճառել այլ սուբյեկտների, բայց ոչ պակաս, քան սույն մասում նշված գնման նախապատվության իրավունք ունեցող սուբյեկտներին առաջարկված գնով:

2. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնակտորների հազվագյուտ լինելու չափանիշները, գնահատման և վճարման պայմաններն ու կարգը սահմանում է կառավարությունը:

3. Եթե թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորները, որոնք, սույն հոդվածի առաջին մասին համապատասխան, առաջարկվել են գանձարանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, ու վերջիններս հրաժարվել են այդ արժեքները ներկայացված գներով ձեռք բերելու նախապատվության իրավունքից, ապա այդ արժեքները վաճառող սուբյեկտի պահանջի դեպքում նշված մարմինները 7 օրվա ընթացքում պարտավոր են տալ տեղեկանք` առաջարկված արժեքները գնելու նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին:

Գ Լ ՈՒ Խ  7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 23.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 19
Երևան
ՀՕ-83-Ն

Հավելված
«Թանկարժեք մետաղների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԳԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 15.06.22 ՀՕ-254-Ն)