Համարը 
N 1224-Լ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Հրապարակվել է միասնական կայքում 08.08.2022
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.08.2022
Ստորագրող մարմինը 
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.08.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.08.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1224-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի Էկոնոմիկայի նախարարության բաժնի 2․1-ին, 2.2-րդ կետերը և 2.3-րդ կետի 4-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով, ինչպես նաև որոշմամբ հաստատված հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով և հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ».

2) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով.

«3. Հաստատել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառումը՝ համաձայն N 2 հավելվածի։

4. Սույն որոշման 3-րդ կետով հաստատված միջոցառումների իրականացումը վերապահել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին կամ դրա իրավահաջորդին։

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կամ դրա իրավահաջորդի հետ կնքել սույն որոշման 3-րդ կետով հաստատված միջոցառումների իրականացման վերաբերյալ պայմանագիր:».

4) որոշման հավելվածում՝

ա․ նախագծի N 1 հավելվածում «սարքեր, սարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր» և «սարք, սարքավորումներ, բաղկացուցիչ մասեր» արտահայտություններըուղղ. բոլոր հոլովաձևերով փոխարինել «մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր» արտահայտությամբ,

բ․ 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2․ Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը.»,

գ․ 5-րդ կետի 1-ին ենթակետը «պայմանագիրը» բառից առաջ լրացնել «գնորդի և մատակարարի միջև» բառերով,

դ․ 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) արժույթը՝ դրամով կամ արտարժույթով.»,

ե․ 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) դրամով և արտարժույթով վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս․»,

զ․ 6-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) վարկի/լիզինգի տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր/տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում․»,

է․ 6-րդ կետի 9-րդ ենթակետում «սարքերի, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգի/վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը» բառերը փոխարինել «մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը» բառերով,

ը․ 6-րդ կետի 9-րդ ենթակետի «ա», «բ», «գ» պարբերություններից հանել «/» կետադրական նշանը, «վարկ» և «վարկառու» բառերը բոլոր հոլովաձևերով,

թ. 6-րդ կետի 9-րդ ենթակետի «բ» պարբերությունումուղղ. «սարքերի, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի» բառերը փոխարինել «մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի» բառերով,

ժ․ 6-րդ կետի 9-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» և «ե» պարբերություններով.

«դ. վարկային պայմանագրի շրջանակներում մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման համար վարկառուի կողմից որպես կանխավճար վճարված գումարի վրա կանխավճարի վճարման օրվանից մինչև վարկի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման (կամ մաքսային հայտարարագրի) ամսաթիվը հաշվարկվում է տոկոսադրույք (կամ դրան հավասարեցված վճար)։ Նշված տոկոսադրույքը (կամ դրան հավասարեցված վճարը) սուբսիդավորվում է մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հանձնման-ընդունման ակտի ստորագրումից հետո միանվագ՝ ծրագրով սահմանված ընթացակարգով և չի կարող գերազանցել վարկի պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը: Ընդ որում, մատակարարման փուլի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած վարկի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող օրերի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է վարկառուն,

ե. մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը չմատակարարվելու դեպքում սույն ենթակետի «դ» պարբերությունում նշված տոկոսագումարը ենթակա չէ սուբսիդավորման, իսկ տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է վարկառուն:».

ժա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.

«8.1. Սույն հավելվածի 6-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» և «դ» պարբերություններով նախատեսված հանձնման-ընդունման ակտի ստորագրումից հետո վարկի/լիզինգի սուբսիդավորումն իրականացվում է սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափերով, վարկի/լիզինգի մարման ժամկետի՝ սույն հավելվածի 6-րդ կետում նշված ժամանակահատվածի համար:»,

ժբ. 13-րդ կետում «Մեծ Քառյակ» արտահայտությունը փոխարինել «500 մլն դրամ և ավելի շրջանառություն ունեցող» արտահայտությամբ,

ժգ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«15․ Սույն միջոցառման իմաստով նպատակային է համարվում այն վարկ/լիզինգը, որը տրամադրվել է ստորև աղյուսակում ներկայացված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների և որոշման 5-րդ կետով սահմանված օգտագործման նպատակների համադրությամբ՝

 

Գործունեության նպատակ

Օգտագործման նպատակ

C (ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ»

մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում

B (ԲԻ) «ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» (բացառությամբ 7-րդ հատվածի)

մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում

J (ՋԵՅ) «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ»

մեքենասարքավորումների և դրանց
բաղկացուցիչ մասերի ձեռքբերում

F (ԷՖ) «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»

մեքենասարքավորումների և դրանց
բաղկացուցիչ մասերի ձեռքբերում

H (ԷՅՋ) «ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

մեքենասարքավորումների և դրանց
բաղկացուցիչ մասերի ձեռքբերում

M (ԷՄ) «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ»

մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում

P (ՓԻ) «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»

մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում

Q (ՔՅՈՒ) «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ»

մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում

 

Ընդ որում, որոշման համատեքստում որպես տնտեսական գործունեության դասակարգիչ է դիտարկվում այն ոլորտային դասակարգիչը, որի համար շահառուն դիմում է ֆինանսավորման։»,

ժդ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.

«15.1. Սույն միջոցառման շրջանակներում վարկ է համարվում նաև փաստաթղթային ակրեդիտիվը, և փաստաթղթային ակրեդիտիվի միջոցով տրամադրվող ֆինանսավորումը ևս ենթակա է սուբսիդավորման՝ սույն միջոցառմամբ սահմանված վարկի պայմաններով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

05.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 4-ի N 1224-Լ որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 26-ի N 355-Լ որոշման

 

ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Միջոցառման նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ընկերությունների արտադրողականությունը:

2. Միջոցառման խնդիրն է աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների:

 

2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

3. Սույն միջոցառման իմաստով՝

1) տնտեսավարող են համարվում Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք աջակցության համարf դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում ներգրավել են սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված բարձր որակավորում ունեցող մասնագետների (այսուհետ` ԲՈՈՒՄ).

2) ԲՈՈՒՄ է համարվում այն մասնագետը, ով տնտեսավարողի կողմից ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և բավարարում է հետևյալ պայմաններից գոնե մեկին՝

i. ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար 400 (չորս հարյուր) ԲՈՒՀ-երից որևէ մեկը և ստացել է բակալավրի, մագիստրոսի և/կամ դոկտորի որակավորում/աստիճան (կամ տվյալ երկրում ընդունված համապատասխան այլ բարձրագույն կրթական որակավորում/աստիճան),

ii. ունի նվազագույնը 10 (տասը) տարվա աշխատանքային փորձ հետևյալ վարկանիշային կամ ինդեքս թողարկող ընկերությունների կողմից թողարկված վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերություններում՝ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia.

3) միջոցառման իմաստով ԲՈՈՒՄ-ներին վճարված աշխատավարձեր և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում վերջիններիս համար պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատավարձերը և դրանց հավասարեցված այլ վճարումները (ներառյալ հարկերը, պարտադիր այլ վճարները):

 

3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

4. Միջոցառմամբ նախատեսվում է փոխհատուցել տնտեսավարողների կողմից ներգրավված ԲՈՈՒՄ-երին վճարված աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարումները 1 ԲՈՈՒՄ-ի համար համաձայն հետևյալ սանդղակի`

1) սույն միջոցառման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ԲՈՈՒՄ-երին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների առավելագույնը 20%-ը, սակայն ոչ ավելի, քան ամսական 1 000 000 (մեկ միլիոն) դրամ և ոչ ավելի, քան փոխհատուցման ժամանակահատվածի համար վճարված եկամտային հարկը.

2) բացառություն են կազմում դոկտորական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-երը, որոնց դեպքում կփոխհատուցվի վճարված աշխատավարձերի և դրան հավասարեցված այլ վճարումների առավելագույնը 50%-ը, սակայն ոչ ավելի, քան ամսական 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամը, իսկ վերջիններիս կողմից նաև Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երում դասավանդելու դեպքում հիմնական աշխատավայրի աշխատավարձի նշյալ փոխհատուցումից բացի, կփոխհատուցվի նաև բարձրագույն ուսումնական հաստատության կողմից վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 70%-ը, սակայն ոչ ավելի, քան գումարային ամսական 2 000 000 (երկու միլիոն) դրամը:

 

4. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Աջակցություն ստանալու նպատակով տնտեսավարողները պարտավոր են իրականացնող մարմին ներկայացնել`

1) սույն միջոցառման շահառու դառնալու մասին դիմում-հայտ, որում պարտադիր նշվում է ընկերության անվանումը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրի հասցեն և բանկային տվյալները.

2) սույն միջոցառման 3-րդ կետում նշված պայմանները բավարարող ԲՈՒՀ-երից որևէ մեկի բարձրագույն կրթությունը կամ գիտական աստիճանը հիմնավորող վկայականի բնօրինակը կամ պաշտոնական պատճենը և/կամ 3-րդ կետում նշված պայմանները բավարարող ընկերություններում աշխատելու հետևյալ հիմքերը`

i. պաշտոնական տեղեկանք նշված ընկերություններից որևէ մեկից, որում պետք է հստակ նշված լինի քանի տարի է տվյալ մասնագետն աշխատել այդ ընկերությունում և ինչ պաշտոններ է զբաղեցրել,

ii. մասնագետի նախկին աշխատավայրի ղեկավար անձնակազմից համապատասխան անձի/անձանց անունը, ազգանունը, պաշտոնը, էլ․ հասցեն, հեռախոսահամարը` սույն միջոցառման 3-րդ կետում նշված տեղեկությունները հաստատելու համար.

3) ԲՈՈՒՄ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի) պատճենը Հայաստանի Հանրապետությունում գտնվող ընկերությունից.

4) ԲՈՈՒՄ-ի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

5) ԲՈՈՒՄ-ի համաձայնությունը սույն միջոցառման շրջանակներում իրականացնող մարմնի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) կողմից անձնական տվյալների, այդ թվում՝ աշխատավարձի չափի, վճարված հարկերի վերաբերյալ տեղեկությունների փոխանցման, ստացման, մշակման վերաբերյալ:

6. Սույն միջոցառման 7-րդ կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները միջոցառման պահանջները բավարարելու դեպքում իրականացնող մարմինը ՊԵԿ-ին պաշտոնական գրությամբ ներկայացնում է հարցում, որի հիման վրա ՊԵԿ-ը 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնող մարմնին է ներկայացնում ԲՈՈՒՄ-ի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, եկամտային հարկի չափի վերաբերյալ տեղեկություններ` ըստ ամիսների:

7. Սույն միջոցառման պահանջները բավարարող դիմում-հայտերի փոխհատուցումները փոխանցվում են տնտեսավարողների դիմում-հայտում նշված բանկային հաշիվներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15 օրվա ընթացքում:

8. Փոխհատուցումները տրամադրվում են միայն դիմումի բավարարման պահից հետո ԲՈՈՒՄ-ներին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների դիմաց և չեն տրամադրվում դիմումին նախորդող շրջանում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների համար։

9. Փոխհատուցման տրամադրումը մերժվում է, եթե տնտեսավարողի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները և տվյալները չեն համապատասխանում իրականությանը կամ սույն միջոցառման պահանջներին։

10. Փոխհատուցումները տրամադրվում են դիմումի հաստատումից սկսած իրար հաջորդող 36 ամիսների համար:

 

5. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

11. Աջակցությունը տրամադրվում է սույն միջոցառմամբ սահմանված պահանջները բավարարող տնտեսավարողներին` պայմանով, որ աջակցության համար դիմելուն նախորդող առնվազն 2 ամսվա (անընդմեջ) ընթացքում ԲՈՈՒՄ-ը հանդիսացել է տվյալ տնտեսավարողի աշխատակից:

12. Սույն միջոցառման վերջնաժամկետ է սահմանվում 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ