Համարը 
N 1067-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 29.06.2023
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.06.2023
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.06.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.06.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում մատուցված՝ առողջապահության և կրթության ծառայությունների համար 2023 թվականի հունվարի 1-ից հետո դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված՝ առողջապահության և կրթության ծառայությունների գծով կատարված ծախսերի մասով:

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2023 թվականի N 1067-Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում մատուցված՝ առողջապահության և կրթության ծառայությունների համար 2023 թվականի հունվարի 1-ից հետո դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված՝ առողջապահության և կրթության ծառայությունների գծով կատարված ծախսերի մասով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 29-ի N 1067-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունների, ընտանիքի անդամների շրջանակի և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերի հետ կապված հարաբերությունները:

2. Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգրքի) 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակացույցի համաձայն՝ տվյալ հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի` սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձը հաշվետու հարկային տարվա համար դրան հաջորդող հարկային տարվա ընթացքում օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը):

3. Ֆիզիկական անձի կողմից կատարված սոցիալական ծախսերի հիմնավորման նպատակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարի (այսուհետ՝ ՀԾՀ) առկայությունը պարտադիր է:

4. Սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով հաշվարկային փաստաթղթում, բացի ծառայություն ստացող ֆիզիկական անձի կամ իր ընտանիքի անդամի տվյալներից, այդ թվում՝ ՀԾՀ-ից, պետք է ներառվեն նաև սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական անձի անձնական տվյալները, այդ թվում՝ ՀԾՀ-ն։

5. Սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները): Ընտանիքի անդամ հանդիսանալը հիմնավորվում է հետևյալ փաստաթղթերով.

1) ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական.

2) ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական.

3) զավակի դեպքում՝ ծննդյան վկայական.

4) որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ:

6. Առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերը: Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ տվյալ հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ հանդիսացող՝ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառուները առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռք բերման ծախսերի մասով:

7. Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները:

8. Առանձին ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափեր են համարվում`

1) առողջապահության գծով սոցիալական ծախսի համար՝ տարեկան առավելագույնը 50.000 դրամը.

2) կրթության գծով սոցիալական ծախսի համար՝ տարեկան առավելագույնը 100.000 դրամը:

9. Ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2023 թվական: