Համարը 
ՀՕ-154-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2005.08.12/51(423) Հոդ.984
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
07.07.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.08.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.04.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 7-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 13-րդ հոդվածում «վճիռներ և որոշումներ» բառերը փոխարինել «վճիռներ, որոշումներ և վճարման կարգադրություններ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 44-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Քաղաքացիական գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 95-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 95. Հայցադիմումի պատասխանը

 

1. Հայցադիմումը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, պատասխանողը պարտավոր է դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ` դրան կցելով հայցի դեմ իր առարկությունները հաստատող փաստաթղթեր կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն` մինչև երկու շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ:

Պատասխանողը պարտավոր չէ ներկայացնել հայցադիմումի պատասխանը, եթե երկշաբաթյա ժամկետում ներկայացրել է հակընդդեմ հայց:

Սույն օրենսգրքով, գործերի քննության և լուծման երկամսյա ժամկետի համեմատ ավելի կրճատ ժամկետներ սահմանված լինելու դեպքում, պատասխանողը մինչև գործի քննությունն իրավունք ունի դատարան և գործին մասնակցող այլ անձանց պատասխան ուղարկելու հայցադիմումի վերաբերյալ` դրան կցելով հայցի դեմ իր առարկությունները հաստատող փաստաթղթեր:

2. Պատասխանում նշվում են`

1) դատարանի անվանումը.

2) հայցվորի անունը (անվանումը).

3) հայցվորի պահանջները լրիվ կամ մասնակիորեն մերժելու շարժառիթները, ինչպես նաև այդ պահանջների վերաբերյալ առարկությունները հիմնավորող ապացույցները.

4) պատասխանին կցվող փաստաթղթերի ցանկը:

Պատասխանում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները:

3. Պատասխանն ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը:

Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիր:

Պատասխանողի ներկայացրած պատասխանը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դատարանն այն ուղարկում է հայցվորին:

4. Սույն հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությամբ նախատեսված պատասխանը չներկայացվելու դեպքում, դատարանն իրավունք ունի գործի նյութերով կայացնելու վճիռ, եթե դա հնարավոր է:»:
 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 361-րդ գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  361.  Վ Ճ Ա Ր Մ Ա Ն  Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ա Ր Ձ Ա Կ Ե Լ ՈՒ  Գ Ո Ր Ծ Ե Ր Ի  Վ Ա Ր ՈՒ Յ Թ Ը

Հոդված 2041. Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի թույլատրելիությունը

 

1. Որոշակի դրամական պահանջներով թույլատրելի է վճարման կարգադրություն արձակել գործերի վարույթ (ստորև՝ կարգադրության վարույթ)՝ սույն գլխի դրույթներին համապատասխան: Սույն գլխում պահանջը համարվում է որոշակի, եթե այն սահմանված է կողմերի համաձայնությամբ կամ կարող է ճշգրիտ որոշվել օրենքի կամ պայմանագրի հիման վրա:

2. Կարգադրության վարույթ թույլատրելի չէ, երբ`

1) դրամական պահանջը կապված է դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ.

2) ներկայացված պահանջի հիմքում ընկած է վարկային պայմանագիրը, և նախատեսված տոկոսադրույքը պայմանագրի կնքման պահին եղել է ավելի, քան օրենքով սահմանված տոկոսադրույքը:

Հոդված 2042. Վճարման կարգադրություն արձակելու դիմումը

 

1. Դատարան ներկայացվող դիմումը պետք է ուղղակիորեն պարունակի պահանջ վճարման կարգադրություն արձակելու մասին և ներառի հետևյալ տվյալները.

1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.

2) կողմերի անունները (անվանումները), հասցեները (գտնվելու վայրը).

3) հիմնական և լրացուցիչ պահանջների հիմքը և չափը` առանձին-առանձին.

4) պահանջը հաստատող ապացույցները.

5) հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են.

6) դիմում ներկայացնողի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի ստորագրությունը:

Եթե դիմումը ստորագրված է դիմողի օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի կողմից, ապա դիմումին կցվում են նաև վերջիններիս ներկայացուցչությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը:

2. Եթե պարտավորությունն ապահովված է գրավով, և դիմումատուն ցանկանում է հանդես գալ որպես գրավով ապահովված պարտատեր, ապա դիմումին պետք է կցվի նաև գրավի պայմանագիրը:

3. Դիմումը և կից փաստաթղթերը դատարան են ներկայացվում երկու օրինակից:

Հոդված 2043. Ընդդատությունը

 

Վճարման կարգադրություն արձակելու գործն ընդդատյա է միայն պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարանին:
 

Հոդված 2044. Վճարման կարգադրություն արձակելու դիմումի մերժումը

 

1. Վճարման կարգադրություն արձակելու դիմումը մերժվում է այն մասով, որով՝

1) այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 2041-2043-րդ հոդվածների դրույթներին.

2) պահանջը առերևույթ հիմնավորված չէ, կամ

3) պահանջը հաստատող ապացույցները կասկածելի են:

2. Մերժումից առաջ դիմողը պետք է հնարավորություն ունենա արտահայտելու իր դիրքորոշումը, այդ թվում` հեռակա կարգով (ֆաքս, էլեկտրոնային փոստի միջոցներ և այլն): Դիրքորոշում չարտահայտելն արգելք չէ մերժման մասին որոշում կայացնելու համար: Մերժման մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման:

3. Մերժման մասին որոշումը խոչընդոտ չէ, որ հայցվորը հայցի ձևով ներկայացնի իր պահանջի մերժված մասը:
 

Հոդված 2045. Դիմումի քննության ժամկետները

 

Դատավորը պարտավոր է դիմումը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ձեռնարկել հետևյալ գործողություններից մեկը.

1) արձակել վճարման կարգադրություն.

2) ամբողջովին մերժել վճարման կարգադրություն արձակելու դիմումը.

3) մասամբ մերժել վճարման կարգադրություն արձակելու դիմումը՝ մյուս մասով արձակելով վճարման կարգադրություն:

Հոդված 2046. Վճարման կարգադրությունը

 

1. Վճարման կարգադրություն արձակելու դիմումն ամբողջովին մերժելու մասին որոշում չկայացնելու դեպքում դատարանն առանց նիստ հրավիրելու արձակում է վճարման կարգադրություն:

2. Վճարման կարգադրությունը պարունակում է`

1) նշում առ այն, որ դատարանը ըստ էության չի ստուգել պահանջի հիմնավորվածությունը.

2) կարգադրություն՝ երկու շաբաթվա ընթացքում կատարելու հետևյալ գործողություններից որևէ մեկը՝

- կատարել վճարման պահանջը, եթե պատասխանողը պահանջը հիմնավորված է համարում,

- դատարանին առձեռն կամ փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ), ներկայացնել գրավոր առարկություն, եթե պատասխանողը ներկայացված պահանջը դիտում է որպես չհիմնավորված:

Պատասխանողն իրավունք ունի գրավոր առարկություն ներկայացնելու նաև պահանջի միայն մի մասի վերաբերյալ` մյուս մասով կատարելով վճարման պահանջը.

3) նշում առ այն, որ առարկություն ներկայացնելու դեպքում վեճը կարող է քննվել ըստ էության հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը կրելու է դատական ծախսերը.

4) նշում առ այն, որ սահմանված ժամկետում առարկություն չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:

3. Վճարման կարգադրությանը կցվում են դիմումի և կից փաստաթղթերի կրկնօրինակները:

4. Վճարման կարգադրությունը պատասխանողին ուղարկվում է փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ):
 

Հոդված 2047. Անցումը հայցային վարույթի

 

Սահմանված ժամկետում վճարման կարգադրության վերաբերյալ դատարանում առարկություն ստացվելու դեպքում կարգադրությունը վերանում է: Այդ դեպքում պահանջը կարող է ներկայացվել ընդհանուր հայցային վարույթի կարգով:
 

Հոդված 2048. Վճարման կարգադրության ուժի մեջ մտնելը

 

Այն դեպքում, երբ պատասխանողի կողմից վճարման կարգադրության ստացման մասին հետադարձ ծանուցումը (տեղեկացումը) ստանալու օրվանից հետո` երեք շաբաթվա ընթացքում, դատարանն առարկություն չի ստանում կամ ստանում է առարկություն, որը պատասխանողն ուղարկել է երկշաբաթյա ժամկետի խախտմամբ, ապա վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման: Դատարանը դիմողի պահանջով բռնագանձման մասին դիմողի դիմումի հիման վրա տալիս է կատարողական թերթ: Եթե դիմումին կցված է եղել գրավի պայմանագիրը, ապա կատարողական թերթում նշում է կատարվում, որ բռնագանձումը կարող է տարածվել նաև գրավի առարկայի վրա:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 4
Երևան
ՀՕ-154-Ն