Համարը 
ՀՕ-157-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2005.08.12/51(423) Հոդ.987
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
07.07.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.08.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 7-ին

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-221, այսուհետ` օրենք)  լրացնել  հետևյալ բովանդակությամբ 531-րդ հոդվածով.

«Հոդված 531. Գույքի ուղղակի վաճառքը

 

1. Ուղղակի վաճառք է համարվում գույքի իրացումը որոշակի գնորդի, որն իրականացնում է հարկադիր կատարողը` կատարողական թերթին համապատասխան:

2. Շուտ փչացող, պահպանման էական ծախսեր պահանջող (օրինակ` ընտանի կենդանիներ), սակավարժեք, օգտագործմանը պիտանի դարձնելու համար էական ներդրումներ պահանջող, սահմանափակ շրջանառության և յուրահատուկ հատկանիշներով գույքը, ինչպես նաև օգտագործված կենցաղային իրերը իրացվում են ուղղակի վաճառքի միջոցով:

Սույն օրենքի իմաստով`

ա) շուտ փչացող գույք են համարվում սննդամթերքը, օծանելիքակոսմետիկական ապրանքները, դեղորայքը, դեղամիջոցները, դեղանյութերը, կենցաղային քիմիայի ապրանքները և նմանատիպ այլ ապրանքներ, որոնց համար սահմանված պիտանիության ժամկետը գույքի վաճառքի պահին պակաս է մեկ տարուց.

բ) պահպանման էական ծախսեր պահանջող գույք են համարվում ընտանի և այլ կենդանիները և այլ նմանատիպ ապրանքներ, որոնց պահպանման համար մեկ ամսվա հաշվարկով սովորաբար կատարվելիք ծախսերը գերազանցում են գույքի արժեքի10 տոկոսը.

գ) սակավարժեք գույք է համարվում մինչև 10.000 դրամ արժողությամբ գույքը, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.

դ) օգտագործմանը պիտանի դարձնելու համար էական ներդրումներ պահանջող գույք են համարվում կիսաքանդ մեխանիզմները, հաստոցները, որոնց օգտագործման համար պիտանի դարձնելու անհրաժեշտ ծախսերը սովորաբար գերազանցում են գույքի արժեքի 30 տոկոսը.

ե) սահմանափակ շրջանառության գույք է համարվում օրենքով այդպիսին ճանաչված գույքը.

զ) յուրահատուկ հատկանիշներով գույք է համարվում այն գույքը, որն իր սպառողական հատկանիշներով հետաքրքրություն է ներկայացնում սահմանափակ թվով սպառողների համար.

է) օգտագործված կենցաղային իրեր են համարվում կենցաղային օգտագործման համար նախատեսված առարկաները:

Անշարժ գույքը, բաժնեմասերը (բաժնետոմսերը, փայը), ինչպես նաև մշակութային արժեք հանդիսացող գույքը իրացվում են միայն հրապարակային սակարկություններով:

Պարտապան հանդիսացող հաշվետու թողարկողների արժեթղթերի իրացումը կատարվում է հրապարակային սակարկությունների միջոցով` ֆոնդային բորսայում:

3. Ուղղակի վաճառքի մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Ուղղակի վաճառքի մասին որոշումը կայացվում է գույքագրման ժամանակ: Որոշման մեջ նշվում են գույքի անվանումը, ուղղակի վաճառքի գինը, ինչպես նաև այն ժամն ու վայրը, որտեղ պարտապանը կամ պահանջատերը սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով իրավունք ունի գնելու այդ գույքը:

Գույքի ուղղակի վաճառքի գինը որոշում է հարկադիր կատարողը: Որպես գույքի ուղղակի վաճառքի գին` սահմանվում է գույքային շրջանառության սովորական մասնակցից տվյալ տեսակի գույքի համար ակնկալվող ողջամիտ գինը:

Ուղղակի վաճառքի մասին որոշումը առձեռն հանձնվում է պարտապանին և ոչ ուշ, քան որոշման կայացումից հետո` մեկ օրվա ընթացքում, պատշաճ ծանուցմամբ ուղարկվում է պահանջատիրոջը (պահանջատերերին): Եթե գույքագրմանը մասնակցում է նաև պահանջատերը, ապա որոշումը նրան հանձնվում է առձեռն:

Եթե պարտապանին հնարավոր չէ գտնել, ապա այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, և որոշումը պատշաճ ծանուցմամբ ուղարկվում է պարտապանի բնակության վայրի կամ կատարողական թերթում նշված հասցեով:

4. Ուղղակի վաճառքի մասին որոշումը հանձնելուց (ուղարկելուց) հետո` երկշաբաթյա ժամկետում, կողմերը կամ իրենց մատնանշած անձինք իրավունք ունեն  սահմանված ժամին և վայրում որոշմամբ սահմանված գնից ավելի բարձր գնով գնելու գույքը: Գույքի ուղղակի վաճառքին մեկից ավելի անձանց մասնակցության դեպքում գույքը վաճառվում է ավելի բարձր գին առաջարկողին:

Եթե սահմանված ժամկետում կողմերը չեն գնում գույքը սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով, ապա հարկադիր կատարողը գույքը վաճառում է ուղղակի վաճառքի մասին որոշմամբ սահմանված գնով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ  սահմանված կարգով տասնօրյա ժամկետում գույքը չիրացվելու դեպքում ուղղակի վաճառքի ներկայացված գույքի համար հարկադիր կատարողը սահմանում է նոր գին, սույն հոդվածով սահմանված կարգով տեղեկացնում է կողմերին և գույքի ուղղակի վաճառքն իրականացնում է սույն հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 67-րդ և 68-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 

«Հոդված 67. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգը

 

1. Կատարողական գործողությունները կատարվում են պետական բյուջեի և հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

2. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից`

ա) գույքային բնույթի կատարողական վարույթներով` 100.000 դրամ և ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իսկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5 տոկոսի չափով.

բ) մինչև 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով:

Ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով կատարման ծախսեր չեն գանձվում:

3. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի բռնագանձումը կատարվում է հարկադիր կատարողի որոշմամբ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

4. Եթե ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը գերազանցում են 5.000 դրամը, ապա փաստացի կատարված ամբողջ ծախսը դատական կարգով բռնագանձվում է պարտապանից:

Եթե կատարողական վարույթն ավարտվել է պահանջատիրոջ պահանջով կատարողական թերթը վերադարձնելու դեպքում կամ կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից դատական կարգով: Բռնագանձվող գումարի չափը չի կարող պակաս լինել բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսից:

5. Եթե կատարողական վարույթը կարճվել է պահանջատիրոջ կողմից այն գույքն ստանալուց հրաժարվելու հետևանքով, որն առգրավվել է պարտապանից պահանջատիրոջը հանձնելու վերաբերյալ կատարողական թերթը կատարելիս, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

6. Եթե կատարողական վարույթը կարճվել է պարտապանի սնանկության հետևանքով, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պարտապանից` սնանկության իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան: Այդ ծախսերը բավարարվում են դատական ծախսերի հետ միևնույն հերթում:

7. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, որում գոյացած միջոցների կեսը օգտագործվում է ծառայողների նյութական խրախուսման, իսկ մյուս կեսը` կատարողական ծախսերի և համակարգի զարգացման համար: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 68. Ծախսերի դիմաց պահանջատիրոջ կողմից կանխավճար տրամադրելը

 

1. Կատարողական գործողությունների կատարումն ապահովելու նպատակով պահանջատերն իրավունք ունի հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին մուծելու համապատասխան ծախսերի կամ դրանց մի մասի կատարման համար անհրաժեշտ չափով կանխավճար:

2. Կատարողական գործողություններն ավարտելուց հետո կանխավճարը վերադարձվում է պահանջատիրոջը, եթե այն հնարավոր է եղել բռնագանձել պարտապանից:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքի:

Սույն օրենքի դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրված կատարողական թերթերով կատարողական գործողություններ իրականացնելիս:

Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 4
Երևան
ՀՕ-157-Ն