Համարը 
ՀՕ-316-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 15.11.2023
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.10.2023
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.11.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.11.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված աշխատանքային պայմանագրերով (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերով) ծագած և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին շարունակվող աշխատանքային հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 106.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 106.1.

Հեռավար աշխատանքը

 

1. Հեռավար աշխատանքն աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարումն է առանց աշխատանքի վայր ներկայանալու:

2. Հեռավար աշխատանքը կատարվում է աշխատողի և գործատուի (անկախ սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից) փոխադարձ համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով:

3. Աշխատանքը հեռավար կատարելու մասին կողմերի համաձայնությունը ձևակերպվում է գրավոր, որն աշխատանքի էական պայմանների փոփոխություն չի համարվում:

4. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում, երբ, այդ դեպքերով պայմանավորված, հնարավոր չէ ապահովել աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարումն աշխատանքի վայրում, ապա աշխատանքը կատարվում է հեռավար:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամանակահատվածներում աշխատանքային պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, այդ թվում՝ հեռավար եղանակով, գործատուն աշխատողի պահանջով տրամադրում է ամենամյա արձակուրդ (առկայության դեպքում): Եթե աշխատողը չի պահանջում իրեն տրամադրել ամենամյա արձակուրդ կամ չունի ամենամյա արձակուրդի չօգտագործված օրեր, ապա նա համարվում է սույն օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ոչ աշխատողի մեղքով պարապուրդի մեջ։

6. Հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումները, նյութերը կամ դրանք ձեռք բերելու հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերյալ հարցերը որոշվում են կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի ներքին կարգապահական կանոններով կամ կողմերի գրավոր համաձայնությամբ:

7. Աշխատանքային պարտականությունները հեռավար եղանակով կատարելու ժամանակահատվածում աշխատողը պետք է ապահովի աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև գործատուի համար իր հասանելիությունը՝ փոխադարձ համաձայնեցված եղանակով: Աշխատողի մեղքով սույն մասով սահմանված պահանջի չկատարումը համարվում է աշխատանքային կարգապահության խախտում:

8. Հեռավար աշխատանքի դեպքում գործատուի վրա չեն տարածվում աշխատողների առողջության և անվտանգության պահպանման նորմերի պահանջները, բացառությամբ անհատական պաշտպանության միջոցներով աշխատողներին ապահովելու պահանջների:

9. Գործատուի մոտ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հեռավար աշխատող օտարերկրացիների վրա սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը չի տարածվում:

10. Աշխատանքի հեռավար կատարումը հիմք չէ աշխատողի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու երաշխիքները սահմանափակելու համար:

11. Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս հեռավար աշխատանք կատարելու դեպքում աշխատանքի վայր ներկայանալու հետ կապված ծախսերի հատուցման կարգը սահմանվում է կողմերի գրավոր համաձայնությամբ, որն աշխատողի համար չի համարվում սույն օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված գործուղում։»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 187.1-ին հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված աշխատանքային պայմանագրերով (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերով) ծագած և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին շարունակվող աշխատանքային հարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. նոյեմբերի 14

Երևան

ՀՕ-316-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2023 թվական: