Համարը 
ՀՕ-103-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.07.06/36(491) Հոդ.754
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
01.06.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.06.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 75-րդ հոդվածում`

 

1) առաջին և երկրորդ մասերի «հանցանքը կատարելու» բառերը փոխարինել «հանցանքն ավարտված համարելու» բառերով.

2) երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տևող հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է արարքը դադարելու, իսկ շարունակվող հանցագործության դեպքում` վերջին արարքը կատարելու պահից:».

3) առաջին և չորրորդ մասերի «հանցանք կատարելու» բառերը փոխարինել «հանցանքն ավարտված համարելու» բառերով.

4) երրորդ մասի «հանցանքի կատարման» բառերը փոխարինել «հանցանքի ավարտված համարելու» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 132-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 132.

Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը

  

1. Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը` կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խարդախության, վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի համաձայնությունը ստանալու համար` վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու միջոցով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

2. Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ,

2) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

4) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասը տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

5. Սույն հոդվածում մարդու շահագործում են համարվում այլ անձի պոռնկության ներգրավելը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը նմանվող վիճակը, մարդու մարմնի մասերը կամ հյուսվածքները վերցնելը:»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1321 -րդ հոդվածով.

 

«Հոդված 1321. 

Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը

 

1. Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը` կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խարդախության, վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի համաձայնությունը ստանալու համար` վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ,

2) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի նկատմամբ,

3) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

4) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

5) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

6) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 261-րդ և 262-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 261.

Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը

 

1. Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132 կամ 1321 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ,

2) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի նկատմամբ,

3) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

 

Հոդված 262.

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը

 

1. Պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով` պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132 կամ 1321   հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձին օգտագործելով,

2) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին օգտագործելով,

3) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից տասը տարի ժամկետով:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 21
Երևան
ՀՕ-103-Ն