Համարը 
ՀՕ-104-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.07.06/36(491) Հոդ.755
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.05.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.06.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի) 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 29. Քրեական գործի ընթացքի արձանագրման պարտադիր լինելը

 

1. Դատավարական գործողությունների ընթացքը և արդյունքները արտացոլվում են արձանագրությունում, որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո:

2. Արձանագրությունը գրվում է ձեռքով կամ պատրաստվում տեխնիկական միջոցների օգնությամբ: Դատավարական գործողություններ իրականացնելիս կարող են կատարվել սղագրում, լուսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրում և տեսագրում:

Լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները, կինոժապավենները, դիապոզիտիվները, հարցաքննության ձայնագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները, գծագրերը, պլանները, ծեփապատճենները, հետքերի դրոշմները, որոնք կազմվել կամ պատրաստվել են դատավարական գործողության ընթացքում, կցվում են քրեական գործին:

3. Արձանագրությունում նշվում են՝

1) դատավարական գործողության իրականացման վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սկսելու և ավարտելու ժամանակը՝ րոպեի ճշտությամբ.

2) արձանագրությունը կազմողի պաշտոնը և ազգանունը.

3) դատավարական գործողությանը մասնակցող յուրաքանչյուր անձի ազգանունը, անունը, հայրանունը, անհրաժեշտության դեպքում՝ հասցեն և անձնական այլ տվյալներ:

4. Դատավարական գործողությունները արձանագրություններում նկարագրվում են այն հաջորդականությամբ, որով իրականում տեղի են ունեցել: Արձանագրությունում նշվում են դրանց կատարման ընթացքում ձեռք բերված և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, շարադրվում են դատավարական գործողության մասնակիցների հայտարարությունները:

5. Արձանագրությունում նշվում են տեղեկություններ դատավարական գործողության ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների, դրանց օգտագործման կարգի և պայմանների, այն օբյեկտների, որոնց նկատմամբ տեխնիկական միջոցները կիրառվել են, և ստացված արդյունքների, ինչպես նաև մասնակիցներին տեխնիկական միջոցների կիրառման մասին նախազգուշացնելու վերաբերյալ:

6. Արձանագրությունը ներկայացվում է դատավարական գործողությանը մասնակցած անձանց՝ ծանոթացման համար: Ընդ որում, նշված անձանց բացատրվում է արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու իրենց իրավունքը: Արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ բոլոր հայտարարություններն ստորագրում են դատավարական գործողությանը մասնակցած անձինք:

7. Արձանագրությունը ստորագրում են քննիչը և դատավարական գործողությանը մասնակցող անձինք:

Կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի կամ դատավարական գործողությանը մասնակցած այլ անձի՝ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում քննիչն արձանագրությունում այդ մասին կատարում է համապատասխան գրառում, որը հավաստվում է քննիչի, պաշտպանի, ներկայացուցչի, օրինական ներկայացուցչի, իրավահաջորդի կամ ընթերակայի ստորագրություններով, եթե նրանք մասնակցում են դատավարական գործողությանը:

Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվող անձին պետք է հնարավորություն տրվի բացատրելու հրաժարման պատճառները կամ պատճառները բացատրելուց հրաժարվելը, ինչը նույնպես արձանագրվում է:

Եթե կասկածյալը, մեղադրյալը, տուժողը կամ վկան ֆիզիկական թերությունների կամ առողջական վիճակի կամ անգրագիտության հետևանքով զրկված են արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա արձանագրությունը տվյալ անձին ծանոթության է ներկայացվում պաշտպանի, օրինական ներկայացուցչի, ներկայացուցչի կամ ընթերակայի ներկայությամբ, որոնք իրենց ստորագրությամբ հաստատում են արձանագրության բովանդակության համապատասխանությունն իրականությանը և կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի կողմից այն ստորագրելու անհնարինությունը:

8. Արձանագրությունը պետք է պարունակի նաև գրառումներ դատավարական գործողության մասնակիցներին իրենց իրավունքներն ու պարտականությունները բացատրելու, պարտականությունները չկատարելու հետևանքները պարզաբանելու, դատավարական գործողության իրականացման ընդհանուր կարգը բացատրելու մասին, ինչը հավաստվում է դատավարական գործողության մասնակիցների ստորագրությամբ:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 63-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետը «սահմանափակման» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 211-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 86-րդ հոդվածի հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

 

«10) քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալ փաստաբանի հետ:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.

 

«21) վկայի՝ սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված իրավունքների խախտմամբ.»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 128-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Ձերբակալումը անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը՝ օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար:»:

 

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1311-րդ հոդվածով.

 

«Հոդված 1311. Կասկածյալի ձերբակալման կարգը

 

1. Հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին հետաքննության մարմին, քննիչի կամ դատախազի մոտ բերելուց հետո` երեք ժամվա ընթացքում, կազմվում է կասկածյալին ձերբակալելու մասին արձանագրություն, որի պատճենը ստորագրությամբ տրվում է ձերբակալված անձին: Ձերբակալման մասին արձանագրությունում նշվում է կասկածյալի պաշտպանության, ինչպես նաև սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու մասին:

2. Արձանագրությունում նշվում են կազմելու ժամանակը (օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն), ձերբակալման ժամանակը, վայրը, հիմքը (հիմքերը) և նպատակը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման մեջ կասկածվում է ձերբակալվածը, նրա անձնական խուզարկության արդյունքները և այլ հանգամանքներ, ինչպես նաև ձերբակալվածի հայտարարություններն ու միջնորդությունները:

3. Ձերբակալման արձանագրությունը կազմելուց հետո` 12 ժամվա ընթացքում, հետաքննության մարմինը կամ քննիչը գրավոր իրազեկում է դատախազին:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 173-րդ հոդվածի երրորդ մասի վերջին նախադասության «արձանագրությունը կազմելու» բառերը փոխարինել «արգելանքի վերցնելու» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 26-րդ գլխի վերնագրից հանել «կատարելու ընդհանուր պայմանները» բառերը:

 

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1881-րդ հոդվածով.

 

«Հոդված 1881. Նախնական քննության ընդհանուր պայմանները

 

1. Քննչական գործողությունների իրականացումը գիշերային ժամերին չի թույլատրվում, բացառությամբ անհետաձգելի դեպքերի:

2. Քննչական գործողություններ իրականացնելիս անթույլատրելի են նախնական քննության մասնակիցների նկատմամբ բռնության, սպառնալիքի և անօրինական այլ գործողությունների գործադրումը, ինչպես նաև նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր պայմանների ստեղծումը:

3. Քննիչը, քննչական գործողությունների իրականացմանը ներգրավելով կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին կամ իրավահաջորդներին, ինչպես նաև սույն օրենսգրքի 81-րդ, 83-86-րդ հոդվածներում նշված անձանց, ճշտում է նրանց ինքնությունը, բացատրում իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև քննչական գործողության իրականացման ընդհանուր կարգը: Եթե քննչական գործողության իրականացմանը մասնակցում են տուժողը, վկան, փորձագետը կամ թարգմանիչը, ապա քննիչը նրանց համապատասխանաբար նախազգուշացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 338-րդ, 339-րդ հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

4. Քննիչն իրավունք ունի քննչական գործողության իրականացմանը ներգրավելու օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց, ինչի մասին նշում է կատարվում համապատասխան քննչական գործողության արձանագրությունում:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 205-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 205. Հարցաքննության կանչելու կարգը

 

1. Վկան, տուժողը, կասկածյալը և մեղադրյալը քննիչի մոտ կանչվում են ծանուցագրով: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ուր և երբ (օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:

2. Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով: Նրա ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը) կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:

3. Հարցաքննության կանչված անձը պարտավոր է քննիչին ներկայանալ նշանակված ժամկետում կամ նրան նախապես իրազեկել չներկայանալու պատճառները: Անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում հարցաքննության կանչված անձը կարող է բերման ենթարկվել սույն օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հիմքով, իսկ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել նաև սույն օրենսգրքով նախատեսված դատավարական հարկադրանքի այլ միջոցներ:

4. Արգելանքի տակ չգտնվող անչափահասները, որպես կանոն, կանչվում են իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով:

5. Արգելանքի տակ գտնվող կասկածյալը կամ մեղադրյալը կանչվում են արգելանքի տակ պահելու վայրի վարչակազմի միջոցով:

Զինծառայողները հարցաքննության են կանչվում զորամասի հրամանատարության միջոցով:»:

 

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2051-րդ հոդվածով.

 

«Հոդված 2051. Հարցաքննության տևողությունը

 

1. Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը՝ երկու ժամից ավելի:

2. Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի և սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո: Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել ութ, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի համար՝ վեց ժամը:

3. Բժշկի եզրակացության հիման վրա քննիչը կարող է սահմանել սույն հոդվածով նախատեսված հարցաքննության ժամկետներից ավելի կարճ ժամկետներ:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 206-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդ մասով.

 

«6. Եթե վկան հարցաքննության է ներկայացել փաստաբանի հետ, որը հրավիրվում է վկայի կողմից՝ վերջինիս իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, ապա փաստաբանն իրավունք ունի ներկա գտնվելու հարցաքննությանը, սակայն իրավասու չէ հարցեր տալու վկային կամ մեկնաբանելու նրա պատասխանները: Վկայի՝ սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու դեպքերում փաստաբանն իրավունք ունի անելու հայտարարություններ, որոնք ներառվում են հարցաքննության արձանագրությունում:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 207-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 207. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը

 

1. Անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը, անկախ տարիքից, կարող է հարցաքննվել պայմանով, որ նա կարող է հաղորդել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ:

2. Մինչև տասնվեց տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի մասնակցությամբ: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությանը ներկա գտնվելու իրավունք ունի նրա օրինական ներկայացուցիչը:

3. Հարցաքննությունը սկսելուց առաջ օրինական ներկայացուցչին բացատրվում են հարցաքննությանը ներկա գտնվելու, քննիչի թույլտվությամբ իր դիտողությունները շարադրելու և հարցեր տալու իր իրավունքները, ինչպես նաև պարտականությունները: Քննիչն իրավունք ունի չընդունելու տրված հարցերը, սակայն դրանք պետք է ներառվեն արձանագրությունում:

4. Տասնվեց տարին չլրացած վկային կամ տուժողին բացատրվում է գործին վերաբերող ամեն ինչի մասին ճշմարտացիորեն պատմելու նրա պարտականությունը, բայց նա չի նախազգուշացվում ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 209-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 209. Հարցաքննության արձանագրությունը

 

1. Հարցաքննության փաստը, ընթացքը և արդյունքներն արտացոլվում են արձանագրությունում, որը կազմվում է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:

2. Հարցաքննվող անձի ցուցմունքները գրի են առնվում առաջին դեմքով և, հնարավորության սահմաններում, բառացի: Հարցերը և դրանց պատասխանները գրի են առնվում նույն հաջորդականությամբ, որ տրվել են հարցաքննության ընթացքում: Արձանագրությունում նշվում են բոլոր հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնք չեն ընդունվել քննիչի կողմից, կամ որոնց հրաժարվել է պատասխանել հարցաքննվող անձը: Հարցերին պատասխանելուց հրաժարվելու պատճառները նշվում են արձանագրությունում:

Հարցաքննվող անձն իրավունք ունի իր ցուցմունքները գրելու իր ձեռքով, ինչի մասին քննիչն արձանագրությունում նշում է կատարում: Ցուցմունքին ծանոթանալուց հետո քննիչը նրան կարող է տալ լրացուցիչ հարցեր: Հարցերը և տրվող պատասխանները ներառվում են արձանագրությունում:

3. Եթե հարցաքննության ընթացքում հարցաքննվող անձին ներկայացվում են իրեղեն ապացույցներ կամ փաստաթղթեր, կամ հրապարակվում են քննչական այլ գործողությունների արձանագրություններ կամ վերարտադրվում են ձայնագրման և (կամ) տեսագրման նյութեր կամ քննչական գործողությունների նկարահանումներ, ապա այդ մասին նշում է կատարվում հարցաքննության արձանագրությունում: Արձանագրությունում պետք է արտացոլվեն դրանց կապակցությամբ հարցաքննվող անձի ցուցմունքները:

4. Եթե հարցաքննության ընթացքում իրականացվել են լուսանկարահանում, ձայնագրում և (կամ) տեսագրում, կինոնկարահանում, ապա արձանագրությունը պետք է պարունակի՝

1) նշումներ լուսանկարահանում, ձայնագրում և (կամ) տեսագրում, կինոնկարահանում կատարելու մասին.

2) նշումներ օգտագործվող տեխնիկական միջոցների, լուսանկարահանման, ձայնագրման և (կամ) տեսագրման, կինոնկարահանման պայմանների կամ ձայնագրման և (կամ) տեսագրման, կինոնկարահանման ընդհատման տևողության մասին.

3) հարցաքննվող անձի հայտարարությունները և դիտողությունները լուսանկարահանում, ձայնագրում և (կամ) տեսագրում, կինոնկարահանում կատարելու վերաբերյալ.

4) քննիչի և հարցաքննվող անձի՝ արձանագրության ճշտությունը հավաստող ստորագրությունները.

5) նշումներ հարցաքննության ընթացքում հարցաքննվող անձի կողմից սխեմաներ, գծագրեր, նկարներ, դիագրամաներ պատրաստելու և դրանք արձանագրությանը կցելու մասին:

5. Հարցաքննության ավարտից հետո արձանագրությունը ներկայացվում է հարցաքննվող անձի ծանոթացմանը, կամ էլ նրա խնդրանքով արձանագրությունը հրապարակում է քննիչը, ինչի մասին նշում է կատարվում արձանագրությունում: Արձանագրությունը լրացնելու կամ դրանում ուղղումներ կատարելու վերաբերյալ հարցաքննվող անձի հայտարարությունները քննիչի կողմից մերժման ենթակա չեն:

6. Արձանագրությունում նշվում են բոլոր այն անձանց տվյալները, ովքեր մասնակցել են հարցաքննությանը: Նրանցից յուրաքանչյուրը պետք է ստորագրի արձանագրությունը, ինչպես նաև դրանում արված բոլոր լրացումները և ուղղումները:

Հարցաքննությանը մասնակցող անձանց կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելը կամ ստորագրման անհնարինությունը հավաստվում է սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի յոթերորդ մասով սահմանված կարգով:

7. Ցուցմունքին ծանոթանալու և դրանում առկա գրառումների ճշտության փաստը հարցաքննվող անձը հավաստում է իր ստորագրությամբ, որը դրվում է արձանագրության վերջում: Հարցաքննվող անձը ստորագրում է նաև արձանագրության յուրաքանչյուր էջի տեքստի վերջում:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 211-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Ձերբակալված կասկածյալն իրավունք ունի հարցաքննվելու պաշտպանի մասնակցությամբ: Պաշտպանի մասնակցությունն անհապաղ ապահովելու անհնարինության դեպքում քննիչը պարտավոր է նրա մասնակցությունն ապահովել կասկածյալին արգելանքի վերցնելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

Հարցաքննությունից առաջ կասկածյալին իր ցանկությամբ հնարավորություն է տրվում առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ: Եթե առկա է կասկածյալի մասնակցությամբ դատավարական այլ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, ապա հետաքննության մարմինը կամ քննիչը տեսակցության տևողությունը կարող է սահմանափակել՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով կասկածյալին և նրա պաշտպանին: Պաշտպանի հետ տեսակցության ժամկետը չի կարող երկու ժամից պակաս լինել:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 63-րդ հոդվածի երկրորդ մասի 5-րդ, 65-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ, 73-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 141-րդ հոդվածի 5-րդ կետերում «կոնֆիդենցիալ» բառը փոխարինել «խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ)» բառերով:

 

Հոդված 17. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 213-րդ և 214-րդ հոդվածները:

 

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 21
Երևան
ՀՕ-104-Ն