Համարը 
ՆՀ-1164-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.08.29/37(212) Հոդ.856
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
22.08.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.08.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.04.2018


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ


Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը


ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայրենական գրականության և արվեստի լավագույն ստեղծագործությունները պետականորեն գնահատելու և հիշյալ բնագավառի ստեղծագործողներին խրախուսելու նպատակով որոշում եմ.

1. Հիմնել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ` գրականության և արվեստի բնագավառի բացառիկ արժեքավոր ստեղծագործությունների համար, հետևյալ համամասնությամբ`

ա) գրականության և հրապարակախոսության ոլորտում` մեկ մրցանակ.

բ) երաժշտության ոլորտում` մեկ մրցանակ.

գ) կերպարվեստի ոլորտում` մեկ մրցանակ.

դ) թատերական արվեստի և կինոարվեստի ոլորտում` մեկ մրցանակ.

ե) ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում (ինքնուրույն նախագծով և ավարտված շինության կամ համալիրի համար)` մեկ մրցանակ:

2. Սահմանել, որ որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2500000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամի չափով:

3. Հաստատել գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման կարգը` համաձայն հավելվածի:

4. Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերի պահպանման, մրցանակաբաշխության կազմակերպման, մրցանակների մաս կազմող կրծքանշանների և վկայագրերի պատրաստման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը, ինչպես նաև մրցանակների մաս կազմող դրամական պարգևների վճարումը կատարվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի` պետական բյուջեով նախատեսված ֆոնդի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` ապահովել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մաս կազմող կրծքանշանների և վկայագրերի պատրաստումը:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 4-ի «Գրականության և արվեստի բնագավառում պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-543 հրամանագիրը:

7. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. օգոստոսի 22
Երևան
ՆՀ-1164-Ն

 

Հավելված
ՀՀ Նախագահի
2002 թ. օգոստոսի 22-ի
ՆՀ-1164-Ն հրամանագրի


ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

Կ Ա Ր Գ Ը

 

 

1. Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները (այսուհետ` մրցանակ) շնորհվում են բացառիկ արժեքավոր ստեղծագործությունների հեղինակներին:

2. Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ և որպես կանոն հանձնվում է մրցանակաբաշխության տարվա դեկտեմբեր ամսվա վերջին 10 օրվա ընթացքում:

3. Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերը (այսուհետ` հանձնախումբ) մրցանակների յուրաքանչյուր շնորհումից հետո ապրիլի 1-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում (2002 թվականի համար` սեպտեմբերի 1-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում)` միևնույն օրը, մամուլի և զանգվածային լրատվության միևնույն միջոցներով տեղեկացնում են մրցանակաբաշխության անցկացման, ինչպես նաև մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման մասին:

4. Ստեղծագործությունները մրցանակի հայցման կարող են ներկայացվել հեղինակների, ստեղծագործական միավորումների, ինչպես նաև գրականության և արվեստի բնագավառի այլ կազմակերպությունների կողմից:

5. Մրցանակաբաշխության կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ իրագործվել (հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, կառուցվել-ավարտվել, բեմադրվել) են մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման ժամկետն ավարտվելու օրվան նախորդած երկու տարվա ընթացքում:

6. Ստեղծագործությունները մրցանակի հայցման են ներկայացվում հանձնախմբերին մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

7. Ստեղծագործությունը մրցանակի հայցման ներկայացվելիս դրան կցվում են այդ ոլորտի երեք մասնագետների` ստեղծագործության վերաբերյալ գրավոր դրական կարծիքներ, որոնցում պետք է փաստարկված ներկայացվի ստեղծագործության` մրցանակի արժանի լինելու հանգամանքը:

8. Մրցանակի հայցման ներկայացվելիս ստեղծագործության հեղինակի (հեղինակների) և այդ ոլորտում նրա (նրանց) գործունեության վերաբերյալ ներկայացվում է նաև հակիրճ տեղեկատվություն:

9. Մրցանակի հայցման ներկայացված ստեղծագործությունները քննարկում, մրցանակի հավակնորդների ընտրությունը կազմակերպում և անցկացնում են հանձնախմբերը:

10. Հանձնախմբերի կազմերը, սույն հրամանագրի 1-ին կետում նշված ոլորտներին համապատասխան, հաստատվում և փոփոխվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ:

11. Հանձնախումբը բաղկացած է ինն անդամից, որոնցից չորսը մրցանակի շնորհումից հետո երկու ամսվա ընթացքում փոխարինվում են այլ անձանցով:

12. Հանձնախմբերում անդամներն ընդգրկվում են իրենց համաձայնությամբ և իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

13. Հանձնախմբի ընթացիկ աշխատանքը կազմակերպելու նպատակով հանձնախումբն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է իր աշխատակարգը:

14. Հանձնախումբն ունի նախագահ, որին իր անդամներից ընտրում է հանձնախումբը:

15. Հանձնախմբերի անդամները գրականության և արվեստի բնագավառում իրենց ստեղծագործությունների համար չեն կարող հավակնել հրամանագրի 1-ին կետում նշված պետական մրցանակներ ստանալուն:

16. Հանձնախումբը, սույն կարգին և իր աշխատակարգին համապատասխան, աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով, որոնք կարող են գումարվել հանձնախմբի նախագահի կամ հանձնախմբի անդամների առնվազն մեկ երրորդի կողմից:

17. Հանձնախմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնախմբի անդամների կեսից ավելին:

18. Հանձնախմբի նախագահի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության կամ նրա բացակայության դեպքում նախագահի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է հանձնախմբի անդամներից որևէ մեկի վրա` հանձնախմբի որոշմամբ:

19. Հանձնախմբի նախագահը`

ա) հրավիրում և վարում է հանձնախմբի նիստը.

բ) նշանակում է հանձնախմբի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

գ) ստորագրում է հանձնախմբի որոշումները.

դ) իրականացնում է հանձնախմբի գործառույթներից բխող այլ կազմակերպական աշխատանքներ:

20. Հանձնախմբի անդամը`

ա) մասնակցում է հանձնախմբի աշխատանքներին.

բ) կատարում է հանձնախմբի հանձնարարականները.

գ) առաջարկություններ է ներկայացնում հանձնախմբի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ.

դ) իրականացնում է հանձնախմբի գործառույթներից բխող այլ աշխատանքներ:

21. Հանձնախմբում թափուր տեղ առաջանալու դեպքում հանձնախումբն այն համալրելու գրավոր առաջարկով դիմում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:

22. Հանձնախումբն է որոշում մրցանակի հավակնորդների ընտրության չափանիշները:

23. Մրցանակի դափնեկրի թեկնածուին ընտրելու որոշումը հանձնախումբն ընդունում է գաղտնի քվեարկությամբ, հանձնախմբի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

24. Մրցանակների շնորհման մասին առաջարկությունները հանձնախմբերը Հայաստանի Հանրապետության Նախագահին են ներկայացնում ոչ շուտ, քան մրցանակաբաշխության տարվա դեկտեմբերի 1-ը և ոչ ուշ, քան դեկտեմբերի 15-ը:

25. Մրցանակների շնորհման մասին հանձնախմբերի առաջարկությունների հիման վրա մրցանակները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` համապատասխան հրամանագրով:

26. Մրցանակը ստեղծագործության համահեղինակների շնորհվելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև, յուրաքանչյուրին հանձնվում է նաև կրծքանշան և վկայագիր:

27. Մահացած դափնեկրի կրծքանշանը և վկայագիրը հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

28. Հանձնախմբերի նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

29. Մրցանակի արժանացած անձանց մրցանակները հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը` հանդիսավոր պայմաններում:


ՀՀ Նախագահի
աշխատակազմի ղեկավար

Ա. Թումանյան