Համարը 
ՀՕ-237-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.12.27/67(522) Հոդ.1408
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
05.12.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1371-1374-րդ հոդվածներով.

 

«Հոդված 1371.

Ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը

 

Առանց միջազգային ճանապարհային թերթի (ուղեգրի), առանց համապատասխան թույլտվության փոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փոխադրողների կողմից կաբոտաժային փոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման կանոնները, սահմանված երթուղու ուղեգիծը, շարժման ռեժիմը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Միջազգային ոչ կանոնավոր (պատվերով) ուղևորափոխադրումների իրականացման դեպքում պատվեր չձևակերպելը, առանց ուղևորների անվանացուցակի փոխադրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցն առանց այն պետության տարբերանշանի, որտեղ տրանսպորտային միջոցը գրանցված է`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Կանոնավոր միջազգային ավտոբուսային փոխադրումների դեպքում անտոմս երթևեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում փոխադրողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

 

Հոդված 1372.

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում`

ներքաղաքային և մերձքաղաքային փոխադրումների երթի սպասարկման համար ավտոբուսի մատուցումն ուշացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով,

միջքաղաքային փոխադրումների երթի սպասարկման համար ավտոբուսի մատուցումն ուշացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով,

ներքաղաքային և մերձքաղաքային փոխադրումների երթերը ձախողելը` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով,

միջքաղաքային երթերը ձախողելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

առանց երթուղային թերթիկի ուղևորափոխադրում կատարելը, ավտովարորդի առողջական վիճակի կամ ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի նախաուղերթային զննման մասին երթուղային թերթիկում նշումներ չկատարելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

կազմակերպության կողմից ավտովարորդների աշխատանքի կամ հանգստի ռեժիմը խախտելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

կազմակերպության կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից առանց փոխադրումների կազմակերպման լիցենզիայի փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,

չվացուցակով նախատեսված սկզբնակետի կամ վերջնակետի խախտումներով փոխադրումներ իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,

կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպության կողմից մրցույթով չթույլատրված ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով,

կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիներով այլ փոխադրողների կողմից ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով,

օրենքով սահմանված փոխադրման այլ պահանջները չկատարելը` սահմանված նվազագույն աշխատավարձի չափից մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Առանց սակաչափիչի (տաքսամետրի) կամ անսարք սակաչափիչով, տարբերանշանների, մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում`

ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որի համար արդեն կիրառվել է վարչական տույժ, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:

 

Հոդված 1373.

Չթույլատրված անձանց քարշակներով (լոկոմոտիվներով) երթևեկելը

 

Չթույլատրված անձանց քարշակներով (լոկոմոտիվներով) երթևեկելը, չվացուցակով չնախատեսված տեղերում (այդ թվում` ուղևորների պահանջով) գնացքը կանգնեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

 

Հոդված 1374.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջները խախտելը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որի համար արդեն կիրառվել է վարչական տույժ, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24413-րդ հոդվածով.

 

«Հոդված 24413.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 1371-1374 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետը:»:

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 120-րդ և 228-րդ հոդվածները:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-237-Ն