Համարը 
ՀՕ-241-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.12.27/67(522) Հոդ.1412
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
05.12.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1501-1509-րդ  հոդվածներով.

 

«Հոդված 1501.

Թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաներով և մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելը

 

Թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաներով և մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական կատարելագործված ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

 

Հոդված 1502.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը խախտելը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կողային առուները օգտագործելը ոռոգման նպատակով, երթևեկամասի և կողնակների վրա կողմնակի առարկաներ թողնելը, չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը, ինժեներական շինությունների (երթևեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն և հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների և այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների) վնասումը և աղտոտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասով և բաժանարար գոտիով անասուններ քշելը, ճանապարհի պաշտպանական գոտում առանց մշտական հսկողության անասուն արածեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

 

Հոդված 1503.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթևեկելը 

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթևեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

 

Հոդված 1504.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին մարզական և հրապարակային միջոցառումների անցկացումը, տրանսպորտային միջոցների մուտքերի ու ելքերի կառուցումը, կանաչապատումն ու լուսավորումը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, մարզական և հրապարակային միջոցառումների անցկացումը, տրանսպորտային միջոցների մուտքերի ու ելքերի կառուցումը, կանաչապատումն ու լուսավորումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

 

Հոդված 1505.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին երկաթուղային գծանցների տեղակայումը, վերակառուցումը, նորոգումը և վերացումը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, երկաթուղային գծանցների տեղակայումը, վերակառուցումը, նորոգումը և վերացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

 

Հոդված 1506.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, ցուցանակների, գովազդային վահանակների տեղադրումը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, ցուցանակների, գովազդային վահանակների տեղադրումը, կողնակների վրա ապրանքներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

 

Հոդված 1507.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծումը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու, ճանապարհների հեռանկարային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

 

Հոդված 1508.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների օգտագործման կարգը խախտելը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց դրանց տնօրինողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելու, շենքեր, կառույցներ, ինժեներական հաղորդակցումներ կառուցելը, լեռնահետազոտական և արդյունահանման աշխատանքներ կատարելը, անտառահատում և հողածածկույթը վնասող աշխատանքներ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց դրանց տնօրինողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելու, այնպիսի աշխատանքների իրականացումը, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 

Հոդված 1509.

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերի և հողօգտագործողների կողմից իրենց պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

 

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերի և հողօգտագործողների կողմից իրենց պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2271-րդ հոդվածով.

 

«Հոդված 2271.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը քննում է սույն օրենսգրքի 1501-1509 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-241-Ն