Համարը 
ՀՕ-2-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.01.17/4(528) Հոդ.30
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.12.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.01.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 149-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով:».

բ) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`».

գ) սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 150-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 150. Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը


Հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը կամ ընտրությունների արդյունքները, այդ թվում` արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը և դրանց քաղվածքները ակնհայտ սխալ տվյալներով հաստատելը, քվեատուփ հափշտակելը, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելը, մուտքագրված տվյալները փոփոխելը, ինչպես նաև որևէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը կամ այդ նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 151-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 152-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 152. Ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելը

 

Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու համար սահմանված կարգը խախտելը, դրանք չտրամադրելը կամ սահմանված կարգով դրանք չհրապարակելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները կազմելու համար սահմանված կարգը խախտելով կեղծիքներ կատարելը`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով կամ առանց դրա:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից երկու տարի ժամկետով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 154-րդ հոդվածի սանկցիայի «երկուհարյուրապատիկից» բառը փոխարինել «երեքհարյուրապատիկից» բառով, «առավելագույնը» բառը փոխարինել «վեց ամսից» բառերով, իսկ «կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով» բառերը հանել:

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ   1541-1545-րդ հոդվածներով.

 

«Հոդված 1541. Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ իրացնելը

 

1. Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ այլ եղանակով իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

 

«Հոդված 1542. Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը

 

Թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

 

«Հոդված 1543. Ընտրական հանձնաժողովի կնիքը չվերադարձնելը, կնիքի պահպանման սահմանված կարգը խախտելը

 

Ընտրական հանձնաժողովի կնիքը սահմանված ժամկետում դրա համար պատասխանատու անձի կողմից չվերադարձնելը, ինչպես նաև կնիքի պահպանման համար սահմանված կարգը խախտելը`

պատժվում է ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով:

 

«Հոդված 1544. Զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը

 

Քվեարկության օրը զենք կրելու իրավունք ունեցող անձի կողմից զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն (քվեարկության խցիկ) մուտք գործելն առանց ծառայողական անհրաժեշտության`

պատժվում է ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով:

 

«Հոդված 1545. Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալը

 

Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում և կարգով ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները, քաղվածքները չտալը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից երկու տարի ժամկետով:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 7
Երևան
ՀՕ-2-Ն