Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
Բույսերի միջազգային պաշտպանության մասին
Ներածություն
Պայմանավորվող կողմերը,
ընդունելով բույսերի և բուսական ապրանքների վնասատուներին հսկելու, նրանց միջազգային տարածումը և հատկապես վտանգվող տարածքներ նրանց ներթափանցումը կանխարգելելու ոլորտում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը,
ընդունելով, որ ֆիտոսանիտարական միջոցառումները պետք է լինեն տեխնիկապես հիմնավորված, թափանցիկ, և որ դրանք չպետք է կիրառվեն կամայական կամ չարդարացված խտրականության կամ քողարկված սահմանափակումների պայմաններում, մասնավորապես` միջազգային առևտրում,
ցանկանալով ապահովել միջոցների սերտ համակարգումն այս բնագավառում,
ցանկանալով ապահովել ներդաշնակ ֆիտոսանիտարական միջոցառումների զարգացման և կիրառման շրջանակ և մշակել միջազգային չափանիշներ այդ նպատակի համար,
հաշվի առնելով բույսերի, մարդկանց և կենդանիների առողջությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված` միջազգայնորեն ճանաչված սկզբունքները,
նշելով Ուրուգվայում անցկացված բազմակողմ առևտրային բանակցությունների արդյունքներից բխող համաձայնագրերը, ներառյալ Սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցների կիրառման մասին համաձայնագիրը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված I |
Նպատակը և պատասխանատվությունը |
1. Բույսերի և բուսական արտադրանքի վնասատուների տարածումը և ներթափանցումը կանխարգելող ընդհանուր և արդյունավետ միջոցառումներ ապահովելու, նրանց հսկողության համար համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով Պայմանավորվող կողմերը կընդունեն սույն Կոնվենցիայում և XVI հոդվածի համաձայն լրացուցիչ համաձայնագրերում նշված օրենսդրական, տեխնիկական և վարչական միջոցառումները:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, առանց խախտելու այլ միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները, պատասխանատվություն է ստանձնում իր տարածքում սույն Կոնվենցիայով նախատեսված պահանջները կատարելու համար:
3. Սույն Կոնվենցիայի պահանջների կատարման համար պատասխանատվության բաշխումը ՊԿ անդամ կազմակերպությունների և Պայմանավորվող կողմ հանդիսացող նրանց անդամ երկրների միջև կատարվում է նրանց համապատասխան լիազորությունների համաձայն:
4. Համապատասխան դեպքերում սույն Կոնվենցիայի դրույթները, ի լրումն բույսերի և բուսական ապրանքների, կարող են Պայմանավորվող կողմերի կողմից տարածվել նաև պահեստային տարածքների, փաթեթավորման, փոխադրամիջոցների, բեռնարկղերի, հողի կամ այլ օրգանիզմի, առարկայի և նյութի նկատմամբ, որոնք կարող են ապաստան հանդիսանալ կամ նպաստել բույսերի վնասատուների տարածմանը. հատկապես միջազգային տրանսպորտը ներգրավված լինելու դեպքերում:
Հոդված II |
Տերմինների օգտագործումը |
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար հետևյալ տերմիններն այսուհետ կունենան իրենց վերագրված հետևյալ նշանակությունները.
«վնասատուներից քիչ վնասված տարածք»-տարածք` լինի դա ամբողջ երկիրը կամ երկրի մի մասը կամ մի քանի երկրների ամբողջ տարածքները կամ դրանց մասերը, ինչպես հաստատված է իրավասու մարմինների կողմից, որտեղ որոշակի տիպի վնասատուները հայտնվում են քիչ քանակությամբ, և որը ենթակա է արդյունավետ դիտարկման, վերահսկողության և ոչնչացման միջոցների.
«Հանձնաժողով»-XI հոդվածի համաձայն ստեղծված ֆիտոսանիտարական միջոցառումների Հանձնաժողով.
«վտանգվող տարածք»-տարածք, որտեղ ստեղծված են էկոլոգիապես նպաստավոր պայմաններ վնասատուների տարածման համար, որոնց ներկայությունը տարածքում կհանգեցնի նշանակալի տնտեսական կորուստների.
«հաստատում»-վնասատուի հաստատումը կանխատեսվող ժամանակահատվածում` տարածք մուտք գործելուց հետո.
«ներդաշնակ ֆիտոսանիտարական միջոցառումներ»-Պայմանավորվող կողմերի կողմից հաստատված, միջազգային չափանիշների վրա հիմնված ֆիտոսանիտարական միջոցառումներ.
«միջազգային չափանիշներ»-X հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն հաստատված միջազգային չափանիշներ.
«ներթափանցում»-վնասատուի մուտքը, որից բխում է դրա հաստատումը.
«վնասատու»-բույսերին կամ բուսական արտադրանքին վնասող` բույսի, կենդանու կամ ախտածին գործոնի որևէ տեսակ, շտամ կամ բիոտիպ.
«վնասատուի ռիսկի վերլուծություն»-կենսաբանական կամ այլ գիտական կամ տնտեսական փաստերը գնահատելու գործընթաց` որոշելու համար, թե արդյոք հարկավոր է հսկել վնասատուին և սահմանել դրա դեմ կիրառվող որևէ ֆիտոսանիտարական միջոցառման հզորությունը.
«ֆիտոսանիտարական միջոցառումներ»-ցանկացած օրենսդրություն, կանոնակարգ կամ պաշտոնական ընթացակարգ, որը նպատակ ունի կանխելու վնասատուի ներթափանցումը և/կամ տարածումը.
«բուսական արտադրանք»-չմշակված բնական բուսական հումքեր (ներառյալ հացահատիկային բույսերը) և նրանց մշակված արտադրանք, որոնք իրենց բնական կամ վերամշակված վիճակով կարող են վտանգ ստեղծել վնասատուի ներթափանցման և/կամ տարածման համար.
«բույսեր»-ապրող բույսերը և նրանց մասերը` ներառյալ սերմերը և սաղմը.
«կարանտինային վնասատուներ»-վտանգվող տարածքի համար պոտենցիալ տնտեսական կարևորություն ներկայացնող վնասատու, որը դեռևս ներկա չէ այդտեղ կամ ներկա է, բայց լայնորեն տարածված չէ և պաշտոնապես հսկվում է.
«տարածաշրջանային չափանիշներ»-բույսերի պաշտպանության տարածաշրջանային կազմակերպության կողմից հաստատված չափանիշներ, որոնք ուղեցույց են կազմակերպության անդամների համար.
«հսկվող առարկա»-ցանկացած բույս, բուսական արտադրանք, պահեստային տարածք, փաթեթավորում, փոխադրամիջոց, բեռնարկղ, հող և ցանկացած այլ օրգանիզմ, առարկա կամ նյութ, որոնք կարող են ապաստան հանդիսանալ կամ նպաստել բույսերի վնասատուների տարածմանը, և որի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել ֆիտոսանիտարական միջոցառումներ. մասնավորապես այնտեղ, որտեղ ներգրավված է միջազգային տրանսպորտը.
«հսկվող ոչ կարանտինային վնասատու»-ոչ կարանտինային վնասատու, որի ներկայությունը տնկելու ենթակա բույսերում տնտեսապես անթույլատրելի վնաս է հասցնում բույսերի նպատակային օգտագործմանը և այդ պատճառով հսկվում է ներմուծող Պայմանավորվող կողմի տարածքում.
«հսկվող վնասատու»-կարանտինային վնասատու կամ հսկվող ոչ կարանտինային վնասատու.
«Քարտուղար»-XII հոդվածի համաձայն նշանակված հանձնաժողովի Քարտուղար.
«տեխնիկապես հիմնավորված»-վնասատուի ռիսկի համապատասխան վերլուծության կամ կիրառելի դեպքերում գիտական տեղեկատվության այլ համարժեք ուսումնասիրության կամ գնահատականի եզրակացությունների հիման վրա հիմնավորված:
2. Սույն հոդվածում ձևակերպված սահմանումները, որոնք սահմանափակվում են սույն Կոնվենցիայի կիրառմամբ, չպետք է ազդեն Պայմանավորվող կողմերի ներպետական օրենքներով և կանոնակարգերով հաստատված սահմանումների վրա:
Հոդված III |
Հարաբերությունները այլ միջազգային համաձայնագրերի հետ |
Ոչինչ սույն Կոնվենցիայում չի ազդում Պայմանավորվող կողմերի` համապատասխան միջազգային համաձայնագրերով նախատեսված իրավունքների և պարտավորությունների վրա:
Հոդված IV |
Բույսերի ազգային պաշտպանության կազմակերպչական միջոցառումներին վերաբերող ընդհանուր դրույթներ |
1. Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ իր հնարավորությունների առավելագույն սահմաններում ձեռնարկում է միջոցներ բույսերի պաշտպանության ազգային պաշտոնական կազմակերպություն հիմնելու համար, որը ստանձնում է սույն հոդվածում նշված գլխավոր պարտավորությունները:
2. Բույսերի պաշտպանության պաշտոնական ազգային կազմակերպության պարտավորությունները ներառում են.
ա) ներկրող Պայմանավորվող կողմին առաքվող բույսերի, բուսական ապրանքների և այլ հսկվող ապրանքների ֆիտոսանիտարական կանոնակարգերի վերաբերյալ հավաստագրերի տրամադրումը,
բ) աճող բույսերի դիտարկումը, ինչպես մշակության տակ գտնվող տարածքները (inter alia հողերը, դաշտերը, սածիլանոցները, այգիները, ջերմատները, լաբորատորիաները), այնպես էլ վայրի ֆլորան, ինչպես նաև բույսերի և պահեստներում ու փոխադրման մեջ գտնվող բուսական ապրանքների դիտարկումը, մասնավորապես, որպես խնդիր նշելով վնասատուի տարածման և հիվանդության բռնկման կարգավորման առկայությունը՝ հաշվի առնելով VIII հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը,
գ) վնասատուների ներթափանցումը և/կամ հետագա տարածումը կանխարգելելու նպատակով միջազգային երթուղիներով առաքվող բույսերի, բուսական արտադրանքների զննումը, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ հսկվող մարմինների զննումը,
դ) միջազգային փոխադրման մեջ գտնվող բույսերի ուղեբեռների, բուսական արտադրանքի և այլ հսկվող առարկաների վարակազերծումը և դեզինֆեկցիան` ֆիտոսանիտարական նորմերին համապատասխանեցնելու նպատակով,
ե) վտանգվող տարածքի պաշտպանությունը, վնասատուներից զերծ տարածքների, ինչպես նաև վնասատուներով քիչ վարակված տարածքների որոշումը, հաստատումը և դիտարկումը,
զ) վնասատուների ռիսկի վերլուծության իրականացումը,
է) համապատասխան ընթացակարգերով ապահովագրումը, որ ուղեբեռների ֆիտոսանիտարական անվտանգությունը կազմին, փոխարինմանը և վարակմանը վերաբերող հավաստագրումից հետո կատարվել է մինչև արտահանելը, և
ը) անձնակազմի ուսուցումը և կատարելագործումը:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր հնարավորությունների առավելագույն չափով ձեռնարկում է միջոցներ հետևյալի համար.
ա) Պայմանավորվող կողմի տարածքում հսկվող վնասատուների և նրանց կանխարգելման և վերահսկման վերաբերյալ տեղեկատվության տարածման համար,
բ) բույսերի պաշտպանության բնագավառում հետազոտությունների և ուսումնասիրությունների համար,
գ) ֆիտոսանիտարական կանոնակարգերի մշակման համար, և
դ) այլ գործառույթների կատարման համար, որոնք կարող են պահանջվել սույն Կոնվենցիան իրականացնելու համար:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բույսերի պաշտպանության իր ազգային պաշտոնական կազմակերպության և այդպիսի կազմակերպությունում կատարված փոփոխությունների մասին նկարագիր է ներկայացնում Քարտուղարին: Պայմանավորվող կողմը պահանջի դեպքում մյուս Պայմանավորվող կողմին ներկայացնում է բույսերի պաշտպանության վերաբերյալ իր գործունեության մասին նկարագիրը:
Հոդված V |
Ֆիտոսանիտարական հավաստագրում |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ միջոցներ է ձեռնարկում ֆիտոսանիտարական հավաստագրման համար` նպատակ ունենալով համոզվել, որ արտահանվող բույսերը, բուսական ապրանքները և այլ հսկվող առարկաներն ու ուղեբեռները համապատասխանում են սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի դրույթների համաձայն արվող հավաստագրման հայտարարությանը:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձեռնարկում է միջոցներ ֆիտոսանիտարական հավաստագրերի տրամադրման համար` համաձայն հետևյալ դրույթների.
ա) ֆիտոսանիտարական հավաստագրերի տրամադրման նպատակով իրականացվող զննումը և նման այլ գործողությունները կատարվում են միայն բույսերի պաշտպանության ազգային պաշտոնական կազմակերպության կողմից կամ նրա լիազորության ներքո: Ֆիտոսանիտարական հավաստագրերի տրամադրումն իրականացվում է պետական պաշտոնյայի կողմից, որը տեխնիկապես վերապատրաստված է և պատշաճ կերպով լիազորված է բույսերի պաշտպանության ազգային պաշտոնական կազմակերպության անունից կամ նրա հսկողության ներքո գործելու համար և ունի այնպիսի գիտելիքներ և տեղեկատվություն, որ ներկրող Պայմանավորվող կողմերի իշխանությունները ֆիտոսանիտարական հավաստագրերը կարող են վստահությամբ ընդունել որպես հուսալի փաստաթղթեր,
բ) ֆիտոսանիտարական հավաստագիրը կամ նրա էլեկտրոնային համարժեքը, որը պետք է ընդունվի շահագրգիռ երկրի կողմից, կազմվում է սույն Կոնվենցիայի Հավելվածում ներկայացված նմուշի համաձայն: Այս հավաստագրերը լրացվում և տրամադրվում են միջազգային չափանիշներին համապատասխան,
գ) չվավերացված փոփոխությունները և ուղղումներն անվավեր են դարձնում հավաստագրերը:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է իր երկրի տարածք ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և հսկվող այլ առարկաների համար չպահանջել ֆիտոսանիտարական հավաստագրեր, որոնք չեն համապատասխանում սույն Կոնվենցիայի Հավելվածում ներկայացված նմուշներին: Լրացուցիչ հայտարարագրերի ցանկացած պահանջ սահմանափակվում է միայն այնպիսիներով, որոնք տեխնիկապես հիմնավորված են:
Հոդված VI |
Հսկվող վնասատուներ |
Պայմանավորվող կողմերը կարող են պահանջել ֆիտոսանիտարական միջոցառումներ կարանտինային վնասատուների և հսկվող ոչ կարանտինային վնասատուների համար` ապահովելով, որ այդ միջոցառումները.
ա) լինեն ոչ ավելի խիստ, քան նույն վնասատուների նկատմամբ կիրառվողներն են, եթե նրանք առկա են ներկրող Պայմանավորվող կողմի տարածքում, և
բ) սահմանափակվեն բույսերը հիվանդություններից պաշտպանելու անհրաժեշտ միջոցառումներով և/կամ ապահովեն օգտագործման անվտանգությունը և տեխնիկապես հիմնավորված լինեն շահագրգիռ Պայմանավորվող կողմի կողմից,
գ) Պայմանավորվող կողմերը չեն կարող ֆիտոսանիտարական միջոցառումներ պահանջել չհսկվող վնասատուների համար:
Հոդված VII |
Պահանջներ՝ կապված ներկրման հետ |
1. Իրենց տարածք հսկվող վնասատուների ներթափանցումը և/կամ տարածումը կանխելու նպատակով Պայմանավորվող կողմերը, համաձայն կիրառելի միջազգային համաձայնագրերի, պետք է ունենան անկախ լիազորություններ` կարգավորելու համար բույսերի, բուսական արտադրանքի և այլ հսկվող առարկաների մուտքը, և այս առումով կարող են.
ա) մշակել կամ ընդունել ֆիտոսանիտարական միջոցառումներ՝ կապված բույսերի, բուսական արտադրանքի և այլ հսկվող առարկաների ներկրման հետ, ներառյալ, օրինակ՝ զննումը, ներկրման արգելումը և մշակումը,
բ) արգելել մուտքը կամ առգրավել, կամ պահանջել այն բույսերի, բուսական արտադրանքի և այլ հսկվող առարկաների կամ ուղեբեռների մշակումը, ոչնչացումը կամ տարածքից հանումը, որոնք չեն ենթարկվել «ա» ենթակետում նկարագրված մշակված կամ ընդունված ֆիտոսանիտարական միջոցառումներին,
գ) արգելել կամ սահմանափակել հսկվող վնասատուների շարժն իրենց տարածքներում,
դ) արգելել կամ սահմանափակել ֆիտոսանիտարական մտահոգություն առաջացնող կենսաբանական հսկվող գործոնի կամ այլ օրգանիզմների շարժն իրենց տարածքներում:
2. Միջազգային առևտրում արգելքները նվազագույնի հասցնելու նպատակով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ սույն հոդվածի 1-ին կետի միջոցները կիրառելիս պարտավորվում է գործել հետևյալ կերպ.
ա) Պայմանավորվող կողմերը, ըստ իրենց ֆիտոսանիտարական օրենսդրության, չեն իրականացնում 1-ին կետում նշված որևէ միջոցառում, եթե այդպիսի միջոցառումներն անհրաժեշտ չեն ֆիտոսանիտարական նկատառումներով և տեխնիկապես հիմնավորված չեն,
բ) Պայմանավորվող կողմերը փաստաթուղթն ընդունելուց անմիջապես հետո հրատարակում և մյուս Պայմանավորվող կողմին կամ կողմերին են փոխանցում ֆիտոսանիտարական պահանջները, սահմանափակումները և արգելքները, որոնք, իրենց կարծիքով, ուղղակիորեն ընկնում են այդպիսի միջոցառումների ազդեցության տակ,
գ) պահանջի դեպքում Պայմանավորվող կողմերը ցանկացած Պայմանավորվող կողմի ներկայացնում են ֆիտոսանիտարական պահանջների, սահմանափակումների և արգելքների հիմնավորումները,
դ) եթե Պայմանավորվող կողմը պահանջում է, որ բույսերի կամ բուսական արտադրանքի ուղեբեռները ներկրվեն միայն մուտքի որոշակի կետերում, ապա նման կետերն ընտրվում են այնպես, որ անհարկի չխոչընդոտեն միջազգային առևտրին: Պայմանավորվող կողմը հրատարակում է նման մուտքի կետերի ցանկը և այն ուղարկում է Քարտուղարին, բույսերի պաշտպանության տարածաշրջանային կազմակերպությանը, որի անդամ է հանդիսանում, բոլոր շահագրգիռ Պայմանավորվող կողմերին և, անհրաժեշտության դեպքում, այլ Պայմանավորվող կողմերին: Մուտքի կետերի նման սահմանափակումները չեն կիրառվում այն բույսերի, բուսական արտադրանքի և այլ հսկվող առարկաների նկատմամբ, որոնք սովորաբար ուղեկցվում են ֆիտոսանիտարական հավաստագրերով կամ ենթակա են զննման կամ մշակման,
ե) արտահանման ներկայացված բույսերի, բուսական արտադրանքի և այլ հսկվող առարկաների ուղեբեռների` բույսերի պաշտպանության կազմակերպության կողմից պահանջված զննումը կամ այլ ֆիտոսանիտարական միջոցառումներն իրականացվում են հնարավորինս արագ և համաձայն արագ փչացող ապրանքների նկատմամբ կիրառվող պահանջներին,
զ) ներկրող Պայմանավորվող կողմերը հնարավորինս շուտ տեղյակ են պահում արտահանող շահագրգիռ Պայմանավորվող կողմին կամ, անհրաժեշտության դեպքում, շահագրգիռ վերարտահանող Պայմանավորվող կողմին ֆիտոսանիտարական հավաստագրի էական ոչ համապատասխանության մասին: Արտահանող շահագրգիռ Պայմանավորվող կողմը կամ, անհրաժեշտության դեպքում, վերարտահանող շահագրգիռ կողմը կատարում են հետազոտություն և այդ հետազոտության արդյունքների մասին հայտնում են ներկրող շահագրգիռ պետությանը,
է) Պայմանավորվող կողմերն իրականացնում են միայն այն ֆիտոսանիտարական միջոցառումները, որոնք տեխնիկապես հիմնավորված են, համապատասխանում են վնասատուի ռիսկի անալիզին և ներկայացնում են նվազագույն սահմանափակող միջոցառումներ և նվազագույն խոչընդոտներ են ստեղծում մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային տեղափոխությունների համար,
ը) պայմանների փոփոխության և նոր փաստեր ի հայտ գալու դեպքում Պայմանավորվող կողմերը երաշխավորում են, որ ֆիտոսանիտարական միջոցառումներն արագ կփոփոխվեն կամ կվերացվեն, եթե այլևս անհրաժեշտ չեն,
թ) Պայմանավորվող կողմերը իրենց հնարավորության առավելագույն չափով սահմանում և նորացնում են հսկվող վնասատուների ցանկը` օգտագործելով գիտական անվանումներ, և այդ ցուցակները տրամադրում են Քարտուղարին, տարածաշրջանային բույսերի պաշտպանության կազմակերպությանը, որի անդամ են հանդիսանում, ինչպես նաև, ըստ պահանջի, այլ Պայմանավորվող կողմերին,
ժ) Պայմանավորվող կողմերը ձեռնարկում են բոլոր ջանքերը վնասատուների դիտարկումն իրականացնելու, վնասատուների կարգավիճակի մասին հստակ տեղեկատվություն մշակելու և սահմանելու ուղղությամբ` վնասատուների դասակարգմանն աջակցելու և համապատասխան ֆիտոսանիտարական միջոցառումներ մշակելու նպատակով: Այս տեղեկատվությունը պահանջի դեպքում տրամադրվում է Պայմանավորվող կողմերին:
3. Պայմանավորվող կողմերը կարող են իրականացնել հատուկ միջոցառումներ սույն հոդվածում նշված վնասատուների նկատմամբ, որոնք ընդունակ չեն հիմնավորվելու իրենց տարածքներում, սակայն ներխուժելու դեպքում տնտեսական մեծ վնասի պատճառ կհանդիսանան: Այս ուղղությամբ իրականացվող միջոցառումները պետք է տեխնիկապես հիմնավորված լինեն:
4. Պայմանավորվող կողմերը սույն հոդվածում նշված միջոցառումները իրենց տարածքով անցնող տարանցիկ ուղեբեռների նկատմամբ կարող են կիրառել միայն այն դեպքում, եթե այդպիսի միջոցառումները տեխնիկապես հիմնավորված են և անհրաժեշտ են վնասատուների ներթափանցումը և/կամ տարածումը կանխելու համար:
5. Ոչինչ սույն հոդվածում ներկրող Պայմանավորվող կողմերին չի խանգարում ստեղծել պահպանության ենթակա համապատասխան պայմաններ` գիտահետազոտական, կրթական և այլ հատուկ նպատակներով օգտագործվող բույսեր, բուսական արտադրանք և այլ հսկվող ապրանքներ, ինչպես նաև վնասատուներ ներկրելու համար:
6. Ոչինչ սույն հոդվածում չի խանգարում Պայմանավորվող կողմին համապատասխան արտակարգ միջոցառումներ ձեռնարկել իր տարածքի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող վնասատուի հայտնաբերման ուղղությամբ կամ հայտարարել այդպիսի հայտնաբերման մասին: Ցանկացած նման գործողություն իրականացվում է հնարավորինս արագ, ինչը կապահովի այդ գործողության անընդհատությունը: Իրականացված գործողությունների մասին անմիջապես զեկուցվում է շահագրգիռ Պայմանավորվող կողմերին, Քարտուղարին և բույսերի պաշտպանության ցանկացած կազմակերպության, որի անդամ է հանդիսանում Պայմանավորվող կողմը:
Հոդված VIII |
Միջազգային համագործակցություն |
1. Պայմանավորվող կողմերը համագործակցում են միմյանց հետ լիարժեքորեն՝ գործնականում Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար, և, մասնավորապես, պետք է.
ա) համագործակցեն Հանձնաժողովի կողմից հաստատված ընթացակարգերի համաձայն՝ փոխանակելով տեղեկատվություն բույսերի վնասատուների, մասնավորապես դրանց առկայության, բռնկման և տարածման վերաբերյալ, որը կարող է լինել անմիջական կամ պոտենցիալ վտանգ ներկայացնող,
բ) արտակարգ իրավիճակների դեպքում գործնականորեն մասնակցեն մշակաբույսերի և արտադրանքի համար լուրջ վտանգ ներկայացնող վնասատուների դեմ պայքարելու համար ստեղծված հատուկ արշավախմբերին և միջազգային այլ ակցիաներին, և
գ) գործնականորեն համագործակցեն վնասատուների ռիսկի վերլուծության համար անհրաժեշտ տեխնիկական և բուսաբանական տեղեկատվության տրամադրման գործում:
2. Յուրաքանչյուր պայմանավորվող նշանակում է շփման կետ սույն Կոնվենցիայի իրականացման հետ կապված տեղեկատվության փոխանակման համար:
Հոդված IX |
Բույսերի պաշտպանության տարածաշրջանային կազմակերպություններ |
1. Պայմանավորվող կողմերը համագործակցում են միմյանց հետ համապատասխան տարածքներում բույսերի պաշտպանության տարածաշրջանային կազմակերպություններ ստեղծելու համար:
2. Բույսերի պաշտպանության տարածաշրջանային կազմակերպությունները գործում են որպես տվյալ բնագավառում համակարգող մարմիններ, մասնակցում են Կոնվենցիայի խնդիրներին հասնելուն ուղղված տարբեր գործողությունների և անհրաժեշտության դեպքում հավաքում և տարածում են համապատասխան տեղեկատվություն:
3. Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար բույսերի պաշտպանության տարածաշրջանային կազմակերպությունները համագործակցում են Քարտուղարի հետ և անհրաժեշտության դեպքում միջազգային չափանիշների մշակման գործում համագործակցում են Քարտուղարի և Հանձնաժողովի հետ:
4. Քարտուղարը գումարում է բույսերի պաշտպանության տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների պարբերական տեխնիկական խորհրդակցություններ.
ա) ֆիտոսանիտարական միջոցառումների համար համապատասխան միջազգային չափանիշների մշակումը և կիրառումն առաջ տանելու, և
բ) վնասատուներին հսկելու և նրանց տարածումն ու ներթափանցումը կանխելու համար ներդաշնակ ֆիտոսանիտարական միջոցառումների զարգացման գործում միջտարածաշրջանային համագործակցությունը խրախուսելու համար:
1. Պայմանավորվող կողմերը համաձայնում են համագործակցել միջազգային չափանիշների մշակման գործում՝ համաձայն Համաձայնագրի ընդունած ընթացակարգերի:
2. Միջազգային չափանիշները պետք է ընդունվեն Հանձնաժողովի կողմից:
3. Տարածաշրջանային չափանիշները պետք է համապատասխանեն սույն Կոնվենցիայի սկզբունքներին. այդ չափանիշները կարող են ի պահ հանձնվել Հանձնաժողովի քննարկմանը` որպես ֆիտոսանիտարական միջոցառումների միջազգային չափանիշների թեկնածուներ, եթե կարող են ավելի լայնորեն կիրառվել:
4. Պայմանավորվող կողմերը սույն Կոնվենցիային վերաբերող միջոցառումներ ձեռնարկելիս համապատասխան դեպքերում հաշվի են առնում միջազգային չափանիշները:
Հոդված XI |
Ֆիտոսանիտարական միջոցառումների Հանձնաժողով |
1. Պայմանավորվող կողմերը համաձայնում են ստեղծել ֆիտոսանիտարական միջոցառումների Հանձնաժողով Միավորված ազգերի կազմակերպության` պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԿ) շրջանակներում:
2. Հանձնաժողովի գործառույթներն է նպաստել սույն Կոնվենցիայի նպատակների լրիվ իրականացմանը և, մասնավորապես,
ա) ուսումնասիրել աշխարհում բույսերի պաշտպանության գործընթացի վիճակն ու վնասատուների միջազգային տարածումը և վտանգվող տարածքներ նրանց ներթափանցումը հսկելու անհրաժեշտությունը,
բ) հաստատել և մշտապես վերանայել միջազգային չափանիշների մշակման և ընդունման համար անհրաժեշտ կառուցվածքային անհրաժեշտ նախաձեռնությունները և ընթացակարգերը,
գ) հաստատել կանոնակարգեր և ընթացակարգեր բանավեճերի լուծման համար` համաձայն 13-րդ հոդվածի,
դ) ստեղծել Հանձնաժողովի այնպիսի ենթակառուցվածքային մարմիններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել նրա գործառույթների հստակ կատարման համար,
ե) ընդունել ուղեցույցներ բույսերի պաշտպանության տարածաշրջանային կազմակերպության ճանաչման վերաբերյալ,
զ) հաստատել համագործակցություն այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ սույն Կոնվենցիայի առարկային վերաբերող հարցերում,
է) ընդունել այնպիսի այլ առաջարկներ, որոնք անհրաժեշտ են Կոնվենցիայի իրականացման համար, և
ը) իրականացնել այնպիսի այլ գործառույթներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար:
3. Հանձնաժողովին անդամակցելը բաց է բոլոր Պայմանավորվող կողմերի համար:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ Հանձնաժողովի նիստերին կարող է ներկայանալ մեկ պատվիրակով, որին կարող են ուղեկցել փոխարինողը, փորձագետները և խորհրդատուները: Փոխարինողները, փորձագետները և խորհրդատուները կարող են մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, սակայն չեն կարող քվեարկել` բացառությամբ այն դեպքերի, երբ փոխարինողը պատշաճ կերպով լիազորված է` փոխարինելու պատվիրակին:
5. Պայմանավորվող կողմերն առավելագույնս ձգտում են կոնսենսուսի սկզբունքով համաձայնության հասնել բոլոր հարցերում: Եթե կոնսենսուսի հասնելու համար բոլոր ջանքերը սպառված են, և համաձայնություն ձեռք չի բերվել, որոշումը ընդունվում է նիստին մասնակցող Պայմանավորվող կողմերի երկու երրորդի մասնակցության և քվեարկության արդյունքում:
6. ՊԿ անդամ կազմակերպությունը, որը Պայմանավորվող կողմ է, և այդ անդամ կազմակերպության անդամ պետությունները, որոնք Պայմանավորվող կողմեր են, օգտագործում են իրենց անդամակցության իրավունքները և անդամության պարտավորությունները կատարում են` համաձայն mutatis mutandis, ՊԿ Կանոնադրության և Ընդհանուր կանոնակարգերի:
7. Հանձնաժողովը կարող է ընդունել կամ, անհրաժեշտության դեպքում, փոփոխել իր սեփական Ընթացակարգերի Կանոնակարգերը, որոնք չպետք է հակասեն Կոնվենցիային կամ ՊԿ Կանոնադրությանը:
8. Հանձնաժողովի նախագահը գումարում է Հանձնաժողովի տարեկան հերթական նստաշրջան:
9. Հանձնաժողովի հատուկ նիստերը հրավիրվում են Հանձնաժողովի նախագահի կողմից` նրա անդամների մեկ երրորդի պահանջով:
10. Հանձնաժողովն ընտրում է Նախագահ և երկուսից ոչ ավելի Փոխնախագահներ, որոնցից յուրաքանչյուրի պաշտոնավարման ժամկետը երկու տարի է:
Հոդված XII |
Քարտուղարություն |
1. Հանձնաժողովի Քարտուղարը նշանակվում է ՊԿ Գլխավոր տնօրենի կողմից:
2. Քարտուղարին աջակցում է քարտուղարության այնպիսի անձնակազմ, որը կարող է պահանջվել:
3. Քարտուղարը պատասխանատու է Հանձնաժողովի քաղաքականության և գործողությունների իրականացման և այնպիսի այլ գործառույթների կատարման համար, որոնք կարող են դրվել սույն Կոնվենցիայի Քարտուղարի վրա, որոնց մասին նա զեկուցում է Հանձնաժողովին:
4. Քարտուղարը տարածում է.
ա) միջազգային չափանիշները` բոլոր Պայմանավորվող կողմերին` դրանց ընդունման օրվանից հետո վաթսուն օրվա ընթացքում,
բ) մուտքի կետերի ցանկը` բոլոր Պայմանավորվող կողմերին` համաձայն 7-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի,
գ) բոլոր Պայմանավորվող կողմերին և բույսերի պաշտպանության տարածաշրջանային կազմակերպություններին` այն հսկվող վնասատուների ցանկը, որոնց մուտքն արգելված է, կամ որոնք հիշատակվում են 7-րդ հոդվածի 2-րդ կետի «թ» ենթակետում,
դ) Պայմանավորվող կողմերից ստացված` 7-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում հիշատակվող ֆիտոսանիտարական պահանջների, սահմանափակումների և արգելքների վերաբերյալ տեղեկատվությունը և 4-րդ հոդվածի 4-րդ կետում նշված` բույսերի պաշտպանության պաշտոնական ազգային կազմակերպության նկարագիրը:
5. Քարտուղարն ապահովում է Հանձնաժողովի նիստերի փաստաթղթերի և միջազգային չափանիշների թարգմանությունը ՊԿ պաշտոնական լեզուներով:
6. Քարտուղարը համագործակցում է բույսերի պաշտպանության տարածաշրջանային կազմակերպությունների հետ` Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար:
Հոդված XIII |
Վեճերի կարգավորումը |
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճի դեպքում, կամ եթե որևէ Պայմանավորվող կողմ համարում է, որ մեկ այլ Պայմանավորվող կողմի գործունեությունը հակասում է սույն Կոնվենցիայի 5-րդ և 7-րդ հոդվածներին, հատկապես որոնք վերաբերում են նրանց տարածքներից բույսերի, բուսական արտադրանքի կամ այլ հսկվող ապրանքների ներկրման արգելքներին կամ սահմանափակումներին, ապա շահագրգիռ Պայմանավորվող կողմերը հնարավորինս շուտ միմյանց միջև քննարկում են այդ հարցերը` վեճը կարգավորելու նպատակով:
2. Եթե վեճը չի կարող կարգավորվել սույն հոդվածի 1-ին կետում նշված միջոցներով, շահագրգիռ Պայմանավորվող կողմը կամ կողմերը կարող են դիմել ՊԿ Գլխավոր տնօրենին` խնդրո առարկա վեճը քննարկելու համար փորձագետների հանձնաժողով նշանակելու խնդրանքով` համաձայն Հանձնաժողովի կողմից հաստատված կանոնակարգերի և ընթացակարգերի:
3. Հանձնաժողովում ընդգրկվում են յուրաքանչյուր շահագրգիռ կողմի կողմից նշանակված ներկայացուցիչները: Հանձնաժողովը քննարկում է վեճը` հաշվի առնելով շահագրգիռ կողմերի ներկայացրած բոլոր փաստաթղթերը և ապացույցների մյուս ձևերը: Հանձնաժողովը զեկույց է նախապատրաստում վեճի տեխնիկական ասպեկտների վերաբերյալ` դրա լուծումը փնտրելու նպատակով: Զեկույցի նախապատրաստումը և դրա ընդունումը տեղի է ունենում Հանձնաժողովի կողմից հաստատված կանոնակարգերի և ընթացակարգերի համաձայն, և այն Գլխավոր տնօրենի կողմից ուղարկվում է բոլոր շահագրգիռ Պայմանավորվող կողմերին: Զեկույցը կարող է ուղարկվել նաև առևտրային վեճերի լուծման համար պատասխանատու միջազգային կազմակերպության իրավասու մարմնին նրա պահանջի դեպքում:
4. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ այդպիսի հանձնաժողովի առաջարկությունները, չլինելով պարտադիր, այնուամենայնիվ, հիմք են դառնում շահագրգիռ Պայմանավորվող կողմերի կողմից վեճ առաջացրած հարցը կրկին քննարկելու համար:
5. Պայմանավորվող կողմերը կիսում են փորձագետների աշխատանքի հետ կապված ծախսերը:
6. Սույն հոդվածի դրույթները լրացնում են և չեն դիտվում որպես ստորադաս առևտրային հարցերին վերաբերող այլ միջազգային համաձայնագրերում նշված` վեճերի կարգավորման ընթացակարգերին:
Հոդված XIV |
Նախորդ համաձայնագրերի փոխարինումը |
Կոնվենցիան փոխարինում է Պայմանավորվող կողմերի միջև 1881թ. նոյեմբերի 3-ին ընդունված` եPhylloxera vastatrix-ի դեմ միջոցառումների իրականացման մասին միջազգային կոնվենցիային, 1889թ-ի ապրիլի 15-ին Բեռնում ստորագրված լրացուցիչ կոնվենցիային և 1929թ. ապրիլի 16-ին Հռոմում ստորագրված` Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիային և դադարեցնում է դրանք:
Հոդված XV |
Տարածքային կիրառում |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է վավերացման կամ միանալու պահին կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, ՊԿ Գլխավոր տնօրենին ուղարկել հայտարարագիր այն մասին, որ սույն Կոնվենցիան տարածվում է բոլոր կամ որոշ տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է, և սույն Կոնվենցիան կկիրառվի այդ հայտարարագրում նշված բոլոր տարածքների նկատմամբ հայտարարությունը Գլխավոր տնօրենի ստանալուց 30 օր հետո:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը հայտարարագիր է ուղարկել ՊԿ Գլխավոր տնօրենին սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, կարող է ցանկացած ժամանակ ուղարկել լրացուցիչ հայտարարագիր, որը փոփոխում է ցանկացած նախկին հայտարարագրի շրջանակը կամ դադարեցնում է սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը որևէ տարածքի նկատմամբ: Նման փոփոխությունը կամ դադարեցումն ուժի մեջ է մտնում հայտարարագիրը Գլխավոր քարտուղարի ստանալուց երեսուն օր հետո:
3. ՊԿ Գլխավոր տնօրենը բոլոր Պայմանավորվող կողմերին տեղեկացնում է սույն հոդվածի համաձայն ստացված ցանկացած հայտարարագրի մասին:
Հոդված XVI |
Լրացուցիչ համաձայնագրեր |
1. Պայմանավորվող կողմերը բույսերի պաշտպանության հատուկ խնդիրները լուծելու նպատակով, որոնք պահանջում են առանձնահատուկ ուշադրություն կամ գործողություն, կարող են անդամակցել լրացուցիչ համաձայնագրերի: Նման համաձայնագրերը կարող են տարածվել առանձնահատուկ տարածաշրջանների, առանձնահատուկ բույսերի կամ բուսական արտադրանքի, բույսերի կամ բուսական արտադրանքի միջազգային փոխադրման առանձնահատուկ մեթոդների վրա կամ այլ կերպ կարող են լրացնել սույն Կոնվենցիան:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար ցանկացած նման լրացուցիչ համաձայնագիր ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո` համաձայն նշված լրացուցիչ համաձայնագրի դրույթների:
3. Լրացուցիչ համաձայնագրերը պետք է նպաստեն սույն Կոնվենցիայի իրականացմանը և համահունչ լինեն սույն Կոնվենցիայի սկզբունքներին ու դրույթներին, ինչպես նաև թափանցիկության, խտրականության բացառման և, մասնավորապես, միջազգային առևտուրը խոչընդոտող սահմանափակումներից խուսափելու սկզբունքներին:
Հոդված XVII |
Վավերացում և միացում |
1. Սույն Կոնվենցիան բոլոր պետությունների ստորագրման համար բաց է մինչև 1952 թվականի մայիսի 1-ը և պետք է վավերացվի հնարավորինս կարճ ժամկետում: Վավերագրերն ի պահ են հանձնվում ՊԿ Գլխավոր տնօրենին, որը պետք է ի պահ հանձնելու ամսաթվի մասին ծանուցագիր ուղարկի բոլոր ստորագրած պետություններին:
2. 22-րդ հոդվածի համաձայն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից սկսած` այն բաց է բոլոր չստորագրած պետությունների և ՊԿ անդամ կազմակերպությունների միանալու համար: Միանալն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ՊԿ Գլխավոր տնօրենին ի պահ հանձնելուց հետո, որն այդ մասին ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին:
3. Երբ ՊԿ անդամ կազմակերպությունը դառնում է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ, ապա անդամ կազմակերպությունը, համաձայն ՊԿ Կանոնադրության 2-րդ հոդվածի 7-րդ կետի, անհրաժեշտության դեպքում իր միանալու պահին ծանուցում է ՊԿ Կանոնադրության 2-րդ հոդված 5-րդ կետում նշված իրավասության հայտարարագրում փոփոխություններ և պարզաբանումներ կատարելու մասին, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիան ընդունելու լույսի ներքո: Սույն Կոնվենցիայի ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող ՊԿ անդամ կազմակերպությունից ցանկացած պահին պահանջել տեղեկատվություն, որի համաձայն անդամ կազմակերպությունը կամ նրա անդամ պետությունները պատասխանատու են սույն Կոնվենցիայով վերահսկվող առանձին խնդիրների իրականացման համար: Անդամ կազմակերպությունը իրատեսական ժամկետներում տրամադրում է այդ տեղեկատվությունը:
Հոդված XVIII |
Ոչ Պայմանավորվող կողմեր |
Պայմանավորվող կողմերը պետք է խրախուսեն սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետություններին և ՊԿ անդամ կազմակերպություններին` ընդունել սույն Կոնվենցիան և խրախուսեն ոչ Պայմանավորվող կողմերին` կիրառել սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխանող ֆիտոսանիտարական միջոցառումները և դրանով ընդունված միջազգային չափանիշները:
1. Սույն Կոնվենցիայի պաշտոնական լեզուներ են հանդիսանում ՊԿ բոլոր պաշտոնական լեզուները:
2. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես պահանջ Պայմանավորվող կողմերին` ներկայացնել կամ հրապարակել փաստաթղթերը կամ տրամադրել դրանց պատճենները Պայմանավորվող կողմերի պաշտոնական լեզվից (լեզուներից) տարբերվող այլ լեզուներով` բացի 3-րդ կետում նշված դեպքերից:
3. Ստորև նշված փաստաթղթերը պարտադիր պետք է լինեն ՊԿ պաշտոնական լեզուներից որևէ մեկով.
ա) 4-րդ հոդվածի 4-րդ կետին վերաբերող տեղեկատվությունը,
բ) 7-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» կետում նշված փաստաթղթերի մատենագրական տվյալների մեկնաբանությունները,
գ) 7-րդ հոդվածի 2-րդ կետի «բ», «դ», «ե», «է» կետերին վերաբերող տեղեկատվությունը,
դ) 8-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին վերաբերող տեղեկատվությունը, ամփոփագրերը, մատենագրական տվյալներին վերաբերող նշումները,
ե) շփման կետերից ստացված տեղեկատվության պահանջները, ինչպես նաև դրանց` այդ հարցումների պատասխանները, սակայն առանց կցված փաստաթղթերի,
զ) Հանձնաժողովի նիստերի համար պատրաստված ցանկացած փաստաթուղթ` մշակված Պայմանավորվող կողմերից որևէ մեկի կողմից:
Հոդված XX |
Տեխնիկական օգնություն |
Պայմանավորվող կողմերը համաձայնում են տեխնիկական աջակցություն ցուցաբերել Պայմանավորվող կողմերին, հատկապես` զարգացող Պայմանավորվող կողմերին, կամ երկկողմ հիմունքներով, կամ համապատասխան միջազգային կազմակերպությունների միջոցով` սույն Կոնվենցիայի իրականացումը դյուրացնելու նպատակով:
1. Պայմանավորվող կողմի` Կոնվենցիայում փոփոխություն կատարելու ցանկացած առաջարկության մասին ծանուցվում է ՊԿ Գլխավոր տնօրենին:
2. ՊԿ Գլխավոր տնօրենին Պայմանավորվող կողմի ներկայացրած` սույն Կոնվենցիայում ցանկացած փոփոխություն կատարելու մասին առաջարկը ներկայացվում է Հանձնաժողովի հերթական կամ հատուկ նիստի հաստատմանը, և եթե փոփոխությունն իր մեջ ներառում է կարևոր տեխնիկական փոփոխություններ կամ լրացուցիչ պարտավորություններ է նախատեսում Պայմանավորվող կողմերի համար, ապա նախքան Հանձնաժողովին ներկայացնելը, այն քննարկվում է ՊԿ խորհրդատվական հանձնաժողովի մասնագետների կողմից:
3. Սույն Կոնվենցիայում առաջարկված ուղղման մասին ցանկացած ծանուցում, բացի Հավելվածում առաջարկված փոփոխություններից, փոխանցվում է Պայմանավորվող կողմերին ՊԿ Գլխավոր տնօրենի կողմից ոչ ուշ, քան տվյալ նյութին վերաբերող` Հանձնաժողովի նիստի օրակարգին ներկայացնելը:
4. Սույն Կոնվենցիայում առաջարկված ցանկացած փոփոխություն պահանջում է Հանձնաժողովի հավանությունը և ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի 2/3-ի համաձայնությունը ստանալուց երեսուն օր հետո: Սույն հոդվածի նպատակներով ՊԿ անդամ կազմակերպության կողմից ի պահ հանձնված փաստաթուղթը չի համարվում որպես լրացնող այդպիսի կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերին:
5. Պայմանավորվող կողմերի համար նոր պարտավորություններ պարունակող փոփոխությունները, այնուամենայնիվ, ուժի մեջ են մտնում ցանկացած Պայմանավորվող կողմի համար միայն դրա ընդունման դեպքում և նման ընդունումից երեսուն օր անց: Նոր պարտավորություններ պարունակող փոփոխությունների ընդունման փաստաթղթերն ի պահ են հանձնվում ՊԿ Գլխավոր տնօրենին, որը տեղեկացնում է բոլոր Պայմանավորվող կողմերին ընդունումը ստանալու և փոփոխությունների ուժի մեջ մտնելու մասին:
6. Սույն Կոնվենցիայի Հավելվածում նշված ֆիտոսանիտարական հավաստագրերի ձևերին վերաբերող փոփոխությունների մասին առաջարկներն ուղարկվում են Քարտուղարին և քննարկվում են Հանձնաժողովի կողմից հաստատման համար: Սույն Կոնվենցիայի Հավելվածում նշված ֆիտոսանիտարական հավաստագրերի ձևերին վերաբերող` հավանություն ստացած փոփոխություններն ուժի մեջ են մտնում Քարտուղարի կողմից բոլոր Պայմանավորվող կողմերին ծանուցագիր ուղարկվելու ամսաթվից իննսուն օր հետո:
7. Սույն Կոնվենցիայի Հավելվածում նշված ֆիտոսանիտարական հավաստագրերի ձևերին վերաբերող փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ոչ ավելի, քան տասներկու ամսվա ընթացքում ֆիտոսանիտարական հավաստագրերի նախկին տարբերակները նույնպես օրինական են սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար:
Հոդված XXII |
Ուժի մեջ մտնելը |
Սույն Կոնվենցիան երեք ստորագրած պետությունների կողմից վավերացվելուց անմիջապես հետո ուժի մեջ է մտնում նրանց միջև: Այն կարող է ուժի մեջ մտնել ցանկացած պետության կամ ՊԿ անդամ կազմակերպության համար, որոնք հետագայում վավերացնում կամ միանում են նրան` վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից:
Հոդված XXIII |
Չեղյալ համարելը |
1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ ՊԿ Գլխավոր տնօրենին ծանուցագիր ուղարկել սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարելու մասին: ԳԳլխավոր տնօրենն այդ մասին անմիջապես տեղեկացնում է բոլոր Պայմանավորվող կողմերին:
2. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցագիրը ՊԿ Գլխավոր տնօրենի ստանալուց մեկ տարի անց:
ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՄՈԴԵԼ
|
__________ բույսերի պաշտպանության կազմակերպությունը |
|
__________ բույսերի պաշտպանության կազմակերպությանը (կազմակերպություններին) |
I. Բեռի նկարագիրը
Արտահանողի անունն ու հասցեն |
___________ |
Բեռ ստացողի` հայտարարագրված անունն ու հասցեն |
___________ |
Փաթեթների թիվը և նկարագիրը |
___________ |
Տարբերակման նշաններ |
___________ |
Ծագման վայրը |
___________ |
Հայտարարագրված փոխադրամիջոցը |
___________ |
Հայտարարագրված մուտքի կետը |
___________ |
Ապրանքի անվանումն ու հայտարարագրված քանակը |
___________ |
Բույսերի բուսաբանական անվանումը |
___________ |
Սույնով հավաստվում է, որ նկարագրված բույսերը, բուսական արտադրանքը կամ այլ հսկվող առարկաները ենթարկվել են տեսչական ստուգման և/կամ տեստավորվել են` համաձայն համապատասխան պաշտոնական ընթացակարգերի, և համարվում են զերծ կարանտինային վնասատուներից, որոնք նշված են ներկրող Պայմանավորվող կողմի կողմից և համապատասխանում են ներկրող Պայմանավորվող կողմի ներկայիս ֆիտոսանիտարական պահանջներին, այդ թվում` հսկվող ոչ կարանտինային վնասատուների համար պահանջներին:
* Դրանք գործնականում զերծ են նաև այլ վնասատուներից:
II. Լրացուցիչ հայտարարագիր
III. Ախտահանում և/կամ ախտազերծման մշակում
Ամսաթիվը _____________ Մշակում _____________ |
Քիմիական (ակտիվ բաղադրիչներ) __________________ |
Տևողությունը և ջերմաստիճանը ___________________ |
Բաղադրությունը _____________________________ |
Լրացուցիչ տեղեկություններ ______________________ |
________________________________________ |
Տալու վայրը ________________________________ |
(Կազմակերպության կնիքը) |
Լիազորված պաշտոնյայի անունը ___________________ |
Ամսաթիվը _________________________________ |
(Ստորագրություն) |
________________________________________ |
________________________________________ |
բույսերի պաշտպանության կազմակերպությունը կամ նրա որևէ աշխատակից կամ ներկայացուցիչ չի կրում ոչ մի ֆինանսական պարտավորություն` կապված սույն հավաստագրի հետ:
* Գործառնական դրույթ:
ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
ՎԵՐԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
|
__________________ բույսերի պաշտպանության կազմակերպությունը |
|
(վերարտահանող Պայմանավորվող կողմը) |
|
|
_______________________________ բույսերի պաշտպանության |
|
կազմակերպությանը (կազմակերպություններին) |
|
(ներմուծող Պայմանավորվող կողմ(եր)ը |
I. Բեռի նկարագիրը
Արտահանողի անունն ու հասցեն |
___________ |
Բեռ ստացողի` հայտարարագրված անունն ու հասցեն |
___________ |
Փաթեթների թիվը և նկարագիրը |
___________ |
Տարբերակման նշաններ |
___________ |
Ծագման վայրը |
___________ |
Հայտարարագրված փոխադրամիջոցը |
___________ |
Հայտարարագրված մուտքի կետը |
___________ |
Ապրանքի անվանումն ու հայտարարագրված քանակը |
___________ |
Բույսերի բուսաբանական անվանումը |
___________ |
Սույնով երաշխավորվում է, որ վերը նշված բույսերը, բուսական արտադրանքը կամ այլ կանոնակարգվող առարկաները ներկրվել են ------------------------------------ (վերարտահանող Պայմանավորվող կողմ) -------------------------------------ից (ծագման Պայմանավորվող կողմ), որն ուղեկցված է Ֆիտոսանիտարական հավաստագրով` հմ. ------------------------------------* բնօրինակ, որի հաստատված իսկական □ պատճենը կցված է սույն հավաստագրին. դրանք փաթեթավորված են □ սկզբնական, վերափաթեթավորված են □ նոր բեռնարկղերում, որոնք հիմնված են Ֆիտոսանիտարական հավաստագրի բնօրինակի, լրացուցիչ տեսչական ստուգման վայր □. դրանք համապատասխանում են ներկրող Պայմանավորվող կողմի ֆիտոսանիտարական պահանջներին, և որ ------------------------------------- ում (վերարտահանող Պայմանավորվող կողմ) պահեստավորման ընթացքում ապրանքը չի ենթարկվել վարակման ռիսկի:
* Լրացրեք համապատասխան □ դաշտերը:
II. Լրացուցիչ հայտարարագիր
III. Ախտահանում
Ամսաթիվը ________________ Մշակում _________________ |
Քիմիական (ակտիվ բաղադրիչներ) _____________________ |
Տևողությունը և ջերմաստիճանը _____________________ |
Բաղադրությունը _______________________________ |
_______________________________________________ |
_______________________________________________ |
Լրացուցիչ տեղեկություններ ___________________________ |
Տալու վայրը ____________________________________ |
(Կազմակերպության կնիքը) ____________________________
|
Լիազորված պաշտոնյայի անունը __________________________
|
Ամսաթիվը _______________________________________ |
(Ստորագրություն) |
_______________________________________________ |
___________________ բույսերի պաշտպանության կազմակերպությունը կամ նրա որևէ աշխատակից կամ ներկայացուցիչ չի կրում ոչ մի ֆինանսական պարտավորություն` կապված սույն հավաստագրի հետ: |
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006թ. հունիսի 9-ից: