Համարը 
ՀՕ-79
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
10.09.1996
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
04.10.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.01.1997
Ուժը կորցնելու ամսաթիվը 
31.05.2002

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության

 

օ ր ե ն ք ը

 

ընդունված է Ազգային Ժողովի կողմից

Հանրապետության Նախագահի

առարկություններով և առաջարկություններով

10 սեպտեմբերի 1996 թ.

 

Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման եվ ուժի մեջ մտնելու կարգի մասին

 

Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքների, մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Ազգային Ժողովի նորմատիվ որոշումների, կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումների, ինչպես նաև օրենքների, Ազգային Ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների` Սահմանադրությանը համապատասխանության մասին սահմանադրական դատարանի որոշումների կոդավորման, հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը:

 

Հոդված 2. Նորմատիվ իրավական է այն ակտը, որը սահմանում, վերացնում կամ փոփոխում է ֆիզիկական անձանց կամ նրանց մի մասի, իրավաբանական անձանց կամ նրանց մի մասի համար պարտադիր կատարման ենթակա վարքագծի կանոններ:

 

Հոդված 3. Օրենքների և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերի հրատարակումը «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» պարտադիր է և համարվում է պաշտոնական հրապարակում:

 

Հոդված 4. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» կառավարության կողմից հրատարակվող պաշտոնական պարբերական է:

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է ամիսը առնվազն 2 անգամ:

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» բաժանորդագրությունն ազատ է:

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» ըստ բաժինների հրապարակվում են`

1) Հայաստանի Հանրապետության օրենքները.

2) մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

3) Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրությունները.

4) Ազգային Ժողովի նորմատիվ որոշումները.

5) կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումները.

6) օրենքների, Ազգային Ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների` Սահմանադրությանը համապատասխանության մասին սահմանադրական դատարանի որոշումները:

 

Հոդված 5. Օրենքները և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից 10 օր հետո, եթե տվյալ օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ: Պատերազմ հայտարարելու մասին Ազգային Ժողովի որոշումն ունի մեջ է մտնում Հանրապետության Նախագահի կամ Ազգային Ժողովի նախագահի կողմից զանգվածային լրատվության միջոցներով դրա հրապարակման պահից:

Սահմանադրական դատարանի սույն օրենքի 1 հոդվածում նշված որոշումներն ուժի մեջ են մտնում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նախատեսված կարգով:

 

Հոդված 6. Օրենքները հրապարակում է Հանրապետության Նախագահը: Այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակում են դրանք ընդունող մարմնի ղեկավարները կամ պաշտոնատար անձինք:

 

Հոդված 7. Օրենքները և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակելիս նշվում է դրանց կոդը, անվանումը, ընդունման, վավերացման կամ ստորագրման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, այն ստորագրող անձի պաշտոնը, անվան սկզբնատառը ու ազգանունը, գրանցման համարը:

Իրավական ակտի կոդը պարունակում է`

1) իրավական ակտի տեսակը բնորոշող կոդը.

2) իրավական ակտի գրանցման համարը.

3) իրավական ակտի գրանցման ամսաթիվը, ամիսը և տարին.

4) այն իրավական ակտերի տեսակը բնորոշող կոդերը և գրանցման համարները, որոնց մեջ փոփոխություն է կատարում տվյալ իրավական ակտը.

5) այն իրավական ակտերի տեսակը բնորոշող կոդերը և գրանցման համարները, որոնց ուժը կորցրած է ճանաչում տվյալ իրավական ակտը: Իրավական ակտերի կոդավորման համակարգը հաստատում է կառավարությունը: Օրենքները և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» ըստ հրապարակման ուղարկվելու հերթականության:

 

Հոդված 8. Նախարարությունների և այլ գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը սահմանում է կառավարությունը, իսկ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերինը` կենտրոնական բանկը:

 

Հոդված 9. Օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակում իրականացվում է կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել`

1. «Հայկական ԽՍՀ օրենքները, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումները և մյուս ակտերը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերն ու որոշումները հրապարակելու և ուժի մեջ մտցնելու կարգի մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1975 թվականի մարտի 26-ի հրամանագիրը.

2. «Հայկական ԽՍՀ օրենքների, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումների և մյուս ակտերի, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերի ու որոշումների հրապարակման աշխատանքը կազմակերպելու մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1980 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումը:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երեք ամիս հետո:

 

4 հոկտեմբերի 1996 թ.
ՀՕ-79