Համարը 
N 539-Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.05.23/26(550) Հոդ.646
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.05.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.05.2007
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
15.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2007 թվականի N 539-Ա

ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ

Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող, ինչպես նաև Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2007 թվականի ոռոգման շրջանում Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել 120.0 մլն խոր. մետր:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումն ապահովել` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի պլան-ժամանակացույցով նախատեսված` ամիսների և ամսվա կտրվածքով տասնօրյակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2.0 խոր. մետր/վրկ և երկու ժամով հիմնական ելք` 5.0 խոր. մետր/վրկ, ընդամենը` տարեկան` 0.65 մլն խոր. մետր:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հրազդան գետի բնական ելքերի փոփոխման և Ապարանի ջրամբարից Արզնի-Շամիրամ ջրանցքին նախատեսված դոտացիայի անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով սահմանված` Սևանա լճից 2007 թվականի ոռոգման շրջանում ջրի բացթողման չափաքանակը համապատասխան փոփոխության ենթարկելու վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 11
Երևան