Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
29.02.2008
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
29.02.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ 3-161(ՎԴ) ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-4293

Քաղաքացիական գործ թիվ 3-161(ՎԴ)
2008թ
.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

Դատավորներ՝ Վ. Ավանեսյան

                   Գ. Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի փետրվարի 29-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Մահտեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արմեն Մահտեսյանի ընդդեմ Մայիս Մեհրաբյանի և Գայանե Թադևոսյանի՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու և բնակարանից վտարելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Մայիս Մեհրաբյանի և Արմեն Մահտեսյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է Մայիս Մեհրաբյանի և Գայանե Թադևոսյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի 24/2 շենքի թիվ 3 բնակարանի նկատմամբ ճանաչել դադարեցված և վերջիններիս վտարել նշված բնակարանից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Մայիս Մեհրաբյանը և Գայանե Թադևոսյանը պահանջել են անվավեր ճանաչել Մայիս Մեհրաբյանի և Արմեն Մահտեսյանի միջև 04.12.1999 թվականին կնքված վերոնշյալ բնակարանի առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր):

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 09.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը՝ մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը՝ բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Մահտեսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.      

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել նույն հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի առաջին մասը, որը սեփականության իրավունքի ծագման պահի վերաբերյալ ընդհանուր դրույթ է սահմանում, և չի կիրառել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հատուկ նորմը, համաձայն որի՝ այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը վիճելի գույքը վաճառքի պահին առկա շուկայական գնից ցածր վաճառված լինելը դիտել է որպես գործարքի շինծու լինելը հիմնավորող ապացույց՝ անտեսելով այն հանգամանքը, որ գույքի սեփականատերն է որոշում իրեն պատկանող գույքի արժեքը:

2. Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ հակընդդեմ հայցով դատարան դիմելու պահին լրացած է եղել իրավունքի պաշտպանության հայցային վաղեմության ժամկետը: Այսպես, պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացվել է 2007 թվականին, մինչդեռ վիճելի պայմանագիրը կնքվել է 1999 թվականին: Հետևաբար, հակընդդեմ հայցով պահանջը ենթակա էր մերժման նաև հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.       

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Մայիս Մեհրաբյանի և Արմեն Մահտեսյանի միջև 04.12.1999 թվականին կնքվել է Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի 24/2 շենքի թիվ 3 բնակարանի առուվաճառքի պայմանագիր:

Պայմանագրից ծագած իրավունքները ենթարկվել են պետական գրանցման:

2) Քաղաքացիական գործում բացակայում է իրավունքի պաշտպանության հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով հակընդդեմ հայցը մերժելու մասին միջնորդություն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.   

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տես օրինակ` «ԱՎԱ» ՍՊԸ ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սերգեյ Գաբրիելյանի և Վիոլետա Գաբրիելյանի, Ընկերության և Սերգեյ Գաբրիելյանի միջև կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման 03.03.2005 թվականի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և ըստ հակընդդեմ հայցի` օգտագործման պայմանագիրը շինծու գործարք ճանաչելու պահանջի մասին թիվ 3-89/ՏԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Այսինքն, շինծու գործարքի առկայությունը փաստելու համար, Վերաքննիչ դատարանը պետք է գնահատման առարկա դարձներ և հիմնավորեր վերոնշյալ փաստերից որևիցե մեկի առկայությունը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է նաև դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՜ս օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ 3-2504/ՏԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական և թե՜ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով, Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի պատճառաբանել Պայմանագրի շինծու լինելու մասին հետևությունը:

Հիմնավոր է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի չլինելու վերաբերյալ վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկը, հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ oրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քաղաքացիական գործով վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդի մոտ ծագել է այդ իրավունքի պետական գրանցման, այլ ոչ թե գույքը գնորդին հանձնելու պահից: Այսինքն, Վերաքննիչ դատարանը անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահը որոշելիս կիրառել է շարժական գույքի նկատմամբ իրավունքների ծագման համար օրենքով սահմանված կանոնը:

Նույնանման փաստական հանգամանքներով գործերի համար դատարանները պետք է նկատի ունենան, որ անշարժ գույքի նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի ծագման պահը չի կապվում գույքը հանձնելու հետ և վերջին հանգամանքը որոշիչ չէ սեփականության իրավունքի ծագման իրավաբանական փաստը որոշելու համար:

2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը:

Սույն քաղաքացիական գործով բերված վճռաբեկ բողոքում չհիմնավորվեց գործի դատաքննության ընթացքում Արմեն Մահտեսյանի կողմից հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու փաստը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան