Համարը 
ՀՕ-49-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2008.06.04/33(623) Հոդ.527
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.04.2008
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.05.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի ապրիլի 30-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 178-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

 

«5) կաշառք ստանալու պատրվակով`»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3111-րդ հոդվածով.

 

«Հոդված 3111. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը

 

1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը` վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակներում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր ծառայողական դիրքն օգտագործելով` այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`
     պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը` վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար`
     պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքը, որը կատարվել է`

1) շորթմամբ,

2) խոշոր չափերով,

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

4) կրկին անգամ` 

պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

5. Սույն գլխում հանրային ծառայողներ են համարվում, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն, հանրային ծառայություն իրականացնող անձինք:»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3112-րդ հոդվածով.

 

«Հոդված 3112. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը
 

1. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը` անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առավելություն ստանալը` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`
      պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար`
    պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

3. Նույն արարքը, որը կատարվել է`

1) շորթմամբ,

2) խոշոր չափերով,

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

4) կրկին անգամ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»:

 

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3121-րդ հոդվածով.

 

«Հոդված 3121. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը

 

1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը` իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձ չհանդիսացողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`
     պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

3. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրություն տալու շորթում, կամ եթե այդ անձը ապօրինի վարձատրություն տալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 24

Երևան

ՀՕ-49-Ն