ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
27 հունվարի 2010 թ. |
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՀԱՅԱՍՏԱՆ ԲՖԳ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև շրջանակային ֆինանսավորման համաձայնագրում (Հայաստան ԲՖԳ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին ուղղված` Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 27.11.2009թ.:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Խնդրո առարկա համաձայնագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարի կողմից այն ստորագրվել է 2009թ. սեպտեմբերի 15-ին:
Համաձայնագրի հիմնական նպատակն է ենթատարածաշրջանային ճանապարհային միջանցքների վերականգնումը, ինչպես նաև պետական տրանսպորտային ճանապարհային համակարգի զարգացումը, ճանապարհային ենթակառուցվածքների և ճանապարհային ցանցի կառավարման կարողությունների բարելավումը ու ճանապարհների անվտանգության ապահովումը:
Ինչպես վկայում է համաձայնագրի 2-րդ ժամանակացույցի ուսումնասիրությունը, ակնկալվում է, որ Ծրագրի իրականացման արդյունքում անհամեմատ կավելանան արտահանման և ներկրման, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքով տարանցիկ երթևեկության ծավալները և քանակը, երթևեկության հոսքն սպասարկելու նպատակով կբարեկարգվեն և կարդիականացվեն առնվազն 3 սահմանային և մաքսային կետեր ու դրանց ենթակառուցվածքները, կնվազի ճանապարհատրանսպորտային պատահարների թվաքանակը, կկրճատվի միջանցքով բեռնափոխադրումների և ուղևորությունների ժամանակը:
ՀՀ ճանապարհային ենթաոլորտի կատարելագործումը, ըստ համաձայնագրի, ենթադրում է ճանապարհային ցանցի զարգացում, ճանապարհների շինարարություն, բարենորոգում, վերականգնում և կայուն պահպանում, ինչպես նաև ծրագրավորման և կառավարման համապատասխան բարեփոխումներ, որոնք կստեղծեն տնտեսական զարգացման հուսալի նախադրյալներ:
2. Համաձայնագիրը բաղկացած է մի շարք բաժիններից և իր անբաժանելի մասը կազմող թվով 6 ժամանակացույցերից, ընդ որում` 1-ին ժամանակացույցն իր հերթին բովանդակում է 2 աղյուսակներ, այն է` ներդրումների նախնական ծրագիրը և ճանապարհային ենթաոլորտի ճանապարհային քարտեզը (2010-2017թթ.):
Համաձայնագրում և կից ժամանակացույցերում ներառված են բազմափուլ ֆինանսավորման գործիքի (ԲՖԳ-ի) բաղկացուցիչները, նախնական ներդրումային ծրագիրը, ճանապարհային ենթաոլորտի ճանապարհային քարտեզը, ԲՖԳ-ի նախագծման և մոնիտորինգի հայեցակարգը, ծրագրերի իրականացման շրջանակները, ընտրության չափանիշները, սոցիալական խնդիրները և այլ պարտավորություններ:
Ներդրումների նախնական ծրագրի ընդհանուր արժեքը 2009-2017թթ. ժամանակահատվածի համար կազմում է 1.453 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Համաձայնագրի թիվ 1 ժամանակացույցի 2-րդ աղյուսակից բխում է, որ մինչև 2017 թվականը բարենորոգվելու են ՀՀ 620 կմ միջպետական և 1200 կմ գյուղական ճանապարհներ, ընդսմին` 1-ին աղյուսակում բերված է նորոգման ենթակա միջպետական ճանապարհների համապատասխան հատվածների սպառիչ ցանկը (Մ-1, Մ-2, Մ-3, Մ-6):
Համաձայնագրով նախատեսված է, որ վարկատուն` ԱԶԲ-ն, վարկեր կտրամադրի ներդրումային ծրագրի առանձին բաղադրիչների ֆինանսավորման համար և յուրաքանչյուր վարկ հանդես կգա իբրև առանձին տրանշ: Վերջինս կարող է ֆինանսավորվել նախորդ կամ հաջորդ տրանշներից տարբերվող ֆինանսավորման պայմաններով:
Վերը նշված ԲՖԳ-ի շրջանակներում առկա առավելագույն ֆինանսավորման չափն է 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը տրամադրվելու է առանձին տրանշներով ԱԶԲ-ի` Սովորական կապիտալ միջոցներից 440 մլն դոլար և Հատուկ հիմնադրամի միջոցներից` 60 մլն դոլար:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից հատկացվելու է 70 մլն դոլար: Ի դեպ, ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորման ենթակա գումարի չափը կազմելու է 392 մլն դոլար:
Վարկառուն` Հայաստանի Հանրապետությունը, պարտավորվում է յուրաքանչյուր տրանշի գումարներն օգտագործել Ծրագրերի ծախսերը ֆինանսավորելու նպատակով` սույն համաձայնագրի և յուրաքանչյուր տրանշի մասին կնքված առանձին համաձայնագրերի պայմաններին համապատասխան: Ներդրումային ծրագիրը ֆինանսավորելու համար անհրաժեշտ է ներկայացնել պարբերական ֆինանսավորման հայտ (ՊՖՀ): Յուրաքանչյուր առանձին տրանշի գումարը չպետք է լինի 50 մլն ԱՄՆ դոլարից կամ դրա համարժեքից ցածր: Համաձայնագիրը սահմանում է նաև ՊՖՀ-ին ներկայացվող հիմնական պահանջները:
ԲՖԳ-ի շրջանակներում ֆինանսավորվող բոլոր ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումներն իրականացվելու են ԱԶԲ-ի Գնումների ուղեցույցին համապատասխան:
Համաձայնագիրը սահմանում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 31-ն այն վերջնաժամկետն է, որի դրությամբ ցանկացած տրանշի շրջանակներում կարող է վճարում կատարվել:
Համաձայնագրի 3-րդ ժամանակացույցում արձանագրված է, որ Ծրագրի իրականացման պատասխանատուն Ծրագրի կառավարման խորհուրդն է, որի համանախագահներն են ՀՀ էկոնոմիկայի ու տրանսպորտի և կապի նախարարները: Սահմանված է նաև, որ ներդրումային ծրագրի անմիջական իրականացումը և մոնիտորինգը հանձնարարվելու է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ («Հայավտոճան») ՊՈԱԿ-ին, որը կհիմնի Ծրագրի կառավարման գրասենյակ:
Համաձայնագիրն ԱԶԲ-ին իրավունք է վերապահում ուսումնասիրելու ԲՖԳ-ի շրջանակներում իրականացվող ծրագրերին առնչվող ցանկացած գործողություն: Մասնավորապես, ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող բոլոր պայմանագրերը պետք է ներառեն դրույթներ, որոնց համաձայն ԱԶԲ-ն իրավունք ունի քննության և աուդիտի ենթարկելու Հայավտոճանի բոլոր ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերը, բոլոր կապալառուներին, մատակարարներին, խորհրդատուներին և այլ ծառայություններ մատուցողներին:
Համաձայնագրի 4-րդ ժամանակացույցում տեղ են գտել նախագծերի ընտրության չափանիշներին և հաստատման գործընթացին վերաբերող պարտավորություններ:
Համաձայնագրի հաջորդ` 5-րդ ժամանակացույցում, շարադրված են սոցիալական ապահովությանը և երաշխիքներին առնչվող պահանջներ:
Առանձին ուշադրություն է դարձված շահագործման ընթացքում ճանապարհային միջանցքի կայուն պահպանության, ինչպես նաև շինարարության որակին, բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցերին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու այն պահից, երբ ՀՀ-ն ԱԶԲ-ին կծանուցի գործող օրենսդրության համաձայն բոլոր ներպետական ընթացակարգերի ավարտի մասին, բայց ոչ ուշ, քան մինչև 1-ին տրանշի ծրագրի համար վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելը:
Ըստ համաձայնագրի` Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է որոշակի ֆինանսական պարտավորություններ, մասնավորապես, պարտավորվում է իր սեփական միջոցների հաշվին տրամադրել համաֆինանսավորում Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների գծով` համապատասխանաբար 392.0 միլիոն և 10.0 մլն ԱՄՆ դոլարի չափով: Բացի դրանից, Հայաստանի Հանրապետությունը համաձայնում է իր սեփական միջոցների հաշվին կատարել ոչ կամավոր վերաբնակեցման, ինչպես նաև ճանապարհային միջանցքի շահագործման ընթացքում ճանապարհների պահպանության գծով առաջացած ծախսերի ֆինանսավորումը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև շրջանակային ֆինանսավորման համաձայնագրում (Հայաստան ԲՖԳ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
27 հունվարի 2010 թ.
ՍԴՈ-860 |
|