Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.4
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
02.04.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
02.04.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/3468/02/08 ՄԱՍԻՆ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3468/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3468/02/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան

Դատավորներ՝ Ն. Հովսեփյան

               Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Խաչատուրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2009 թվականի «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի թիվ 3468/02/08 որոշումը պարզաբանելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Հայկ Բեգլարյանի լիազորված անձ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հարությունյանի ընդդեմ Կարինե Խաչատուրյանի` հասարակության և պետության կարիքների համար փոխհատուցմամբ սեփականությունն օտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Հայկ Բեգլարյանի լիազորված անձ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Կարինե Խաչատուրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Բուզանդի փողոցի թիվ 85 հասցեում գտնվող 42.7 քմ մակերեսով բնակելի տունն օտարել անհատ ձեռնարկատեր Հայկ Բեգլարյանին։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 22.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի որոշմամբ Հայկ Բեգլարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.04.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Դիմելով դատարան` Հայկ Բեգլարյանը պահանջել է պարզաբանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի որոշումը։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.11.2009 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է` պարզաբանվել է, որ «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի որոշման եզրափակիչ մասում նշված «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.04.2009 թվականի վճիռը, սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշմամբ, թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ» նշանակում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.04.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ «4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը» մասում նշված Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններով։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.04.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ միայն եզրափակիչ մասով և Դատարանի պատճառաբանություններն անհիմն են (ըստ որոշման առարկայազուրկ) համարվել Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշման «4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը» մասում նշված պատճառաբանություններով»։

Սույն գործով Վերաքննիչ դատարանի 12.11.2009 թվականի «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի թիվ 3468/02/08 որոշումը պարզաբանելու մասին» որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Խաչատուրյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկ Բեգլարյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 94-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարզաբանվել կարող է վճիռը, որպիսի իրավասությունը վերապահված է բացառապես վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանին, այսինքն` Վերաքննիչ դատարանն իրավասու չէ պարզաբանելու իր որոշումը։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, որոշման պարզաբանմամբ նույնացնելով «առարկայազուրկ» և «անհիմն» եզրույթները, էապես փոխել է որոշումը։ Մինչդեռ «առարկայազուրկ» եզրույթը նշանակում է, որ բացակայում է քննության ենթակա հայցի առարկան և հետևապես դրա հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ դատարանի պատճառաբանությունները ևս առարկայազուրկ են, իսկ երբ խոսքը գնում է դատարանի պատճառաբանությունների «անհիմն» լինելու մասին, ենթադրվում է, որ քննության առարկան գոյություն ունի, սակայն ի հիմնավորումն կամ ի հերքումն դրա` դատարանի պատճառաբանություններն անհիմն են։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ թեև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը չի նախատեսում վճիռը պարզաբանելու հարցը լուծելու համար դատական նիստի հրավիրում և դատավարության մասնակիցների ներկայության ապահովում, այդուհանդերձ Կարինե Խաչատուրյանն իրավունք ուներ ներկայացնելու իր դիրքորոշումը, իսկ Վերաքննիչ դատարանը նախքան բողոքարկվող որոշումը կայացնելը պետք է հնարավորություն տար վերջինիս ծանոթանալու որոշումը պարզաբանելու դիմումին և դրա վերաբերյալ հայտնելու իր դիրքորոշումը։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.11.2009 թվականի «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի թիվ 3468/02/08 որոշումը պարզաբանելու մասին» որոշումը և այն փոփոխել` դիմումը մերժել։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածում օրենսդիրը «վճիռ» հասկացության տակ նկատի է ունեցել վերջնական դատական ակտերը, իսկ տվյալ դեպքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի որոշումը վերջնական դատական ակտ է և դրա պարզաբանման իրավունք ունի միայն այն կայացրած դատարանը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

Վերաքննիչ դատարանը 12.11.2009 թվականի որոշմամբ պարզաբանել է նույն դատարանի 20.10.2009 թվականի որոշումը (հ. 3, գ.թ. 152)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն քաղաքացիական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցը, թե արդյո՞ք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր դատական ակտը պարզաբանելու լիազորություն ունի, թե ոչ։

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։

ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանների լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ կամ օրենքներով։

ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է oրենքով նախատեսված բացառիկ դեպքերում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը։

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարաններն իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ Ընդ որում` օրենքով սահմանված է, որ Վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում ընդհանուր իրավասության դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը, ինչպես նաև oրենքով նախատեսված բացառիկ դեպքերում միջանկյալ դատական ակտերը վերանայող դատարան է, իսկ վճիռը պարզաբանելու իրավասությունը վերապահված է բացառապես վճիռը կայացրած առաջին ատյանի դատարանին։

Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը 12.11.2009 թվականի որոշմամբ պարզաբանել է նույն դատարանի 20.10.2009 թվականի որոշումը։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը պարզաբանելու լիազորություն չունի։ Այսինքն` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների սահմաններից։

Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը պարզաբանելու լիազորություն չունենալու պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին։

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության։ Նույն օրենսգրքի 240-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը։

Հիմք ընդունելով սույն որոշման պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պարզաբանելու հարցը ենթակա չէ Վերաքննիչ դատարանում քննության։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2009 թվականի «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի թիվ 3468/02/08 որոշումը պարզաբանելու մասին» որոշումը և գործի վարույթը կարճել։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան