Համարը 
ՀՕ-190-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.12.27/68(802) Հոդ.1572
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
08.12.2010
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 12.1.

Բնապահպանական և բնօգտագործման վճարների պարտավորությունների հաշվառումը

 

1. Վճարների պարտավորությունների (վճար, տույժ, տուգանք) հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

2. Վճարների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հաշվարկ-հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև վճարողին տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում վճարների պարտավորությունների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում վճարների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

3. Վճարների պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ վճարի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման ամսաթվից:

4. Որևէ հաշվետու ժամանակաշրջան (եռամսյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված վճարողի համար` պետական գրանցման պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրով: Հաշվարկ-հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ վճարողի լուծարման կամ ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հաշվարկ-հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություն, իսկ մյուսները` ճշտված հաշվարկ-հաշվետվություն:

5. Վճարողի լուծարման դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացված միջանկյալ և լուծարային հաշվարկ-հաշվետվությունները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններ, եթե այդ հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը վճարողը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Վճարողի կողմից միջանկյալ և (կամ) լուծարային հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հաշվարկ-հաշվետվություններ, որոնք չեն համարվում ճշտված հաշվարկ- հաշվետվություններ:

6. Ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններ, և հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները համարվում են ճշտված հաշվարկ-հաշվետվություններ:

7. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են առկա վճարների պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` վճարի գումարները, տույժերը, տուգանքները:»:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում`

 

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սույն օրենքով սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ վճարի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:».

2) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների նկատմամբ նշված 15-օրյա ժամկետում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 15-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 23
Երևան
ՀՕ-190-Ն