Համարը 
N 271-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2005.03.30/20(392) Հոդ.394
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.03.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2005
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
19.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
10.08.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 19 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2005 թվականի N 271-Ն

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին քաղաքացիների դիմումները քննարկելու նպատակով ստեղծել այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողով:

2. Սահմանել`

ա) այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 


 

2005 թ. մարտի 16
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 10-ի N 271-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են այլընտրանքային ծառայություն ընտրած քաղաքացու (այսուհետ` քաղաքացի)` պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումը (այսուհետ` դիմում) ներկայացնելու, քննարկելու և դրան պատասխանելու կարգը, ինչպես նաև այդ ընթացքում տեղական զորակոչային հանձնաժողովի և այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` հանրապետական հանձնաժողով) գործունեությունը:

2. «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի համաձայն քաղաքացին մինչև հերթական զորակոչին նախորդող ամսվա 1-ը դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:

3. Դիմումի մեջ պետք է նշված լինեն այն ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, քաղաքացու ստորագրությունը, բնակության վայրի հասցեն: Դիմումի մեջ պետք է հատկապես նշվեն`

ա) քաղաքացու նախընտրած այլընտրանքային ծառայության տեսակը,

բ) պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու պատճառը:

4. Դիմումը գրանցվում է զինվորական կոմիսարիատում և 10-օրյա ժամկետում քաղաքացու անձնական գործի հետ միասին ներկայացվում տեղական զորակոչային հանձնաժողով` քննարկման: Տեղական զորակոչային հանձնաժողովը քաղաքացու վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող է պահանջել այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

Տեղական զորակոչային հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար հանձնաժողովի կողմից կարող են հրավիրվել կրոնագետներ, այլընտրանքային ծառայության վայրերի (հիմնարկների), կրոնական և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անձինք:

Տեղական զորակոչային հանձնաժողովի պահանջով` հանձնաժողովի նիստերին քաղաքացու ներկայությունը պարտադիր է:

5. Տեղական զորակոչային հանձնաժողովը 15 օրվա ընթացքում նախապատրաստում և հանրապետական հանձնաժողով է ներկայացնում քաղաքացուն վերաբերող փաստաթղթերը, այդ թվում` դիմումը, քաղաքացու անձնական գործը և դիմումի վերաբերյալ տեղական զորակոչային հանձնաժողովի եզրակացությունը:

Սույն կարգի 3-րդ կետի պահանջներին չհամապատասխանող դիմումները հանրապետական հանձնաժողով չեն ներկայացվում:

6. Հանրապետական հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի ձևով: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանրապետական հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

7. Հանրապետական հանձնաժողովը դիմումը քննարկում է առանձին նիստում, որի անցկացման ժամանակի և վայրի մասին քաղաքացին նախապես տեղեկացվում է:

8. Հանրապետական հանձնաժողովը յուրաքանչյուր դիմումի համար ընդունում է որոշում: Դիմումի քննարկման արդյունքում որոշումն ընդունվում է նիստին ներկա անդամների ձայների 2/3-ի դեպքում:

9. Հանրապետական հանձնաժողովի կողմից դիմումի քննարկման և դրան պատասխանելու ժամկետը չի կարող գերազանցել մեկ ամիսը:

10. Դիմումի վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում քաղաքացուն 10 օրվա ընթացքում ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են հանրապետական հանձնաժողովի նիստի արդյունքները: Դիմումի վերաբերյալ բացասական որոշում ընդունվելու դեպքում դիմումատուին ուղարկվում է նաև հանրապետական հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածք, որում նշվում են դիմումը մերժելու պատճառն ու հիմքը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
    
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 10-ի N 271-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

2. Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ

6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար    
Մ. Թոփուզյան