Համարը 
N 270-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.03.31/13(747) Հոդ.346
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.03.2010
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.03.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2010 թվականի N 270-Ն

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում (մաքսատնից մինչև պահեստ) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխման ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի.

2) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 3 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 18.03.11 N 240-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 25
 Երևան

 

 

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 18-ի N 270-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կանոններով սահմանվում են թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների օրինական շրջանառությանը ներկայացվող պահանջները: Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառություն է համարվում դրանց մշակումը, արտադրությունը, պատրաստումը, վերամշակումը, տեղափոխումը, պահումը, բացթողումը, իրացումը, բաշխումը, ձեռքբերումը, օգտագործումը, առաքումը, արտահանումը, ներմուծումը և ոչնչացումը:

2. Սույն կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված համապատասխան գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա:

(2-րդ կետը խմբ. 18.03.11 N 240-Ն)

3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մշակման, արտադրության, պատրաստման համար անհրաժեշտ են`

1) ասիստենտական սենյակ.

2) փաթեթավորման սենյակ` լվացարանով.

3) ամանեղենի մանրէազերծման սենյակ.

4) պահեստ.

5) շշերի պահպանման սենյակ.

6) դեղափոշիների պահպանման սենյակ.

7) տնտեսական ապրանքների պահպանման սենյակ.

8) սանհանգույց` լվացարանով:

4. Հոգեմետ նյութերի պատրաստման համար նախատեսված պահեստի պատուհաններն ունեն վանդակաճաղեր, դուռը մետաղյա է կամ թիթեղապատված: Պահեստն ունի մետաղյա պահարաններ և խոնավաչափ հոգեմետ նյութերը պահելու համար:

5. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների պատրաստման համար դեղերը պահվում են ըստ դեղաբանական խմբերի` դրանք ուղեկցող փաստաթղթերում սահմանված ջերմային ռեժիմում և համապատասխան լուսավորության ու խոնավության պայմաններում:

6. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների պատրաստի արտադրանքի հաշվառումն իրականացվում է կարված, էջակալված և կնքված հաշվառման գրքում, որտեղ լիարժեք արտացոլվում է ամենօրյա պատրաստի արտադրանքի շարժը:

7. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների արտադրությունը համապատասխանում է պատշաճ արտադրական գործունեության պահանջներին:

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 18.03.11 N 240-Ն)

9. Տեղափոխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ծառայության զինված կարգախմբի ուղեկցությամբ (մարդկանց թիվը և տեղափոխման եղանակը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը) կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու մասին» N 1498-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջներին համապատասխան` զրահապատ ինկասացիոն ավտոմեքենաների միջոցով:

10. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխման համար պատասխանատու իրավաբանական անձն ապահովում է դրանց պահպանումը:

11. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխման համար յուրաքանչյուր դեպքում կազմակերպության ղեկավարի կողմից կազմվում է հրաման, որով կազմակերպության աշխատողներից նշանակվում է պատասխանատու անձ` ստացման, առաքման, փոխանցման և պահպանման համար: Հրամանում նշվում է հրամանի կազմման օրը, ամիսը, տարեթիվը և համարը:

12. Տեղափոխվող թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորները լինում են փաթեթավորված և կնքված: Դրանց վրա նշվում են ուղարկող և ստացող կազմակերպությունների գտնվելու վայրերը:

13. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխման ժամանակ տեղափոխման համար պատասխանատու անձն իր հետ ունենում է հետևյալ փաստաթղթերը`

1) ապրանքափոխադրման ամփոփագիրը.

2) հաշիվ-ապրանքագրերը.

3) պայմանագրեր կամ այլ փաստաթղթեր, որտեղ արտացոլվում են փոխադրվող ապրանքների անվանումները և քանակները.

4) տեղափոխվող ապրանքների երթուղին:

14. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխումն իրականացվում է կազմակերպությունների, երկաթուղային, ջրային, ավիացիոն, ավտոմոբիլային տրանսպորտային ճանապարհներով:

15. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների պահպանման համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ունեն թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների պահպանման պահեստ: Պահեստի դուռը երկաթյա է, պատուհանները` վանդակաճաղերով, պահեստում տեղադրված են հատակին ամրացված չհրկիզվող երկաթյա պահարաններ: Պահեստի բանալիները պահվում են պահպանման համար պատասխանատու անձի մոտ: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

(15-րդ կետը խմբ., լրաց. 18.03.11 N 240-Ն)

16. Այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են դեղատնային գործունեություն կամ բժշկական օգնություն և սպասարկում, հոգեմետ նյութերի պահպանման համար ունեն երկաթյա պահարան, որը տեղակայված է հատուկ դրա պահպանման համար նախատեսված վանդակաճաղերով պատուհաններով և երկաթյա դուռ ունեցող սենյակում, որն ապահովված է ձայնային ահազանգման համակարգով:

(16-րդ կետը լրաց. 18.03.11 N 240-Ն)

17. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերը պահպանվում են դեղաբանական խմբերին և ջերմային ռեժիմին համապատասխան:

18. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորները բժշկական նպատակներով օգտագործման համար բաշխվում, բաց են թողնվում և իրացվում են բուժհաստատությունների, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների և դեղատների միջոցով:

19. Թմրամիջոցները և հոգեմետ նյութերը դեղատներից բաց են թողնվում դեղատոմսերով: Թմրադեղերը դեղատներից բաց են թողնվում հիվանդին կամ նրա լիազորած անձին` անձնագրի առկայության դեպքում: Լիազորագիրը տրվում է 2 օրինակից, հաստատվում ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության ղեկավարի կողմից: Լիազորագրի մեկ օրինակը փակցվում է հիվանդի ամբուլատոր քարտին, իսկ մյուս օրինակը մնում է դեղատանը: Հոգեմետ նյութերի դեղատոմսերի դարձերեսի վրա դեղատան աշխատողի կողմից պարտադիր լրացվում են բաց թողնման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, ստացվող դեղի(դեղերի) փաստացի քանակը (տառերով), ստացողի անձնագրի տվյալները և ստացողի ստորագրությունը: Բուժհաստատություններում թմրադեղերը դուրս են գրվում, հիմք ընդունելով բժշկի կողմից հիվանդի պատմության քարտում համապատասխան նշանակման և բաժանմունքի ավագ բուժքրոջ կողմից դուրս գրված պահանջագրերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով:

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 18.03.11 N 240-Ն)

21. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների օգտագործմամբ փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ է հետևյալ տեխնիկատեխնոլոգիական հագեցվածությունը` չորսխցիկավոր էլեկտրական ցենտրիֆուգ, էլեկտրական թափահարիչ, գազահեղուկային քրոմատոգրաֆ, մարդու կենսահեղուկներում թմրամիջոցների իմունաքիմիական որոշման սարք, թմրամիջոցների շտապ անալիզի թեստեր, քրոմատոմասսպեկտրոմետր, չորացնող պահարան, սառնարան, ջրի թորման սարք, բժշկական պահարան, դեղորայքի պահարան, սեղաններ` փորձագետների համար, աթոռներ:

22. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների օգտագործմամբ փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ են հետևյալ տարածքները` փորձաքննությունների անցկացման լաբորատորիա, նյութագիտական սենյակ, սենյակ` գազահեղուկային քրոմատոգրաֆի համար, պահեստ, ախտահանման սենյակ, գրասենյակ (հանգստի սենյակ), սանհանգույց:

23. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ունեն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գիտական և ուսումնական նպատակով օգտագործելու համար անհրաժեշտ լաբորատորիաներ, ուսումնական և գիտական փորձերի համար անհրաժեշտ նյութերով և սարքավորումներով հագեցված կաբինետներ, պահեստ: Պահեստի դուռը երկաթյա է, պատուհանները` վանդակաճաղերով, որոնք ապահովված են ահազանգման և ազդանշանային համակարգով: Պահեստում տեղադրված են չհրկիզվող պահարաններ և խոնավաչափ: Պահեստի բանալիները պահվում են պահպանման համար պատասխանատու անձի մոտ:

(23-րդ կետը լրաց. 18.03.11 N 240-Ն)

24. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման համար անհրաժեշտ է դեղանյութերի, վերամշակված պատրաստուկների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առանձին պահեստ: Պահեստի դուռը մետաղյա է, պատուհանները` վանդակապատված: Պահեստում պետք է տեղադրված լինեն չհրկիզվող պահարաններ: Պահեստի բանալիները պետք է պահվեն պահպանման համար պատասխանատու անձի մոտ: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

(24-րդ կետը խմբ. 18.03.11 N 240-Ն)

25. Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել միայն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող թմրադեղեր և հոգեմետ դեղեր:

26. Հայաստանի Հանրապետության սահմանը հատող քաղաքացիները մաքսային անցակետում լրացնում են իրենց մոտ առկա, բժշկի կողմից նշանակված թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի քանակի և ձեռքբերման օրինականության վերաբերյալ հայտարարագիր:

27. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորված անձինք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված հաշվետվությունները: Հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում յուրաքանչյուր եռամսյակից հետո 10-օրյա ժամկետում:

28. Եթե ներկայացված հաշվետվությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևին, ապա համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորված անձանց առաջարկվում է 3-oրյա ժամկետում շտկել թերությունները և հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

29. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ոչնչացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տնօրինող և դրանց ոչնչացումը կազմակերպող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ` ոչնչացման վերաբերյալ համապատասխան ակտ կազմելու միջոցով:

(29-րդ կետը լրաց. 18.03.11 N 240-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 18-ի N 270-Ն որոշման

 

Ձ Ե Վ Ա Թ ՈՒ Ղ Թ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ՄԱՔՍԱՏՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՊԱՀԵՍՏ) ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ

 

 

 Հաստատում եմ

 

 ___________________________

 

 (ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

______________________________________________________

(թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, պրեկուրսորներ տեղափոխող

իրավաբանական անձի անվանումը, գրանցման վայրը, հասցեն)

 

 ____ ____________20  թ.

 

__________________

 

 (ստորագրությունը)

 

Ե Ր Թ ՈՒ Ղ Ի

 

ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ

Ուղարկող իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը

 

Ստացող իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը

 

Ստացման գտնվելու վայրը

 

Տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտի և տրանսպորտային միջոցների տեսակները

 

Տրանսպորտային միջոցների հիմնական ուղղությունները (բնակեցված վայրերը և փողոցները) տեղափոխման ժամանակ

 

Նախատեսվող կանգառների վայրերը

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 3
ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 18-ի N 270-Ն որոշման

 

 Ձև

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
(Վերնագիրը փոփ. 18.03.11 N 240-Ն)

NN
ը/կ

Թմրամիջոցների և
(կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների անվանումները

Չափը և չափման միավորը (հաբ, սրվակ, գրամ)

Մնացորդը եռամսյակի սկզբում

Մուտքը

Ծախսը

Մնացորդը եռամսյակի վերջում

1.

           

2.

           

3.

           

4.

           

5.

           

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

____________________________________________________

 (տնoրենի ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

____ ____________ 20  թ.

 

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան