Համարը 
ՀՕ-71-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.04.22/23(826) Հոդ.451
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.03.2011
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.04.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

 Ընդունված է 2011 թվականի մարտի 24-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 11. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը

 

Ներկայացուցչի լիազորությունները պետք է հաստատված լինեն նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից վավերացված լիազորագրով: Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:

Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է օրենքով նախատեսված կարգով:»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «Ներկայացվողի անունից տրված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինեն ներկայացուցչի հետևյալ լիազորությունները» բառերը փոխարինել «Ներկայացուցիչը կարող է իրականացնել հետևյալ լիազորությունները, եթե դրանց մասին հատուկ նշում կա լիազորագրում» բառերով:

 

 Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պարտապանի անձնագրային տվյալները, ինչպես նաև պարտապան-իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը կարող են չնշվել, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել ստանալ այդ տվյալները.».

2) 1-ին մասը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Այն դեպքերում, երբ արդարադատության արդյունավետության, այլոց իրավունքների պաշտպանության կամ դատական ակտի կատարման շահերից ելնելով` հիմնավորված է կատարողական գործողությունների կատարումը ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին, դատարանը այդ մասին նշում է կատարում կատարողական թերթում:»:

 

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «Կատարողական թերթը» բառերից հետո լրացնել «առաջին անգամ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն օրենքի 41 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պահանջատիրոջը վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:»:

 

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «պաշտոնը և անունը» բառերը փոխարինել «պաշտոնը, անունը և ազգանունը» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից, իսկ օտարերկրյա դատարանի դատական ակտը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարելու վերաբերյալ միջնորդությունը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից բավարարվելու դեպքում` տվյալ դատարանից կատարողական թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:»:

 

Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «որոշումը» բառից հետո լրացնել «, կամ կատարողական թերթը ներկայացնելիս չեն պահպանվել սույն օրենքի 11, 12 կամ 20 հոդվածներով նախատեսված պահանջները» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

 

«4) դա նախատեսված է կատարողական թերթով:»:

 

 Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Բարդ և ծավալուն կատարողական գործողություններ պահանջող վարույթների ընթացքը արդյունավետ լուծելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կամ հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի որոշմամբ կարող է ստեղծվել հարկադիր կատարողների խումբ: Հարկադիր կատարողների խմբի ղեկավարին նշանակում է հարկադիր կատարողների խումբ ստեղծելու մասին որոշում կայացրած պաշտոնատար անձը:»:

 

 Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

 

«Եթե բռնագանձում է տարածվել մեկից ավելի գույքի նկատմամբ, ապա գույքն արգելանքից հանելու մասին դատարան հայց ներկայացվելու դեպքում կատարողական վարույթը կասեցվում է այդ գույքի վրա բռնագանձում տարածելու մասով:»:

 

Հոդված 11. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «բանկերին» բառից հետո լրացնել «և դեպոզիտարիա» բառերով:

 

 Հոդված 12. Օրենքի 41-րդ հոդվածում`

 

1. 1-ին մասում`

1) 2-րդ կետից հանել «կամ նրա գույքի» բառերը,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին, 4.1-ին և 8-րդ կետերով.

«2.1) անհնարին է պարզել պարտապանի գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.».

«4.1) պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան.».

«8) ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է դարձել դատական ակտի կատարումը:»,

3) 7-րդ կետը «անբավարարության պատճառով» բառերից հետո լրացնել «կամ պարբերական վճարումների վերաբերյալ վճռի կատարման դեպքում» բառերով.

 2. 3-րդ մասում`

1) «5-րդ կետով սահմանված դեպքի» բառերը փոխարինել «2-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերով,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված արգելքի վերացման դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին:»:

 

Հոդված 13. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) պահանջատերը հրաժարվել է կատարողական թերթի պահանջների կատարումից.».

2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) պարտապանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.».

3) 9-րդ կետը «պարտապան-իրավաբանական անձը» բառերից հետո լրացնել «կամ պահանջատեր-իրավաբանական անձը» բառերով:

 

 Հոդված 14. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

 

«8. Կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում, եթե կատարողական վարույթը կարճվել է կատարողական թերթի պահանջները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակներ տրամադրելու միջոցով կատարված լինելու հիմքով:»:

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. ապրիլի 18

Երևան

ՀՕ-71-Ն