Համարը 
ՀՕ-182-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.06.24/39(842) Հոդ.916
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.05.2011
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.06.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.04.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 125-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

  «Հոդված 125. Արագացված դատաքննության հիմքերը

 

1. Դատարանը կիրառում է արագացված դատաքննություն, եթե`

1) կողմերը գրավոր համաձայնություն են ներկայացրել գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ կամ

2) կողմերը գրավոր տեղեկացրել են դատարանին դատաքննությանն իրենց չմասնակցելու մասին, կամ

3) դատարանը հանգում է այն եզրակացության, որ`

ա) գործի էությունից բխում է դրա անհապաղ քննության անհրաժեշտությունը,

բ) գործով ապացուցման ենթակա փաստերի մասին հնարավոր է եզրակացության հանգել գործում առկա ապացույցների հետազոտման և գնահատման հիման վրա, և չկա իրավունքի հետ կապված վեճ,

գ) հայցն ակնհայտ հիմնավոր է կամ

դ) հայցն ակնհայտ անհիմն է:

2. Արագացված դատաքննություն կիրառելու հիմքերն են, մասնավորապես, այն դեպքերը, երբ`

1) պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա` նախապես գնահատված վնասով.

2) ներկայացվել է հայրությունը որոշելու հետ չկապված ալիմենտներ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.

3) ներկայացվել է աշխատանքային վեճի հետ կապված պահանջ.

4) չեն ներկայացվել պահանջը հաստատող ապացույցներ:

3. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենսգրքի 127-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 127. Արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելը

 

1. Եթե գործի արագացված դատաքննության ընթացքում դատարանը գալիս է համոզման, որ վերացել են արագացված դատաքննության հիմքերը, ապա դատարանը որոշում է կայացնում արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու մասին: Նման որոշում կայացնելու դեպքում դատարանը գործի դատաքննությունն իրականացնում է սույն օրենսգրքի 18 գլխով սահմանված կարգով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 128. Արագացված դատաքննության կարգը

 

1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշում կայացնելուց հետո դատարանն անցնում է գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմանը:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունիսի 16

Երևան

ՀՕ-182-Ն