Համարը 
ՀՕ-227-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.07.20/44(847) Հոդ.1047
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.06.2011
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.07.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համայնքները, դրանց վարչական սահմանների նկարագրությունը և սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանվում են օրենքով:»:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 27-րդ և 28-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27) որոշում է ընդունում համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

28) հաստատում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, ինչպես նաև սույն օրենքի 37-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով սահմանված քաղաքաշինական այն փաստաթղթերը, որոնց պատվիրատուն է համայնքը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին կետով.

«28.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով որոշում է ընդունում համայնքի հողերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին:»:

 

 Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.

 

«12.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան` համայնքի քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերը և (կամ) դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ.»:

 

Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը և քաղաքաշինական գոտիավորման նախագիծը և (կամ) դրանց փոփոխություններն ու նախագծման առաջադրանքները:

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և (կամ) դրանց փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքների նախագծերը, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, կառավարության սահմանած կարգով ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) սույն օրենքի 46-րդ հոդվածի չորրորդ մասին համապատասխան կազմում և վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը (այսուհետ` ընթացիկ քարտեզ).».

3) 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք (կամ նախագծման թույլտվություն), որում ներառվում են իր կողմից ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններին ներկայացված հարցման հիման վրա ստացված` օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները:

Մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող` հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման նպատակով և հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը (կառուցապատման ընթացակարգերը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) սահմանված դեպքերում և կարգով համայնքի բնակչությանն իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը, տալիս է շինարարության (քանդման) թույլտվություն, միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար.».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) մշակում և կազմում է համայնքի սեփականություն համարվող շենքերի ու շինությունների օտարման ամենամյա և քառամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի քառամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը, և դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.»:

 

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կազմում է համայնքների հողերի օգտագործման սխեմաներն ու ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) մշակում և կազմում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման ամենամյա և քառամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի քառամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը, և դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.».

3) 2-րդ կետի և 2-րդ մասի 2-րդ կետի «հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին» բառերը փոխարինել «քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

 

«Գույքագրման փաստաթղթերին կցվում է համայնքի ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը, որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման և շինարարության թույլտվությունները, ինչպես նաև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի փոփոխությունները: Ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը կցվում է համայնքի ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերին, որոնք ներկայացվում են ավագանու հաստատմանը: Ընթացիկ քարտեզի փոփոխությունները կատարվում են գույքագրման փաստաթղթերի համար սույն հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:»:

 

Հոդված 7. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը «օտարվել» բառից հետո լրացնել «համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ու» բառերով, իսկ նույն մասի «գոտիավորման և» բառերը հանել:

 

Հոդված 8. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Համայնքի քառամյա զարգացման ծրագրում պարտադիր կարգով ներառվում են համայնքի տարածական զարգացումը սահմանող` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման կամ դրանց փոփոխման (լրացման) մասին դրույթներ:»:

 

Հոդված 9. Օրենքի 84-րդ հոդվածում`

 

1) 3-րդ մասը «հողերի իրացումից» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «, ինչպես նաև հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխությունների հետևանքով առաջացած ֆինանսական միջոցներն ամբողջ ծավալով ուղղվում են համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակմանը: Նշված պահանջը չկատարելու դեպքում պետության կողմից պաշտոնական տրանսֆերտների ձևով համայնքին տրամադրվող հատկացումները կասեցվում են մինչև համայնքների քաղաքաշինական փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին և 8.2-րդ մասերով.

«8.1. Համայնքի ավագանու հավանությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գլխավոր հատակագծերը համարվում են հաստատված համայնքի ավագանու կողմից:

8.2. Արգելվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո, առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:»:

 

Հոդված 10. Սույն օրենքի ընդունումը պետության համար չի առաջացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փոխհատուցման պարտավորություն:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. հուլիսի 13
Երևան
ՀՕ-227-Ն