Համարը 
ՀՕ-258
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.10.1998
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.11.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.12.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
27 հոկտեմբերի 1998 թ.

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական և կազմակերպական դրույթները:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրությունը

 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենսդրական և ենթաօրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 2. «Զինծառայող» հասկացությունը

 

Սույն օրենքի համաձայն` զինծառայող են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների (այսուհետ` համապատասխան մարմիններ) համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողները:

(2-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-173-Ն, 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

 

Հոդված 3. Զինծառայողներին հավասարեցված անձինք

 

Զինծառայողներին հավասարեցված անձինք են`

ա) վարժական հավաքների կանչված զինապարտները, նրանց վրա տարածվում են սույն օրենքի 31, 33 (չորրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 35, 36 (առաջին մաս), 38, 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, նրանց վրա տարածվում են սույն օրենքի 29 (երրորդ մաս), 33 (երկրորդ, երրորդ և չորրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 37 (երրորդ մասի «ա» կետ), 38, 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված դրույթները, և հարկադիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 38 հոդվածով նախատեսված դրույթները.

դ) (կետն ուժը կորցրել է 02.11.07 ՀՕ-250-Ն)

ե) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք՝ նրանց վրա տարածվում են սույն օրենքի 30 հոդվածի չորրորդ մասով (երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում տրվող դրամական օգնությունը), 32-րդ հոդվածի յոթերորդ մասով, 33-34 հոդվածներով, 37 հոդվածի երրորդ մասի «ա» կետով, 38-40 հոդվածներով նախատեսված դրույթները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև`

ա) ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.

բ) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների վրա:

(3-րդ հոդվածը լրաց. 27.07.01 ՀՕ-204, խմբ. 15.05.01 ՀՕ-186, փոփ. 18.11.03 ՀՕ-36-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-57-Ն, փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-49-Ն, փոփ. 29.11.06 ՀՕ-225-Ն, 02.11.07 ՀՕ-250-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-287-Ն, 06.12.07 ՀՕ-289-Ն, 17.11.09 ՀՕ-219-Ն, փոփ.  22.12.10 ՀՕ-248-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 4. Պետական մարմինների և գործատուների պարտավորությունները զինծառայողների սոցիալական ապահովության բնագավառում

 

Համապատասխան մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաև բոլոր կարգի գործատուները, զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ու նրանց ընտանիքների անդամների պահանջով, պարտավոր են նրանց ապահովել սույն օրենքով սահմանվող սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով, որոնց ցանկը, տրամադրելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

(4-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը

 

Եթե զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

(գլուխն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

 

Հոդված 6. Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական կենսաթոշակների տեսակները

 

(6-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 7.

Կենսաթոշակների նշանակման պայմանները

 

(7-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 8. Կենսաթոշակի ընտրության իրավունքը

 

(8-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 9. Կենսաթոշակների վճարման միջոցները

 

(9-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 10. Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու պայմանները

(10-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 11. Երկարամյա ծառայության կենսաթոշակի չափերը

 

(11-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 12. Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժի հաշվարկման կարգը և պայմանները

 

(12-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 13. Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու պայմանները 

 

(13-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 14. Հաշմանդամության կենսաթոշակի չափերը

 

(14-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 15. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակման պայմանները

 

(15-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

 

Հոդված 16. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամները

 

(16-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 17. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք վերապահող լրացուցիչ երաշխիքները

 

(17-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

 

Հոդված 18. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ վճարելը պետության լրիվ խնամքի տակ գտնվող երեխային

 

(18-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 19. Կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող սոցիալական կենսաթոշակի չափերը

 

(19-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 20. Կենսաթոշակների նշանակման և մերժման կարգը

 

(20-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 21. Կենսաթոշակների նշանակման ժամկետները

 

(21-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 22. Հաշմանդամության կենսաթոշակի հետագա վերահաշվարկը

 

(22-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 23. Կենսաթոշակների նշանակման վերաբերյալ որոշումների բողոքարկումը

 

(23-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 24. Ամսական դրամական բավարարումը որոշելու կարգը

 

(24-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 25. Կենսաթոշակի հավելումների հաշվարկման կարգը

 

(25-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 26. Կենսաթոշակ վճարելը, վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը

 

(26-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 27. Պահումներ կենսաթոշակից

 

(27-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 28. Թաղման նպաստի վճարումը մահացած կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին

 

(28-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 29. Զինծառայողների աշխատանքային երաշխիքները

 

Զինծառայողները` բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողների, չեն կարող ծառայությունից արձակվել մինչև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, բացի այն դեպքերից, երբ ծառայությունը դադարեցվում է նրանց անձնական ցանկությամբ, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմը կրճատելու, պայմանագրի ժամկետը ավարտվելու կամ պայմանագրի պայմանները չկատարելու կապակցությամբ, զինվորական կանոնադրությունների պահանջների պարբերական խախտումների պատճառով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող բոլոր գործատուները պարտավոր են մինչև զորակոչվելն իրենց մոտ աշխատած ժամկետային զինծառայողներին, զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո` երկամսյա ժամկետում, ընդունել աշխատանքի` նախկինից ոչ ցածր պաշտոնով:

Աշխատողների թվակազմի կամ հաստիքների կրճատման ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում, զինված ուժերի շարքերից սահմանված կարգով արձակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, զինծառայողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտվում են աշխատանքում թողնվելու նախապատվության իրավունքից:

 

Հոդված 30. Զինծառայողների նյութական ապահովությունը

 

Զինծառայողները պետական բյուջեի, իսկ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող ստորաբաժանումների զինծառայողները` մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող միջոցների հաշվին ստանում են դրամական բավարարում, ինչպես նաև պարենային և հանդերձանքի ապահովություն կամ դրա փոխարեն` դրամական փոխհատուցում` իրենց ցանկությամբ:

Զինծառայողների դրամական բավարարում, պարենային և հանդերձանքի ապահովություն ստանալու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական մարմիններ, հիմնարկներ, ձեռնարկություններ և ուսումնական հաստատություններ աշխատանքի գործուղված զինծառայողների համար պահպանվում են նյութական ապահովության, երաշխիքների և արտոնությունների բոլոր ձևերը: (նախադասությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-49-Ն)

Առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին տրվում է դրամական օգնություն`

մինչև 10 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման հնգապատիկի չափով.

10-ից 15 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման տասնապատիկի չափով.

15-ից 20 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման տասնհինգապատիկի չափով.

20-ից ավելի տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման քսանապատիկի չափով.

ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով, իսկ նշված կազմից երկկողմանի ծնողազուրկ (որբ) զինծառայողներին` պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված չափի քսանապատիկի չափով:

Դրամական օգնություն չի տրվում դիտավորյալ հանցագործության համար դատապարտված կամ կարգապահական խախտում թույլ տալու համար ծառայությունից արձակված (ազատված) զինծառայողներին: Դատապարտված անձանց նկատմամբ հետագայում արդարացման դատավճիռ կայացվելու դեպքում դրամական օգնությունը ենթակա է վճարման, ընդ որում, դրամական օգնության չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում զինծառայողին աշխատանքից ազատելու պահը:

Առողջության, տարիքի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, դրամական օգնություն ստացած և հետագայում զինվորական ծառայությունում վերականգնված զինծառայողներին, սահմանված կարգով նորից արձակվելու (ազատվելու) դեպքում, դրամական օգնությունը վճարվում է արձակվելու (ազատվելու) կամ կենսաթոշակի անցնելու պահին դրամական բավարարման նկատմամբ սահմանված և նախկինում վճարված դրամական բավարարման բազմապատիկների տարբերության չափով:

Ծառայության ժամկետը լրանալու պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), դրամական օգնությունը ստացած և կրկին ծառայության անցած զինծառայողներին` ժամկետը լրանալու կապակցությամբ դրամական օգնությունը վճարելիս կիրառվում են սույն հոդվածով սահմանված ժամկետները և չափերը: Հերթական անգամ վճարվող և նախկինում վճարված դրամական օգնությունների բազմապատիկների հանրագումարը չի կարող ծառայության ընդհանուր ստաժի տվյալ խմբի համար սահմանված դրամական բավարարման բազմապատիկից ավելի լինել:

Դրամական օգնության վճարման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) տարվա ընթացքում մեկ անգամ վճարվում է նաև`

ա) ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում դրամական օգնություն պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի 50 տոկոսի չափով, եթե նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 50-100 կմ է, պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի 100 տոկոսի չափով, եթե այդ հեռավորությունը 100 կմ և ավելի է, իսկ զինծառայողի ընտանիքի` նրան ուղեկցող յուրաքանչյուր անդամին դրամական օգնությունը վճարվում է վերը նշված դրույքաչափերի 25 տոկոսի չափով.

բ) միանվագ դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի կրկնակին չգերազանցող չափով` համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ:

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տարվա ընթացքում կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

Ծառայության նոր վայր տեղափոխվելու և միանվագ դրամական օգնությունների չափերը հաշվարկելու համար պաշտոնային ու զինվորական կոչման դրույքաչափերը որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պաշտոնային ու զինվորական կոչման դրույքաչափերի ու դրանցից պահված եկամտային հարկի տարբերության չափով:

(30-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-35-Ն, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-49-Ն, լրաց. 25.12.06 ՀՕ-25-Ն, փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-248-Ն, խմբ. 19.03.12 ՀՕ-104-Ն, լրաց. 13.11.12 ՀՕ-203-Ն)

 

Հոդված 31. Զինծառայողների աշխատելու և հանգստի ժամանակը

 

Զինծառայողների աշխատելու և հանգստի ժամանակի տևողությունն ու բաշխումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինվորական կանոնագրքերով և համապատասխան այլ օրենսդրական ակտերով:

Զինավարժությունները, մարտական հրաձգությունները և մարտական հերթապահություններն անցկացվում են շաբաթվա ցանկացած օր` առանց աշխատաժամանակի ընդհանուր տևողության սահմանափակման:

Սպաներին, ենթասպաներին, ինչպես նաև զինծառայող կանանց, ովքեր ծառայողական անհրաժեշտության բերումով զինվորական ծառայության պարտականությունները կատարում են տոնական և ոչ աշխատանքային օրերին, տրամադրվում են հանգստյան այլ օրեր:

Նշված օրերին զինվորական պարտականությունները կատարելու դեպքում ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների հանգստի ժամանակը սահմանում է համապատասխան հրամանատարը (պետը):

Զինծառայողների վերակարգերը և հերթապահություններն անցկացվում են զինված ուժերի կանոնագրքերի, կանոնադրությունների և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի համաձայն:

 

Հոդված 32. Զինծառայողներին արձակուրդ տալը

 

Ժամկետային զինծառայողներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, տրվում է հերթական տարեկան արձակուրդ: Արձակուրդի տևողությունը կազմում է`

մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար` 30 օր,

15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար` 40 օր,

25 և ավելի տարի ծառայած զինծառայողների համար` 45 օր,

ժամկետային պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի համար` յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր հաշվարկով:

Ծառայության հատուկ պայմաններ ունեցող կամ վնասակար աշխատանքներում զբաղված ժամկետային զինծառայողներին տրվում է լրացուցիչ տարեկան արձակուրդ` 10 օր տևողությամբ: Նման արձակուրդի իրավունք տվող ծառայության տեսակների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ընտանեկան հանգամանքների բերումով, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով, հրամանատարի (պետի) որոշմամբ, ժամկետային զինծառայողին կարող է տրվել լրացուցիչ տարեկան արձակուրդ` մինչև 10 օր տևողությամբ:

Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներին, զինվորական ծառայության ընթացքում, որպես խրախուսանք կարող է տրվել արձակուրդ, զինվորներին` 15 օր, սերժանտներին և ավագներին` 20 օր տևողությամբ:

Հրամանատարի (պետի) որոշմամբ ժամկետային պարտադիր ծառայության շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել մինչև 5 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ` ելնելով զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշներից, իսկ ամուսնացածներին` ևս 5 օր` ամիսը մեկ անգամ:

Զինծառայողի կնոջը (ամուսնուն), իր ցանկությամբ, տարեկան արձակուրդ կարող է տրվել ամուսնու (կնոջ) արձակուրդի հետ միաժամանակ:

Զինծառայողը և նրա ընտանիքի անդամները արձակուրդը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հանգստյան տներում անցկացնելու դեպքում օգտվում են ուղեգրի գնի փոխհատուցման իրավունքից: Ուղեգրի գնի փոխհատուցման կարգը և չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, վեցերորդ և յոթերորդ մասերի դրույթները չեն տարածվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողների վրա:

(32-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-382-Ն, լրաց., փոփ.  25.12.06 ՀՕ-25-Ն)

 

Հոդված 33. Զինծառայողների բժշկական սպասարկումը

 

Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք:

Առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաև բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են համապատասխան մարմինների` այդ նպատակով հատկացրած միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, սույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` զինծառայողներին հավասարեցված անձինք, ինչպես նաև ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները բժշկական օգնությամբ ապահովվում են սույն հոդվածով սահմանված կարգով:

Սույն հոդվածի իմաստով` զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում`

1) 18 տարին չլրացած երեխաները, անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.

2) ծնողները, ամուսինը.

3) զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

(33-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-222-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-248-Ն, խմբ., լրաց. 19.03.12 ՀՕ-35-Ն)

 

Հոդված 34. Զինծառայողների բնակարանային ապահովությունը

 

Զինծառայողները, առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված այն նախկին զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում հաշվառված են եղել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողները և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն մասում նշված անձանց ընտանիքի անդամ են համարվում.

1) ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.

3) համատեղ բնակվող ծնողները.

4) զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

Մինչև բնակարանով ապահովվելը զինծառայողները (բացի ժամկետային պարտադիր զինծառայողներից) և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով: Վերջիններիս բացակայության դեպքում բնակելի տարածությունների վարձակալության համար նրանց վճարվում է դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն մասի իմաստով` զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում`

1) ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:

Պետական սեփականություն հանդիսացող և համապատասխան բնագավառի պետական լիազոր մարմնի հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին կամ նրանց ընտանիքների անդամներին սեփականության իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքը (ամուսինը, ծնողները, ինչպես նաև ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամները) oգտվում են ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:

(34-րդ հոդվածը փոփ. 29.12.98 ՀՕ-268-Ն, խմբ. 25.12.03 ՀՕ-57-Ն, 14.12.04 ՀՕ-49-Ն, փոփ. 11.11.05 ՀՕ-222-Ն, 29.11.06 ՀՕ-225-Ն, խմբ.  25.12.06 ՀՕ-25-Ն, փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-248-Ն, լրաց. 19.03.12 ՀՕ-35-Ն)

 

Հոդված 34.1.

Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա դրամական օգնության իրավունքը

 

1. Ամենամսյա դրամական օգնության իրավունք ունեն`

1) զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող`

ա. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

գ. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,

դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակիցները,

ե. Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները,

զ. Մարտական խաչ շքանշանով պարգևատրված զինծառայողները,

է. Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,

ը. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային զինծառայողների ընտանիքների անդամները.

2) զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի) և ունեն նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք.

3) Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից անկախ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով միաժամանակ ամենամսյա դրամական օգնության իրավունք ունեցող անձին ամենամսյա դրամական օգնություն է նշանակվում այդ ենթակետերից որևէ մեկով` անձի ընտրությամբ:

3. Ամենամսյա դրամական օգնության չափերը` ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(34.1-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-248-Ն, 19.03.12 ՀՕ-104-Ն)

 

Հոդված 35. Լրացուցիչ երաշխիքներ և արտոնություններ` ժամկետային զինծառայողների ու մարտական գործողությունների մասնակիցների համար

 

Ժամկետային զինծառայողներն ու մարտական գործողությունների մասնակիցները զբաղեցրած բնակելի տարածության նկատմամբ իրենց իրավունքները` անկախ բնակարանի սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, պահպանում են ծառայության ու մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում:

 

Հոդված 36. Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը

 

Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:

Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Զինծառայողներն արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս ընտանիքի` նրանց ուղեկցող անդամները քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(36-րդ հոդվածը լրաց. 26.06.02 ՀՕ-384-Ն, խմբ. 25.12.03 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 37. Զինծառայողների կրթություն ստանալու երաշխիքները

 

Զինծառայողներն իրավունք ունեն սովորել ռազմաուսումնական հաստատություններում, իսկ սպաներն ու ենթասպաները` նաև վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներում:

Ռազմաուսումնական հաստատություններից հեռացված ունկնդիրների և կուրսանտների վերականգնումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած կարգով` հեռացվելու օրվանից ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում:

Պետությունը երաշխավորում է`

ա) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ` մրցույթից դուրս, պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ, մրցույթից դուրս պետական պատվերի շրջանակներում, ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում:

(37-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-49-Ն, խմբ. 14.12.04 ՀՕ-65-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-25-Ն)

 

Հոդված 38. Զինծառայողների եկամուտները հարկավորելը և կենսաթոշակները վերահաշվարկելը

 

Սույն օրենքի 33-36-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների (կուրսանտների) դրամական բավարարումը և դրան հավասարեցված վճարումները եկամտային հարկով հարկման նպատակով ընդունվում են որպես նվազեցվող եկամուտներ:

(38-րդ հոդվածը փոփ. 04.10.06 ՀՕ-168-Ն, 22.12.10 ՀՕ-248-Ն, խմբ. 13.11.12 ՀՕ-203-Ն)

 

Հոդված 39. Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը

 

Զինծառայողները ենթակա են ծառայողական պարտականություններ, մարտական հերթապահություն ու հատուկ առաջադրանք կատարելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից պարտադիր պետական ապահովագրության:

Նշված ապահովագրությունը տարածվում է նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համամասնորեն, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքից ապահովագրվելու համապատասխան ընդհանուր գումարների նկատմամբ:

Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(39-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-248-Ն, խմբ., լրաց. 19.03.12 ՀՕ-104-Ն)

 

Հոդված 40. Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը

 

Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողների (ինչպես նաև զինծառայությունից սահմանված կարգով արձակված և հետագայում մահացած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը) մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով:

(40-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-49-Ն, 25.12.06 ՀՕ-25-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 41. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները

 

Սույն օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և համապատասխան մարմինների` սոցիալական խնդիրներ իրականացնող ծառայությունները:

 

Հոդված 42. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Սույն օրենքը խախտող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 43. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի հունվարի 7-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա լրացումներով և փոփոխություններով:

 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

Երևան
25 նոյեմբերի 1998 թ.
ՀՕ-258