Համարը 
N 774
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2000.12.08/29(127)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.11.2000
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.11.2000
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
25.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.12.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2000 թվականի N 774
քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրին (կցվում է):

2. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել`

ա) տարածքի գոտևորման նախագծի մշակումը, համաձայնեցումը և հաստատումը.

բ) կառուցապատման տեխնիկատնտեսական հիմնավորման կազմումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն`

ա) նշված տարածքի կադաստրային քարտեզագրման հողի և անշարժ գույքի գույքագրման ու գնահատման վերաբերյալ.

բ) սահմանված կարգով հողամասերը պետության կարիքների համար վերցնելու և դրանց վրա գտնվող անշարժ գույքի դիմաց հատուցման հարցերը կարգավորելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Մինչև դարի 20-ական թվականների իր քաղաքաշինական հյուսվածքով և դիրքով Երևանն անտարբեր է եղել դեպի բիբլիական Արարատը և միայն Ա. Լ. Թամանյանի շնորհիվ քաղաքաշինական ճեղքում կատարվեց դեպի բարձր կարգի ազգային խորհրդանիշը: Ալեքսանդր Թամանյանը` հակադրվելով ստեղծված հատակագծային ցանցին քաղաքն ամբողջ երկարությամբ հյուսիսից-հարավ ճեղքեց տարածական նոր առանցքով` Հյուսիսային պողոտա անվամբ:

Ժամանակին շատերին անհավանական թվացող այդ մտահղացումն այսօր ընդունել է իրական ուրվագծեր:

20-30-ական թվականներին կառուցվեցին Երևանի քաղաքաշինական առաջին դոմինանտները` Ազգային Օպերային թատրոնը` Ազատության հրապարակով և Կառավարական շենքը` Հանրապետության հրապարակով, իրապես նշմարելի դարձնելով երկու հրապարակներն իրար կապող ամենակարճ ճանապարհի` Հյուսիսային պողոտայի իրականացման հնարավորությունը: Պողոտան իր ընդհանուր երկարությամբ` երկաթուղային կայարանից մինչև Կոմիտասի փողոց կազմում է 6,5 կմ երկարության, որի շուրջ 85%-ն իրականացված է: Այս առանցքի վրա, բացի երկաթուղային կայարանի շենքից գտնվում են «Ռոսիա» կինոթատրոնը, Օղակաձև զբոսայգու վրա կառուցվող Երևանի Մայր Տաճարը, Կասկադ համալիրն իր հոյակերտ ճարտարապետությամբ:

Պողոտայի կենտրոնական հիմնական հատվածի չիրականացված մասը մոտ 400 մ երկարությամբ` երկու գլխավոր հրապարակները կապող Հյուսիսային պողոտայով կավարտի հորինվածքային գլխավոր շղթայի կազմավորումը:

Պողոտայի այս հատվածի նախագծային լուծման առաջին փորձը նախաձեռնվեց 60-ական թվականներին` փակ մրցույթով (Գ. Աղաբաբյան, Մ. Մազմանյան և Է. Սարապյան) պողոտան, որպես հրապարակների շարք առաջարկությամբ:

70-ական թվականներին` կազմակերպվեց համամիութենական մրցույթ Երևանի, Մոսկվայի, Լենինգրադի և Կիևի խոշորագույն նախագծային ինստիտուտների մասնակցությամբ:

Արդյունքում «Երևաննախագիծ» ինստիտուտի կոլեկտիվին հանձնարարվեց մշակել տարածքի մանրամասն հատակագծման նախագիծը, որը հաստատվեց 1982 թ-ին:

Մրցույթային աշխատանքի թերություններն, առանց էական վերամշակման, փոխադրվեցին վերջնական ՄՀՆ-ի մեջ և հետագայում նոր, բաց մրցույթի անհրաժեշտություն առաջացրեցին:

1984 թ-ին ներկայացված 11 աշխատանքներից առաջին մրցանակը շնորհվեց «Հայպետնախագիծ» ինստիտուտին` Գ. Մուշեղյանի ղեկավարությամբ կատարված աշխատանքին:

1996 թ. մշակվեց մրցութային նոր ծրագիր, սակայն մրցույթը չկայացավ:

1997 թ. քաղաքաշինական փոքր խորհուրդը որոշեց հենվել Թամանյանական հայեցակարգի վրա և «Երևաննախագիծ» ինստիտուտում մշակել նախագիծը: Հետագա իրադարձությունների զարգացումով խնդիրը տեղից չշարժվեց:

1999 թ. հունվարին Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված նոր մրցույթը ևս չբերեց ցանկալի արդյունքների` ներկայացված ընդամենը երեք աշխատանքներն էլ որևէ հիմնավոր եզրակացության չհանգեցրին: Վերլուծելով անցած ճանապարհը, կարելի է ասել, որ այդպես էլ չգտնվեց ճարտարապետա-գեղարվեստական վառ կերպար ունեցող առաջարկություն, որը երկու հրապարակների ճարտարապետական համալիրները կկապեր ամբողջական մասշտաբային լուծումներով: Եվ քանի որ հարցի պատասխանատվությունը գիտակցում էին նախորդ բոլոր տասնամյակների ղեկավարները, ուստի սույն տարածքը մնում էր անձեռնմխելի ռեժիմի ներքո` կառուցապատման առումով:

Սույն թվականի հունիսի 8-ին Երևանի գլխավոր ճարտարապետի նախաձեռնությամբ քաղաքաշինության խորհրդին ներկայացվեց Հյուսիսային պողոտայի կառուցապատման քաղաքաշինական և կազմակերպչական նոր ռազմավարությունը, որի հակիրճ դրույթները կայանում են հետևյալում`

1. Պողոտայի կառուցապատման հրատապ անհրաժեշտությունը.

 Հին, խարխուլ բնակելի ֆոնդի վատթար, հակասանիտարահիգիենիկ պայմաններով:

 Երևանի բուն կենտրոնում արևելյան հետնախորշերով տարածքի վերակառուցման անհրաժեշտությամբ:

 Քաղաքական նոր պայմաններում համայն հայությանը նոր հազարամյակի շեմին համազգային կառույցի գաղափարի հիմքի վրա նորովի վերամիավորվելու անհրաժեշտությամբ, ներդրումների խթանման և հազարավոր աշխատատեղերի ստեղծման պահանջով:

Երևանը ձեռք կբերի գեղագիտական և ճարտարապետական նոր փայլ և կավարտվի Թամանյանական Երևանի քաղաքաշինական հիմնակմախքի ձևավորումը:

2. Պողոտայի կառուցապատման ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի հիմնական դրույթները.

ա) Հատակագծում

Պողոտայի նախագծվող հատվածը հանդիսանում է քաղաքի գլխավոր փողոցը:

 Պողոտայի երկրաչափական առանցքը, նախկինում ուղղված է եղել դեպի կառավարության տան նիստերի չիրականացված դահլիճի ծավալը: Պատմության թանգարանի վերնաշենքի հետ կապված, ենթակա է աննշան սրբագրության, ելնելով հետևյալ նկատառումներից`

- Պողոտան միաձուլվելով Աբովյան փողոցի հետ շարունակվում է մինչև Հանրապետության հրապարակ, կազմելով մեկ ամբողջություն:

- Առավելագույնս պահպանվում են գոյություն ունեցող պատմամշակութային հուշարձանները:

 Պողոտայի կարմիր գծերն ընդունվում են 21 մ կամ 24 մ, ելնելով քաղաքի առաջին հատակագծի դրույթներից:

 Պողոտան ամբողջ երկայնքով նախատեսվում է որպես հետիոտն փողոց:

 Պողոտայի հատակագծումն ընդգրկում է նրան հարող բոլոր թաղամասերը և փողոցները, ներկայացված սահմաններով:

 Հատակագծում հատուկ նշանակություն է տրվում պողոտայի լայնակի տարածական կապերին ներքին թաղամասերի հետ, որտեղ ստեղծվում են առավելապես հասարակական սպասարկման հանգույցներ:

 Նախագծի ընդհանուր հատակագծում առանձնացվում է շինարարության առաջին հերթը, պողոտայի կարմիր գծերից 30-35 մ խորությամբ: Թաղամասերի մնացած մասերը` հատկապես Լալայանց փողոցը նախատեսվում է որպես ազգագրական իրերի ցուցադրման և վաճառքի գոտի:

բ) Տրանսպորտային և հետիոտն շարժման կազմակերպումը

 Պողոտան սպասարկող տրանսպորտային հաղորդակցության հիմնական փողոցներն են Նալբանդյան, Թումանյան, Տերյան, Պուշկինի և մասամբ Ամիրյան փողոցը:

 Տրանսպորտային մոտեցումից մինչև պողոտայի ցանկացած կետ, հետիոտն շարժման մատչելիությունը չի գերազանցում 25 մ (համաձայն գործող նորմերի):

 Պողոտայի հետիոտն գոտին հատում է Տերյան և Պուշկին փողոցները:

 Ապագայում նախատեսվում է Թումանյան փողոցը պողոտայի հատման մասում լուծել ստորգետնյա անցումով:

 Տերյան փողոցը վերակառուցվում է գլխավոր պողոտայի միջով Զաքյան փողոցի հետ միացնելու նպատակով:

 Պողոտայի օբյեկտների տրանսպորտային ծառայողական սպասարկումն իրականացվում է վերը նշված փողոցներից: Նույն ուղիներով են սպասարկվում նաև վերգետնյա և ստորգետնյա ժամանակավոր ավտոկանգառների մուտքերը, որոնց տարողունակությունը հաշվարկվում է ելնելով օբյեկտի կամ նրանց խմբերի պահանջներից:

գ) Կառուցապատման պարամետրերը

 Պողոտայի ֆունկցիոնալ բովանդակությունը, որպես քաղաքի գլխավոր փողոցի, կանխորոշվում է այստեղ բնակելի և հասարակական սպասարկման օբյեկտների, առևտրի և գործարարական հաստատությունների տեղադրմամբ:

 Պողոտայի ոչ մեծ երկարությունը պահանջում է կառուցապատման միասնություն, նպատակահարմար է դարձնում ընդհատումների առավելագույն կրճատումը:

 Կառուցապատման նախագծման ընթացքում շենքերի բարձրությունն ընդունվում է 20-25 մ սահմաններում, այսինքն Օպերայի երկրորդ հարկաշարքի առավելագույն բարձրությամբ (25 մ):

 Օպերայի առաջին հարկաշարքի բարձրությունը 13 մ է: Թատրոնի առջևի և Աբովյան փողոցի միացման հատվածի նիշերի տարբերությունը կազմում է 7 մ:

 Հաշվի առնելով շոգ բնակլիմայական պայմանները և պողոտայի հետիոտնային հագեցվածությունը, նպատակահարմար է շենքերի առաջին հարկերում սպասարկման օբյեկտների առջև պասաժների կազմակերպումը:

 Առաջարկվում է վերնահարկի տանիքները նախատեսել որպես ամառային հարթակներ, ֆունկցիոնալ բազմաբնույթ օգտագործումով:

 Հաշվի առնելով պողոտայի գծային բնույթը, նպատակահարմար համարելով բոլոր ինժեներական կոմունիկացիաները (բացի գազից) անցկացնել նկուղային հարկերի միջանցիկ ուղիներով:

 Պարտադիր նախատեսվում է բոլոր կառույցներում նվազագույնը երկու հարկով ստորգետնյա ավտոկանգառներ:

 Լալայանց փողոցը վերակառուցվում է երկու-երեք հարկանի կառույցներով, որպես ազգագրական իրերի ցուցասրահ-վաճառքի կենտրոն: «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակը Տերյան-Հյուսիսային պող. և Աբովյան-Հյուսիսային պող. հատվածներում կազմավորված եռանկյունին դիտարկվում է որպես քաղաքաշինական հիմնակմախք` հատումների յուրաքանչյուր մասում առանձնահատուկ թեմայով լուծումներ առաջարկելու համար:

 

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

Ներմուծեք նկարագրությունը_18710

 

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

Ներմուծեք նկարագրությունը_18711

 


3. Պողոտայի կառուցապատման մի շարք ցուցանիշներ
.

 

Պողոտայի երկարությունը

400 մ

 Պողոտայի լայնությունը

21 (24 մ)

 Պողոտայի կառուցապատման բարձրությունը

20-24 մ

 Կառուցապատման ֆունկցիոնալ բնույթը - բնակելի, հասարակական
և սպասարկման օբյեկտներ
Լալայանց փողոցը - ազգագրական իրերի
ցուցասրահ, վաճառքի
հետիոտն գոտի
Պողոտայի տրանսպորտային բնույթը - հետիոտն փողոց
Պողոտայի ամբողջ տարածքի ընդհանուր մակերեսը

9.8 հա

Առաջին հերթի շինարարության տարածքի մակերեսը

4.0 հա

Ամբողջ տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը

200 000 քմ

Առաջին հերթի շինարարության կառուցապատման ընդհանուր մակերեսը

112 000 քմ

Պողոտայի ամբողջ տարածքի իրացման համար
անհրաժեշտ ներդրումների ծավալը

- 8 մլն ԱՄՆ դոլարին
  համարժեք դրամ

Պողոտայի առաջին հերթի շինարարության
տարածքների իրացման համար
անհրաժեշտ ներդրումների ծավալը

 


- 3.8 մլն ԱՄՆ դոլարին 
համարժեք դրամ
Ամբողջ տարածքի կառուցապատման համար
անհրաժեշտ ներդրումների ծավալը

- 120 մլն ԱՄՆ դոլարին
համարժեք դրամ
Առաջին հերթին շինարարության համար
անհրաժեշտ ներդրումների ծավալը

- 67 մլն ԱՄՆ դոլարին
համարժեք դրամ
Տարածքների մաքրումը հին ֆոնդի շինարարական աղբից - 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Տարածքների բարեկարգում և ինժեներական
ենթակառուցվածքների իրականացում

- 5 մլն ԱՄՆ դոլարին
համարժեք դրամ

Ընդամենը


134 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

 

նԱՐԵԿ սԱՐԳՍՅԱՆ

Երևանի գլխավոր ճարտարապետ