Համարը 
N 210-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.03.20/15(955) Հոդ.213
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.02.2013
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.03.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2013 թվականի N 210-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1- 4.6-րդ կետերով.

«4.1. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրում ընդգրկված պետական մարմինների և կազմակերպությունների (ընկերությունների) համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումներում բացել գանձապետական հաշիվներ: Ընդ որում, սույն հաշիվները բացելու համար պետական կազմակերպությունները դիմում են գանձապետական ստորաբաժանումներին` կցելով պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը, համապատասխան բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից հաստատված առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունք ունեցող և վերջիններիս փոխարինող անձանց տվյալները (անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը), ստորագրությունների և կնիքի նմուշները: Այդ հաշիվների սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գանձապետական հաշիվների սպասարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշմամբ նախատեսված առանձնահատկությունները:

4.2. Սույն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների համար մեկ շահառուի հաշվով ընթացիկ բյուջետային տարվա համար նախատեսված սոցիալական փաթեթի` սույն որոշման N 2 հավելվածի N 1.1 ձևով սահմանված առողջության ապահովագրության բազային փաթեթի ապահովագրավճարի չափով գումարների հանրագումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց անմիջական ընտանիքի անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց անմիջական ընտանիքի անդամների համար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորում իրականացնելու նպատակով` սույն որոշման 4.6-րդ կետով նախատեսված` համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն:

4.3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ ներկայացնել իրենց գերատեսչություններում աշխատող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների թիվը, իսկ տվյալ բյուջետային տարվա ընթացքում սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների թվի ավելացման դեպքում դրա մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմին:

4.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հիմք ընդունելով սույն որոշման 4.2-րդ և 4.3-րդ կետերը` ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ:

4.5. Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների սոցիալական փաթեթի սահմանաչափն ամսական գումար է, որը մեկ շահառուի հաշվով տարեկան կտրվածքով կազմում է 80 հազ. դրամ, սակայն դրա հատկացման համար գործում են սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի դրույթները: Նշված անձանց վրա չեն տարածվում սույն որոշման N 1 հավելվածի 4.4-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերը, ինչպես նաև N 2 հավելվածի 2-րդ կետը: Նշված անձանց համար պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրության ծառայությունից չօգտվելու հիմք բանկում կարող է հանդիսանալ զինծառայող կամ նրան հավասարեցված անձ, կամ փրկարար ծառայության ծառայող լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը (տեղեկանքը) կամ պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրության ծառայությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանքը:

4.6. Սույն որոշման 4.2-րդ կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրած գումարների ծախսումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, որի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է աշխատանքային խումբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կազմերից:».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ և 6-րդ կետերը.

3) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում «փետրվար ամսվա» բառերը փոխարինել «առաջին եռամսյակի» բառերով, իսկ «հունվար ամսվա հասանելիք սոցիալական փաթեթի գումարը» բառերը` «տվյալ եռամսյակի հասանելիք ամիսների սոցիալական փաթեթի գումարները» բառերով.

4) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

 «Սոցիալական փաթեթի շահառուից անկախ հանգամանքների հետևանքով առաջացած դեպքերում (այդպիսիք են համարվում պետական մարմնի հաստիքացուցակով նախատեսված այնպիսի հաստիք զբաղեցնելը, որում պետական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ինչպես նաև առանց պաշտոնից ազատվելու օտարերկրյա պետություն ծառայության գործուղվելը կամ խաղաղապահ առաքելություններին մասնակցելը, Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների սահմանամերձ վայրերում տարերային բնույթի երևույթների (ձնաբուք և այլն) հետևանքով առաջացած ճանապարհային անանցանելիության դեպքերում պետական ծառայությունն իրականացնելը) այդ հանգամանքների հետևանքները դադարելուց անմիջապես հետո մեկ ամսվա ընթացքում սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարելու դեպքում սոցիալական փաթեթի շահառուի` տվյալ բյուջետային տարվա հասանելիք, սակայն նշված հանգամանքների հետևանքով չփոխանցված սոցիալական փաթեթի գումարները ևս փոխանցվում են աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին:».

5) որոշման N 2 հավելվածի N 1.1 ձևի 8-րդ կետը «ապահովագրվելուց» բառից հետո լրացնել «` բացառությամբ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց անմիջական ընտանիքի անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների անմիջական ընտանիքի անդամների» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 13

Երևան