Համարը 
ՀՕ-30-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.05.29/28(968) Հոդ.502
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
02.05.2013
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.05.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի մայիսի 2-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի «կեսից ավելին» բառերը փոխարինել «առնվազն երկու երրորդը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի «կեսից ավելին» բառերը փոխարինել «` օրենքով սահմանված թվի կեսից ավելին» բառերով.

2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Ավագանու նիստերն արձանագրվում են: Նիստերի արձանագրումն ապահովում է աշխատակազմի քարտուղարը: Ավագանու նիստերի արձանագրությունները ստորագրում են համայնքի ղեկավարը և ավագանու անդամները:»:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 17.

Համայնքի ավագանու առաջարկությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին

 

Համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված առաջարկությունը համայնքի ավագանին կարող է անել`

1) համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարվելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարվելու դեպքում.

2) երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող մի շարք որոշումներ.

3) մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում համայնքի ղեկավարի կողմից երկու անգամ նիստ չհրավիրվելու դեպքում:

Համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկության քննարկման նպատակով հրավիրված ավագանու նիստին համայնքի ղեկավարի անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է մարզպետին: Արձանագրությունը մարզպետի համար հիմք է իր կողմից համայնքի ղեկավարի անվստահության գործընթացը նախաձեռնելու համար:

Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների կեսից ավելիով: Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է մարզպետին` դրան կցելով համայնքի ղեկավարի կարծիքը:

Մարզպետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին համայնքից ստացած փաստաթղթերը եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` կցելով իր կարծիքը:

Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:»:

 

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

 

«6) ստորագրել իր մասնակցությամբ ընդունված փաստաթղթերը:»:

 

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 7-րդ կետը «քվեարկությունների» բառից հետո լրացնել «(որը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ավագանու նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի ստորագրություններով)» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի «հոդվածի 9-րդ կետով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե`

1) ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում.

2) օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:»:

 

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Նշված դեպքերում համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որը համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:»:

 

Հոդված 8. Օրենքի 72-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 72.

Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը մարզպետի ներկայացմամբ

 

Մարզպետի ներկայացմամբ համայնքի ղեկավարը կարող է պաշտոնանկ արվել կառավարության որոշմամբ:

Մարզպետը կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն`

1) համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարվելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարվելու դեպքում.

2) երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող մի շարք որոշումներ.

3) մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում համայնքի ղեկավարի կողմից երկու անգամ նիստ չհրավիրվելու դեպքում:

Պաշտոնանկության հարց կարող է բարձրացվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

Մարզպետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու որոշման նախագիծն իր հիմնավորումներով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելուց առաջ ուղարկում է համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը, ստանալով որոշման նախագիծը, երկշաբաթյա ժամկետում գումարում է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Համայնքի ավագանին իր նիստում քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին մարզպետի հիմնավորումները և, լսելով համայնքի ղեկավարին, ընդունում է համապատասխան հիմնավորումներով որոշում: Համայնքի ավագանու որոշումը, որին կցվում է համայնքի ղեկավարի կարծիքը, եռօրյա ժամկետում ուղարկվում է պետական լիազորված մարմին և մարզպետին: Մարզպետը պետական լիազորված մարմնի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում իր հիմնավորումներով որոշման նախագիծը` կցելով համայնքի ղեկավարի կարծիքը և համայնքի ավագանու որոշումը:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 21

Երևան

ՀՕ-30-Ն